Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

ԱՄՆ-Ի ՀԱՅԱՑՔՆԵՐՆ ՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

ԱՄՆ-Ի ՀԱՅԱՑՔՆԵՐՆ ՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
15.10.2010 | 00:00

Հիմա, երբ ԱՄՆ-ում թափ է առնում նոր վարչակազմի տարածաշրջանային քաղաքականությունը, հետաքրքրություն է ներկայացնում վերջին ժամանակներս և ակնկալվող հեռանկարում Հայաստանի առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքականության վերլուծությունը։ Չնայած Ջ. Բուշի վարչակազմում Եվրասիայի գծով մասնագետներ շատ կային, նրա նախագահության առաջին ժամկետում նրանք, փաստորեն, չհասցրին զարգացնել քաղաքականությունը Սև ծովի և Կովկասի ուղղությամբ, քանի որ զբաղված էին Մերձավոր Արևելքի շատ ավելի կարևոր խնդիրներով։ Բուշի վարչակազմը նախընտրում էր ուժային հնարքներն արտաքին քաղաքականության ասպարեզում, և Սև ծովի ավազան ու Կովկաս թափանցելը նրա առաջնային խնդիրներից չէր։ Այս առումով, Հայաստանի շահերի համար շատ ավելի վտանգավոր էր Բիլ Քլինթոնի վարչակազմը, որը Հարավսլավիայի, Պաղեստինի ու Կովկասի հարցերում նախընտրում էր ավելի ակտիվ միջամտությունը և կոնֆլիկտային խնդիրների արագ լուծման փորձերը։ Ներկայումս Բարաք Օբամայի վարչակազմում շատ մարդիկ են մնացել Քլինթոնի վարչակազմից, այդ թվում և` պետքարտուղարը, ուստի երկյուղներ են առաջացել, որ նոր վարչակազմը կփորձի արագացնել ղարաբաղյան խնդրի լուծումը։ Եթե ԱՄՆ-ը ճանաչի 1915-ի ցեղասպանությունը, ապա նա բարոյական և քաղաքական իրավունք կունենա Հայաստանից պահանջելու տարածքային զիջումներ կատարել ղարաբաղյան հարցում։ Այս առումով անհրաժեշտ է քննության առնել ԱՄՆ-ի արմատական շահերը` կապված Հայաստանի հետ։
Ջորջ Բուշի վարչակազմի քաղաքականությունը նպաստավոր պայմաններ էր ստեղծում Հայաստանի զարգացման ու անվտանգության համար, տարածաշրջանում և ավանդական արտաքին քաղաքական գործընկերների հետ հարաբերություններում քաղաքական դիրքերի ուժեղացման նոր հնարավորություններ էր բացում։ Ցանկացած ենթադրություն լիովին համոզիչ լինել չի կարող, սակայն Վաշինգտոնում դեմոկրատական վարչակազմի կառավարման շարունակումը կարող էր մեծ անախորժություններով ավարտվել Հայաստանի համար։ Ռուսաստանն ըմբռնումով ընդունեց Հայաստանի ձգտումը` «հավասարակշռելու» ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասի պետությունների նկատմամբ։ Թուրքիան երկյուղով ընդունեց ամերիկա-հայկական մերձեցման հեռանկարը։ ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերություններում շատ բան լիովին ձեռնտու է Իրանին։ Սակայն ԱՄՆ-ը ենթադրում էր, որ Ռուսաստանի գործոնի չեզոքացումը` որպես Հայաստանի անվտանգության երաշխավորի, հնարավոր է թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման միջոցով։ ԱՄՆ-ը կա՛մ չէր հասկանում, կա՛մ շատ մակերեսայնորեն էր վերաբերվում այն հանգամանքին, թե թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը` ընդհուպ մինչև դիվանագիտական հարաբերությունների հաստատում, կարող էր ներկայացվել որպես Հայաստանի անվտանգության երաշխիք։ Իսկ Հայաստանը չկարողացավ օգտագործել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման գործում ստացած առավելությունները։ ԱՄՆ-ը ձևացնում է, որ Ռուսաստանից Հայաստանի լիակատար տարազատման դեպքում ինքը կկարողանար Թուրքիայից Հայաստանին աննշան տարածքային զիջումներ կորզել (պատմական տարածքները` Արարատ սարով)։ Սակայն Իրանին, Ռուսաստանին և նրանց գործընկերներին ու բարեկամներին ատող զորեղ թիմը բառացիորեն ձևափոխեց ԱՄՆ-ի ու Հայաստանի մերձեցման հեռանկարը, փոխըմբռնման խորացումը։ Հայաստանի հանդեպ ԱՄՆ-ը կիրառել է ճնշման ամենակոշտ եղանակները, որոնք բնորոշ են նոր պահպանողականների քաղաքականությանը։ Ցավոք, նոր պահպանողականների ներկա կառավարող թիմում գերակշռում են ոչ թե համադաշնակիցների ավանդույթների, ամերիկյան ավանդականության ու քրիստոնեական արմատականության կրողները, այլ Արևելյան Եվրոպայից սերվածներն ու նրանց սերունդները։ Ժամանակը ցույց կտա, որ Հայաստանը, այնուամենայնիվ, շահագրգռված է ԱՄՆ-ում հանրապետականների իշխանության պահպանմամբ, եթե այն դիտարկենք միջնաժամկետ և առավել ևս երկարաժամկետ հեռանկարով։
Հնարավոր համընդգրկուն ամերիկա-ռուսական համագործակցության պայմաններում հակասություններն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կպահպանվեն տարածաշրջանային մակարդակում։ ԱՄՆ-ը, ըստ էության, շահագրգռված չէ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վերակենդանացմամբ։ ԱՄՆ-ում գործում է բավական ազդեցիկ հայկական լոբբի, որի շահերը ոչ միշտ են հակասում նոր պահպանողականների շահերին և, որպես կանոն, համապատասխանում են տարածաշրջանում ԱՄՆ-ի հետապնդած նպատակներին։ Հայկական լոբբին ակտիվորեն աշխատում է ամերիկա-հայկական հարաբերությունները մեղմացնելու, ԱՄՆ-ի կառավարության կողմից Հայաստանին լրացուցիչ տնտեսական օգնություն հատկացնելու խնդրի վրա։ Դրա հետ մեկտեղ, հայկական քաղաքական վերնախավն առայժմ ընդունակ չէ մշակելու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման ուղիներ։ Արևմուտքի քաղաքական և պաշտպանական կազմակերպությունների հետ համագործակցությունը զարգացնելու Հայաստանի ձեռնարկած քայլերը չեն կարող բավարարել ԱՄՆ-ին, որը ձգտում է Հայաստանն ընդգրկել իր կողմից ստեղծվող կոալիցիաների մեջ։ Նկատվում է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ոչ միայն սոցիալական զարգացման, այլև պաշտպանական պահանջարկի ուղղակի անտեսման միտում, մինչդեռ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները խորանում են։
Հայաստանի անկախ գոյության ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն այդքան վատանալու և գրեթե թշնամական դառնալու հիմնական պատճառն այն է, որ Հայաստանն իրեն ամուր կապել է ՀԱՊԿ-ի հետ և առանց ոգևորության ընդունեց ԱՄՆ-ի առաջարկությունները` մասնակցելու Աֆղանստանում, հատկապես Իրաքում իրականացվող հակաահաբեկչական գործողություններին, իր այդ դիրքորոշումը բացատրելով Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում ապրող 700 հազար հայերի անվտանգության պահպանման անհրաժեշտությամբ։ Իրաքի խաղաղարար գործողություններին Վրաստանի և Ադրբեջանի զորախմբերի մասնակցության համեմատ Հայաստանի ձևական մասնակցությունը մարտահրավեր եղավ ԱՄՆ-ի համար։ Լարվածությունն ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերություններում առայժմ չի թուլացել, ինչն անդրադառնում է ԱՄՆ-ի տարբեր գերատեսչությունների կոնկրետ գործողությունների վրա։ Այդ հարաբերությունների կարգավորման գործընթացը բավական ժամանակ կպահանջի և հազիվ թե առաջիկա տարիներին ավարտվի։
Հայաստանի ամերիկացի բարեկամները չկարողացան քաղաքական ճիշտ քայլեր իրականացնել գործադիր իշխանության ոլորտի նկատմամբ և կատարեցին միանգամայն անհամարժեք ընտրություն, երբ Ջորջ Բուշին պետք եղավ հայ համայնքի աջակցությունը նախ և առաջ Կալիֆոռնիայում` ավանդաբար դեմոկրատական համարվող նահանգում։ ԱՄՆ-ի հայկական հասարակական կազմակերպությունների բոլոր փաստարկները Ջոն Քերրիին իրենց աջակցության վերաբերյալ` միանգամայն անհամոզիչ էին հնչում։ Ներկայումս ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների գլխավոր նպատակն է մշակել ԱՄՆ-ի աջ պահպանողական և նոր պահպանողական շրջանակների հետ գործընկերության իրականացման եղանակներ։ Բացի այդ, նրանց առջև խնդիր է ծառացել իրարից որոշ չափով տարազատել հայկական լոբբին և հայկական հասարակական կազմակերպությունների գործունեությունը։ Չի կարելի ամեն ինչ կենտրոնացնել լոբբիի գործունեության վրա։ ԱՄՆ-ի քաղաքականապես ակտիվ ազգային համայնքներից ոչ մեկը վաղուց արդեն այդպես չի գործում։ Օբամայի քաղաքականությունը ցույց տվեց, որ ԱՄՆ-ի դեմոկրատական վարչակազմը, ոչ մի լուրջ քայլ չանելով թուրք-հայկական հարաբերութունների կարգավորման ճանապարհին, նորից սկսել է սիրախաղ անել Թուրքիայի հետ, անտեսելով Հայաստանի շահերը։ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը փոխվել էր միայն թուրք-ամերիկյան հարաբերությունների հետևանքով, որոնք հիմա խոր ճգնաժամ են ապրում։ Հայաստանն ԱՄՆ-ը սկսել է դիտարկել որպես փաստարկ` Թուրքիայի հետ իր հարաբերություններում։
Նախագահ Վուդրո Վիլսոնը, որ ներկայացնում էր դեմոկրատական կուսակցությունը, վարելով համաշխարհային կայսրությունների դեմ պայքարի քաղաքականություն, փորձեց ստեղծել անկախ միացյալ Հայաստան։ Հայաստանում և ԱՄՆ-ի հայկական համայնքում միշտ համակրանքով են վերաբերվել ԱՄՆ-ի հանրապետական կուսակցությանը, չնայած Կոնգրեսը, որի կազմում մեծամասնություն էին հանրապետականները, 1920-ի հայտնի որոշմամբ մերժել էր օգնություն ցուցաբերել Հայաստանին։ Դա, հավանաբար, պայմանավորված էր մի շարք պատճառներով ու շահերով, որ ունի քաղաքական գործընթացներին մասնակցության հավակնող ամեն ժողովուրդ։ Հարկ է ասել, որ հանրապետական վարչակազմի ներկա քաղաքականությունը, որն ուժեղ ճնշում է գործադրում Հայաստանի իշխանությունների վրա, մեծ հաշվով, ինչպես երբեք, նպաստում է Հայաստանի արմատական շահերի պաշտպանությանը։ Բուշի վարչակազմը Կովկաս-կասպյան տարածաշրջանում, փաստորեն, մեկ նպատակ էր հետապնդում` ապահովել նավթի հաջող արդյունահանումն ու փոխադրումը, իսկ այդ քաղաքականության առաջնային խնդիրը տարածաշրջանի կայունությունն է։ Հատկանշական է, որ ունենալով ադքան հսկայական ռազմաքաղաքական հնարավորություններ, ԱՄՆ-ն այդպես էլ չկարողացավ Կովկաս-կասպյան տարածաշրջանում ստեղծել աշխարհաքաղաքական կառավարման գործառական համակարգ, ինչը, իհարկե, բացատրվում է տարածաշրջանի առանձնահատկություններով։ Դրա հետ մեկտեղ, պարզվում է, որ տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի լիակատար վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ է, ավելի շուտ, ոչ թե էական ռազմական ներկայություն, այլ ռուսական ռազմական ներկայության բացակայություն։ Միաժամանակ, Հարավային Կովկասից ռուսական ռազմական բազաների դուրսբերման հետ կապված ԱՄՆ-ի այդ քաղաքական խնդիրները հանգեցնում են ոչ թե կայունության ապահովմանը, այլ սպառազինությունների տարածաշրջանային մրցավազքին, որին մասնակցում են ոչ միայն Հարավային Կովկասի ճանաչված և չճանաչված պետություններ, այլև ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Ընդ որում, ներտարածաշրջանային առճակատման և սպառազինությունների մրցավազքի ուժեղացման «պատճառ» է ներկայացվում Հայաստանը։ Իսկ որո՞նք են Հայաստանի այդքան «անհամակարգ» և բավական վտանգավոր վարքագծի գործոններն ու շարժառիթները։
Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքն ավելի որոշակի դարձավ այն բանից հետո, երբ ամերիկացիներին հաջողվեց իրականացնել Ադրբեջանում և Վրաստանում իրենց հանդեպ լիովին բարեհաճ կառավարող վարչախմբերի կազմավորման նախագծերը։ ՈՒստի ամերիկա-հայկական հարաբերությունների կարգավորման համար զուգակշիռ մոտեցումներն արդեն բավարար չեն, այլ կպահանջվի որոշակի խնդիրներ իրականացնել անվտանգության ոլորտում։ Առայժմ հասկանալի չէ, թե ինչ պայմաններ պետք է կատարի Հայաստանը։ ԱՄՆ-ը միանգամայն իրատեսորեն է գնահատում Հայաստանի դիրքորոշումն ու հասկանում է, որ Հայաստանը չի սահմանափակի իր հարաբերություններն ԱՄՆ-ի համար թշնամական մի շարք վարչակազմերի (Սիրիա, Իրան) հետ, ինչպես նաև չի կարող արագացնել հարաբերությունների զարգացումը Թուրքիայի հետ, առավել ևս` հեռու մնալ Ռուսաստանից։ Հայաստանի ներքաղաքական իրադրությունը չի հուզում ԱՄՆ-ին, և նա դա օգտագործում է սոսկ որպես ճնշման միջոց։ ՈՒստի առայժմ հասկանալի չէ, թե ինչ պայմաններ ընդունելի կլինեն ԱՄՆ-ի համար` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով։ Ավելի շուտ ԱՄՆ-ը կձևացնի, թե Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ծրագրերին ու խաղաղարար գործողություններին բավարարում է իրեն` հարաբերությունների կարգավորման առումով, թեև Հայաստանի այդ գործողությունները էական նշանակություն չունեն ԱՄՆ-ի ռազմավարության համար։
Այդուամենայնիվ, ԱՄՆ-ում նոր քաղաքականություն է ձևավորվում Հայաստանի նկատմամբ, և քաղաքական այդ միտումները պայմանավորված են մի շարք գործոններով։
ԱՄՆ-ը համոզվել է, որ Հայաստանը կարող է շատ հուսալի գործընկեր դառնալ տարածաշրջանում, առանց Հայաստանի մասնակցության զուր և թերարժեք են տարբեր աշխարհաքաղաքական կառուցվածքները Հարավային Կովկասում (օրինակ, այնպիսի նախաձեռնություն, ինչպիսին ՎՈՒԱՄ-ն է, որը դարձավ «Արևելյան գործընկերության» կազմավորման նպատակով Եվրամիության նոր նախաձեռնությանը Հայաստանի միանալու գործոն)։ ԱՄՆ-ը Հայաստանում և ԱՄՆ-ի հայկական համայնքում չի հայտնաբերել որևէ այլընտրանքային քաղաքական խումբ, որն ընդունակ է համարժեք քաղաքական կառավարում իրականացնելու, տևականորեն պահպանելու իշխանությունը, ընդ որում, արմատապես փոխելու Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ ԱՄՆ-ի ազդեցիկ քաղաքական ու վերլուծական շրջանակները լրջորեն քննարկում են Հայաստանի հետ որոշ ռազմական համագործակցության հնարավորությունը, նկատի առնելով անսպասելի շրջադարձերը «Մերձավոր Արևելքի» տարածաշրջանում տիրող իրավիճակում, այդ դեպքում Հայաստանը դիտարկելով որպես պատրաստված զորախմբի մատակարար և «Նոր Իսրայել», այսինքն` որպես այդ տարածաշրջանի մեկուսացած պետություն։ Սկզբունքային փոփոխություն է տեղի ունեցել ամերիկա-թուրքական հարաբերություններում, Թուրքիան այլևս հուսալի ռազմավարական գործընկեր չէ ԱՄՆ-ի համար, ամերիկյան ղեկավարությունը ռազմավարական որոշում է ընդունել այդ խնդիրների վերաբերյալ, համաձայն որի` Հայաստանը խոչընդոտ է թուրքական նոր կայսրության կազմավորման ճանապարհին, ինչը ևս կհանգեցնի Հայաստանի մեկուսացմանը։ Հնարավոր է, որ Օբամայի վարչակազմն ավելի հանդուրժողական լինի Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցում, ինչը կհամապատասխանի Իրանի հանդեպ ԱՄՆ-ի նոր կուրսին, համաձայն որի` ամերիկացիները կհրաժարվեն քաղաքական և տնտեսական ոլորտում Իրանի անիմաստ շրջափակումից։ ԱՄՆ-ում շարունակվում է Հայաստանի քաղաքական վարչակազմի փոփոխության տարբերակների քննարկումը` միաժամանակ համագործակցելով ներկա քաղաքական ղեկավարության հետ, բայց այդ խնդիրը չի դիտարկվում որպես կարևոր ու անհրաժեշտ, այլ սոսկ հաշվի է առնվում Հայաստանի ներսում քաղաքական իրադրության սրման դիտանկյունից։ ԱՄՆ-ը, հաստատ որոշում ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին որպես կատարված փաստի, իր այդ դիրքորոշումը կօգտագործի Հայաստանի կլանման գործում` որպես իր գործընկերոջ, միաժամանակ սպառնալիք ստեղծելով իր գործընկեր Ադրբեջանի համար, նրան պահելով ամերիկյան քաղաքականության հունում։ Կասկած չկա, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքում նոր վարչակազմը չի արագացնի իրադարձությունները, չի պնդի կայացնել այս կամ այն արագ որոշումը, որ կարող էր ապակայունացնել իրավիճակն այս տարածաշրջանում, կօգտագործի կարգավորման քայլերի արդյունքում նախորդ վարչակազմերի կուտակած փորձը։
Այսպիսով, Հայաստանի հանդեպ ԱՄՆ-ի այդ հակասական մտադրությունները կդառնան ամերիկյան արտաքին քաղաքականության համապատասխան հակասությունների ու մոտեցումների արտացոլումը։ Այժմ ամերիկացիները փակել են «քլինթոնյան դեմոկրատիայի» և Բուշի «գունավոր հեղափոխությունների» թեման, և նրանց իրական հարաբերություններ ու իրական արդյունքներ են պետք։ ՈՒստի ԱՄՆ-ում պատրաստ են համագործակցելու Հայաստանի ցանկացած շատ թե քիչ համարժեք կառավարող վարչակազմի հետ, եթե հայկական քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ լինի անկախ։ Դրա հետ մեկտեղ Հայաստանի մասնակցությունն ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությանը ենթադրում է անվտանգության ոլորտում պահանջների մեծացում։ Հայկական ղեկավարությունը պետք է հասկանա, որ այս նոր իրավիճակը պահանջում է ԱՄՆ-ի աջակցությունը` պաշտպանության և անվտանգության հարցերում։ Լիովին բացառվում է, որ Հայաստանի գործընկերներն առաջարկեն ԱՄՆ-ի հնարավոր մասնակցությունը նրան աջակցելու գործին, հասկանալով, թե ինչ կապակցությամբ է նման անհրաժեշտություն առաջանալու։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ