Սատանային ու մամոնային հոգին ծախած արվեստագետների կամ, որ ավելի հաճախ է հանդիպում, արվեստի մեջ վարժանքներ անողների պակաս, ցավոք, չունենք: Ի դժբախտություն բոլորիս, սրանք ամենուրեք են և, ստեղծագործողի քղամիդ հագած, ոչ միայն իրենցով լցրել են դաշտը, այլև, կանգնելով լծակների գլխին, անարգել տնօրինություն են անում այնտեղ, որտեղ և ոչ մի տրամաբանությամբ լինելու իրավունք չունեն: Արվեստն արհեստի վերածած այս խեղկատակներն իրենց վերապահված դերին հավատարիմ, աջ ու ահյակ պատմություն ու ժամանակ են խմբագրում, հոգիներ են անդարձ ապականում, և այս ամենը հանուն մի փոր հացի, հանուն կերակրատաշտին մոտ կանգնելու: Բարեբախտաբար, մեր ներկայացնելիք անձն այլ որակի արվեստագետ է, մտավորականի այն տեսակը, որն իր դժվար հացն արդար քրտինքով է վաստակում, խղճի, էության, կոչվածության հետ գործարքի մեջ չի մտնում, լուռ իր գործին է, ապրում է առանց աչքը թերմացքի պես շպրտվող «կոչումներին», «շնորհներ», որոնք վարձի դիմաց պարտադրված ծառայություն են ենթադրում, օտարում սեփական սկզբունքներից ու բարոյականության մասին ունեցած պատկերացումներից:
ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ: Կինոռեժիսոր: Տասը ֆիլմի հեղինակ և ավելի քան 40 ֆիլմի համահեղինակ: Առանձնապես չի կարևորում կինոնկարների փառատոնային հաջողությունները` համոզված, որ դրանք ֆիլմերն արժևորելու լուրջ չափանիշ չեն: Փոքրիկ հավելում. նրա ֆիլմերից երկուսը` «Հեքիաթ թևավոր ձիու մասին» և «Հույս, հավատ, սեր» վավերագրությունները, փառատոնային երեք գլխավոր մրցանակ ունեն: Չենք հիշատակում այլ մրցանակների արժանացած մյուս ֆիլմերը, թեպետ մեզանում այսօր կան կինոռեժիսորներ, որոնք այս կամ այն փառատոնին ունեցած սոսկ մասնակցությունը մրցանակ են համարում:
-Ձեր ֆիլմերը ծանր թեմաների մասին են, սակայն դրանք, ոնց էլ «պտտվեն», գալիս-հանգում են հույս-հավատ-սեր եռամիասնությանը: Ակամայից ստացվեց ֆիլմերիցդ մեկի վերնագրի ամբողջական հիշատակումը, սակայն սա չէ խնդիրը. ինչո՞ւ ծանր թեմաներ:
-Մի շատ պարզ պատճառով` թեթև թեմաներ չկան, եթե, իհարկե, արվեստի մեջ տնփեսա չես:
-Ընդունենք, որ ճշմարիտ արվեստի համար թեթև թեմաներ գոյություն չունեն, սակայն այս դեպքում հարց` մեկ այլ անդրադարձումով. ծանր թեման լսարան ունի՞:
-Առաջին հայացքից որքան էլ տարօրինակ կարող է թվալ` այո, սակայն այս այո-ով էլ պիտի բավարարվենք, որովհետև իր ամբողջության մեջ խնդիրը, որ թվում է, թե լուծում է ստացել, առկախված է մնում:
-Բացեք փակագծերը:
-Ֆիլմիս հերոսներից մեկն ուրախ-ուրախ զանգեց, թե պետությունը տուն է ուզում տալ, սակայն չինովնիկները 1000 դոլար մաղարիչ են ուզում: Պատկերացնո՞ւմ ես` փող են ուզել անտեր երեխայից, որը գրպանում 100 դրամ իսկ չունի: Հասկանո՞ւմ ես, թե որտեղ է շան գլուխը թաղված: Խնդրի լուծման ցանկության մեջ պետությունը, որպես պետություն, կա, սակայն խնդրի լուծման ճանապարհին այդ պետությունն ամենակարող չինովնիկի առաջ դառնում է անզոր, որովհետև չինովնիկը վեր է պետությունից:
-Բավականին «խղճմտանքով» են եղել իրենց պահանջի մեջ: Չարացա՞ր:
-Նույնիսկ չզարմացա:
-Բա առանց զարմանալու մինչև ո՞ւր: Բացառո՞ւմ ենք արվեստը շարժող ուժը:
-Արվեստը շարժող ուժը միայն զարմանքը կամ զարմանալը չէ: Զայրանալն էլ է ազդու գործոն:
-Եվ այնուամենայնիվ` դժվար չէ՞ այդպես ապրելը:
-Սարսափելի տառապանք Է, բայց այնպիսի տառապանք, որը չի թողնում տեղդ անտարբեր վեր ընկնես-մնաս, ստիպում է ձեռք զարնել հաջորդ տաք թեմային: Բնականաբար` ինչ-որ բան փոխելու ակնկալիքով:
-Հե՞շտ է այսօր Հայաստանում կինո նկարելը:
-Ահավոր դժվար է: Որովհետև ոչ մեկին պետք չէ:
-Չափազանց կատեգորիկ չե՞ս:
-Երբ ասում եմ` ոչ մեկին պետք չէ, նկատի չունեմ հանդիսատեսին:
-Տակը մնում է չինովնիկը:
-Գլուխը քարը, եթե տակը մնացողը մաքուր չինովնիկը լիներ: Շատ ավելի սարսափելի է արվեստագետ չինովնիկը, որը և՛ յուղում է, և՛ դեղում:
-Այսի՞նքն…
-Ասում է` շատ լավն է, բայց մեզ պետք չէ:
-Իսկ գուցե իրենց լղոզված ֆիլմե՞րն են պահանջված:
-Երևի, քանի գնում, համոզվում եմ:
-Անդե՞մ ժամանակներում ենք ապրում:
-Անդե՞մ... մեղմ է ասված: Ես կավելացնեի նաև «անգրագետ»-ը: Անդեմ ու անգրագետ` այսպես ասելն ավելի ճիշտ է:
-ՈՒրեմն` պոռնիկը` պոռնիկ, գողը գո՞ղ է…
-Եթե նկատի ունես ֆիլմիս հերոսուհուն, ինքն իր բնութագրականի մեջ շատ ավելի ճիշտ է` կուրտիզանուհի: Թող որ նրա այս ձևակերպման մեջ մի քիչ պատմականություն կա ու մի քիչ էլ ռոմանտիզմ, բայց հավատա` նա շատ ավելի մաքուր է, քան այն մեկը` հոգով շնացողը, որը հազար դեմք ունի` արվեստագետից մինչև բարերարի թանձր շպարով և, հմտորեն օգտվելով դիմակից, իրեն սրբի տեղ է «նաղդում»:
-Ձեր ասածից ելնելով` պոռնիկը ոչ այնքան անձ է, որքան կատեգորիա:
-Ինչ ձևակերպում ուզում ես` տուր: Կոնկրետ ինձ համար պոռնիկը մեր մեջ եղած անտարբերն է:
-Լավ, հետևեմ քո տրամաբանությանն ու հարցնեմ նույն ոճով` հնարավո՞ր է վերափոխել իրական պոռնիկին:
-Ֆիզիկապես տրվողին` այո, հոգեպեսին` ոչ:
-Ե՞լքը։
-Չնմանվել նրանց:
-Պատահե՞լ է, որ հերոսներդ հարցնեն` ինչի՞ հասար:
-Մենք անջատ-անջատ չենք գործում, ինչի էլ հասնում ենք, իրար հետ ենք հասնում: Այնպես որ, մեր միջև տարաձայնություն չկա: Տարաձայնությունն այլ հարթությունում է:
-Ստիպված եմ կրկնել` վճարվող գինը թանկ չէ՞:
-Թանկ, թե էժան` ամեն մեկն ինքն է ընտրում իր ճանապարհը:
-Ինչի՞ ես ուզում հասնել:
-Ինչի՞… Դժվար հարց ես տալիս: Ես անում եմ այն, ինչը զգում եմ: Կարևորը չկեղծելն է, դիմացինի ցավը զգալը, սրտացավ լինելը:
-Այդքանը բավարա՞ր է ինչ-որ բան փոխելու համար:
-Նախքան ինչ-որ բան փոխելն այդ ինչ-որ բան փոխելու կոչվածի գիտակցության մեջ պիտի ինչ-որ բան փոխես:
-Ծանր խնդիր է:
-Հեշտ չէ: Սա էլ արվեստագետին բաժին հասած խաչն է, նրա գողգոթան: Իմ ֆիլմերից մեկի հերոսուհին, որը նախախնամության կամոք առայժմ զրկված է սեփական երեխա ունենալու երջանկությունից, այդ բացը լրացրել է դպրոց բացելով ու, ի դեմս այդ դպրոցի երեխաների, իր կյանքի մեծ բացը այդպես լցնելով, այսպիսի մի խոստովանություն է անում. «Իմ կարծիքով` ես տիեզերական մայր եմ»: Ասել է թե` տիեզերական էություն է: Եթե արվեստագետի մեջ չկա տիեզերականի ընկալումը, անիմաստ է նրան գոնե ինչ-որ մեկին դարձի բերելու պահանջ ներկայացնելը: Արվեստագետի կոչումը կյանքն ինչ-որ չափով փոխելն է, թեկուզ մեկ հյուլեի չափով: Եթե չկա այս զգացողությունը, ուրեմն, հաստատ «տնփեսա» է այնտեղ, որտեղ ճշմարիտ արվեստագետը լիարժեք տեր է։
Զրուցեց Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ