«Անկախ Թուրքիայի վարքագծից` Հայաստանն առաջինը պիտի վավերացներ հայ-թուրքական արձանագրությունները: Սրանով Հայաստանը կապացուցեր, որ վստահելի գործընկեր է ու կատարում է ստանձնած պարտավորությունները: Թուրքիան ուղղակիորեն կզրկվեր մանևրելու հնարավորությունից: Սերժ Սարգսյանը նման խիզախության գնալու դեպքում հնարավորություն ուներ դառնալու պատմական «ֆիգուր»,- երեկ «Իրավունք de facto» ակումբում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ: Չնայած արձանագրություններին կողմ արտահայտվելը բազմիցս առիթ է տվել Սուրենյանցի հասցեին մեղադրանքների և՛ ընդդիմության, և՛ ազգայնականների, և՛ Սերժ Սարգսյանի թիմակիցների կողմից, սակայն ընդդիմադիր գործիչն այս հարցում աներեր է: «Հայ-թուրքական արձանագրությունները հիմք են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար, թեպետ ի սկզբանե թերահավատ էի, որ Հայաստանի և Թուրքիայի իշխանություններն այսօրվա որակով ի վիճակի են սպասարկել նման բարդ գործընթաց: Վերջին իրադարձություններն ապացուցեցին իմ ասածները: Սերժ Սարգսյանի ուղերձը բավականին տհաճ, վտանգավոր իրավիճակ է ստեղծելու Հայաստանի համար»,- նշեց Սուրենյանցը՝ թվարկելով հնարավոր մարտահրավերները: «Հայաստանը, առաջինը կասեցնելով արձանագրությունները, գործընթացի ձախողման դեպքում կրում է ողջ պատասխանատվությունը: Այն, որ այս քայլով մեղմում են Ղարաբաղի կարգավորման վրա ճնշումները, անհեթեթություն է»,- նկատեց ակումբի հյուրը՝ վստահեցնելով, թե Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումներն ավելի են մերձենալու, և ավելի է ակտիվանալու կարգավորման գործընթացը: Ավելին, եթե Հայաստանը սառեցնի իր մասնակցությունը նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ըստ բանախոսի, ապա դա հղի կլինի այնպիսի կործանարար վտանգով, ինչպիսին պատերազմի վերսկսման հավանականությունն է:
«Այսօր իսկապես հայ-թուրքական հարաբերությունները փակուղում են, քանի որ, դադարեցնելով գործընթացը, Սերժ Սարգսյանը չխոսեց նոր ժամանակացույցի, մեխանիզմների, ճանապարհային քարտեզի մասին»,- ասաց ընդդիմադիր գործիչը՝ համոզմունք հայտնելով, թե «որևէ չարդարացված դեմարշ» չի կարող ռացիոնալ արդյունքի հանգեցնել: Կարևորելով ոչ միայն Թուրքիայի, այլև մեր երկրի թերությունների վկայակոչումը, ակումբի հյուրը փաստեց, որ հարկավոր է սեփական ժողովրդի հետ անկեղծ լինել: «Հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չէին կարող միմյանց հետ կապակցված չլինել: Պետք էր ոչ թե հերքել ակնհայտը, այլ հասարակությանն անկեղծորեն ասել, որ Թուրքիան շատ ավելի օբյեկտիվ դերակատարում կունենա ղարաբաղյան խնդրում: Սառեցնելով հայ-թուրքական գործընթացը՝ վախենում եմ, որ Հայաստանի իշխանությունը հայտնվի ղարաբաղյան հիմնախնդիրը շուտ լուծելու հրամայականի առաջ: Սերժ Սարգսյանն ու նրա շրջապատը պետք է շատ հստակ գիտակցեին, որ արտաքին քաղաքականությունում որդեգրելով բաց սահմանների քաղաքականությունը, չի կարելի ներքին հարաբերություններում շարունակել խրամատներ փորել»,- հավաստիացրեց Սուրենյանցը:
Անդրադառնալով ներքին խնդիրների վրա կասեցման գործընթացի ազդեցությանը՝ ընդդիմադիր գործիչը շեշտեց. «Հույս ունեի, որ հայ-թուրքական գործընթացով մեր քաղաքական օրակարգը կհարստանա, որի պայմաններում իշխանությունները կդիմեին ներքին բարեփոխումների, որպեսզի իշխանության քաղաքական և մտավոր պոտենցիալը համապատասխանեցվեր այն խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են պետության առաջ: Այնինչ այսօր քաղաքական կյանքում ճահճացում է նկատվում»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ