17.04.2023|
23:37
Խորհրդային Միությունում, ինչպես նաև աշխարհում, մետրո կառուցելու առաջին չափանիշը ոչ պակաս, քան մեկ միլիոն բնակչության առկայությունն էր: Իսկ Երևանն այդ ժամանակ ուներ ընդամենը 800 հազար բնակչություն: Խորհրդային Միության մի շարք քաղաքներ, ուր բնակչության թիվն անցել էր մեկ միլիոնի սահմանը, վաղուց պայքարում էին միութենական կառավարությունից այդ որոշումը ստանալու համար: Այդ և այլ արգելքները հաղթահարելու համար Կարեն Դեմիրճյանը գնաց այլ ճանապարհով, առաջարկեց այլ չափանիշներ և մոտեցումներ: Նա իր մոտ հրավիրեց «Հայպետտրանսնախագիծ»» ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Դանդուրովին և հանձնարարեց ուսումնասիրություններ կատարել և նախապատրաստել մետրոյի կառուցման անհրաժեշտությունը հաստատող նոր հիմնավորումներ և առաջարկություններ՝ ելնելով նոր չափանիշներից. դրանք էին Երևանի բնակլիմայական պայմանները, դիրքը, ռելիյեֆը, նեղ և խոր հովիտներն ու կիրճերը, բազմազան լանդշաֆտները, տարածքների սղության պատճառով փողոցների ոչ բավարար լայնությունը, որով խոչընդոտվում էր վերգետնյա հասարակական տրանսպորտի անխափան աշխատանքը: Կարճ ժամանակ անց մասնագետները ներկայացրեցին նոր գիտական հիմնավորումներ Երևանում մետրոպոլիտեն կառուցելու անհրաժեշտության մասին: Դեմիրճյանը այդ փաստարկումներով մեկնեց Մոսկվա: Մի շարք անգամներ, ՀՍՍՀ Նախարարների Խորհրդում աշխատանքի անցնելու առաջին իսկ օրերից ես նույնպես միացա այդ աշխանքներին: Բազմաթիվ անգամ Կարեն Դեմիրճյանի հետ միասին եղել ենք Մոսկվայում, հանդիպումներ ունեցել տարբեր ոլորտների ղեկավարների հետ: