Ղրղզստանի խորհրդարանական ընտրությունների գլխավոր խնդիրը, առաջին հայացքից, հնարավորությունն է` հաստատելու անցումը երկրի խորհրդարանական կառավարման։ Հիմա, համաձայն նոր Սահմանադրության, մեծ լիազորություններով օժտված վարչապետն ընտրվելու է խորհրդարանի կողմից, իսկ նախագահական գործառույթները զգալիորեն կկրճատվեն։ Բացի այդ, ինչպես պնդում են իշխանությունները, ընտրությունները պետք է դառնան «առաջին ժողովրդավարականները» և ապացուցեն ինչպես անցումային կառավարության, այնպես էլ բուն երկրի մարտունակությունը։ Սակայն ավելի կարևոր է թվում այն, որ դրանց շնորհիվ լուծվում է մի ավելի հիմնարար հարց։ Հայտնի ասացվածքի համաձայն, որն ազգային կատարմամբ հնչում է այսպես` «երբ երկար ես նստում երկու ձիու վրա, մարմնիդ որոշակի մասերը ցավում են», հնարավոր է, «այդ մասերն» արդեն անտանելի են ցավում, և հիմա պարզ չէ` կհաջողվի՞, արդյոք, ղրղզներին մնալ տարածաշրջանում տեղի ունեցող ներկա աշխարհաքաղաքական դիմակայության թամբին։
Ինչպես հայտնի է, դեռ Ակաևի օրոք ղրղզական իշխանությունների խելքին փչել էր «մի երջանիկ միտք» այն մասին, որ գլխավոր ապրանքն աշխարհաքաղաքական դիրքն է։ Ակնհայտ է, որ Ղրղզստանը, որը սահմանակից է Ղազախստանին, ՈՒզբեկստանին, Տաջիկստանին ու Չինաստանին, կարևորագույն ռազմավարական կետ է և աշխարհի միակ երկիրը, ուր կողք կողքի կանգնած են մրցակցող տերությունների` Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ռազմական բազաները։ Ղրղզստանի միջոցով կարելի է վերահսկել Աֆղանստանը և ամբողջ հնդկա-պակիստանյան հանգույցը, իսկ բուն երկիրը հիանալի տեղավորվում է Բժեզինսկու «Կենտրոնասիական Բալկաններ» տեսության մեջ։ Համապատասխանաբար, Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Չինաստանը, որքան էլ հրապարակայնորեն հայտարարեն, թե կայունություն ու «օրինական» իշխանություն են ուզում, արդեն վաղուց և փոփոխակի հաջողություններով, բացահայտորեն կամ գաղտնի մասնակցում են երկրի բոլոր քաղաքական իրադարձություններին։ Այդուամենայնիվ, առայժմ այդ «պարանի ձգման» մրցությունում բացահայտ հաղթողը չի երևում, այլ կանոնավորապես և արյամբ երկրում փոխվող իշխանությունը նույն ձևով ամեն տեսակի խոստումներ տալիս է, միայն թե իր շահն ունենա։ Դա մի յուրօրինակ բիզնեսի է վերածվել և, ամենայն հավանականությամբ, ընտրություններից հետո էլ չի փոխվի։ Սակայն անցնենք բուն ընտրություններին։ Նախ, դրանք կայացել են, թեև ռուսական մի շարք փորձագետներ կանխատեսել էին դրանց ձախողումը։ Ընդ որում, ընդհանուր առմամբ, ինչպես նշում են դիտորդները, չնայած ընտրական օրենսդրության առանձին խախտումներին (երկրի հարավում մի քանի քրեական գործ էր հարուցվել), մթնոլորտը զարմանալիորեն հանգիստ էր, և առայժմ մարտական պատրաստության բերված ժողովրդական դրուժինաներն ու իրավակարգի պահպանության ուժերն անգործ են մնացել։ Ֆելիքս Կուլովի ռուսամետ կուսակցությունը հայտարարեց բազմաթիվ խախտումների մասին, բայց ընտրությունների օրը դրանից այն կողմ չանցավ։ Երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի 120 տեղի համար պայքարեց 29 քաղաքական կուսակցություն, իսկ 70 սանտիմետր ռեկորդային երկարություն ունեցող քվեաթերթիկում դժվար չէր խճճվել։ Ընդ որում, նշվում է, որ ընտրողների հոսքն էլ մեծ էր, և հանրությունը, ընդհանուր առմամբ, խիստ քաղաքականացված դուրս եկավ։ Այնպես որ, արդյունքը, որը հայտնի կդառնա մի քանի օրից, կարող է շատերին ապշեցնել, հիասթափեցնել, իսկ շատերին էլ հիացնել։ Թե դրանից հետո ինչ տեղի կունենա, առայժմ ամենևին պարզ չէ։ Առավել ևս, որ ընտրարշավը դարձավ ոչ միայն ամենաթանկը Ղրղզստանի ամբողջ պատմության մեջ, այլև աննախադեպը` կեղտոտ տեխնոլոգիաների կիրառման, մրցակիցների հասցեին ուղղված կանխավ ստահոդ մեղադրանքներով։ Եվ այս բոլոր խայտառակությունները տեղը տեղին «համեմվել» էին, ինչպես և սպասվում էր, «աշխարհաքաղաքական պղպեղով»։
Գունագեղ «կենցաղային աղմուկների» համատեքստում (մի ինչ-որ ղրղզ գործարարից պոկեցին 3,78 մլրդ դոլարի մուրհակ, ինչն զգալիորեն գերազանցում է երկրի արտաքին պարտքի չափը, իսկ ղրղզական «Ալֆան» ու նրա անդամների հարազատներն ընտրությունների նախօրեին բողոքի հանրահավաք անցկացրին երկրի խորհրդարանի շենքի մոտ) անցած ամիս վարկաբեկման ամենասև ալիքը տարածվեց տեղի թերթերում, ինտերնետային կայքերում ու հեռուստաէկրաններին։ Անգամ ռուսական կենտրոնական լրատվամիջոցները «մասնակցեցին» ղրղզական քաղաքական գործիչների խայտառակ մերկացումներին։ Այսպես, ռուսական ծՁԹ հեռուստաալիքի լայն ժողովրդականություն վայելող հաղորդումներից մեկում «հանկարծակի» մեջ ընկավ մի «պոռնոֆիլմ»` ժամանակավոր կառավարության պարագլուխներից մեկի մասնակցությամբ (այն, որ վերջին ժամանակներս HTB-ն դարձել է Կրեմլին ձեռնտու «մերկացումների» վայր, առանձին մեկնաբանության առարկա է)։ «Հանկարծակի», որովհետև այդ տեսագրությունն առաջին անգամ հրապարակվել էր երկու-երեք տարի առաջ, և արդեն այն ժամանակ ասվում էր, թե ժապավենը սարքել է Բակիևի վարչակազմն այն ժամանակվա ընդդիմության ղեկավարի դեմ։ Դրանից հետո տեսահոլովակի հերոսը` «Աթա-Մեքեն» կուսակցության նախագահ Օմուրբեկ Թեքեբաևը, որին, փաստորեն, բոլորը համարում են ամերիկյան դրածո, հրապարակայնորեն աղմուկ էր բարձրացրել HTB-ի նկարահանող խմբի գլխին, որը եկել էր իրենից հարցազրույց վերցնելու։ Նա, պարզվում է, հայհոյական խոսքերով վիրավորել էր նախագահ Մեդվեդևին ու խոստացել «Ղրղզստանում երկրորդ Վրաստան» սարքել։ Այնուհետև ինտերնետային կայքերում հայտնվեցին տեսագրություններ, որտեղ ինչ-որ մեկը (բուն տեսագրությունը համեմված է մեկնաբանությամբ, թե ձայնը պատկանում է «Աթա Ժուրթի» ղեկավար Կամչիբեկ Տաշիևին), հաղորդում է, թե մտադիր է «վերադարձնել Բակիևի Ղրղզստանը»։ Այնուհետև Ֆելիքս Կուլովը, որը, ինչպես հայտնի է, վերջերս հանդիպում է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ, և նրա «Ար Նամըս» կուսակցությունը շտապեցին հայտարարել, որ նրա դեմ մահափորձ է պատրաստվում, և որ «քիլլերը պատվերն ստացել է Ղրղզստանի իշխանական խոշոր կուսակցություններից մեկի ղեկավարից»։ Իր հերթին, պաշտոնաթող գեներալի և նախկին վարչապետի դեմ մեղադրանք առաջադրեցին թե՛ «քարոզչական նյութերում ռուսական կառավարող կուսակցության խորհրդանիշների անիրավաչափ օգտագործման» մեջ, թե՛ այն բանում, որ Կուլովը չի հեռացել չինովնիկական պաշտոնից և ջանում է փոխել ընտրությունների օրենսդրությունը։ Թեև «հետդարձի կետը», փաստորեն, արդեն հետևում էր մնացել, և գրանցումը չեղյալ չէր համարվել, բայց հարց է առաջանում, թե այդ իրավիճակն ի՞նչ հետևանքներ կունենա հետո, երբ որևէ մեկի խելքին փչի վերադառնալու այդ խնդրին։ Բացի այդ, Օթունբաևան, իբր, Օբամայի հետ պայմանավորվել էր ընտրությունների անցկացման համար Ղրղզստանին հատկացնել մի քանի միլիոն դոլար, իսկ երկրի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր 700 հազար դոլարի առգրավման մասին, որ նախկին նախագահ Բակիևի ընտանիքն ուղարկել էր որպես աջակցություն` ընտրություններում քաղաքական կուսակցություններից մեկին։ Եվ, իհարկե, այս ամենի պսակը դարձան որոշ ղրղզական գործիչների առաջարկություններն այն մասին, որ «Ղրղզստանի համար միակ ելքը Ռուսաստանի կազմի մեջ մտնելն է` որպես 9-րդ դաշնային օկրուգ»։ Բարձր «ազդանշան» դարձավ նաև տեղեկությունը էթնիկ զտումների առնչությամբ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ առաքելության հովանավորությամբ միջազգային հետաքննություն սկսելու մասին, ինչը, փորձագետների կարծիքով, ոչ միայն զգալիորեն կընդլայնի ու կարագացնի քաղաքական կարգավորման հնարավորությունները, այլև արմատական փոփոխությունների կհանգեցնի։ Հնարավոր է նաև ԵԱՀԿ ոստիկանական ուժեր մտցնելը, ինչը ռուսների համար ակնհայտորեն ցանկալի չէ։
Նկատենք ևս մեկ մանրամասն, որը որոշակի երանգ է հաղորդում այդ ընտրություններին. Միացյալ Նահանգները, պարզվում է, պաշտպանում է պառլամենտարիզմը երկրում (ոմանք պնդում են, թե նոր Սահմանադրությունը նրանց կողմից է պատվիրված եղել), իսկ Ռուսաստանը նախընտրում է Ղրղզստանում տեսնել նախագահական ուժեղ իշխանություն։ Կրեմլի հովանավորյալ Ֆելիքս Կուլովն ուղիղ տեքստով հայտարարել է, թե իր հաղթանակի դեպքում Սահմանադրությունը մեկ անգամ էլ կփոփոխվի, նկատի ունենալով նախագահի դիրքերի ամրապնդումը։ Իր հերթին, նոր իշխանությունը երկակի խաղ է սկսել, և նախագահ Ռոզա Օթունբաևան հաճախակի զանգահարում է Ռուսաստան, Վաշինգտոն և բոլորից փող խնդրում, ինչպես և պետք էր սպասել, ակնարկելով բազաները` ինչպես չարաբաստիկ ամերիկյան «Մանասը», այնպես էլ ռուսական բազաների կարգավիճակը։ Ընդ որում, եթե ռուսներից ղրղզները ձգտում են ստանալ ոչ թե փող, այլ լրացուցիչ զինամատակարարումներ, ապա ամերիկացիների առնչությամբ խնդիրն ավելի բարդ է։ Այսպես, հեղուկ վառելիք տեղափոխող շարասյուների վրա թալիբների մի շարք խոշոր հարձակումներից հետո բավականին սրվել է «պակիստանյան երթուղու» անհուսալիության հարցը։ Համապատասխանաբար հրատապ է դարձել «Մանասի» միջոցով վառելիքի մատակարարումների հարցը։ Սակայն վաղուց արդեն վառելիքի մատակարարումներում կոռուպցիոն սխեմաները Ղրղզստանում փարթամորեն ծաղկել են, իսկ դրանց տված պտուղները ճաշակել են նախ Ղրղզստանի առաջին, ապա և երկրորդ նախագահների ամենամերձավոր ընտանեկան շրջապատի անձինք։ Ակաևի դեպքում «Մանասի» համար վառելիքի բիզնեսը նրա ավագ որդի Այդարի ձեռքում էր, իսկ Բակիևի դեպքում` նրա որդի Մաքսիմի։ Ընդ որում, վառելիքը, հիմնականում ռուսական, մատակարարվում էր մասնավոր ընկերությունների միջոցով, պահեստավորվում դարձյալ մասնավոր ընկերություններում, և դրա դիմաց ամերիկացիները վճարում էին անհավանական բարձր գներով և ոչ թափանցիկ սխեմաներով։ Այսինքն, օգտագործելով իրավիճակը` որպես բարձրագույն ղեկավարությանը կաշառքներ տալու գործնական եղանակ։ Սա ամենևին ձեռնտու չէր թե՛ Կրեմլին, թե՛ Ռուսաստանի էներգետիկ համալիրին։
Զարմանալի չէ, որ աֆղանական ռազմարշավի սկզբից անցած ինը տարում Ղրղզստանում վերացվեց նախագահական երկու ընտանիք, և երկու դեպքում էլ նկատելի դեր խաղաց «Մանասի» գործոնը։ Իսկ հիմա Մոսկվայում հայտարարում են, թե վառելիքը, միևնույն է, ռուսական է, և ավելի լավ է այն Ղրղզստան տեղափոխվի այդ նույն երկրի խոշոր մատակարարի միջոցով։ Իբր, այդ առաջարկությունը, Կրեմլի պնդմամբ, Օթունբաևան արել է Օբամայի հետ օգոստոսյան հանդիպման ժամանակ։ Սակայն «Մանաս»-Մոսկվա-«Գազպրոմ» բառաշարն ազդել է ամերիկյան հանրության վրա` որպես Կրեմլի «անհագ ախորժակի» մռայլ վկայություն։ Եվ որպես հետևանք, հիմա արդեն «հեղափոխական Ռոզայի» համար և՛ Մոսկվայում, և՛ Վաշինգտոնում, երևի, այնքան էլ «հարմար» չէ։ Ի դեպ, օրինակ, Կուլովը պնդում է, որ «եթե ՀԱՊԿ-ի անդամները հայտարարեն, թե ինչ է եղել, որ, ամերիկացիները թող մնան, ապա նրանք կմնան, եթե ոչ, ապա մենք չենք կարող երկարացնել պայմանագրի ժամկետն ԱՄՆ-ի հետ, բայց, ամեն դեպքում, դրա վրա մեր սահմանապահներն ու մաքսավորները կաշխատեն»։ Այսպիսով, ներկա տարբերակը, որի դեպքում Ղրղզստանը չի լինի ո՛չ լրիվ ռուսամետ, ո՛չ էլ ամերիկամետ, այլ կմնա որպես «փոխզիջման ու պայմանավորվածության երկիր» Սպիտակ տան համար, երևի, նախընտրելի է։
Կարո՞ղ էր, արդյոք, իրադարձությունների նման շրջադարձ ակնկալել Մոսկվան, որը, եթե չէր ոգեշնչում, ապա գոնե բացահայտորեն աջակցում էր գարնանային հեղափոխությանը և առնվազն շնորհակալություն էր սպասում։ Ինչպիսի՞ն կլինի Կրեմլի նոր արձագանքը, եթե նրան չհաջողվի լիովին կազմավորել իր կառավարությունը։ Առայժմ դժվար է կանխատեսել։ Մեկ բան պարզ է, որ իրավիճակը լրացուցիչ բարդացնում է նաև այն, որ Ղրղզստանում նախընտրական կուսակցական աշխարհագրությունը հստակորեն կրկնում է արդեն վաղուց նկատվող պառակտումը Հյուսիսի և Հարավի միջև։ Արդեն ակնհայտ է, որ կուսակցություններից ոչ մեկը չի կարող խորհրդարանական մեծամասնություն ստանալ, և նրանք հարկադրված կլինեն կոալիցիա ստեղծել։ Իսկ Ղրղզստանի, հիմնականում կրոնական պատկանելությամբ կազմավորված կուսակցությունների համար (երկիր, որտեղ տոհմացեղային կապերը դեռևս գերիշխող են) դա ծայրաստիճան դժվար կլինի անել։ Բացի այդ, արդեն ցրտերն ընկնում են, փախստականների հիմնական մասը դեռևս ապրում է ամառային վրաններում, իսկ մի շարք շրջաններ ու խոշոր գյուղեր, փաստորեն, իշխանությունների հսկողության տակ են։ Այս ամենը ղրղզ հասարակությանը խոստանում է նախընտրական լուրջ կրքեր, որոնք սպառնում են դառնալ փողոցային անարխիայի և ազգամիջյան բախումների հերթական ժամանակաշրջան։ Ղրղզ փորձագետները պնդում են, որ եթե խորհրդարանական ընտրություններից հետո 100-150 ազդեցիկ քաղաքական գործիչներ չնստեն և երկիրը չբաժանեն ազդեցության գոտիների, ապա պետությունը չի գոյատևի։ Այնպես որ, որքան էլ ահավոր լինի, չի կարելի բացառել, որ շուտով այս երկրում կարող են այնպիսի անկարգություններ սկսվել, որոնց համեմատ նախորդ բախումները կառավարող վերնախավի համար մանկական «կռիվ-կռիվ» կթվան։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ