Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

92 տոկոս «պիրատության» ցուցանիշ

92 տոկոս «պիրատության» ցուցանիշ
11.09.2009 | 00:00

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՑՈՒՄ
Մտավոր սեփականության համաշխարհային ալյանսի անդամ BSA միջազգային ընկերությունը 2008 թ. տարեկան հաշվետվությամբ արձանագրել է, որ Հայաստանում 92 տոկոս են կազմում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում չարտոնված ծրագրային փաթեթների օգտագործումն ու տարածումը։ Հայաստանը համակարգչային «պիրատության» ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների ցանկում Զամբիայի հետ գտնվում է երկրորդ տեղում։ Առաջին տեղում հարևան Վրաստանն է՝ 95 տոկոս ցուցանիշով, երրորդ տեղում Ադրբեջանն է (90 տոկոս)։
Ինչպես տեղեկացրեց BSA ընկերության իրավական գծով խորհրդատու Նարինե Մկրտչյանը, իրենք օգոստոսի 12-24-ին Երևանի համակարգիչներ վաճառող 21 խանութներում ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ խանութներից միայն չորսն են առաջարկել արտոնագրված ծրագրեր և հրաժարվել են չարտոնագրված ծրագրեր տեղադրելու գնորդի առաջարկը կատարելուց։ Մյուս խանութներն այս կամ այն չափով առաջարկել են չարտոնագրված ծրագրային փաթեթներ՝ այդպիսով վտանգելով նոր գնված համակարգչի աշխատանքը։ Որոշ կենտրոններ առհասարակ չեն առաջարկել արտոնագրված ծրագրերի փաթեթներ։ Եղել են նույնիսկ դեպքեր, երբ ուղղակի հակագովազդ են արել՝ խորհուրդ չտալով արտոնագրված ծրագրերի տեղադրումը։ Ի դեպ, մոնիտորինգից առաջ խանութները պարբերաբար տեղեկացվել են, որ չլիցենզավորված ծրագրեր տեղադրելով թույլ են տալիս իրավախախտում, իսկ մոնիտորինգից մեկ ամիս առաջ պաշտոնական ծանուցում է ուղարկվել մոնիտորինգ անցկացնելու մասին։
Չարտոնագրված ապրանք գնելու հիմնական խայծը ցածր գներն են։ Սակայն BSA-ի իրավական գծով խորհրդատու Նարինե Մկրտչյանի կարծիքով` մարդիկ հաճախ ձեռք են բերում իրենց ոչ անհրաժեշտ ծրագրեր, սակայն եթե սպառողը գիտակցի՝ իրեն ինչ է անհրաժեշտ օգտագործել, ավելի մատչելի գներով կկարողանա գնել լիցենզավորված արտադրանքը։ «Ցանկացած ապրանք արժեք ունի, և դրա համար պետք է վճարել,- ասում է Ն. Մկրտչյանը,- եթե պետք չէ, մի՛ գնեք այդ ծրագրերը, բայց մի՛ գողացեք։ Դա համարվում է մտավոր սեփականության անթույլատրելի յուրացում»։ Ն. Մկրտչյանը նշում է նաև, որ եթե բանակցային հարթության վրա խանութներում իրավիճակը չհարթվի, օրենքով չարգելված միջոցներով փորձելու են պաշտպանել իրենց անդամ ընկերությունների իրավունքները։
Նշենք, որ հարցը կարևորել է նաև կառավարությունը։ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի առաքելությունն է այս ոլորտի բարելավումը։ Ի դեպ, «պիրատությունը» մեծ վնասներ է հասցնում մեր երկրին, տնտեսությանը՝ մասնավորապես։ «Պիրատության» դեմ պայքարը կարող է հարկերի ահռելի հոսք ապահովել դեպի պետական բյուջե։ Հայաստանը եվրաինտեգրացման խնդիր ունի. մեր երկրին պահանջ է ներկայացվում անդամակցելու եվրոպական կառույցներին՝ նաև մտավոր սեփականության իրավունքների ոլորտում իրավիճակը բարելավելու դեպքում։ Բացի այդ, ոչ մի խելամիտ ներդրող իր գումարները չի ներդնի մի երկրում, որտեղ պաշտպանված ու հարգված չէ մտավոր սեփականությունը։
Նշենք, որ BSA-ի նպատակն է թվային աշխարհի անվտանգությունն ու օրինականությունը խթանելը և իրենց անդամ ընկերությունների ու սպառողների իրավունքները պաշտպանելը։ Ընկերությունն այսուհետ ևս պարբերաբար նման դիտարկումներ կատարելու է հայաստանյան շուկայում՝ նպատակ ունենալով հասարակության լայն շերտերին իրազեկել չարտոնագրված ծրագրերի օգտագործման և տարածման բարձր ռիսկերի մասին։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2410

Մեկնաբանություններ