Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

ԲՀԿ. Ո՞ՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՆՐԱ «ՀԱՂԹԱՁԻՆ» ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ԲՀԿ. Ո՞ՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՆՐԱ «ՀԱՂԹԱՁԻՆ» ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
15.10.2010 | 00:00

«50+1»-ը բավականին անհանգստություն առաջացրեց ու աղմուկ հանեց հայաստանյան ներքաղաքական հանգած կյանքում: Նպատակը, ինչի համար արվել էր հայտարարությունը, փաստորեն, աշխատեց: Մնում են «մանրուքները»` 2012-ին իսկապես մեծամասնություն վերցնելը:
Նախ, շատ զարմանալի էր այդքան բուռն հակազդեցությունը։ (Ակամա հիշում ես հայտնի անեկդոտը. «Որոշել եմ էլի գնալ Ամերիկա»: «Ընչի՞, էլի՞ ես գնացել»: «Չէ, էլի եմ որոշել»։) Հայտարարությունը խիստ բնական էր. այդպիսիք արվել են (նույն կարգախոսով ԲՀԿ-ն ասպարեզ մտավ նաև 2007-ին, ռեֆրենով` իր ծրագրերն իրականացնելու համար ինքը պետք է անպայման մեծամասնություն ունենա. երևի մոռացել եք), արվում են ու դեռ կարվեն: Քաղաքական խաղն է այդպիսին:
Իսկ ի՞նչ պետք է ասեր ԲՀԿ առաջնորդը` ճի՞շտ են արել «գլուխները պատին տվողները» (բարև Ձեզ, պարոն Ծառուկյան, ինչպե՞ս եք, համ էլ ահագին ժամանակ է` հարցազրույց չեք տալիս մեր թերթին), որոնք (կոնկրետ դեպքում` նաև մենք), ելնելով փորձագիտական, «քնող-զարթնող» շրջանակներից, ինչպես նաև ՀՀԿ-ում առկա «մոտեցումներից և քարտեզագրումներից», գրում և ասում են, որ ԲՀԿ-ին «սպասում» է` էսպես-էսպես` մի 10 տոկոս ձայն:
Անկեղծ լինենք` հեշտ օրեր չեն սպասում այս կուսակցությանը: ԲՀԿ-ն գտնվում է բավականին հետաքրքիր խաղի առանցքում, և մեծ իմաստնություն է պահանջվելու խաղը գրագետ ու անկորուստ առաջ տանելու համար:
Փորձենք օգնել:
Նախ` հաշվենք կուսակցության ուժեղ ու թույլ կողմերը սպասվող խաղում:
Բուֆերային գոտի: Դա փողն ու Ծառուկյանի կերպարներն են: Երկուսն էլ կուսակցության և՛ ուժեղ, և՛ թույլ կողմերն են։ Միաժամանակ:
Փողն ունի աուրա, և միշտ չէ, որ այն քաշում-բերում է ճիշտ մարդկանց` ճիշտ գործի համար: Ասել է` կադրային խնդրի առջև կանգնած ԲՀԿ-ն հետայսու ևս կունենա նման խնդիրներ, որովհետև, եթե ՀՀԿ-ն դեպ իրեն է քաշում պատեհապաշտներին, ԲՀԿ-ն իրեն է քաշելու «յառի» նյութապաշտներին` տիեզերական նույն օրենքի հանգույն:
Սակայն փողը միևնույն ժամանակ շատ հարցեր է լուծում: Չթվենք բոլորը, սակայն առանձնացնենք` տեղերում «ամրացնում» է կուսակցական կառույցները, բարեգործական և «այլական» ծրագրեր իրականացնում, որոշակի էլեկտորատ ձևավորում` որոշակի շրջանակների համար Ծառուկյանին դարձնելով խարիզմատիկ կերպար: Գաղտնիք չէ` Ծառուկյանի կերպարի խարիզման այսօրվա հայ մենթալիտետի համար բավականին ընկալելի և ընդունելի է: Եվ եթե դրան էլ գումարում ես` «մի տեսակ իշխանության մեջ ըլլալով` ընդդիմություն ըլլալու խարիզման» (ընդդիմության հետ հետաքրքիր փոխհարաբերությունների մասին` ներքևում), ապա նույնքան հետաքրքիր կոնֆիգուրացիա է ստացվում:
Այդ իշխանություններն են, ընդ որում, բավականին անհաջող, պայքարում «օլիգոպոլիկ համակարգի» դեմ, ընդդիմության հանրահավաքներում և միջին վիճակագրական հայի մտապատկերում Ծառուկյանն այլ գործառույթներ ունի, այո՜, համ էլ բարեգործ է (ով Վիկտորին հիշի, աչքը դուրս գա), որ կարող է օգնել. բա ո՞ւմ դիմեն, մտածում են նրան դիմող քաղաքացիք:
Քաղաքական կատեգորիաներ:
ա) ԲՀԿ-ի համար առաջիկա ընտրություններն ուղղակի փորձաքար են լինելու: Ի տարբերություն ՀՀԿ-ի, որի ցուցակն առաջին անգամ կազմելու է մեկ մարդ (իմացաք` ով), ԲՀԿ ցուցակը կազմելու են մի քանի հոգի, ինչն էլ դառնալու է այն գայթաքարը, որի «վրա» առաջին անգամ` 2007-ի ընտրությունների ժամանակ, երբ դեռ նախագահ էր Քոչարյանը, ԲՀԿ-ն լիքը պրոբլեմներ ունեցավ (հիշենք, որ Ծառուկյանն այդ ցուցակը ներկայացրել էր նախագահական, Արմեն Գևորգյանը` այն օրերի «վերին կարդինալը», ափերից ելած մտել էր Քոչարյանի մոտ, թե` վե՛րջ, չեմ խառնվելու, ինչ ուզում է, թող անի: «Արել» էին Քոչարյանն ու Ծառուկյանը (այս մասին կարդացե՛ք Արմեն Գևորգյանի հետ մեր երբեմնի հարցազրույցում):
2012-ի ցուցակում, ըստ ամենայնի, իր «պակետը» կունենա Սերժ Սարգսյանը (քաղաքական-կոալիցիոն խաղի տրամաբանությունն է այդպես ենթադրում): Չար-թունավոր լեզուներն ասում են` նա այսօր էլ «պակետ» ունի: «Պակետատեր» է լինելու ԱԺ նախագահը: Եվ այսպես շարունակ:
Երբեք մի սպասեք այնտեղ Օսկանյանի հայտնությանը: Հազար ու մի պատճառով (Օսկանյանին «կհաշվենք» առանձին): Երբեք չասելով` երբեք (Օսկանյանի հայտնությունն այնտեղ կլինի մեկ դեպքում` քաղաքական ֆորս մաժորի), հակառակ պարագայում իշխանությունների անհաջող պայքարն օլիգոպոլիաների դեմ կոնկրետ վերցրած մեկ գործարարի դեպքում «կպսակվի» հաջողությամբ: Դրա հիմքերն արդեն իսկ դրվում են. նկատենք, որ անհրաժեշտ բերաններից հորդորներ են հնչում, թե օլիգարխները չպետք է ընտրվեն ԱԺ-ում: Սա հսկա մանևրի դաշտ է ապահովում ՀՀԿ-ԲՀԿ ներկոալիցիոն հարաբերությունների համար:
Խնդիրն ինքնին դժվարներից է, և հրաշք պետք է լինի, որ իշխանությունը և համապատասխան ինստիտուտները կարողանան գնալ դրան, որ ունենանք, իրոք, պրոֆեսիոնալ պառլամենտ: Այնուհանդերձ, խայծը գցված է, և պետք է «վերադասավորվել» նաև այդ մտքի շուրջ:
բ) Գեոքաղաքական առումով նույնպես այսօր ԲՀԿ-ն բավականին «խառն» է: Ընդհանուր առմամբ, ասել, որ այն գեոխաղացող է, այնքան էլ ճիշտ չէ, եթե չասենք` ընդհանրապես խաղացող չէ (Ծառուկյանի անձնական շփումները «մեր ընկեր Յանուկովիչի, մեր ընկեր Բատկայի» հետ, մի քանի «փոքրիկ», գրեթե ոչինչ չասող «ընկերներ» ունենք Չինաստանի կողմերում, Հորվաթիայի նախկին նախագահն էլ, ընդհանրապես, Բատկայից «շառ» է, և այս բոլոր ընկերները ոչ թե գեոքաղաքական խաղի, այլ անձնական շփումների դաշտում են տեղավորվում):
Սակայն Քոչարյանի` «փարդի քամակից» նայելը, նրա հավերժ ու անտես ներկայությունը քաղաքականությունում (քանի դեռ բառացի հայտարարություն չի արել, որ առժամանակ դուրս է գալիս քաղաքականությունից. ի դեպ, հիշենք` «սպասվում» էր, որ նա հոկտեմբերին պետք է հայտարարություն անի` կա՛մ վերադառնում է ակտիվ քաղաքականություն, կա՛մ առժամանակ հետ է քաշվում, որպեսզի 2012-ին ընտրությունների գնացողները հասկանան` ումով են գնում, ինչպես, մյուսներն էլ որոշեն, որպես երրորդ ուժ, արժե՞ թաթախվել խաղերի մեջ, թե՞ ոչ), բոլոր դեպքերում, գեոքաղաքական խաղացողի նշանակություն հաղորդվում է ԲՀԿ-ին: Սակայն երկու կետով, իսկ առավել ստույգ` երկակի նշանակությամբ. այստեղ նույնպես «պոբոչնի էֆեկտներ» կան:
Նախ` Լուժկովի շուրջ տեղի ունեցող զարգացումները: Գաղտնիք չէ, որ ռուսաստանյան որոշակի թևերի (հատկապես Լուժկովի և նրա մերձավոր Եվտուշենկովի) կողմից լուրջ աջակցություն կարող էր լինել ԲՀԿ-ին: Սակայն Լուժկովի թուլացմամբ հաստատապես թուլանալու է նաև Եվտուշենկովը (որքան էլ վերջինս միջազգային «նշանակության» ֆիգուր է, բայց ոնց երևում է` «միջազգայինը», հատկապես Լուժկովին սատարող «կառույցը», կամ շատ թուլացել է աշխարհաքաղաքական նոր զարգացումներում, փոփոխվող խաղում կամ... պարզապես «տվեց» Լուժկովին` իր հետևանքներով հանդերձ)` Քոչարյանի մոսկովյան լուրջ «նապարնիկը»` «ԱՖԿ Սիստեմայի» տնօրենը:
Բայց սա Ռուսաստանի կողմից ԲՀԿ-ին անվերապահ աջակցելու միակ «նո»-ն չէ: Մյուսը Քոչարյանին ու Ծառուկյանին ամռանն ԱՊՀ «շրջանակներում» հյուր եկած Բատկայի նկատմամբ ռուսաստանյան վերաբերմունքն է: Այստեղ, թերևս, պետք է անդրադառնալ ամենանուրբ խնդրին, ինչի մասին մինչ այս չի խոսվել:
Հենց ի սկզբանե Քոչարյանը շատ տարօրինակ վարվեց ԲՀԿ-պրոյեկտի հետ: Պետք էր կարծել, որ «ճիշտը» (որը մեկն է) Ծառուկյանին, որպես կուսակցության «գորշ կարդինալ», թողնելն էր, որովհետև քաղաքական էֆեկտն այս դեպքում ահավոր ռեզոնանսային է: Ոչ այն պատճառով, որ առաջին գիծը վտանգավոր է, այլ նախ և առաջ, որ երբ առաջին գծում ինչ-ինչ կորուստներ են լինում, «վերջին պահին գալիս է շեֆը» և պահեստային արագ վերադասավորություն կատարում:
Գալով առաջին գիծ` ԲՀԿ առաջնորդը շատ հաճախ է կամիկաձե դառնում` «ուդարները» վերցնելով իր վրա: Հիշենք հենց միայն վարչապետի և Երիցյանի «շուրջ» պատմությունը: Չնայած, ոնց երևում է, վերջին շրջանում քոչարյանական «մոզգովոյ ցենտրում» այս մոտեցումները վերանայվել են, և մերձքոչարյանական փորձագետների մեր ականջին շշնջոցը` ստույգ տեղեկատվությամբ, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԲՀԿ-ն կրկին հանդես կգա կառավարության հրաժարականի պահանջով, իրականություն չդարձավ, որովհետև այդ միսիան այլևս վերապահվել է դաշնակցական «դաշտային առաքելությանը»։ Նկատենք, որ նախորդ ԱԺ քառօրյայում Արծվիկ Մինասյանը` երբեմնի սոցապփոխնախարարը, պահանջեց կառավարության հրաժարականը` երկրում սոցիալական հարցերը լուծել չկարողանալու համար։ Չէ, հո կառավարությունն էլ շուռ չեկա՞վ, ասեր, կամ էլ շատ արագ «ռևիզոր» ուղարկեր` «սոցիալականի», նաև` «որբերի» կողմերը, տեսնելու` դաշնակների ժամանակ ինչ սոցիալական քաղաքականություն է վարել սոցապնախարարությունը:
Այսպիսով, արծվենի համարձակությամբ, փաստորեն, դաշնակցությունը պատրաստում էր փորձագետների, մեր ականջին շշնջացած հաջորդ թեզը` Հայաստանում ընտրությունների տակ կլինեն սոցիալական բուռն ընդվզումներ-միտինգներ, կառավարության և իշխանությունների հրաժարականի պահանջով, արդյունքում Հայաստանում տեղի կունենա սոցիալական հեղափոխություն (այս ամենի մասին` ՀՅԴ «հաղթաձիերը» հոդվածաշարում)։
Անցանք առաջ. ԲՀԿ-ի ու Ռուսաստանի հարաբերությունների «հաջորդ էտապը», ինչպես ասացինք, Բատկայի ֆակտորն է: Հայաստան կատարած պետական բա՜րձր այցի ժամանակ Մեդվեդևի պատվին տրված ճաշին Ծառուկյանը չէր մասնակցել: Նա, ինչպես ասացին ԲՀԿ-ից, զբաղված էր: Լուկաշենկոյով: Ինքնին հասկանալի է, որ խորհրդարանական երկրորդ կուսակցության համար, որն էլ առաջիկայում պատրաստվում է 50+1 ֆորմատով առաջինը դառնալ, ճիշտն այնտեղ լինելն էր: Բոլոր առումներով: Իսկ Քոչարյանը նախընտրեց, որ ինքը գնա, «դեմք» անի, Մեդվեդևն էլ բաժակը նրա բաժակին խփելիս բազմանշանակ ժպտա, իսկ փաստը, որ Լուկաշենկոյով զբաղված ԲՀԿ առաջնորդն այդ ամենի ընթացքում ահագին լոտեր էր կորցնելու, առանձնապես չէր հետաքրքրել Քոչարյանին ու նրա վիրավոր ամբիցիաներին։
Շարունակությունը կա։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1170

Մեկնաբանություններ