Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«ԵԹԵ ՈՉ ՄԵԿԸ ՄԵԶԱՆՈՎ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ, ՄԵՆՔ ՊԻՏԻ ԶԲԱՂՎԵՆՔ»

«ԵԹԵ ՈՉ ՄԵԿԸ ՄԵԶԱՆՈՎ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ, ՄԵՆՔ ՊԻՏԻ ԶԲԱՂՎԵՆՔ»
12.10.2010 | 00:00

«Եթե ադրբեջանահայեր են անվանում, կարծես վիրավորում են ու պիտակավորում»,- մեր զրույցի սկզբում ասաց վերջերս ստեղծված ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ ԱՐԱՐԱՏ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ։ Համագումարի ներկայացուցիչները փորձում են իրենց ուժերը մեկտեղել և վեր հանել իրենց խնդիրները, դրանք լսելի դարձնել և՛ տեղական իշխանություններին, և՛ միջազգային հանրությանը։
-Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ընթացքում փախստականների խնդիրը տարբեր տեսանկյուններից քննարկման առարկա է դարձել։ Ի՞նչ եք կարծում, սա այն հարցն է, որը բանակցությունների շրջանակո՞ւմ պիտի լուծում ստանա, թե՞ առանձին խնդիր պիտի դիտարկել:
-Նախ` միջազգային հանրության առջև ղարաբաղյան հիմնախնդրում մեր իշխանությունները, մասնավորապես, արտաքին քաղաքականության դերակատարները, ունեն մեծ կռվան՝ ի դեմս մեզ: Գուցե արտաքին ճնշումների պատճառով Հայաստանը չի փորձում այս կռվանը օգտագործել: Միևնույն ժամանակ ինձ համար անհասկանալի է, որ հայրենի իշխանություններն այս հարցում ոչ մի լուրջ քայլ չեն անում: Որքան բանակցային գործընթացից տեղյակ եմ, իսկ իմ տեղեկությունները հիմնված են ԶԼՄ-ների տեղեկատվության վրա, չեմ հավատում, որ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելուց հետո նրանք կընդունեն նաև փախստականներին, որովհետև նույնիսկ խաղաղ տարիներին Ադրբեջանի իշխանությունները բացահայտ հակահայկական քաղաքականություն էին վարում, ստեղծում էին այնպիսի պայմաններ, որ հայերն ստիպված հեռանում էին այնտեղից: Եթե Հայաստանում ժամանակին ադրբեջանական դպրոց, թատրոն, մշակութային կենտրոններ կային, ապա Ադրբեջանում ոչ մի պայման չկար, որ տեղի բնակչությունը մնար իր հողում և ինքնակազմակերպվեր: Ադրբեջանցիները շատ վաղուց ծրա-գրված զրկում էին հայերին բնականոն ապրելու հնարավորությունից: Նման քաղաքականություն որդեգրած Ադրբեջանն այսօր չի կարող այլ կերպ վարվել: Եթե անգամ այսքան տարի հետո մեզ վերադարձնեն մեր բնօրրանը, ինչպե՞ս են հետ բերելու մեր սպանված ծնողներին, զավակներին: Պիտի հասկանալ, որ մենք ոչ թե փախստականներ ենք, այլ մեր բնօրրանից բռնի տեղահանված մարդիկ: Մեզ հետ նաև տեղահանվել են զգալի թվով այլազգիներ՝ ասորիներ, ռուսներ, հույներ և այլն: Վերջիններիս ուժերը ևս միավորելով` միասնական ճակատ ենք ստեղծելու մեր խնդիրներին լուծում տալու համար: Դարերի ընթացքում հայերն իրենց հետ պահել են ազգային փոքրամասնություններին և հայկական քաղաքակրթության մաս դարձրել: Այսպես է եղել նաև 1915-ին, երբ մեզ հետ Արևմտյան Հայաստանից գաղթել են նաև եզդիները: Ի դեպ, մեր խնդիրը երբեք հասարակական-քաղաքական, պետական մակարդակով քննարկման հարց չի դարձել:
-Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճառը:
-Կա լիարժեք չտիրապետելու և քաղաքական աննպատակահարմարության խնդիր, ոմանց համար էլ այս մասին խոսելը, պարզապես, ձեռնտու չէ: Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի նպատակն է նաև փախստականների հարցը դարձնել հասարակական քննարկման թեմա, որի շրջանակում կներկայացնենք մեզ հուզող խնդիրները, պահանջները: Ի վերջո, եթե ոչ մեկը մեզանով չի զբաղվում, մենք պիտի զբաղվենք: Համախմբվելով, միավորվելով մի գաղափարի շուրջ` հնարավոր լուծումներ գտնել: Իհարկե, բացի Հայաստանից, սփյուռքում ևս կան տեղահանված հայեր, որոնց հետ մեր կապը դեռևս համացանցով է: Կառույցը ներազգային դաշտում է գործելու, լինելու է ապաքաղաքական, բայց դրանում կարող են ընդգրկվել և՛ ընդդիմության, և՛ իշխանության ներկայացուցիչները, ովքեր մտահոգ են այս հարցում։ Կոչ ենք անում այդ մարդկանց իրենց ակտիվ մասնակցությունն ու օժանդակությունը բերել կառույցին։
-Կա՞ միջազգային հենք Ադրբեջանից բռնի տեղահանված փախստականների հարցը կարգավորելու համար:
-Իհարկե, կա, եթե աշխարհն առաջնորդվի, այսպես կոչված, ժողովրդավարության սկզբունքով: Գոյություն ունեն ինքնորոշման և մարդու իրավունքներ, որոնց վրա էլ հիմնված է ժողովրդավարությունը: Այս ենթատեքստով ամենամեծ իրավունքներն ունեն հենց փախստականները: Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը միտումնավոր մշտապես նշում է, թե եղել է շուրջ 300 հազար փախստական, այնինչ իրականում կես միլիոնից ավելի է: Այդ 300 հազարի մեջ ներառել են նաև Ղարաբաղի քաղաքացիներին: 1975-ի մարդահամարի տվյալներով` ԼՂՀ բնակչությունը շուրջ 160 հազար էր: Բնական է, Ադրբեջանը պիտի փորձեր այս թիվը նվազեցնել՝ ապացուցելու համար, որ հայերը եկվորներ են, ոչ թե բնիկ ժողովուրդ: Բայց բոլորին էլ հայտնի է, որ դա հայկական աշխարհ է՝ ՈՒտիք-Արցախ: Եթե 160 հազար մարդ արձանագրել են Արցախում, Ադրբեջանի բնակչության թվաքանակով երկրորդ քաղաք համարվող Գանձակը կամ Կիրովաբադը ուներ կես միլիոն բնակչություն, որի միայն երեսուն տոկոսը՝ շուրջ 100 հազարը, հայ էր: Բայց սա այն շրջանն էր, որտեղ ճնշող մեծամասնությունը հայ էր: Բաքվի հայությունն էլ ստվար զանգված էր: Այս տվյալները մեզ հուշում են, որ իրականում գործ ունենք ավելի քան կես միլիոն բռնի տեղահանված հայերի հետ:
-Այսօր այդ մարդիկ ըմբոստանում են, որովհետև իրենց իրավունքները պաշտպանված չե՞ն: Ո՞րն է Ձեր պահանջը:
-Արցախյան պատերազմի ժամանակ ազատագրվեցին տարածքներ, ունենք յոթ տարածք: Ցավոք, այսօր ո՛չ Ղարաբաղի, ո՛չ Հայաստանի իշխանություններն ազատագրված այդ տարածքները հայկական չեն համարում, այլ հիմնախնդրի կարգավորման համար անվտանգության գոտիներ: Մենք ազատագրված տարածքները պահելով՝ որոշակիորեն լուծում ենք փախստականների հարցը: Այսօր ո՛չ Ադրբեջանի, ո՛չ միջազգային կառույցների կողմից այս մարդկանց փոխհատուցում չի տրվել, ո՛չ մի ուշադրություն չի դարձվում նրանց խնդիրներին: Եթե Հայաստանից հեռացած ադրբեջանցիները վաճառեցին իրենց տներն ու գույքը, ապա հայերը ոչինչ չհասցրին վերցնել, ավելին, կոտորվեցին: Ովքեր էլ ողջ մնացին, տկլոր, կյանքը մի կերպ փրկելով, փախան Հայաստան:
-Փաստորեն, այսօր դուք Ադրբեջանից որոշակի փոխհատուցո՞ւմ եք պահանջում:
-Այո: Կա հարցի մեկ այլ կողմը. տեղահանվածներն Ադրբեջանի քաղաքացի համարվո՞ւմ են, թե՞ ոչ: Ի վերջո, այդ մարդիկ ծնվել ու մեծացել են այդ տարածքում: Պատմությունը վկայում է, որ Ադրբեջանն արհեստածին պետություն է, ձևավորվել է ընդամենը 1918-ին, ու դեռևս այդ ժամանակներից հայերն իրենց արժեքները, մշակույթը, կենսակերպը ձևավորել են այդ հողում, որոնց հետքերը մինչ այսօր պահպանվում են: Հենց մեր գոյությունը, մեր արժեհամակարգը դրա լավագույն ապացույցն են: Անշուշտ, այսօր էլ մենք հայրենիքում ենք ապրում, բայց մեր փոքր հայրենիքը մերը չէ: Ջուրը, հողը, շունչն են ձևավորում մարդու էությունը, այնպիսին, ինչպիսին այն կա: «Փոքր հայրենիքի» մթնոլորտն այսօր փորձում ենք մեր ընտանիքներում պահպանել, բայց դա լիարժեք չի կարող լինել:
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1226

Մեկնաբանություններ