Նա ինքնասպան եղավ:
Հուլիսի 9-ի առավոտյան Էլվինա Մակարյանի բնակարանում և այդ շենքում առավոտը սովորականի պես էր։ Հարևանների պատմելով՝ երգչուհին, ինչպես միշտ, արթնացել էր առավոտյան ժամը 6-ին։ Միշտ շատ վաղ էր արթնանում, լոգանք էր ընդունում և սկսում էր իր օրը։ Այդ օրը նա պետք է գնար ձայնագրման ստուդիա՝ առավոտյան ժամը 11:00-ին, իսկ հետո քրոջ հետ միասին՝ բժշկին այցելության։
Ստուդիայում, սակայն, նա չի հայտնվում։ Տան հեռախոսազանգերին չեն պատասխանում։
Քույրն անհանգստացած, զանգահարում է ընկերներին, որոնք գալիս են, փորձում են մտնել բնակարան։ Դուռը կողպված է լինում։ Աստիճաններով բարձրանում են, պատուհանից տեսնում են նրա անշնչացած մարմինը, որից հետո որոշում են կոտրել դուռը։
Սկզբում բոլորը լռում էին, թե ինչ է պատահել:
Մի բան էր միայն հստակ` երգչուհին մահացած էր: Ոստիկանությունը բնակարանում մի քանի ժամ զննելուց հետո երեկոյան կողմ հեռանում է: Սկզբում դուրս են բերում դեղին գույնի փաթեթ, հետո՝ երգչուհու մարմինը:
Միայն մի քանի շաբաթ անց Գլենդելի ոստիկանությունը հատուկ հարցման միջոցով լույս է սփռում երգչուհու առեղծվածային մահվան շուրջ:
Էլվինա Մակարյանն ինքնասպան է եղել: Նա հեռացել է կյանքից ատրճանակի օգնությամբ: Նույնիսկ նրա հուղարկավորությանը ու նույնիսկ հուշ-երեկոյի ժամանակ հրապարակային վարկածը «սրտի կաթվածն» էր:
Իմ ամբողջ լրագրողական կարիերայի ընթացքում Էլվինայի իրական մահվան մասին գրել-չգրելու որոշումը, թերևս, ամենածանրն էր ու ամենապատասխանատուն: Ես հասկանում եմ, որ սա ամենադառը ճշմարտությունն է իր դստեր ու նրա երեխաների համար, նրա քրոջ համար, որ կծկվել էր երգչուհու բնակարանի դռների առաջ ու անօգնությունից ու ցավից ողբում էր:
Սակայն կարծում եմ՝ երգչուհու որոշումը խիստ գիտակցված էր: Դա կշռադատված հանրային քայլ էր՝ ուղղված մտավորականությանն ու հասարակությանը: Էլվինան հարցազրույցի ժամանակ ակնարկեց.
- Ես այժմ իմ մասին ձայնագրություններ եմ թողնում: Երբ չլինեմ, ում ձեռքը որ ընկնի, թող մի հատ մեծ գիրք գրի իմ մասին:
Այժմ նրա հարազատները փորձում են գտնել այդ ձայնագրությունները:
Երբ խոսում էր իր երգերի մասին՝ նկատեց.
- Ես չգիտեմ, մի 500, 600 երգ ունեմ, ու հիմա եթե ոչինչ չանեմ, մի քանի տարի կարող են իմ երգերը երգել:
Էլվինա Մակարյանը կյանքից հեռացավ, որովհետև ուներ պատճառներ: Նոր հազարամյակը երգչուհու համար ճակատագրական էր: Սկզբում վախճանվեց նրա մայրը, որի հետ շատ կապված էր, ու որը նրա ամենամտերիմ մարդն էր, ընկերը, երկրպագուն, քննադատն ու ծնողը: Երգչուհին մոր մահից հետո տեղափոխվում է նոր բնակարան: Բայց ամենածանր հարվածն առջևում էր:
Ռոմանը՝ Էլվինա Մակարյանի միակ որդին, երկու տարի առաջ ինքնասպան է լինում՝ 28 տարեկանում:
Կնոջից բաժանվելուց հետո նա այդ օրը բնակվելիս է եղել հյուրանոցում:
Այդ երեկո Ռոմանն ունենում է ընդամենը մեկ այցելու՝ իր մայրը: Էլվինան որդու հետ է անցկացնում գրեթե ամբողջ երեկոն: Հետո հրաժեշտ է տալիս ու գալիս տուն: Մեկ ժամ անց ոստիկանությունը զանգահարում է. Ռոմանն ինքն իրեն կրակել էր:
Էլվինա Մակարյանի բնակարանում չկար անկյուն, որտեղ չլիներ որդու նկարը: Մեծ սեղանին դրված լուսանկարի շուրջ մոմեր էին շարված:
Ռոմանն Էլվինայի կյանքի գլխավոր տղամարդն էր, որի տաղանդով, հմայքով ու խելքով նա հիանում էր:
Թվացյալ հրապարակային կյանքով, բայց բոլորին անհայտ Էլվինան փորձում է վերադառնալ կյանք: Սկսում է ձայնագրությունները:
Բայց այն, ինչ անում էր՝ ավելի շատ նախապատրաստական աշխատանք էր հիշեցնում: Նա պատրաստում էր իր հրաժեշտը:
Հենց այդ պատճառով նրա ընկերներն ու հարազատները զարմանքով տեղեկացան կտակի մասին:
Էլվինան իր կտակում գրել էր, որ չի ցանկանում հուղարկավորվել: Նա կտակել էր՝ իրեն այրել ու մոխիրը հանձնել օվկիանոսին: Կտակով նա խնդրել էր նաև հոգեճաշ չկազմակերպել:
Չհավաքվել:
ՈՒղղակի հիշել իրեն` յուրաքանչյուրն ինքն իր համար:
Ասում են՝ ուժեղ մարդիկ ունեն պարտականություններ, թույլ մարդիկ` իրավունքներ:
Դա իսկապես այդպես է Էլվինայի դեպքում:
Նա ուժեղ մարդ էր:
Մակարյան Էլվինան 14 տարեկանում սկսեց ու շարունակեց ընդամենը մեկ առաքելություն` նա հետևում էր բնության կանչին և պարտական էր իր տաղանդին ու երգարվեստին: Այդ պատճառով նա ուներ պարտականություն` պայքարել իր հանդիսատեսի իրավունքի համար:
Երգիչները` հայ թե ռուս, խորհրդային տարիներին պայքարում էին երգելու իրավունքի համար, Էլվինան` երգելու ձևի, ոճի և թեմատիկայի համար:
Պիտակավորելը ցանկացած հասարակության և մերոնց ամենասիրած գործն է: Այդ պատճառով Մակարյան Էլվինան, որ հետո դարձավ Էլվինա Մակարյան, ԽՍՀՄ մրցույթների դափնեկիր, պիտակավորվեց կապիտալիստական, հետևաբար՝ ոչ խորհրդային, հետևաբար` ոչ հայկական, հետևաբար՝ ոչ ցանկալի երգչուհի:
ՈՒ հենց այդ պատճառով նրան հետապնդեցին: Ստիպեցին հեռանալ ԱՄՆ:
Չթողեցին, որ վերադառնա:
Դա ոչ նրա կամքով էր ու ոչ էլ ցանկությամբ:
ՈՒ Ամերիկան, եթե այստեղ ես եկել ոչ վաղ հասակում` քեզ համար դառնում է օթևան, բայց ոչ` հանգրվան: Այդքանով հանդերձ՝ Էլվինան պետք է չմնար Հայաստանում:
Պետք է գնար Մոսկվա կամ Գերմանիա: Պետք է հիացներ ուրիշներին և հետո միայն` վերադառնար տրիումֆով, որ ճաշակ ու ոճ թելադրեր:
Ինչ ունեցանք այսօր` երգչուհու ֆիասկո և կանացի ու մայրական մեծ ողբերգություն` քողարկված կենցաղային աշխուժությամբ:
ՈՒղղակի նա ուժեղ էր այնքան, որ չէր հանդուրժում կարեկցանք կամ խղճահարություն:
Էլվինա Մակարյանի կենսագրությունը մեր անձնական ամոթն է:
Մեր անձնական ողբերգությունը: Ամոթ մեզ, որ թողեցինք, որ հեռանա, ամոթ, որ նրանից այդպես էլ ոչ ոք ներողություն չխնդրեց, ամոթ, որ ունենալով երաժշտական հսկայական տաղանդ, փորձում էինք նրան վերաբերվել ու գնահատել որպես սովորականի:
Հայրենիքում առաքյալներ չեն լինում: Եվ վառ աստղեր՝ նույնպես: Մենք` նրա հետապնդողներն ենք, նրան արգելողները ու մարդասպանները:
Հայ հասարակությունն Էլվինա Մակարյանին պարտք է ներողություն և ապաշխարանք: Մենք պետք է անկեղծ լինենք ինքներս մեզ հետ ու մեծ վարպետի առաջ, որը, ի դեպ, մինչ օրս որևէ պետական մրցանակի, մեդալի, շքանշանի արժանացած չէ:
Երգչուհին անընդհատ պնդում էր.
- Ես ինքս ինձ կողքից տեսնելու և լսելու ունակություն ունեմ, ինչը, դժբախտաբար, մեծ մարդկանց մոտ չկա՝ տեսնել քեզ ու զգալ քո սխալը, դրա համար, եթե դու հնարավորություն ունես տեսնելու ու ինքդ քեզ կողքից նայելու, դու փրկված ես:
ՈՒ հենց այսօր մեծացող վաղվա սերնդին փրկելու համար պետք է անկեղծանանք:
Որ նոր սերունդը միջակությունն ու համահավասարեցումը չընդունի որպես նորմ, որ կեղծավորությունն ու անտարբերությունը չդառնա հանրային ախտ, որ տաղանդն ու ազնվությունը դառնա ոչ թե հաճելի, այլ պարտադիր ու միակ պայման՝ բեմում հայտնվելու համար:
Էլվինա Մակարյանին համարում էին հայկական Էդիտ Պիաֆ՝ փոքրահասակ, հզոր ձայնով, ուժեղ էներգետիկայով: Այդպիսին էլ մնաց ու նույնիսկ իր վերջին հարցազրույցում ասում էր.
- Ես նոր օրը նոր կերպ եմ ապրում:
Հայկական շոու-բիզնեսը կորցրեց ավելին, քան մեկ` առանձին վերցրած երգչուհու: Նա խորհրդանիշն էր ճաշակով ու բարձրաճաշակ հայկական երաժշտության: Նա վարպետ էր, որին լքել էինք, թողել էինք միայնակ, ու որին ոչինչ չէր մնում, քան իր վերջին քայլով ուղղակի հիշեցնել, որ ամենամեծ արժեքը մարդն է, ամենամահացու զենքը՝ անտարբերությունը:
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Երբ հեռանում էի երգչուհու բնակարանից, չգիտես ինչու, հարցրեցի.
- Կներեք, բայց անընդհատ ուզում էի հարցնել… ի՞նչ գույնի են Ձեր աչքերը:
- Օվկիանոսի… սովորաբար կանաչ են, բայց երբեմն դառնում են ավելի մոխրագույն, երբեմն՝ անգամ երկնագույն:
Էլվինա Մակարյանի մահից մի քանի շաբաթ անց նրա հարազատները Խաղաղ օվկիանոսի վրա շաղ տվեցին երգչուհու մոխիրը:
ՈՒ ամեն անգամ արևամուտի օվկիանոսը հիշեցնում է երգչուհու զարմանալի գեղեցիկ աչքերը:
Խաղաղություն քո աչքերին, վարպետ:
Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ