Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Սիլվա Կապուտիկյան. «Հրաշալի ծնունդ»

Սիլվա Կապուտիկյան.  «Հրաշալի ծնունդ»
17.06.2023 | 21:39

Դեռ վաղուց ես ուզում էի բանաստեղծություն գրել Պարույր Սևակի մոր մասին։ Ես ուզում էի բանաստեղծությամբ իմաստավորել այն հրաշքը, թե ինչպես փոքրամարմին, նորահարսի պես մունջ ու խոնարհ այս կինը, որ ծնվել ու մեծացել է Հայաստանի խուլ ու անհայտ Չանախչի գյուղում, որ մինչև հիմա էլ հագնում է գյուղական մինչև կրունկները հասնող ծալքավոր զգեստ և բուրում է կաթով ու հողով, որ անծանոթ տղամարդու հանդիպ...ելիս դեռ բնազդով ձեռքը տանում է բերանին ու բարձրացնում գորշագույն գլխաշորի եզրը,- թե ինչպես այս կինը ծնել ու մեծացրել է Պարույր Սևակ- Հայաստանի ամենաժամանակակից բանաստեղծին, 20-րդ դարի ռիթմերն ու մտածողությունը իր մեջ հավաքած պոետին, համաշխարհային ընդգրկումի մտածողին, հայ լեզվի բոլոր հարստությունները, գույներն ու նրբերանգները իր մեջ ամբարող՝ մերօրյա անզուգական վարպետին։

Ես ուզում էի պատմել բարալիկ այդ կնոջ, այդ ցողունի մասին, որի միջոցով հրաշալի հասկին՝ բանաստեղծ որդուն էր հաղորդվել հայրենի հողի ավյունն ու ավիշը, դարերով կուտակած հանճարն ու լույսը,- ուզում էի պատմել զվարթ, կենսահաստատ խոսքերով, իմ մեծ ժողովրդի հավերժական ուժն ու երիտասարդությունը հավաստող հպարտությամբ։

Եվ ահա չհասցրեցի...

Այս օրերին անասելի դժվար է՝ շրջված ավտոմեքենայի պես մեր սրտին փլված վշտի ծանրության տակից դուրս քաշել խելացի բառեր՝ գծելու համար Պարույր Սևակի թեկուզ շատ մասնակի պատկերը։ Թող այդ ջանան անել գրականագետները։ Իսկ ես արցունքից աղոտացած աչքերով նայում եմ սգավոր մորը՝ հասկազուրկ ցողունի պես ցամաքած, կուչ եկած ազիին, նայում եմ վշտից հազիվ շնչող հոր՝ Ռաֆայել ամու սև ու երկար արխալուղի թևաթափ փեշերին, լսում եմ իրար գլխի հավաքված գյուղական հարազատների՝ Խոյի թանձր բարբառով աղաղակվող ողբը ու անընդհատ ուզում եմ մրմնջալ՝ «Հրա՛շք, հրա՛շք, հրա՛շք»...

Աստվա՜ծ իմ, ի՜նչ անվերծանելի կուտակումներ կային լերկ, քարքարոտ, աշխարհի աչքից հեռու այս անկյունում ծնված գեղջուկ, արևախանձ, զրկանքով ու քրտինքով ապրող այս ազգ ու տակից սերված Պարույրի մեջ։ Մեր ծալ-ծալ անցյալի ո՞ր հողաշերտերից էր ժայթքում, ոսկեդարի ի՞նչ ոսկեղեն ակունքներից էին գոյանում ու երկրի երես ելնում նրա ազնվական էությունը, հոգու նարեկացիական բարդբարդումներն ու ծառացումները, արդի ինտելեկտուալ կոչվող պոեզիայի մտասույզ խուզարկումները։

Էլ ինչպե՜ս չհավատաս, որ հիրավի, հայ շինականի հորովելաշունչ հառաչներից է սերվել մեր եկեղեցական երկնասլաց երաժշտությունը, որ գեղջուկ մի բարբառի կոշտ ու հողաբույր բազմերանգությունից է նրբակերտվել մեր մարմարյա գրաբարը, որ ժողովրդաշեն կամուրջների չափ ու կշռույթն է հաղորդվել Հռիփսիմեի բարձրագնա սլացքին. ինչպե՜ս չհավատաս, քանի որ կար, քանի որ կա Պարույր Սևակ, կա նրա ծննդյան հրաշքը։

Իսկ այսպիսի ծնունդները մենակ չեն ծնվում։ Նրանց հետ աշխարհ է գալիս նրանց երկվորյակը՝ անմահությունը, որը, ի վերջո, ավելի կայուն է և ավելի ռեալ, քան այս դաժանորեն շոշափելի ռեալականությունը՝ այս զույգ դագաղները, կափարիչների սևափայլ թավիշը, բետոնապատ այս փոսը, հետո էլ՝ այս ծաղկառատ հողաթումբը...

Եվ սակայն աններելիորեն անհեթեթ, տարաժամ ու տարաբախտ եղավ երկվորյակների անջատումը իրարից։ Այդ անջատման ցավագին ճաքը շարունակվում է մեր սրտերում, անցնում է ամբողջ Հայաստանով, հատում երկրագնդի բոլոր այն զուգահեռականները, որտեղ որ հայ կա։ Չէ՞ որ հայրենիքը միայն նախնյաց հողն ու սրբացած անունները չեն, քարակոփ հնություններն ու մագաղաթները չեն, միայն նորակերտ շեներն ու կառուցումները չեն։ Հայրենիքը բաղադրվում է նաև ապրող մարդկանցից, այն առանձին անհատներից, որ կրում են իրենց մեջ այդ հողն ու սրբությունները, որ իրենցով մեծացնում ու շնչավորում են դրանք։

Պարույր Սևակը այդ մենաշնորհյալներից էր։ Ահա թե ինչու այս քանի օրը ինչ-որ պարապություն կա օդում, լեռներն ու դաշտերը ինչ-որ պաղ են, օտար, հեռացած, սրտերում կարոտ կա, անձկություն,- ու այս ամենը այնպես նման է հայտնի այն հոգեվիճակին, որին հայրենաբաղձություն անունն են տալիս։

Հայրենի ժողովուրդը փառաբանող շատ տողեր ունի Սևակը ու դրանց մեջ լավագույններից է հետևյալը՝ «եթե ճնշել ենք, ապա՝ վերքերով»։

Իր ամբողջ կյանքը Սևակը ապրեց իսկ և իսկ իր ժողովրդի պես՝ ստեղծելով, տառապելով, ոգորելով։ Նա իր մեծ հոգում ներդաշնակեց Ասիան ու Եվրոպան, Արևելքն ու Արևմուտքը, հողն ու ոգին, հասկի շնորհալի խոնարհությունը և լեռնային գետի անկաղապար ըմբոստությունը։ Նա իր փոքրիկ, սրտաչափ սենյակում հեռուներից բերեց-բնակեցրեց աշխարհի խորհող մեծերին, դարձավ նրանց թարգմանը և խնկարկուն. իսկ երբ գնաց աշխարհի հեռուները՝ իրենով տարավ-ներկայացրեց Հայաստանը՝ իր բիբլիական իմաստությամբ ու իր մանուկ երազանքներով։

Նա ապրեց գեղեցիկ, հախուռն, անհաշիվ, մտքի և զգացումների արքայական մի շռայլությամբ իր շուրջը սփռելով սեր, դաշնություն, հրճվանք և օրհնություն։ Ու եթե ճնշեց նա մեզ, ապա միայն իր մահվան այս ահռելի, անդարմանելի, սիրտ և սյուն փլեցնող վերքով...

Դու այս ի՞նչ արիր, տո լա՜ճ տնավեր...

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2862

Մեկնաբանություններ