ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Հայկ Մարտիրոսյան. Տարա՞ծք է պետք, խնդրե՜մ

Հայկ Մարտիրոսյան. Տարա՞ծք է պետք, խնդրե՜մ
20.03.2022 | 10:43

1917-ի մայիսին, հեղաշրջումից ամիսներ առաջ, Լենինը երեսպաշտորեն գրում էր.
«Գերմանիայի և Ռուսաստանի կառավարությունները շարունակում են բռնակցման քաղաքականությունը, բռնությամբ պահելով՝ գերմանական կապիտալիստական կառավարությունը՝ Բելգիային, Ֆրանսիայի մի մասը, Սերբիան, Չեռնոգորիան, Ռումինիան, Լեհաստանը և այլն, ռուսական կապիտալիստական կառավարությունը՝ Գոլիցիայի մի մասը, Թուրքահայաստանը, Ֆինլանդիան և այլն»:


Կերենսկին այն ժամանակ միանգամայն արդարացիորեն նրան առարկեց. «Մենք չենք կարող Հայաստանից հեռանալ, որովհետև այդ դեպքում Հայաստանից ոչինչ չի մնա: Նա կկործանվի քրդերի և թուրքերի սրից»: Բայց Լենինը բանի տեղ չդրեց նման զգուշացումները:
1918-ի սկզբին Խորհրդային Ռուսաստանի ժողկոմխորհը հրապարակեց «Թուրքահայաստանի մասին դեկրետը», որում, Բրեստ-Լիտովսկի բանակցությունները դեռ չավարտված, պաշտոնապես հայտարարվում էր Արևմտահայաստանից ռուսական զորքերի դուրս բերման երիտթուրքերի պահանջի անվերապահ կատարման մասին: Սոցիալիստ հեղափոխականների կուսակցության Անդրկովկասյան և Թիֆլիսյան կոմիտեների «Զնամյա տրուդա» թերթն անմիջապես արձագանքեց.
«Դադարեցնելով ռազմական գործողությունները, բոլշևիկները թուրքահայերին տրամադրում են իրենց քաղաքական ճակատագիրը ազատ տնօրինելու, ինքնորոշվելու իրավունք: Այդպիսին է բոլշևիկների խոստումը: Իսկ ի՞նչ են ասում փաստերը: Կմնա՞ Թուրքիայում գեթ մեկ հայ մինչև այն օրը, երբ կհասնի այդ քաղաքական ճակատագիրը տնօրինելու պահը: Երբ բոլշևիկյան զինվորները մերկացնեն Կովկասյան ճակատը, թուրքական հորդաներն ու արյունարբու քրդերի հրոսակները կհարձակվեն ետ վերցրած այդ նահանգների խաղաղ հայ բնակչության վրա, ոչնչացնելով բազմաչարչար այդ ժողովրդի վերջին փշրանքները ևս»:
Ժողկոմխորհի տխրահռչակ այդ դեկրետի նախապատրաստական փուլում հայ քաղաքական գործիչներից շատերը՝ Վահան Տերյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը և ուրիշներ առաջարկեցին նրանում կետ ավելացնել այն մասին, որ մինչև թուրքահայերը ֆիզիկապես կարողություն ձեռք չբերեն իրենց պաշտպանելու, Հայաստանի սահմաններում պետք է պահպանել անհրաժեշտ թվակազմով ռուսական զորք: Լենինը, սակայն, կտրուկ մերժեց այդ առաջարկը:

Շուտով համաշխարհային հեղափոխության հաղթանակի զառանցանքի հեղինակը հանդես եկավ հանուն ինտերնացիոնալիզմի գիտակից ազգերի ինքնազոհաբերման ինչքան ծիծաղաշարժ, նույնքան էլ լկտի գաղափարով: «Մենք երբեք էլ դեմ չենք եղել իմպերիալիստական որևէ պետության հետ խաղաղության կնքմանը, պայման ընդունելով նրանց զիջել մեր տարածքի մի մասը, եթե այն... մեզ չի խանգարի շարունակելու սոցիալիստական վերափոխումների գործունեությունը»,-ասաց նա:
Ահա, ուրեմն, տարա՞ծք է պետք, խնդրե՜մ, միայն թողեք մենք շարունակենք հեղափոխական մեր գործերը:


(Հատված «Բոլշևիկները և հայերը» ծավալուն հոդվածից)

Դիտվել է՝ 12254

Մեկնաբանություններ