ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՈՒկրաինայի փլուզումը պառակտման առավել արդյունավետ ուղին է

ՈՒկրաինայի փլուզումը պառակտման  առավել արդյունավետ ուղին է
04.06.2013 | 01:04

Նախագահական ընտրություններում Վիկտոր Յանուկովիչի և «Տարածաշրջանների կուսակցության» հաջողությունը պայմանավորված էր մի շարք գործոններով, այդ թվում` սոցիալական և տնտեսական, բայց առաջին հերթին նրանով, որ առավել խիտ են բնակեցված ՈՒկրաինայի հարավարևելյան և կենտրոնական մարզերը։ ՈՒկրաինական քաղաքականության երկու հիմնական «բևեռները»` արևելքն ու արևմուտքը, մնում են իրենց ավանդական դիրքերում, և իշխանության հարցը լուծվել է կենտրոնական մարզերում, որոնց բնակչությունն ավելի պակաս է քաղաքականացված, և որոնց ձանձրացրել են «վերացական» գաղափարներն ու երկրում տնտեսական և քաղաքական կայունության բացակայությունը։ Երևան է եկել ոչ միայն պարզապես նոր իշխանություն, այլև նոր իրավիճակ, որը, այնուամենայնիվ, քիչ բանով է տարբերվում նախընթաց ժամանակաշրջաններից։ Վիկտոր Յուշչենկոն անձնավորում էր, այսպես կոչված, չափավոր ուկրաինական ազգայնականությունը, որը ազգայնականության կոշտ դրսևորում է։ Նա, այդուամենայնիվ, ու նրա թիմը միանգամայն հաջողությամբ երկար ժամանակ հենվում էին Արևմտյան ընկերակցության աջակցության վրա։ Յուլյա Տիմոշենկոն, Վ. Յուշչենկոյի նման, հենվելով Արևմուտքի վրա, ավելի ազատական դիրքորոշում ուներ, ձգտելով իրատեսորեն վերաբերվել ոչ միայն Արևելքին, այլև Արևմուտքին։ Յ. Տիմոշենկոն և նրա «Բատկովշչինա» կուսակցությունը մոտ էին քաղաքական հաղթանակին և, ըստ էության, նրան չհերիքեց բնակչության որոշ խավերի աջակցությունը ինչպես կենտրոնական, այնպես էլ արևմտյան մարզերում։ ՈՒկրաինայի քաղաքական կյանքում երկար ժամանակ ազդեցության երեք «բևեռների», ինչպես նաև մի քանի այլ, բավական ազդեցիկ խմբավորումների առկայությունը վկայում է, որ երկրում իրադրությունը դեռևս չի կայունացել, և բանը միայն կայունացումը չէ։ Ինչպես «նարնջագույն հեղափոխության» պարագլուխների ժամանակ, այնպես էլ հիմա` նրանց ընդդիմախոսների օրոք, ՈՒկրաինան շարունակում է մնալ պառակտված երկիր, ընդ որում, ոչ թե երկու, այլ երեք մասի։ Լիովին հասկանալի է, որ ուկրաինացի ազգը օբյեկտիվորեն բաղկացած է երկու-երեք ազգությունից։ Արևմտյան ՈՒկրաինան միանգամայն ամբողջական, ինքնատիպ երկիր է` Կենտրոնական Եվրոպային պատկանող, շատ ընդհանուր գծեր ունի այնպիսի ազգերի հետ, ինչպիսիք են լեհերը, սլովակները, հունգարները, չեխերը, հորվաթները։ ՈՒկրաինայի խնդիրը հիշեցնում է նախկին Հարավսլավիայի իրադրությունը, որտեղ իրար գլխի էին հավաքվել արյունակից, բայց հսկայական տարբերություններ ունեցող ժողովուրդներ։ Ընդ որում, այդ տարբերությունները գոյություն ունեն բնավ ոչ թե հարավարևելյան ու արևմտյան մարզերի, այլ արևմտյան ու կենտրոնական մարզերի միջև։ Ինչ վերաբերում է հարավարևելյան մարզերին, ապա այստեղ բնակչությունն ամենևին էլ ուկրաինացի չէ, այլ ռուս ժողովրդի մի խոշոր ազգային խումբ է։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության գոյության ամբողջ ժամանակաշրջանում ՈՒկրաինայի հարավարևելյան մարզերի բնակչությունը դիտվել է որպես ՈՒկրաինական Հանրապետության մեջ արհեստականորեն խցկված էթնոխումբ, իսկ իրականում իրեն զգացել է իբրև ռուս գերազգի մաս։ Դոնեցկի, Լուգանսկի, մասամբ նաև Խարկովի մարզերի բնակչությունը 60-80 տոկոսով ռուս ժողովրդի «ուկրաինական ճյուղն» է։ Իրավիճակը խնդրահարույց է նաև Մերձդնեպրի շրջանում, ուր գտնվում են այնպիսի ռուսականացած քաղաքներ, ինչպիսիք են Դնեպրոպետրովսկը, Զապորոժիեն, Դնեպրոձերժինսկը, Օդեսան, Նիկոլաևը և այլն, թեև այդ քաղաքները բավական արագ ուկրաինականացվում են։ Արևմտյան ՈՒկրաինան երբեք չի հաշտվի այն բանի հետ, որ 20 միլիոն ուկրաինացիներ պետք է քաղաքականապես ենթարկվեն մեկ այլ ուկրաինական ազգի, որն այլ պատկերացումներ ունի ազգային ու աշխարհաքաղաքական գերակայությունների մասին։ Հետաքրքրություն է ներկայացնում այն, որ Արևմտյան ՈՒկրաինայում, ինչպես նաև Կիևում և մյուս խոշոր քաղաքներում, շատ քաղգործիչներ ու առհասարակ հասարակության խավեր, որոնք տրամադրված են պահպանելու ուկրաինական «մեծատերությունը» և ձգտելու են անգամ ընդլայնել ՈՒկրաինայի սահմանները, հիմա ավելի ու ավելի են նախընտրում առանձնանալ հարավարևելյան մարզերից։ Ավելին, Արևմտյան ՈՒկրաինայում ուժեղանում են ՈՒկրաինայից արևմտյան մարզերի առանձնացման տրամադրությունները։ «Մաքուր» ուկրաինական արժեքները ամբողջ ՈՒկրաինայի վրա տարածելու, Կիևի իշխանությանը տիրանալու, իրենց ընկալմանը համապատասխան արտաքին քաղաքականություն վարելու որոշ փորձերից հետո արևմտյան ուկրաինացիները հասկացել են, որ դա լիովին անիրագործելի «ձեռնարկում» է և հարկավոր է հնարավորինս շուտ առանձնանալ մնացած ՈՒկրաինայից։ ՈՒկրաինական ունիատական եկեղեցին շարունակում է մնալ «արևմտաուկրաինական» ազգի և Արևմտյան ՈՒկրաինայի` որպես առանձնացած երկրի, գոյության հիմնապայման։

Ներկայումս ՈՒկրաինայի քաղաքական խավը վերաձևավորման, նոր քաղաքական ուժերի, այդ թվում` տարածաշրջանային քաղաքական կուսակցությունների կազմավորման ժամանակաշրջան է ապրում։ Ըստ էության, տարածաշրջանային քաղաքական կուսակցություններ կան, բայց դեռևս նրանց տարածաշրջանային պատկանելությունը ազդարարված չէ։ Ընդ որում, հենց հարավարևելյան տարածաշրջաններն են դարձել առավել ազդեցիկ և կայացած տարածաշրջանային կուսակցության` «Տարածաշրջանների կուսակցության», ստեղծման նախաձեռնողը։ Այդ կուսակցությունն ու Վ. Յանուկովիչի թիմը միանգամայն հաջողությամբ ցույց են տվել, որ տարածաշրջանային կուսակցությունը կարող է Կիևում իշխանություն նվաճել և իր կամքը թելադրել ամբողջ ՈՒկրաինային։ Միանգամայն ակնհայտ է, որ հաջորդ խորհրդարանական, իսկ հետո նաև նախագահական ընտրությունները կդառնան որոշակիորեն դեպի Արևմտյան ՈՒկրաինա կողմնորոշված քաղաքական կուսակցությունների կազմավորման ու հաստատման ասպարեզ։ Եթե նկատի առնենք, որ, օրինակ, Վ. Յուշչենկոյի կուսակցությունը հիմնականում հենվում էր արևմտյան մարզերի վրա, ապա դա էլ էր տարածաշրջանային կուսակցություն։ Յ. Տիմոշենկոն միշտ ձգտել է չեզոքացնել այդ բևեռային ազդեցությունն ու կողմնորոշումները, բայց դա, ըստ էության, չհաջողվեց։ Թեև չի կարելի բացառել, որ ՈՒկրաինայում կան քաղաքական ուժեր, ինչպես ձախ-կենտրոնամետ, այնպես էլ աջ-ազատական բնույթի, որոնք պատրաստ են պայքարելու հանուն ՈՒկրաինայի ամբողջականության։ Այս առումով ազատականների իրատեսությունը խիստ համապատասխանում է կոմունիստների և մյուս ձախ կուսակցությունների իդեալներին։ Այդուամենայնիվ, ՈՒկրաինան գտնվում է տրոհման շեմին, և այդ բանը չեն հերքում առավել հոռետեսորեն տրամադրված քաղաքագետները, որոնք նախկինում նման բան հնարավոր չէին համարում։
Արտաքին շահագրգիռ ուժերն ուշադրությամբ հետևում են ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, բայց ներկա փուլում նախընտրում են չմիջամտել։ Երկարամյա փորձերից ու դրամատիկ ապրումներից հետո Ռուսաստանը, վերջապես, հասավ «նվազագույն ծրագրի» կատարմանը, նպաստելով, այսպես ասած, ռուսամետ ուժերի իշխանության գալուն։ Վ. Յանուկովիչը մի շարք քայլեր ձեռնարկեց Սևաստոպոլում, երկրի հարավ-արևելքի արդյունաբերական կենտրոններում, վառելիքամուղ համակարգում և այլ ոլորտներում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման ուղղությամբ։ Դրանով Վ. Յանուկովիչը կատարեց մի շարք խոստումներ, բայց ժամանակն է, որ Ռուսաստանն էլ կատարի ՈՒկրաինայի տնտեսությունն ամրապնդելու մի շարք գործուն քայլեր։ Սակայն 46-միլիոնանոց երկրի տնտեսությանն աջակցելը նույնը չէ, ինչ ոչ մեծ պետությունների պարագայում, ինչպիսին է, ասենք, Բելառուսը, որի հետ կապված լուրջ խնդիրներ կան։ ՈՒկրաինական հանրությունը, և առաջին հերթին ձեռնարկատերերը տնտեսական գործունեության ավելի նպաստավոր պայմաններ են ակնկալում` հույսեր կապելով Ռուսաստանի հետ։ Այդ ակնկալիքների չարդարացման և Ռուսաստանի քաղաքականությունից հիասթափության հետևանքով, որ շատ շուտով տեղի կունենա, կառաջանա մի իրավիճակ, որպիսին ՈՒկրաինայում եղել է նախորդ վարչակազմերի օրոք։ Առայժմ ուկրաինական տնտեսությունը զգալի անկում է ապրում, և ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ՈՒկրաինայի արևմտյան գործընկերներն ի վիճակի չեն կասեցնելու այդ անկումն ու փրկարար դեղատոմսեր առաջարկելու։ Ռուսաստանը չի կարող առաջարկել ո՛չ էներգակիրների զգալի էժանացում, ո՛չ էլ խոշոր վարկեր, որոնք էապես կփոփոխեին իրավիճակը։ Ոչ մի նման բան Ռուսաստանը չի կարող առաջարկել նաև մետալուրգիայի, առհասարակ, ծանր արդյունաբերության ոլորտում։ Շատ շուտով Մոսկվան կկորցնի ՈՒկրաինայի վրա ներգործության լծակները, և վերջինս այլևս չի ձևացնի, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հանգեցրել է տնտեսական առաջընթացի։
Մոսկվայում սկսել են հասկանալ, որ ռուսամետ ուժերն ավելի շատ են հեռացել ՈՒկրաինայում տիրող իրավիճակի վերահսկումից, քան ազգայնականների ու ազատականների օրոք էր։ Արևմտյան ՈՒկրաինան այլևս չի լինի սպասողի դերում, այլ կանցնի քաղաքական հարձակման, կազմալուծելով ամբողջ երկիրը, ինչը չի կարող չազդել Ռուսաստանի դիրքորոշման վրա։ Ռուս քաղաքագետներն ավելի հաճախ և ավելի մեծ անմիջականությամբ են առաջադրում ՈՒկրաինայի տարածքային և պետական ամբողջականության նպատակահարմարության հարցը։ Նման քաղաքագետների թվին են պատկանում ոչ միայն այսպես կոչված «պետականամետներն» ու «հայրենասերները», այլև ազատական ու արևմտամետ փորձագետները։ Դա հետևանք է նախկին գործընթացների իմաստավորման, որը վկայում է, որ ՈՒկրաինայում տեղի ունենալիք իրադարձություններն առավել լուրջ սպառնալիք կդառնան Ռուսաստանի անվտանգության համար։ Կասկածներ են առաջանում, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում առկա ուժի կենտրոնների որոշ անտարբերության պատճառն այն է, որ ՈՒկրաինան թևակոխել է արագ անկման մի ժամանակաշրջան, ինչը հսկայական խնդիր կդառնա Ռուսաստանի համար և կարող է ծանր հարված հասցնել մի շարք տարածաշրջաններում նրա ունեցած դիրքերին։ Ամերիկյան ու բրիտանական նախագծերի հեղինակները, որոնք ՈՒկրաինան համարում են, նախ և առաջ, հզոր արգելապատնեշ Եվրոպայի և Ռուսաստանի միջև և նրան առաջին հերթին այդ գործառույթներն են վերապահում, սպասում են պառակտման ու փլուզման նոր գործընթացների, որոնք խոր առճակատում կառաջացնեն Եվրոպայում։ Ինչ-որ չափով այդ առճակատումը կարող է վնասել ոչ միայն Ռուսաստանի, այլև ամբողջ Եվրոպայի աշխարհաքաղաքական շահերին, որն ամենևին պատրաստ չէ այդքան մեծ պետության փլուզման հետ կապված իրադարձությունների։ Դա, անկասկած, կշոշափի բոլոր սահմանակից երկրների` Լեհաստանի, Ռումինիայի, Մոլդովայի, Հունգարիայի, Սլովակիայի շահերը, ոչ պակաս չափով կշոշափի նաև Գերմանիայի ու Ֆրանսիայի շահերն ու անվտանգությունը։ ՈՒկրաինայի փլուզումը նաև Եվրոպայի, այդ թվում «Մեծ եռյակի»` Ռուսաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի կազմավորվող դաշնախմբի պառակտման առավել արդյունավետ ուղին է։ Եվրոպայի հենց կենտրոնում կստեղծվի 20-միլիոնանոց արևմտաուկրաինական պետություն, որն անմիջապես առճակատման մեջ կմտնի Ռուսաստանի, հնարավոր է նաև Լեհաստանի, Ռումինիայի և այլ պետությունների հետ։ Հազիվ թե ՈՒկրաինայի այդ փլուզումն անցնի անցավագին, առանց տարատեսակ պահանջատիրության, նախ և առաջ տարածքային հարցերում։ Դա կարող է առաջ բերել մարդկանց ¥փախստականների¤ հոսք, սոցիալական ու տնտեսական սուր ճգնաժամ, ՈՒկրաինայի ներսում հարաբերությունների վատթարացում։
ԱՄՆ-ն իր արևմտյան գործընկերների հետ բավական շատ քաղաքական ու նյութական ռեսուրսներ է ծախսել ՈՒկրաինայում խոշոր փորձեր անցկացնելու վրա, որոնք հանգեցրել են ամերիկյան ռազմավարության լիակատար ձախողման, այդ թվում` Սև ծովի ավազանում։ Դժվար է պատկերացնել, թե ԱՄՆ-ը կփորձի կրկնել իր քայլերն ՈՒկրաինայում, նա ավելի շուտ Ռուսաստանին և ՈՒկրաինայում նրա հովանավորյալներին հնարավորություն կտա համոզվելու, որ Կիևում ռուսամետ ուժերի իշխանության գալով խնդիրները չեն լուծվում` ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական։ ՈՒկրաինայի փլուզումը, երկրի արևմուտքում նոր պետության ստեղծումը ավելի հեռանկարային ու նպաստավոր, և որ գլխավորն է` քիչ ծախսեր պահանջող գործ է։ Հազիվ թե այդ փլուզումը հանգեցնի հարավսլավական մոդելի, բայց հակամարտության և դիմակայության մակարդակը բավական բարձր կլինի։ Միաժամանակ, Արևմտյան ՈՒկրաինայի առանձնացումը բնավ չի հանգեցնի ՈՒկրաինայի «հիմնական» մասում առկա ներքին խնդիրների կարգավորման։ Արևմտաուկրաինական խնդիրն ընդհանուր ուկրաինական խնդրի մի մասն է միայն, որն ամենևին առանձնացած չէ միջտարածաշրջանային հակասությունների գաղափարից։ Մերձդնեպրի, Տափաստանային ՈՒկրաինայի և Մերձսևծովյան գոտու ընդարձակ տարածություններում ապրում է մի բնակչություն, որի ազգային ինքնագիտակցությունը նկատելիորեն տարբերվում է հարավարևելյան տարածաշրջանների բնակչության համանման ինքնագնահատականից։
Փաստորեն, ՈՒկրաինայի հարևան պետություններն այս կամ այն ձևով տարածքային պահանջներ են ներկայացնում նրան. խոսքը նախ և առաջ Ռումինիայի և Ռուսաստանի մասին է։ Հարցականի տակ է դրվում Հարավային Բեսարաբիան, Հյուսիսային Բուկովինան և Ղրիմը ՈՒկրաինային պատկանելը։ Թուրքիան Ղրիմը համարում է իր ազդեցության և նեոօսմանյան կայսրության մեջ ներառման հեռանկարային գոտի։ Լեհաստանն իրեն շատ թե քիչ կոռեկտ է դրսևորում, բայց, այսպես թե այնպես, ազդանշաններ է ուղարկում ՈՒկրաինայում լեհերի իրավունքների ու լեհական պատմական ժառանգության առթիվ։ ՈՒկրաինայի ծայր արևմուտքում իր քաղաքական հավակնությունների մասին է հայտարարում Անդրկարպատները։
Այս է իրողությունը։ ՈՒկրաինան բոլոր հնարավորություններն ուներ դառնալու Եվրոպայի զորեղ ու ազդեցիկ պետություն, սակայն այդ բանը տեղի չունեցավ, և առաջին հերթին ուկրաինական ազգի միասնության բացակայության պատճառով։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 25644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ