ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ադրբեջանի քաղաքականությունը լեզգիների նկատմամբ

Ադրբեջանի քաղաքականությունը լեզգիների նկատմամբ
01.05.2009 | 00:00

ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԽՍՀՄ-ի փլուզման և նոր իրողությունների ձևավորման հետ մեկտեղ ադրբեջանական հասարակությունը, անկասկած, զգաց ու գիտակցեց իր պետության արհեստականությունն ու խոցելիությունը։ Քանի որ այն ստեղծվել էր ոչ թե ադրբեջանական ժողովրդի ջանքերով, այլ ուրիշ տերությունների նախաձեռնությամբ։ Անկասկած է, որ առավել իրատես քաղաքական գործիչները հաշտվել են Լեռնային Ղարաբաղի կորստի հետ և հասկանում են ադրբեջանական պետության պահպանման խնդրի անհամատեղելիությունը Ղարաբաղի համար տոտալ պայքար մղելու հետ։ Վերջին ժամանակներս Ադրբեջանի բազմաթիվ ընդդիմադիր ուժեր մեղադրում են Իլհամ Ալիևի վարչակազմին ղարաբաղյան խնդրի կարգավորման իմիտացիա ստեղծելու համար։ Սակայն նույն ընդդիմության շրջանակներում ավելի ներկայացուցչական է այն ուժերի կազմը, ովքեր հաշտվել են կատարված փաստի հետ։
Այդպիսի իրատեսական տրամադրություններ առկա են նաև նորահայտ բուրժուազիայի միջավայրում, մասամբ միջին խավի մեջ։ Եվրոպայի և խաղաղօվկիանոսյան ավազանի խոշոր արդյունաբերական ու հումքային կորպորացիաները, որոնք վերլուծական աշխատանքներ են պատվիրել Ադրբեջանի ներքին կայունության վերաբերյալ, ստացան այնպիսի կանխատեսումներ, որոնք հաստատում են, թե Ադրբեջանի քաղաքական ուժերի մեծամասնության մոտ չկան Ղարաբաղում ռազմական գործողությունները վերսկսելու տրամադրություններ։ Առաջին հերթին դա վերաբերում է գործող վարչակազմին և անձամբ Իլհամ Ալիևին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը գործադրում է քարոզչական հնարքներ, հավաստիացնելով ղարաբաղյան հարցը մոտ ժամանակի կտրվածքով ռազմական ճանապարհով լուծելու իր պատրաստակամությունը։
Դաղստանյան փորձագետների կարծիքով, այդ հանգամանքը, այս կամ այն չափով, մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում բնակվող լեզգիների շրջանում։ Մանավանդ որ պատերազմի ժամանակ մեծանում է Ադրբեջանի իշխանությունների կողմից լեզգիների նկատմամբ ուժ կիրառելու հավանականությունը։ Միաժամանակ, լեզգիական ակտիվիստների շրջանում, ընդհակառակը, հույսեր են արթնանում պատերազմի վերսկսման դեպքում Բաքվի ռազմական պարտության և Ադրբեջանի հյուսիս-արևելքում իրենց կողմից երկրորդ ճակատ բացելու հետ կապված։ Գնահատելով պայմաններն ու հանգամանքները, կարելի է հանգել եզրակացության, որ լեզգիական ազգային ազատագրական շարժումն իր հեռանկարը կապում է նոր ղարաբաղյան պատերազմի հետ, և դա Ադրբեջանի ղեկավարները չհասկանալ չեն կարող։
ՈՒստի Ադրբեջանի կառավարությունը նպատակամղված ջանքեր է գործադրում ազգային ազատագրական պայքարի «երկրորդ ճակատը» Լեզգիստանում չեզոքացնելու ուղղությամբ։ Ադրբեջանից անջատվելու նպատակով լեզգիների բացահայտ զինված պայքարը ոչ միայն կհարվածի միջազգային ասպարեզում Բաքվի կողմից գործադրվող ջանքերին, այլև հարցականի տակ կդնի ադրբեջանական պետության գոյությունն առհասարակ։ Վերջին ժամանակներս լեզգիական ազգային ազատագրական շարժումը դարձյալ հիշեցրեց իր մասին և, Կովկասում իրավիճակի ապակազմակերպման «երրորդ փուլի» պայմաններում, ռուս-վրացական պատերազմի արդյունքներից ելնելով, պատրաստվում է հարվածել Ադրբեջանին։ Լեզգիական շարժման չափավոր թևի առաջնորդների բոլոր պատրանքները ցրվել են, և հավանաբար հրապարակ են գալիս նոր, երիտասարդ առաջնորդներ, ավելի կրթված ու պատրաստված։ Այդ պատճառով էլ Բաքուն ձգտում է առավելագույնս արագ հաղթահարել լեզգիական շարժման նոր ալիքը։ Լեզգիների ու Լեզգիստանի նկատմամբ իրականացվում է հետևողական, բայց դանդաղ ընթացող ցեղասպանության քաղաքականություն։
Ռուս-ադրբեջանական սահմանն արդեն նմանվել է համակենտրոնացման ճամբարի։ Անցկացված է փշալար, երկու կողմից սահմանապահներ են` պահապան շներով, մաքսատուն` չլսված բյուրոկրատիայի և չարաշահումների դրսևորումներով։ Լեզգիական ազգային կազմակերպությունների հրապարակած նյութերում մասնավորապես նշվում է. «Լեզգիստանի երկու` ռուսական և ադրբեջանական հատվածների միջև սահմանի կառուցումով նորահայտ ադրբեջանական հանրապետությունը լեզգիների դեմ վարում է չհայտարարված պատերազմ։ Այն ժամանակ, երբ Ադրբեջանի զորակոչային տարիքի երիտասարդությունը ոչ առանց հաջողության նվաճում է Ռուսաստանի շուկաները` առաջին հերթին թմրանյութերի և օղու, ծագումով լեզգի երիտասարդներին նետում են հայ-ադրբեջանական ճակատի ամենավտանգավոր հատվածները։ Լեզգիների բնակության տարածքն Ադրբեջանի հյուսիսում առավելագույնս միլիտարիզացված է։ Լեզգիներին բարոյապես ճնշելու նպատակով նրանց լավագույն հողերը, առանց իրենց համաձայնության, բնակեցվում են Միջին Ասիայից բռնագաղթած թուրք-մեսխեթցիներով։ Ադրբեջանական սահմանապահները կաշառքներ են շորթում նույնիսկ նրանցից, ովքեր ստիպված հատում են ռուս-ադրբեջանական սահմանը հարազատների կամ բարեկամների մահվան հետ կապված»։ Լեզգիական ազգային կազմակերպությունների ֆունկցիոներների վկայությամբ, Ադրբեջանի լեզգիաբնակ շրջաններից նկատվում է բնակչության զանգվածային արտահոսք։ Ներկայումս Դաղստանի հարավային շրջաններում կենտրոնացել է ավելի քան 80 հազար ադրբեջանցի լեզգի, ավելի վաղ նրանցից 100 հազարը վերաբնակվել են Ռուսաստանի տարբեր մարզերում։ Օրինակ, Սարատովի մարզում բնակվում է Ադրբեջանից արտագաղթած 15 հազար լեզգի։
Ըստ ամենայնի, ադրբեջանական ղեկավարությունը հատուկ նշանակություն է տալիս լեզգիների առաջնորդների նկատմամբ ռեպրեսիաներին։ Սա ցեղասպանության քաղաքականության մեջ առանձնահատուկ հոդված է։ Ավելի վաղ Ադրբեջանի հատուկ ծառայությունները սարքովի մեղադրանք հարուցեցին լեզգիական «Սադվալ» ազգային շարժման նկատմամբ։ «Սադվալ»-ի 120 ակտիվիստներ ձերբակալվեցին ու բանտարկվեցին և ենթարկվում են կտտանքների։ Նրանցից տասնյակները դատապարտվել են ու ստացել առավելագույն ժամկետներ, ոմանք դատապարտվել են մահապատժի։ Ռուսաստանի տարածքում Ադրբեջանի ղեկավարությունը կարողացավ ստեղծել բարենպաստ պայմաններ լեզգիական ակտիվիստների ձերբակալման համար։ Այդպես Պետերբուրգում ձերբակալվեցին ու Ադրբեջանին հանձնվեցին Է. Շայդաևը, Ջ. Շայդաևը և Է. Օրուջևը։ Դաղստանի տարածքում ձերբակալվեցին և Ադրբեջանին հանձնվեցին Ն. Մեգրալիևն ու էլի 8 ակտիվիստներ։ Ռուս-ադրբեջանական սահմանում ձերբակալվեցին իմամ Ա. Կասումովը, որը Ռուսաստանի քաղաքացի է, և նրա 5 ուղեկիցները։ Ադրբեջանի բանտերում ծեծից ու կտտանքներից մահացել է 7 լեզգի։ Ցավոք, Ռուսաստանի տարածքում շարունակվում է լեզգիական ակտիվիստներին ձերբակալելու և Ադրբեջանին հանձնելու պրակտիկան։ Վերջին տարիներին Ռուսաստանի ՆԳՆ-ն Ադրբեջանին է հանձնել լեզգիական ազգային շարժման մոտ 200 ակտիվիստի, որոնցից տասնյակներն այդպես էլ դատարանի առջև չկանգնեցին` զոհվելով բանտերում։
Միանգամայն հավանական է, որ Բաքուն համագործակցում է Դաղստանի այն ժողովուրդների ներկայացուցիչների հետ, ովքեր բուն Դաղստանում թշնամաբար են վերաբերվում լեզգիներին ու լեզգիական հարցին։ Լեզգիական ազգային շարժման ակտիվիստները համարում են, որ իրենց ժողովուրդն իր թվակազմին համարժեք չի ներկայացված Դաղստանի իշխանության համակարգում, մասնավորապես Մախաչկալայում, ուր իշխանությունը գտնվում է ավարա-դարգինական կլանների ձեռքին, որոնց վերահսկողության տակ է ռուս-ադրբեջանական սահմանը։ Սովորաբար լեզգիները դժգոհ են նաև Մախաչկալայից Դաղստանի լեզգիաբնակ շրջաններին տրամադրվող ֆինանսավորումից։ Այդ իսկ պատճառով վերջին ժամանակներս նկատվում է լեզգիների քաղաքական ու սոցիալական տարանջատում Դաղստանի մյուս ժողովուրդներից, կա ձգտում` կենտրոնացնել լեզգիների հասարակական-քաղաքական կյանքը Դերբենտում, որը լեզգիները փորձում են վերածել իրենց մայրաքաղաքի։ Լեզգիական շարժման ակտիվիստների կարծիքով, շարժման գլխավոր խնդիրն է դուրս գալ խոր մեկուսացումից, որում այսօր հայտնվել է ինչպես լեզգի ժողովուրդը, այնպես էլ բուն շարժումը։ Ցավոք, Հյուսիսային Կովկասում գործող քաղաքական ու հասարակական շարժումներից և ուժերից ոչ մեկն առայժմ շահագրգռված չէ լեզգիական շարժման քաղաքական հաջողությամբ և չի աջակցում նրանց։ Բացի այդ, Ադրբեջանը շատ ակտիվ է այդ տարածաշրջանում, ամենից առաջ` Չեչնիայում։
Միևնույն ժամանակ, Դաղստանում իրադարձությունների զարգացման ընդհանուր վեկտորն այնպիսին է, որ վաղ թե ուշ հանգեցնելու է Ադրբեջանի հետ լուրջ հակասությունների։ Դա պայմանավորված է ինչպես աշխարհատնտեսական, այնպես էլ կրոնաքաղաքական խնդիրներով։ Միանգամայն հավանական է, որ Դաղստանի մյուս ժողովուրդներին` ավարներին, դարգիններին և լակերին ձեռնտու դառնա Դաղստանում լեզգիների վարչաքաղաքական տարանջատումը, Ռուսաստանի կազմում Լեզգիստանի Ինքնավար Հանրապետության ստեղծումը, ինչի արդյունքում մնացած ժողովուրդներն ավելի կընդլայնեն իրենց իրավունքները Մախաչկալայում, ինչպես նաև ավելի մեծ եկամուտներ կստանան Կասպից ծովի դաղստանյան հատվածի նավթի շահագործումից։ Բաքվում հիանալի հասկանում են, որ ֆլեգմատիկ, բարեհոգի լեզգի ժողովուրդը չունի ռազմավարական դաշնակից և փորձում են կանխել այդպիսի դաշնակցի ի հայտ գալը։ Սակայն, ինչպես հայտնի է, դաշնակիցներ են ունենում նրանք, ովքեր պայքարում են և, ըստ այդմ, լեզգիական ազգային ազատագրական շարժման պայթյունը շուտով տեղի կունենա։
Ադրբեջանի պետական անվտանգության մարմինների կողմից երկրի նախագահի համար նախապատրաստվել է երկու զեկուցագիր` լեզգիական հիմնախնդրի վիճակի և լեզգիների ազգային ազատագրական շարժման ակտիվացման հավանականության հետ կապված` ընդդեմ Ադրբեջանի։ Այդ զեկուցագրերում կանխատեսվում է, որ լեզգիների ազգային շարժման ակտվացումը տեղի կունենա Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության և ռազմական հետախուզության նախաձեռնությամբ։ Այդ հետևությունները միանգամայն հիմնավոր են, ինչի մասին կխոսենք ավելի ուշ։ Սակայն այդ մտահոգության հետ կապված Իլհամ Ալիևը հանձնարարել է Ադրբեջանի հատուկ ծառայություններին ապահովել ՆԳՆ-ի և պաշտպանության նախարարության հետ համակարգված գործողություններն ընդդեմ լեզգիական շարժման։ Ներկայումս Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբում գոյություն ունի համապատասխան ծրար, ուր ամրագրված են այն զորամասերն ու օպերատիվ խնդիրները, որ նրանք պետք է լուծեն Ադրբեջանի տարածքում և ռուս-ադրբեջանական սահմանի վրա լեզգիների հնարավոր գործողությունները ճնշելու ուղղությամբ։ Այդ ծրարում ենթադրվում է հետևյալ բանակային բրիգադների ու զորամասերի գործադրումը. 928, 408, 877, 929, 859, 115։ Հարկ է նշել, որ նշված բրիգադներն ու զորամասերը տեղակայված են կամ հյուսիսային օպերատիվ ուղղությամբ, կա՛մ էլ Ապշերոնյան շրջանում, Բաքվի ու Սումգայիթի շրջակայքում, ինչը հնարավորություն կտա դրանք արագ օգտագործել լեզգիաբնակ շրջաններում։ Ներկայումս Ադրբեջանի պետական անվտանգության մարմինները մշակում են նաև գործողություն «այլընտրանքային» լեզգիական քաղաքական կազմակերպության ստեղծման ուղղությամբ` նախատեսված գործելու ընդդեմ «Սադվալի» և այլ լեզգիական արմատական կազմակերպությունների։ Նշված «այլընտրանքային» կազմակերպության ղեկավարներից մեկը պետք է դառնա Քեմալադին Մամեդովը (Բաքվում բնակվող լեզգի)։
Ռուսաստանի քաղաքական ղեկավարության և հատուկ ծառայությունների կողմից ևս տեղի է ունենում լեզգիական ազգային շարժման դերի ու նշանակության վերաիմաստավորում` հարավում Ռուսաստանի անվտանգության ապահովման խնդրիների տեսանկյունից։ Մոսկվայում ընթանում է լեզգիական հարցի վերաբերյալ նյութերի և նոր մոտեցումների ակտիվ մշակում։ Առաջ են քաշվում բոլորովին նոր, բայց արդեն փորձարկված նախագծեր` ուղղված այն նպատակին, որպեսզի լեզգիական շարժումը վերածվի ժամանակակից, բավականին լիբերալ, առավելագույնս իսլամական բովանդակությունից զուրկ կազմակերպության, որը կարելի է օգտագործել Ադրբեջանի նկատմամբ «կառուցողական» ճնշում գործադրելու նպատակով։ Սակայն միաժամանակ լեզգիներին վերապահվում է բաժանարար անջրպետի դեր Դաղստանի ու Հարավային Կովկասի, ամենից առաջ Ադրբեջանի միջև։ Մանավանդ որ Ադրբեջանի իշխանությունների հետ համագործակցության շնորհիվ և նրա տարածքով էր Հյուսիսային Կովկաս հասնում չեչենական դիմադրության և դաղստանյան արմատական իսլամական կազմակերպությունների համար նախատեսված զենքի հիմնական մասը։ Ռուսաստանի մտավախությունները, Ադրբեջանի դեմ լեզգիական ազգային շարժման ակտիվացման հետ կապված, պայմանավորված էին ողջ Դաղստանի վրա դրա տարածվելու վտանգով, ինչը կհանգեցներ Ռուսաստանից Ադրբեջանի մեկուսացմանը, միջազգային կազմակերպությունների, ամենից առաջ ԵԱՀԿ-ի միջամտությանը և Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով ադրբեջանական նավթի տարանցման դադարեցմանը։ Ադրբեջանում տեղի ունեցած իրադարձությունները` կապված իր տարածքում ամերիկյան ռազմական օբյեկտներ տեղակայելու հայտարարությունների ու կոնկրետ քայլերի հետ, Բաքվի ու Անկարայի միջև ռազմավարական համագործակցության պայմանագրի ստորագրումը, Արևմուտքի հետ Ադրբեջանի մերձեցման նոր փուլի սկիզբը ռուսական կողմի նախկին մտահոգությունները դարձրին անլուրջ ու չհիմնավորված։ Ներկայումս Ռուսաստանի հատուկ ծառայությունների վերլուծաբանները մշակում են տարբերակներ և նոր լծակներ Ադրբեջանի վրա ճնշելու ուղղությամբ, և այդ համատեքստում ամենից առաջ դիտարկվում է լեզգիական գործոնը։ Ենթադրվում է, որ այդ գործոնը հնարավոր է օգտագործել Դաղստանում համապատասխան համաձայնություններ ձևավորելու ճանապարհով։ Ներկայումս Մոսկվան գիտակցել է, որ Դաղստանի կառավարման լավագույն տարբերակը նրա բաժանումն է երեք կամ չորս ինքնավար հանրապետության` Ավարա-դարգինական, Կումիկա-նողայական և Լեզգիա-լակական։ Դրա համար արդեն իսկ ձևավորվել են բարենպաստ ներքին պայմաններ, Դաղստանի ժողովուրդների քաղաքական առաջնորդների մեծամասնությունը համաձայն է դրան։
«Սադվալ» լեզգիական ազգային շարժման մեջ ռուսական հատուկ ծառայություններն ամենից առաջ փորձում են փոխել առաջնորդներին, հեռացնել լիբերալ և անվճռական լիդերներ Աշուրալիևին, ՈՒրուշբեկովին, Այդամիրովին, Կագրամանովին, Ֆայզալիևային և ուրիշների ու շարժման գլուխ նշանակել քաղաքական առումով վճռական ու համարձակ լիդերների, որոնց ընտրությունն այժմ իրականացվում է։ Շարժման հիմնական լոզունգը կդառնա Ռուսաստանի կազմում Միասնական Լեզգիական Հանրապետության ստեղծումը` ներառելով Ադրբեջանի լեզգիաբնակ տարածքները։ Շարժման խնդիրները կլինեն բնակչության զանգվածներին ոտքի հանելը, Ադրբեջանի հետ պայքարելու համար զինված ու դիվերսիոն խմբերի ստեղծումը։ Լեզգիական շարժման զինյալ հատվածի առաջադրանքներից մեկն էլ կդառնա հարվածներ հասցնելը Ադրբեջանում տեղակայված ԱՄՆ-ի ու Թուրքիայի ռազմական ու հետախուզական օբյեկտներին, ամենից առաջ «Նասոսնայա» ավիաբազային և Գաբալայի ռադիոլոկացիոն կայանին, եթե Ադրբեջանը որոշի այն հանձնել ԱՄՆ-ին կամ Իսրայելին։ Լեզգիական զինված կառույցների կարևոր խնդիրներից մեկը կլինի նաև հարվածներ հասցնելը «Մետաքսի մեծ ճանապարհ», ՏՐԱՍԵԿԱ և «Եվրասիական միջանցք» ծրագրերով գործող կոմունիկացիաներին։ Միաժամանակ տարբեր երկրներում, մասնավորապես Ռուսաստանում, Գերմանիայում, Հունաստանում, կստեղծվեն լեզգիական շարժման հենակետեր` տարբեր հասարակական և մշակութային կազմակերպությունների տեսքով։ Լեզգիական սփյուռքին Ռուսաստանում կտրամադրվեն բարենպաստ պայմաններ միջոցների կուտակման և լեզգիական ազգային շարժումը ֆինանսավորելու համար։ Մոսկվայում ենթադրվում է ստեղծել շարժման գրասենյակ և բջիջներ, հակաադրբեջանական քաղաքական և զինյալ պայքարի մեջ ներգրավել ոչ միայն լեզգիներին, այլև ավարներին ու լակերին։ Դրանով իսկ Դաղստանի բնակչության զգալի մասը կվերակողմնորոշվի դեպի Ադրբեջանի դեմ պայքարը, շեղվելով Չեչնիայի նկատմամբ ունեցած համակրանքներից։ Լեզգիական ազատագրական շարժման առջև, սակայն, կանգնած է իր ինքնուրույնությունը պահպանելու խնդիրը` անգամ Ռուսաստանի որոշակի վերահսկողության տակ գտնվելով։ Ոչինչ հավերժ չէ, նույնիսկ հատուկ ծառայությունների մշակումները, և լեզգիական շարժումը, անկասկած, ձևավորելու է սեփական դեմքն ու գտնելու է իր տեղը միջազգային քաղաքականության մեջ։
Ինչպես հայտնի է, Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից Հյուսիսային Կովկասի ժողովուրդների հետ աշխատելու համար ստեղծված հասարակական կազմակերպությունների շարքում չկա լեզգիական կազմակերպություն։ Թեկուզ և Անատոլիայում ապրում են Դաղստանից հեռացած լեզգիների սերունդների ոչ փոքրաթիվ ներկայացուցիչներ։ Կա կարծիք, որ ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունները լեզգիներին չեն ընկալում որպես հասկանալի և հուսալի գործընկերներ տարածաշրջանում քաղաքական և ռազմական նախաձեռնությունների համար։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2961

Մեկնաբանություններ