ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Լավ օրից չէ, որ լռում է Սերժ Սարգսյանը»

«Լավ օրից չէ, որ լռում է Սերժ Սարգսյանը»
01.05.2009 | 00:00

«ՄԵՆՔ ՄԱԶՈԽԻՍՏՆԵՐ ՉԵՆՔ»
ՀՅԴ-ն դուրս եկավ իշխող կոալիցիայից և դարձավ ընդդիմություն։
«Որքանո՞վ էին ծանրակշիռ այդ քայլի դրդապատճառները» հարցով «Իրավունքը de facto»-ն դիմեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ։
-Վերջերս «Միր» հեռուստաընկերության կազմակերպած Մոսկվա-Երևան հեռուստակամուրջի ընթացքում մեջբերեցի Սերժ Սարգսյանի այն խոսքերը, որոնք Նյու Յորքում ամերիկահայության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը հասցեագրեց Մեծ եղեռնի արդյունքում աշխարհով մեկ հողմացրիվ եղած հայությանը։ Հիշո՞ւմ եք, նա արտահայտեց հետևյալ միտքը. հայերը խոսում են տարբեր լեզուներով և ոմանք ընդհանրապես չեն տիրապետում հայերենին, ապրում են տարբեր երկրներում և պատկանում են տարբեր կրոնական դավանանքների, սակայն կարևորն այն է, որ նրանք բոլորը հայեր են և գիտակցում են իրենց պատկանելությունը հայ ազգին։ Ես` հայ քաղաքագետս, չէի կարող չարժևորել Հայաստանի Հանրապետության նախագահի ճշգրիտ բանաձևումը. աշխարհով մեկ հողմացրիվ եղած հայերին այսօր համախմբում է ոչ թե հարազատ հողի զգացողությունը, ոչ թե կրոնը, նախնիների լեզուն կամ մշակույթը, այլ այդ ամենը մասամբ կամ ամբողջությամբ կորցնելու արդյունքում բոլորին համակած անանց Ապրումը` ընդհանրական Մեծ ցավը։ Ինձ թվում էր, որ Սերժ Սարգսյանը, դիմելով ամերիկահայության ներկայացուցիչներին, ոչ թե բարոյախոսում է, այլ արտահայտվում է` խորապես գիտակցելով իր ասածի իմաստը` մեր ողբերգական պատմության փիլիսոփայությունը։ Ինձ թվում էր, որ նա գիտակցել է այն դատողությունների սնանկությունը, որոնք, վկայակոչելով անցյալի էջը շրջելու և ապագային նայելու անհրաժեշտությունը, մեղադրում են մեզ մազոխիզմի մեջ։
Ոչ, մենք մազոխիստներ չենք, քանզի մազոխիստները սիրում են ցավը, իսկ մենք` հայերս, ատելով մեր Մեծ ցավը, միաժամանակ գիտակցում ենք. ստեղծված պայմաններում այն միակ ներվն է, որը կենսունակություն և դիմադրողականություն է հաղորդում մեր աշխարհասփյուռ ազգային օրգանիզմին։ Եթե չլինի այդ ներվը, ազգային օրգանիզմը կանշնչանա, կվերածվի դիակի։ Թուրքերը և ազերիները դա լավ են հասկանում։ Ապրիլի 23-ին, երբ Հայաստանի հանրային ռադիոն հաղորդեց հայ-թուրքական համատեղ հաղորդագրությունը, որն ակնհայտորեն կոչված էր ծառայելու Բարաք Օբամայի նախատեսվող խոստումնադրժության արդարացմանը, պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանություններն անդառնալի հարված հասցրին այն նույն «հայկական աշխարհի» կենսունակությանը, որի մասին այդքան սիրում է խոսել մյուս Սարգսյանը` գործող վարչապետը։
Մնում է պարզել ևս մեկ կարևոր հարց. ճի՞շտ էր ասում Հրանտ Մարգարյանը, երբ, հանդես գալով «Շանթ»-ի «Հեռանկար» ծրագրում, մեղադրեց ՀՀ նախագահին` գործընկերներին տրված խոստումը դրժելու մեջ։ Արդյոք Սերժ Սարգսյանը խոստացե՞լ էր, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերաբերյալ առաջին համատեղ հայտարարությունը կհրապարակվի ապրիլի 24-ից առնվազն մի քանի օր հետո, և իսկապես երաշխավորե՞լ էր, որ այն չի հրապարակվի 24-ից առաջ։ Ո՛չ ինքը` Սերժ Սարգսյանը, ո՛չ իր մամուլի քարտուղարը կամ աշխատակազմի ղեկավարն այս մեղադրանքը չեն հերքել կամ մեկնաբանել։ Մինչդեռ բոլոր նրանք, ովքեր մոտիկից ճանաչում են Սերժ Սարգսյանին, կհաստատեն` որքան մեծ ջանքեր է տարիների ընթացքում գործադրել այդ մարդը սեփական խոսքի տերը լինելու իր իմիջի ձևավորման համար։ Այժմ, երբ այդ իմիջը հօդս է ցնդում և իրեն հրապարակայնորեն ներկայացվել է «գործընկերներին քցելու» մեղադրանք, լավ օրից չէ, որ լռում է Սերժ Սարգսյանը...

Դիտվել է՝ 2926

Մեկնաբանություններ