ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բաղրամյանի տարածաշրջանում կիրականացվի միկրոձեռնարկությունների գործունեության աջակցմանը նպատակաուղղված ծրագիր

Բաղրամյանի տարածաշրջանում կիրականացվի միկրոձեռնարկությունների գործունեության աջակցմանը նպատակաուղղված ծրագիր
18.05.2012 | 05:35

ՄԱԿ-ի միջազգային զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակն ու «Ֆրութֆուլ Արմենիա» ընկերությունը Արմավիրի մարզի Բաղրամյան, Արևադաշտ, Արտամետ և Մյասնիկյան (Բաղրամյանի տարածաշրջան) համայնքներում կիրականացնեն համատեղ աջակցության ծրագիր։ Այն նպատակաուղղված է գյուղատնտեսական և միկրոձեռնարկությունների գործունեության աջակցմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, տնտեսության աճին և գյուղական համայնքներում որակյալ հանրային ծառայությունների մատուցմանը։ Այդ նպատակով Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ ԴԱՖԻՆԱ ԳԵՐՉԵՎԱՆ և «Ֆրութֆուլ Արմենիա»-ի հիմնադիր, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։

«ՄԱԶԾ-ի փորձն ամբողջ աշխարհում վկայում է, որ կայուն զարգացում հնարավոր է ապահովել ինտեգրացված մոտեցմամբ, որի թիրախն են զարգացման սոցիալական, տնտեսական և բնապահպանական հենասյուները: Այս մոտեցումը ներառում է մի քանի համայնքների համատեղ աշխատանք` կենտրոնանալով զարգացման ամբողջական մոտեցման վրա, օրինակ, ենթակառուցվածքների վերականգնում, եկամուտների ստեղծում, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում, արդյունավետ կառավարում և շրջակա միջավայրի պահպանություն»,- ասաց տիկին Գերչևան:

«Մենք մեր ուժերը համատեղելու ենք այս չորս գյուղական համայնքներում, և մեր հիմնական նպատակը լինելու է աշխատատեղերի ստեղծմանն ու աղքատության հաղթահարմանն օժանդակելը»,- անդրադառնալով ստորագրված համաձայնագրին` նշեց ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը: Ներկայացնելով կազմակերպության և «Ֆրուտֆուլ Արմենիա» ընկերության հաջող գործունեությունը Հայաստանում, Դաֆինա Գերչևան ասաց, որ այդ հաջողությունների վրա իրենք փորձելու են կառուցել նորերը, հիմնականում հենվելով ամենաառաջադեմ գիտելիքների և լավագույն փորձագիտական աջակցության վրա։ Նա հույս հայտնեց, որ համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում։

Նշենք, որ ծրագրի ընդհանուր արժեքը 230 հազար դոլար է, որից 204 հազար դոլարը հատկացնելու է «Ֆրութֆուլ Արմենիան»: ՄԱԿ-ի ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը ծրագրին աջակցելու է պլանավորման մասնակցային հիմամբ` 26000 դոլարով: Բացի դրանից, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակն աջակցելու է չորս համայնքների զարգացման ռազմավարական ծրագրերի մշակմանը: Տարածաշրջանում իրականացվելու է նաև շրջակա միջավայրի ազդեցության գնահատում` իրավիճակը ճշտելու ու շրջակա միջավայրի վրա գյուղատնտեսական և ագրովերամշակման գործունեության վնասակար ազդեցությունը կանխելու նպատակով:

Նշենք, որ Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Բաղրամյան, Արևադաշտ, Արտամետ և Մյասնիկյան գյուղական համայնքների բնակիչների համար գյուղատնտեսական գործունեությունը զբաղվածության և եկամուտների ապահովման գլխավոր աղբյուրն է: Այդ շրջանում գյուղատնտեսական արտադրողականության ցածր և աղքատության բարձր մակարդակի պատճառներն են` ոռոգման և ջրամատակարարման ցանցերի վատ վիճակը, գյուղտեխնիկայի բացակայությունն ու ոչ պիտանիությունը, ինչպես նաև գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքների բացակայությունը:

Հավելենք նաև, որ «Ֆրութֆուլ Արմենիան» վերջին տարիներին մեծածավալ ներդրումներ է իրականացրել Բաղրամյանի միկրոշրջանում խաղողագործության, պտուղբանջարեղենի արտադրության, ջրամբարների կառուցման, կաթիլային ոռոգման և հողագործության ժամանակակից եղանակների կիրառման ուղղությամբ, ինչը դրական ազդեցություն է ունեցել նշված տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում։

Իր հերթին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակն իր գործունեության քսան տարիներին հանրապետության ավելի քան 150 գյուղական ու քաղաքային համայնքներում իրականացրել է ինտեգրման ծրագրեր, որոնք նպաստել են սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների վերականգնմանն ու կայուն եկամուտների ապահովմանը։

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ