Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ո՞րն էր Հերակլեսի 13-րդ սխրանքը

Ո՞րն էր Հերակլեսի 13-րդ սխրանքը
01.02.2013 | 00:32

Նախընտրական քարոզչության տասնօրյակի հիմնական միտումներն արդեն հայտնի են: Թեկնածուների մարտավարությունն օր առ օր առավել մեծ թվով ընտրողների է ներառում իր շրջագծում, իսկ ռազմավարությունը դառնում է 2013-ի նախագահական ընտրությունների պատկերի խճաքար:

Նախ` մի քիչ նախընտրական վիճակագրություն:
Հրանտ Բագրատյանն ակտիվորեն ներկայացնում է իր ծրագրային 100 քայլերը քաղաքում ու գյուղում, հարցազրույցներ է տալիս, չի խուսափում անցյալի ու ներկայի որևէ հարցից: ՀԱԿ-ը պաշտոնապես չի հայտարարում նրան աջակցելու մասին, բայց ինչպես ինքը` Բագրատյանն է ասում, ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցությունների մեծ մասն աշխատում է իր օգտին: Բացահայտորեն Հրանտ Բագրատյանը գնում է ընդդիմադիր թեկնածուի թափուր տեղը լրացնելու սխրանքին, որ շատ նման է Հերակլեսի 13-րդ սխրանքին, որը Զևսը չհաշվեց:
Արման Մելիքյանը շտաբներ չունի, քարոզչություն չի վարում, նրա նախընտրական ամբողջ գործընթացը սկսվում ու ավարտվում է ասուլիսներով, հարցազրույցներով, հեռուստաելույթներով, երբեմն էլ մյուս թեկնածուներից տրտնջալով: Եթե նա մտադիր էր ինտելեկտուալ թեկնածուի իմիջով հանդես գալու, բացահայտորեն չի ստացվում: Պատճառն ինտելեկտի պակասը չէ, անհեռանկար գործունեության ճնշող գիտակցությունն է, որ ակնհայտորեն շարունակություն չի ունենալու. 2008-ի նախագահական ընտրություններում թեկնածու Արման Մելիքյանը ստացել է 0,27 տոկոս ձայն, անցած հինգ տարիներին քաղաքական ակտիվություն չի դրսևորել, քաղաքական նախապատվությունները չի բացահայտել:
Վարդան Սեդրակյանը հայտարարել է, որ փետրվարի 1-ից է ընտրարշավը սկսելու, բայց ինքն էլ իր ասածին չի հավատում և ակտիվորեն հարցազրույցներ է տալիս, ներկայանում է եթերային բոլոր հնարավոր ծրագրերով: Նրա քարոզչությունը, ավելի ճիշտ` չքարոզչությունը, մնում է համարյա դիցապատմական մակարդակում:
Արամ Հարությունյանը հայտարարել է, որ փետրվարի 8-ին թեկնածությունը հանելու է, իսկ մինչ այդ ամեն մի րոպեն օգտագործելու է իր գաղափարները տարածելու համար: Նա կարծում է, որ ընտրագրավի 8 միլիոնը կորուստ չէ, այլ իր կյանքի առավել հաջող ներդրումը, և վստահեցնում, որ ընտրություններից հետո սկսելու է ակտիվ քաղաքական գործունեություն: Ակնհայտորեն նրա գլխավոր հոբբին նախագահի թեկնածու լինելն է` 2003-ին նա 1 տոկոսից պակաս ձայն ստացավ և մինչև 2008-ը ընկղմվեց քաղաքական լեթարգիական քնի մեջ, որ 2008-ին արթնանա ու 0,18 տոկոս ձայն ստանա: Ո՞ր նիշայում է «Ազգային համաձայնության» նախագահը: Սուր քննադատություն բացահայտորեն չի ստացվում, քննադատություն ընդհանրապես չի ստացվում, որովհետև ոչինչ չի փաստարկում:
Րաֆֆի Հովհաննիսյանը գերազանց ակտիվություն է դրսևորում. նա ամենուր է ու բոլորի կողքին: Եվ որովհետև ամենուր է ու բոլորի կողքին, որովհետև հնարավորի ու անհնարի մասին ջերմեռանդ ասում է` «Հնարավոր է», ավելի ճիշտ` ասում է Հովհաննիսյանների համերաշխ, մեծ ընտանիքը, որովհետև և ասում է` «Ես քեզ հետ եմ», և «Արի ինձ հետ», հավատ չի ներշնչում: Րաֆֆի Հովհաննիսյանի համար ընտրարշավը երկրի մասշտաբով մեկ դերասանի թատրոն է, ներկայացման բեմադրիչը ինքը չէ, ոչ էլ պիեսի հեղինակն է ինքը: Թատերական են նրա խոստումները ևս` նախագահության առաջին տարում 250 միլիարդ դրամ հարկային դաշտ բերելը, 50 միլիարդ դրամ ատկատներից հետ բերելը, կենսաթոշակներն այդ միջոցներով 50 տոկոսով բարձրացնելը, արտասահմանյան ներդրումների աճ 600 տոկոսով` հարկային ու մաքսային դաշտերը մաքրելով ու դատական արդար համակարգ վերահաստատելով, 180000 նոր աշխատատեղի ստեղծում: Վերջապես` արտագաղթը ներգաղթի վերածելը` սեփական օրինակով: Թատերական «Հնարավոր է»-ին գրեթե ինքնաբերաբար թատերական էլ պատասխան է հնչում` «Չեմ հավատում»: Եվ Ստանիսլավսկին նորից ճիշտ է:
Անդրիաս Ղուկասյանը ամենահակասական ու ամենաուղղագիծ թեկնածուն է միաժամանակ: Նա հացադուլ է անում ու համոզված է, որ համախմբում է հասարակությանը:

Առայժմ երեք օրով «համախմբվել են» Պարույր Հայրիկյանը, Արամ Հարությունյանը, Շանթ Հարությունյանը: Քիչ չէ: Եթե ամեն ինչ ստացվի ըստ նախագծի, Անդրիաս Ղուկասյանն իսկապես ընտրություններից հետո քաղաքական դաշտ կմտնի, նա նույնիսկ արդեն պատրաստի թիմ ունի, որն սպասում է հարկավոր պահին: Հարկավոր պահը, սակայն, կարող է և չգալ: Իսկ ընդհանրապես, շատ անհասկանալի է, թե ինչո՞ւ պիտի նրա պահանջով Սերժ Սարգսյանը հանի իր թեկնածությունը, կամ դիտորդները Հայաստանն ընդունեն ոչ ժողովրդավարական երկիր: Սեփական անձի ու ժողովրդի նույնացումը միայն Անդրիաս Ղուկասյանն է զգում, ժողովուրդը դեռ այդ կարծիքին չէ:
Պարույր Հայրիկյանը պատմում ու պատմում է իր կյանքը: Տպավորությունը` նա այդ նպատակով առաջադրվելու է նախագահի թեկնածու մինչև դարավերջ: Համենայն դեպս 1991-ին առաջադրվել է, 1996-ին առաջադրվել է, հետո հանել է թեկնածությունը հօգուտ Վազգեն Մանուկյանի, 1998-ին առաջադրվել է, իսկ 21-րդ դարում միայն 2013-ին է առաջադրվել` 2003-ը և 2008-ը շրջանցելով: Արդարությունը վերականգնել է պետք:
Դեպի ապահով Հայաստան գնացող Սերժ Սարգսյանի դեպքում անակնկալներ չկան ու չեն կանխատեսվում: Նա, ըստ իր հաստատած ավանդույթի, ընտրարշավը վարում է մենակ և բացահայտորեն մենակ էլ պատրաստվում է ապահովելու ապահով Հայաստանը` աշխատանք և արժանապատիվ վաստակ, ապահովված գյուղ, արդյունավետ գյուղատնտեսություն, համաչափ զարգացում երկրի ամբողջ տարածքում, սոցիալապես պաշտպանված ընտանիքներ, առողջ ընտանիքներ, մշակույթ, կրթություն, գիտություն, երիտասարդություն և սպորտ: Նա, թերևս, միակն է, որ, ի տարբերություն մյուս թեկնածուների, կարիք չունի պատասխանելու «Իսկ ինչպե՞ս» հարցին` հինգ տարի լավ-վատ պատասխանել է:
Ձեզ չի՞ թվում, որ այս ամենն արդեն եղել է: Առանձնահատկություններ էլ կան, իհարկե, թերևս` տարբերություններ: Օրինակ, երեք թեկնածուների` Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի համատեղ հայտարարությունը և իրենց խոսքով «եռանախագահության» ձևավորումը: Օրինակ, այս ընտրություններում չկան Վազգեն Մանուկյանը (1996, 1998, 2003, 2008) և Արտաշես Գեղամյանը (1998, 2003, 2008), որևէ դեմքով ներկայացված չէ կոմունիստական կուսակցությունը (1996, 1998` Սերգեյ Բադալյան), ոչ էլ ՀՅԴ-ն (1991` Սոս Սարգսյան, 2008` Վահան Հովհաննիսյան), քաղաքական պայքարի կուլմինացիոն կետից` նախագահական ընտրությունից, հրաժարվել են ոչ միայն ընդդիմադիր, այլև իշխանական կուսակցությունները: ՈՒ, իսկապես, թվում էր, որ այս ընտրությունները, առանց առանցքային թեկնածուների, դատապարտված են միակենտրոնության, նվազագույնը` մրցակցության բացակայության: Թվում էր, բայց ընտրությունները սկսվում ու ավարտվում են, իսկ կյանքը շարունակվում է բոլոր խնդիրներով: Քարոզարշավը չէր կարող ու չի կարողացել քաղաքական կյանքը 0 կետից սկսել` դաշտի կուսակցական, միջկուսակցական, անձնական ու միջանձնական հակասությունները մնում են և իրենց ներգործությունը շարունակում են: Առաջին հայացքից է միայն ամեն ինչ հանդարտ-հանգիստ: Իրականում ընտրությունները գերմրցակցային են, որովհետև որևէ մրցակից քաղաքական դաշտից չի հեռացել, բոլորն իրենց տեղում են, որևէ խնդիր չի պակասել, ու հիմքում համարյա ոչինչ չի փոխվել. փոխվել են ու փոխվում են ընդամենը դերակատարները: Ընդդիմադիր դաշտը միշտ էլ ունեցել է իր, մեղմ ասած, ականները` կուսակցությունների տեսքով, որ իրենց անդամների և իրենց ընդդիմադիր համարող հանրության թիկունքում ոչ միայն բանակցել, այլև եղել են իշխանության կողքին (պե՞տք է անուններ տալ, թե նրանց դեռ չեք մոռացել) կամ որոշակի հանգամանքներում բացահայտել են իրենց քաղաքական ու ֆինանսական իրական նախընտրությունները (անունները նույնքան հայտնի են, փաստերը` ևս): Արտառոց ոչինչ իրականում ՀԱԿ-ը չի արել. այն, ինչ նախկինում եղել է գաղտնի կամ խիստ սակավաթիվ մարդկանց հայտնի, Լևոն Տեր-Պետրոսյանը բարձրացրեց հանրային հայտնիության աստիճանի` բանակցություններ ՀՀԿ-ի հետ` բացահայտ, և բանակցություններ ԲՀԿ-ի հետ` ոչ այնքան ակնհայտ: Ընթացքն էլ, հետևանքն էլ նույնն են: Ընդդիմադիր դաշտի առաջին ոչնչացումը չէ. ո՞վ էր 2003-ից ու 2004-ից հետո սպասում 2007-ը: Լևոն Տեր-Պետրոսյանն իր պատմական շանսը կորցրեց բնավ էլ ոչ 2008-ի փետրվարի 19-ին (այդ օրը ամեն ինչ տրամաբանական ու կանխատեսելի ընթացքի մեջ էր), կորցրեց հետո` իր 10-օրյակում, երբ հաշվարկել էր, որ հրապարակը կերգի ու կպարի, իսկ իշխանական բուրգը կփլուզվի: Նա թերագնահատել էր Ռոբերտ Քոչարյանին ու իշխանության պատժիչ գործառնությունը: Բայց նրան, որ աննախադեպ է, տրվեց երկրորդ հնարավորությունը, և փետրվարի 29-ին, մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը կորցրեց ժողովրդին առաջնորդելու բարոյական իրավունքը: Անհավանական ինտելիգենտ առաջին նախագահի դեպքում դա գրեթե սակրալ նշանակություն ունի` նա միանգամից կորցնում է պայքարի կռվանները. այդպես 1998-ին հրաժարական տվեց 1996-ից հետո, այդպես 2008-ին հրաժարվեց 2007-ի իր իսկ հայտարարություններից: Իսկ կողքիննե՞րը: Ոմանք շարունակում էին հավատալ (մինչև հիմա էլ իրենց թվում է, թե հավատում են) առաջին նախագահի աներկբա հեղինակությանը և անելքությունը ելք դարձնելու կարողությանը, ոմանք չգիտեին ինչ անել, ոմանք անիմաստ էին համարում պայքարը, որովհետև չէին տեսնում հետագան: Դա ևս կանխատեսելի ու տրամաբանական էր: Հիմա առավել քան կանխատեսելի ու տրամաբանական է, որ պայքարը շարունակվելու է, որովհետև, թափուր, թե լիքը, Ազատության հրապարակի ժողովուրդը չի վերացել, ոչ էլ թիվն է պակասել, խնդիր կա լուծելու` նորմալ կյանքով ապրելու անցած 20 տարիներին չլուծված խնդիրը: ՈՒ` իրական ընտրությունը Սերժ Սարգսյանը պիտի անի իր վերընտրությունից հետո: Իր կյանքի գուցե ամենաբարդ ու երկրի ապագայի համար կարևորագույն ընտրությունը: Ի՞նչ է ընտրելու Սերժ Սարգսյանը` արդեն եղա՞ծը, թե՞ նոր իրականություն է հաստատելու: Ռոբերտ Քոչարյանի նվիրական ոտնահետքերով վերասերվելու ու ոչնչացվելո՞ւ է մնացած ընդդիմությունը, թե՞ հնարավորություն է տրվելու, որ ընդդիմություն ձևավորվի և իր օրինաչափ գործառնությունն իրականացնի` ապահովելով Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական կենսակերպը: 2018-ի նախագահական ընտրությունների ֆավորիտը լինելու է Ռոբերտ Քոչարյա՞նը («Առաջ` դեպի անցյալ նշանաբանով»), թե՞ այնպիսի մթնոլորտ է լինելու երկրում, որ նախագահական ընտրություններում հավասար մրցապայքարի դուրս գա ընդդիմադիր թեկնածու, ում անցյալում Հայաստանը եղել է ոչ գործիք, ոչ միջոց, ոչ խաղալիք` որևէ հարց լուծելու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Իսկ մտածե՞լ եք` ի՞նչ ճակատագիր է ունենալու ԲՀԿ-ն, և ի՞նչ է անելու Գագիկ Ծառուկյանը: Եթե ԲՀԿ-ն հանձնվելու է Հովիկ Աբրահամյանի հոգատար ձեռքերին, դեռ հայտնի չէ, թե Հովիկ Աբրահամյանը իր կյանքի վտանգավոր դիլեման ինչպես կլուծի` ո՞ւմ է ի վերջո պատկանում նրա սիրտը` երկրո՞րդ, թե՞ երրորդ նախագահին, թե՞ ժամանակ առ ժամանակ ում ավելի ձեռնտու է: Այսօր է, որ ԲՀԿ-ն կողմնորոշված է դեպի ՀՀԿ, ևս մի քանի անհասկանալի զիգզագ, և կուսակցությունից կմնա մի քանի մարդ, ում ընդամենը պետք է աշխատանքի տեղավորել: Ընտրազանգվածը գուցե նույնքան քմահաճ է սիրո մեջ, բայց նվազ ընկալունակ է ներողամտության ու ըմբռնումի մեջ` երբ դավաճանում են, գործունեության ազատություն են տալիս: Սա` մեկ, և երկրորդ` իշխող կուսակցությունը ՀՀԿ-ն է, ու վերջ, խորհրդանշական, քաղաքական, իրավական ու ընդհանրապես որևէ -ական ոչ մի դրդապատճառ չկա ևս մեկ կոալիցիա հնարելու: Ոչինչ նոր կոալիցիան չի տալու, բացի կեղծ կամ հնարովի դիվիդենդներից որոշ գործիչների համար, ովքեր քաղաքական ասպարեզում սպառել են ներկայության իմաստը, իսկ շարունակում են գործառնել: Գրեթե ինքնաբերաբար: Բայց շարունակում են վտանգ ներկայացնել, որովհետև որքան նրանց են օգտագործում տարբեր խնդիրներ լուծելու համար, նույնքան նրանք են օգտագործում իրենց խնդիրները լուծելու համար: Պարբերաբար: Եվ` մշտապես ի վնաս պետության ու ժողովրդի:
Ի դեպ` Հերակլեսի 13-րդի սխրանքը ավգյան ախոռները մաքրելն էր:

Դիտվել է՝ 2927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ