Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Բոնուսով հաղթանակի հնարավոր հետևանքները

Բոնուսով հաղթանակի հնարավոր հետևանքները
05.06.2009 | 00:00

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Երևանի ավագանու ընտրությունների մարաթոնը մնաց հետևում։ Որքան էլ ձայների վերահաշվարկը փոփոխություններ արձանագրի քվեարկության արդյունքներում, այնուհանդերձ, պարզ է, որ արմատական շրջադարձ լինել չի կարող։ Ընտրությանը մասնակից յուրաքանչյուր ուժ ստացել է այն, ինչ ստացել է։ Իսկ ընտրություններն անցել են այնպես, ինչպես սովորաբար անցնում են։ Այն, ինչ ներկայացված է թվերով, մեր հասարակական իրավիճակի, սոցիալական նախապատվությունների, քաղաքական դաշտում տիրող մթնոլորտի և բազմաթիվ այլ հանգամանքների օբյեկտիվ հանրագումարն է։
Կարևոր են այլ խնդիրներ ևս։ Մասնավորապես այն, թե ինչ ձեռքբերումներ ունեցան քաղաքական ուժերը, իշխանություններն ու ընդդիմությունն այս ողջ գործընթացում, ինչ հնարավոր կորուստների ու մարտահրավերների առջև հայտնվեցին։ Իշխանության մասով ակնհայտ է, որ որքան էլ քարոզարշավի ընթացքում շեշտադրվում էր, թե սրանք սոսկ տեղական կամ համայնքային նշանակության ընտրություններ են, արդյունքներն այլ բան ապացուցեցին։ Միայն այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում ստացել է մոտ 47 տոկոս քվե, և, ըստ Երևանի մասին օրենքի, նրա քվեներին է գումարվելու նաև 10 տոկոս բոնուս, ապա ցանկացած դեպքում կառավարող հիմնական կուսակցությունն ունենալու է 50 տոկոսից ավելի ձայն և, բնականաբար, միանձնյա կարող է որոշել քաղաքի կառավարման ճակատագիրը։ Սա արդեն իսկ ցուցանիշ է այն իրողության, որ այս ընտրությունները շատ լուրջ գին ունեին ոչ միայն ռևանշի ձգտող ընդդիմության համար, ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, այլև իշխանության։ Ընդ որում, այդ գինը չափազանց կարևոր էր նույնիսկ ոչ այնքան կառավարող կուսակցության, որքան հանրապետության նախագահի համար։
Այսինքն, Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն այս ընտրություններով լուծեցին իշխանության հարցը պայքարի երկրորդ փուլում ևս ու, միաժամանակ, մի քանի իրողությունների առջև կանգնեցրին ինչպես ընդդիմությանը, այնպես էլ կոալիցիայի նախկին ու ներկա գործընկերներին։ Առաջին և կարևորագույն իրողությունն այն է, որ վարչական ռեսուրսը լիովին և ամբողջությամբ վերահսկվում է գործող նախագահի և կառավարող կուսակցության կողմից, քանզի հենց այդ ռեսուրսի վճռական գործունեությունն է ապահովել հիշյալ 47 տոկոսը։ Իշխանությունը հերթական անգամ պատին սեղմեց ընդդիմությանը, և վերջինիս այլ բան չէր մնում, քան բոյկոտը` ավագանու մանդատները վայր դնելու տարբերակով։ Թեպետ այս հարցում ընդդիմության մարտավարության հաջողությունը հարցականի տակ է, որովհետև պարզ չէ, թե արդյո՞ք Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակում տեղ գտած բոլոր ընդդիմադիրները կհրաժարվեն մանդատներից։ Համենայն դեպս, կարկառուն մարքսիստ Դավիթ Հակոբյանը նման մտադրություն բոլորովին չունի։
Իշխանությունը միաժամանակ իր տեղը ցույց տվեց ԲՀԿ-ին, և այդ տեղը կարելի է ձևակերպել որպես կրտսեր գործընկերոջ կարգավիճակ։ Այսինքն, գործող նախագահը 22 տոկոս քվեի սահմաններում հասկացնում է դաշնակից կուսակցությանն ու նրա ղեկավարին, որ ՀՀԿ-ն իր հիմնական, իրականում, գուցե, միակ առարկայական հենարանն է, իսկ մյուսներն այդ ուղեծրում են հայտնվել, որովհետև դա առաջին հերթին իրենց է անհրաժեշտ ու ձեռնտու։ Ասել է թե` հարգելի բարգավաճած գործընկերներ, մենք առանց ձեզ էլ մի կերպ յոլա կգնանք, որովհետև խորհրդարանում սկզբունքորեն ունենք անհրաժեշտ մեծամասնություն։ Գրեթե նույնը կարելի է ասել ՕԵԿ-ի մասով, թեպետ կան շրջանառվող տեսակետներ, որ հաշվի առնելով 7 տոկոսին մերձ գտնվելը, այնուամենայնիվ, չի բացառվում, որ ևս մի կրտսեր դաշնակից մայրաքաղաքի ավագանու կազմում ներկայացված լինի, եթե ձայների վերահաշվարկը հնարավորություն տա այդպիսի նվեր մատուցելու։
Դաշնակցության ստացած քվեները կարելի է գնահատել մի կողմից` օբյեկտիվ, բայց, մյուս կողմից էլ, այն իրավիճակը, որում հիմա հայտնվել է ՀՅԴ-ն, ցույց է տալիս, որ կոալիցիայից դուրս գալով` կուսակցությունը կորցրեց ոչ միայն վարչական ռեսուրսից օգտվելու հնարավորությունը, այլև իշխանության բարեհաճությունն առհասարակ։ Սա և՛ կարելի է դիտարկել որպես կոալիցիայից դուրս գալու պատիժ, և ոչ։ Ամենայն հավանականությամբ, դաշնակցությունն այդպես է դիտարկում, ու, թերևս, դրանով է պայմանավորված այն իրողությունը, որ որևէ տեղամասի հետ կապված հատուկ դժգոհություններ ու բողոքներ չներկայացնելով հանդերձ, դաշնակցությունը, ի դեմս ԿԸՀ-ում իր ներկայացուցչի, հրաժարվեց ստորագրել ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, դրանով, փաստորեն, համախմբված հանդես գալով «Ժառանգության» հետ։ Սա հազիվ թե պատահական քայլ էր, այն ավելի շուտ սկզբնավորում է ՀՅԴ-«Ժառանգություն» նոր հարաբերությունները, որոնք առաջիկայում իրենց արտահայտությունը կգտնեն խորհրդարանում ընդդիմադիր գործունեության ձևով։ Նկատի ունենալով դաշնակցության շարքերում և հատկապես նրա սփյուռքյան հատվածում տիրող տրամադրությունները` ՀՅԴ-ի վերադարձը կառավարող կոալիցիայի կազմ քիչ հավանական է, եթե ոչ անհնարին։
Այսպիսով, ընտրությունների արդյունքները կարծես արձանագրեցին, որ իշխանության մոնոլիտը ձևավորված է բոլոր մակարդակներում. ՀՀԿ-ն հիմնական կառավարող կուսակցությունն է, քանի որ նրա ղեկավարը հանրապետության նախագահն է, խորհրդարանում կուսակցությունն ունի գրեթե որակյալ մեծամասնություն նույնիսկ առանց կոալիցիոն դաշնակիցների և հիմա արդեն կարող է ըստ իր հայեցողության տնօրինել նաև մայրաքաղաքի կառավարումը, քանի որ 7 տոկոսի արգելաշեմը հաղթահարած ԲՀԿ-ն կամ ՀԱԿ-ն առանձին-առանձին ավագանու կազմում չունեն 30 տոկոս ձայն, որպեսզի կարողանան, ըստ Երևանի մասին օրենքի, մեկ տարի հետո անվստահություն հայտնել ՀՀԿ-ի առաջադված քաղաքապետին։ Իսկ ԲՀԿ-ՀԱԿ դաշինքը մայրաքաղաքի ավագանու կազմում գրեթե բացառված սցենար է։ Գոնե` առայժմ։
Սակայն ցանկացած մեդալ ունի նաև հակառակ երեսը։ Եթե որևէ երկրում իշխանությունը տիրապետում է այսքան լծակների, և նրա դեմ չկա ընտրությունների քվեարկությամբ լուրջ տոկոսներ հավաքած ընդդիմություն, այդպիսի իշխանությունն ավելի խոցելի է դառնում արտաքին մարտահրավերների առջև։ Այն հանգամանքը, որ հունիսի 1-ի հանրահավաքի ժամանակ Մատենադարանի հրապարակում ժողովելով 25-30 հազար համախոհների` Լևոն Տեր-Պետրոսյանը գործնականում հայտարարեց ընդմիջում վերցնելու մասին, հենց այդ իրողության ցուցանիշն է։ ՀԱԿ-ի առաջնորդը, սեփական փորձից ելնելով, շատ լավ գիտի, թե որքան խոցելի է դառնում իշխանությունն արտաքին վտանգների առջև, երբ երկրի ներսում ընդդիմության հարցերը լուծելով, մնում է բոլորովին մենակ արտաքին ճնշումներին դիմագրավելու առումով։ Հիշեցնենք, որ համանման մարտավարություն ՀԱԿ-ը որդեգրեց 2008-ի աշնանը, երբ հոկտեմբերի 17-ից հետո մինչև մարտի 1-ը գործնականում դադարեցրեց բոլոր տեսակի հրապարակային միջոցառումները, քաշվեց իր գրասենյակները, պատճառաբանելով, թե չի ցանկանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բարդ գործընթացում հավելյալ պրոբլեմներ ստեղծել իշխանությունների համար երկրի ներսում։ Մինչդեռ իշխանությունն առավել քան ուներ ուժեղ ընդդիմության կարիքը, որպեսզի կարողանար այդ փուլում, հատկապես Ռուսաստանի կողմից գործադրվող բավականին լուրջ ճնշման պայմաններում, մանևրի դաշտ ունենալ և Ղարաբաղի հարցում աննպաստ նախագծի մերժումը պայմանավորել նաև ընդդիմության գործոնով։
Լևոն Տեր-Պետրոսյանի հաշվարկը, թերևս, կառուցված է հենց սրա վրա, որ տարածաշրջանային ակտիվ տեղաշարժերի համատեքստում իրադրությունն անխուսափելիորեն կկրկնվի, և իշխանությունը դարձյալ չի ունենա մանևրելու հնարավորություն, որովհետև վերջին ընտրությունների արդյունքներով 17 տոկոս ստացած և գործունեությունը փաստացի դադարեցրած ՀԱԿ-ն այն ընդդիմությունը չէ, որի դիրքորոշումը կարող է արտաքին աշխարհում ինչ-որ տպավորություն թողնել և թուլացնել իշխանության նկատմամբ հնարավոր ճնշումը։ Այդպիսի ընդդիմություն չէ նաև 4-5 տոկոսանոց դաշնակցությունը, ընտրություններում այդպիսի քվեներ հավաքած ուժերը չեն համարվում այնպիսի լուրջ ներքին գործոն, որ կարող են խոչընդոտել, ասենք, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված որևէ աննպաստ փաստաթղթի ստորագրումը, եթե արտաքին ուժերը իշխանությանը կանգնեցնեն նման փաստի առջև։ Իհարկե, միգուցե գործող նախագահը վստահ է իր ուժերին ու համոզված, որ ցանկացած իրավիճակում ինքը երբևէ չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որը կարող է էապես վտանգել հայկական շահերը` միակողմանի զիջումներ անելով Ադրբեջանին։ Միգուցե։ Բայց նման իրավիճակներում միայնակ պայքարելը շատ ավելի դժվար է, քան եթե թիկունքում ունես քաղաքական ընդդիմության աջակցությունը, որ կարող է ցուցաբերվել անհրաժեշտ տեղում, անհրաժեշտ ժամին։ Եվ ավելի վատ է, երբ այդ ընդդիմությունը ոչ միայն անկյուն է քշված, այլև կարևոր պահին Պիղատոսի պես լվանում է ձեռքերը։ Իբր թե ինքը գործ չունի այս երկրի խնդիրների հետ և հայտարարում է, թե քանի որ իշխանությունն այդքան ուժեղ է ու իրեն ամեն ինչի տեր է զգում, ուրեմն, թող ինքն էլ լուծի պրոբլեմները` միայնակ պայքարելով բոլոր ճակատներում։ Իսկ նման իրավիճակի ստեղծման հավանականությունը, որքան էլ անցանկալի է, այնուամենայնիվ, բացառված էլ չէ։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2287

Մեկնաբանություններ