Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Երբ մարդիկ հուսահատված են, արվեստագետն ո՞ւմ համար ստեղծագործի»

«Երբ մարդիկ հուսահատված են, արվեստագետն ո՞ւմ համար ստեղծագործի»
26.06.2009 | 00:00

«ՀԱՃԱԽ ՄՏԱԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԿԵՂԾ ԹՇՆԱՄԱՆՔԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՆ»
…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրավունքը de facto»-ի հյուրն է քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը, ում ստեղծագործությունները դարձել են նորօրյա Երևանի խորհրդանիշներ` իրենց շուրջը ձևավորելով առանձնահատուկ միջավայր ու մթնոլորտ:
«ՔԱՆԴԱԿԻՆ ՄԱՔՈՒՐ ՄԻՋԱՎԱՅՐ Է ՊԵՏՔ»
-Պարո՛ն Թոքմաջյան, ժողովրդի սիրելի քանդակներից մեկը՝ Մարտիրոս Սարյանի արձանը, տեղադրված է Երևանի կենտրոնում, վերջերս ստեղծված Գևորգ Չաուշի արձանը հեռավոր ծայրամասում՝ 15-րդ թաղամասում: Ձեզ համար էակա՞ն է, թե մայրաքաղաքի որ հատվածում է հանգրվանում Ձեր ստեղծագործությունը:
-Ինձ համար տարբերություն չկա, թե իմ գործը որտեղ է դրված, բայց ժողովրդի համար, կարծես թե, կա: Չպետք է ամեն ինչ կուտակել քաղաքի կենտրոնում: Ես նկատում եմ, որ հիմա ծայրամասերում էլ է վիճակը փոխվում: Առաջ շատ անմխիթար պատկեր էր, մարդիկ ուզում էին վաճառել իրենց տներն ու գնալ ծայրամասերից, բայց հիմա ասում են, որ Գևորգ Չաուշի հրապարակի մերձակա տարածքում բնակարանների գները բարձրացել են: Սա պայմանավորված է նրանով, որ տարածքն ավելի գեղեցիկ, բարեկարգ է դարձել: Եվ սրանում դեր ունի նաև իմ ստեղծած արձանը: Որտեղ որ արձան է դրվում, այնտեղ պետք է բարեկարգել, շուրջը համապատասխան մթնոլորտ, մարդկանց համար հանգստի գոտի ստեղծել: Գեղեցիկ և բարձրարվեստ քանդակը նաև մատաղ սերնդի գեղագիտական, հայրենասիրական դաստիարակության գործոն է: Այդպես պետք է լինի քաղաքի բոլոր հատվածներում: Կարծում եմ՝ պետք է անպայման ընդլայնել արձանների աշխարհագրությունը: Արձան կանգնեցնելը միայն անձի մասին հիշողություն արթնացնելու համար չէ, դա նաև քաղաքաշինություն է: Ոչ բոլոր հուշարձաններն ունեն միջավայր: Սարյանի արձանը, օրինակ, ստեղծեց այդ միջավայրը: Նրա շուրջը հավաքվում են նկարիչները, զբոսաշրջիկները: Չաուշի հրապարակը դեռևս միջավայր չունի: Մի կողմում խանութ է, մյուսում՝ քյաբաբանոց, երրորդում՝ սրճարան: Դրանք խանգարող հանգամանքներ են, քանդակին մաքուր միջավայր է պետք:
-Վարչապետ Տիգրան Սարգսյանի հավաստմամբ՝ 2013 թվականի հունվարի 1-ից Երևանի մերձակայքում և, առհասարակ, հանրապետության ողջ տարածքում, բացառությամբ Ջերմուկի, Սևանի և Ծաղկաձորի, կասեցվելու է խաղատների գործունեությունը: Ձեզ հավանակա՞ն է թվում նման հեռանկարը, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի գումարներ են ներդրել խաղատների վրա դրանց տերերը:
-Դա ինձանից շատ հեռու հարց է: Բայց ես հաճախ գնում եմ Էջմիածին և մայրուղու վրա տեսնում խաղատների այդ շարքը, որոնք վերացնելը, անշուշտ, ճիշտ է: Վարչապետի հայտարարությունը շատ տեղին է, միայն թե կարողանան վճռականություն ցուցաբերել այդ գործում: Չեմ պատկերացնում, թե դա ինչպես է արվելու: Հո շենքը չե՞ն տեղափոխելու: Բոլորս էլ գիտենք, թե ովքեր են կանգնած կազինոների հետևում: Հիմա մի ավտոտնակի, մի ավտոլվացման կետի չեն կարողանում դիպչել, եթե անգամ դրանք գտնվում են բակի կենտրոնում, ուր մնաց կազինոն քանդեն:
-Այնինչ, շատ արագ և հիմնովին քանդեցին տրամվայի գծերը, և մենք զրկվեցինք էկոլոգիապես ամենանախընտրելի տրանսպորտից:
-Այո՛: Որովհետև այդ ռելսերը գուցե ինչ-որ մեկին շատ պետք էին: Այդպիսի հակասական բաներ, իհարկե, կան մեր քաղաքում:
«ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱԶԱՏ, ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԳՈՐԾԻՉ Է»
-Երևանի նորընտիր ավագանու հետ ի՞նչ հույսեր եք կապում: Նախընտրական կրքերին կհաջորդի՞ խաղաղ, կառուցողական աշխատանքի շրջանը:
-Շատ չեմ հետևում այդ բաներին, ես արվեստագետ եմ, բայց, բնականաբար, օդի մեջ չեմ ստեղծագործում, այս հողի վրա եմ կանգնած, և ինչ-որ կերպ այդ անցուդարձերը նաև ինձ են առնչվում: Հաճախ չեմ էլ հավատում բորբոքված կրքերին, մտածում եմ, որ քաղաքական բախումները սարքովի են, ընդամենը կեղծ թշնամանքի տպավորություն ստեղծելու համար: Բայց ասեմ, որ հանրապետականին (չասեմ «կուսակցություն» բառը), կոնկրետ` Գագիկ Բեգլարյանին, ես միշտ էլ վստահել եմ: Նա գործունյա մարդ է, քաղաքի մարդ է և կարող է շատ բան անել, եթե չխանգարեն: Քաղաքապետն ազատ, ինքնուրույն գործիչ է: Բեգլարյանը խոստացավ, որ ինքը կկատարի ավագանու բոլոր որոշումները, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ամեն ինչ իրենից է կախված. ուզեց` կլինի, չուզեց` ոչ: Մանավանդ երբ տեսնում եմ, թե ինչպես են արվեստագետները խմբվել քաղաքապետի կողքին, չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչն է նրանց տարել այնտեղ: Մի՞թե այդ մարդիկ այլևս անելիք չունեն իրենց ոլորտում, որ կառչել են վերջին փրփուրներից: Միշտ չէ, որ դերասանը կամ երաժիշտը պիտի որոշեն քաղաքի բախտը: Նրանք կոմպետենտ մարդիկ չեն, չէ՞: Ես հին երևանցի եմ, սիրում եմ Երևանը և ինչ-որ տեղ էլ Երևանի ձևավորման մեջ իմ ավանդն ունեմ, բայց չմխրճվեցի քաղաքի ավագանու մեջ: Իմ գործը արվեստն է: Բայց, կրկնեմ, որպես կենտրոնի բնակիչ` Գագիկ Բեգլարյանին հավանում եմ, և եթե նա լիներ մեկ այլ կուսակցության անդամ, ասենք` ընդդիմադիր կոնգրեսի ներկայացուցիչ, ես դարձյալ ձայնս կտայի նրան: Մենք ինչքան էլ փնովենք սոցիալիզմը, Սովետական Միությունը, չենք կարող չասել, որ Լենինը հանճարեղ մարդ էր: Ո՞վ կարող է ժխտել Լենինի գաղափարական պոտենցիալը: Նա ասում էր` կադրերն են որոշում ամեն ինչ: Սա բացարձակ ճշմարտություն է: Իսկ այսօր ովքե՞ր են մեր կադրերը: Մասնագետ լինեն-չլինեն, հասկանան-չհասկանան գործից, ոչ մի նշանակություն չունի: Կարևորն այն է, որ մարդը համապատասխան կուսակցության անդամ լինի: Սա երկիրը չի տանում զարգացման:
«ՋՈՒՐ ՊՂՏՈՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԸ ՄԻՇՏ ՆՈՒՅՆՆ Է. ՈՒԶՈՒՄ ԵՆ ՁՈՒԿ ԲՌՆԵԼ»
-Հայ հեղափոխական դաշնակցությունը և խորհրդարանական ընդդիմությունը` «Ժառանգություն» կուսակցությունը, կարծես թե, համակարծիք են քաղաքապետի ընտրությունների արդյունքների հարցում: Համենայն դեպս, այդ երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն ստորագրել ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփող փաստաթուղթը: Ըստ Ձեզ` սա ընդդիմադիր դաշինքի ձևավորման նախաքա՞յլ է:
-Առերևույթ տպավորությունները խաբուսիկ են: Օրինակ՝ ՀԱԿ-ը հայտարարում է, թե ինքը չի ուզում վերցնել ավագանու մանդատները: Է՜, հետո՞: Ազատ մնացած տեղերը կզբաղեցնեն իրենց հակառակորդները: Ամեն ինչ այսօր ծիծաղելի է դարձել: Նախ՝ դաշնակցությունն է անհասկանալի «խաղեր տալիս»: Նախագահական ընտրություններում ինչե՜ր չասաց նախագահի, իշխանության հասցեին: Հետո գնաց-դարձավ իշխանության մաս: Հիմա էլ կոալիցիայից դուրս եկավ ու դարձավ «ընդդիմություն»: Դրա ընդդիմությունը ո՞րն է: Լևոն Տեր-Պետրոսյանի ընդդիմություն լինելը, լավ-վատ, հասկանում ենք: Մարդն ընդդիմություն է: Կոնկրետ հայտարարում է, որ այս իշխանություններն ավազակախումբ են, պիտի տապալվեն, պիտի հրաժարական տան և այլն: Հարցն այն չէ՝ ես համաձա՞յն եմ, թե ոչ նրա ասածներին: Ինչպիսի վերաբերմունք էլ ունենամ նրա նկատմամբ, չեմ կարող ժխտել, որ նա ընդդիմադիր է: Իսկ այլ ընդդիմություն պարզապես չեմ տեսնում: Հո ասելով չէ՞:
-Չե՞ք կարծում, որ ուժեղ ընդդիմությունը նպաստում է, որպեսզի ուժեղանա նաև իշխանությունը, առավել անխոցելի լինի դրսի ուժերի առջև:
-Այնքան էլ համաձայն չեմ: Նայեք Վրաստանի իրավիճակին: Վրաստանի ընդդիմությունն ուժեղ ու համառ է, բայց Սաակաշվիլին դրանից չի ուժեղանում: ՈՒրեմն, Ձեր նշած բանաձևն այնքան էլ ճիշտ չէ: Կրկնեմ՝ ես քաղաքագետ չեմ, բայց իմ տրամաբանությամբ չեմ կարող ընդունել այդ տեսակետը: Ես չգիտեմ՝ կոնգրեսն ուժե՞ղ է, թե՞ ոչ: Բայց նկատում եմ, որ շատ հանդարտ, դանդաղ քայլերով է շարժվում, ու մարդիկ էլ ձանձրանում են:
-ԱՄՆ-ի ներկայացուցչությունը ԵԱՀԿ-ում կոչ է հղել ՀԱԿ-ին` չհրաժարվել մայրաքաղաքային ավագանու իրենց մանդատներից: Համամի՞տ եք այս կոչի հետ:
-Համամիտ եմ: Պետք է պայքարել: Եթե Լևոնը, նախագահ լինելուց հետո, համաձայնեց իր թեկնածությունը դնել քաղաքապետի ընտրություններում (իհարկե, հասկանում ենք, որ նա հաղթելու դեպքում չէր դառնա քաղաքապետ, այդ պաշտոնը կթողներ իր թիմակիցներից մեկին), ուրեմն, ինչո՞ւ է այսօր հրաժարվում իրեն բաժին հասած ձայներից: Թող պաշտոնը վերցնի ու կռիվ տա, պայքարի, գլուխ ջարդի: Այդպես վարվեց «Ժառանգությունը» Ազգային ժողովում: Այդպիսի բարոյական ապտակները, անարդար մրցակիցներին այդ կերպ ձեռնոց նետելը հատուկ են այն երկրներին, որտեղ կարգ ու կանոն կա, օրենքը գործում է բոլորի համար: Մեր երկրում ո՞ւմ են հետաքրքրում նման բաները: Էլ չենք խոսում այն մասին, որ անարդար ընտրությունների պատճառով մեր երկիրը զրկվեց ԱՄՆ-ի կողմից հատկացվող գումարներից:
-Նկատի ունեք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում ճանապարհաշինությանը հատկացվող գումարնե՞րը:
-Այո՛, դա նկատի ունեմ: Անընդհատ ջուր է պղտորվում: Մե՛կ անարդար ընտրություններն են պատճառ դառնում, մե՛կ՝ մարտի 1-ի գործով զբաղվող հանձնաժողովների անարդյունավետ աշխատանքը: Իսկ անընդհատ ջուր պղտորելու նպատակը միշտ նույնն է. որոշ մարդիկ ուզում են պղտոր ջրում ձուկ բռնել: Եվ ինձ համար դժվար է այս ամենից գլուխ հանելը: Հազիվհազ իմ գործից եմ գլուխ հանում՝ անընդհատ հիասթափվելով և ուրախանալով: Իսկ հիասթափությունս պայմանավորված է ժողովրդի վիճակով: Երբ մարդիկ հուսահատված են, արվեստագետն ո՞ւմ համար ստեղծագործի: Հայաստանում՝ այս առատ մրգի երկրում, ինչո՞ւ պիտի միրգն այնքան թանկ լինի, որ մարդը չկարողանա իր երեխայի համար գնել: Պետք է վերջապես հայ մարդու մասին մտածել, անել այնպես, որ մեր ժողովուրդը լավ ապրի: Այնինչ մենք անվերջ տեսնում ենք շահի, փողի, պաշտոնի համար մղվող կռիվներ:
«Ո՞ՒՄ ՆԵՐԵՆՔ, ՈՐ ՆՈՐ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ՉԼԻՆԻ»
-Համաներումը կարո՞ղ է բարերար հոգեբանական ազդեցություն ունենալ մեր հասարակության վրա:
-Իմ կարծիքով` համապատասխան մարմինները նստած, շախմատային քայլեր էին կատարում ու մտածում՝ ո՞ւմ ներենք, որ մեզ համար նոր գլխացավանք չլինի: Եվ ես չգիտեմ, թե այդ համաներումն ինչ արդյունքի կհանգեցնի: Ներում էին, թող ներեին, էլ ինչո՞ւ էին այսքան բարդացնում, առաջարկությունների սպասում, քննարկումներ կազմակերպում: Բոլորն էլ գիտեն՝ ով ով է, ինչն ինչոց է: Համաներում եք անում, արե՛ք: Մեր կյանքը թատրոն է դարձել, մենք էլ դերասաններ ենք: Մեկը լավ է խաղում, մյուսը՝ վատ:
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԽՈՐ ԱՆԴՈՒՆԴ Է ԲԱՑՎԵԼ»
-Պարո՛ն Թոքմաջյան, ի՞նչ ստեղծագործական պլաններ ունեք:
-Աշխատում եմ հնարավորինս ազնիվ և ճշմարիտ մնալ: Երբ նախագահական ընտրություններ էին մեր երկրում, մի կոմպոզիցիա արեցի՝ «Փախուստ իրականությունից»: Ինձ մտահոգում էին մեր թեկնածուների ելույթները: Բոլորն անխտիր իրար մեղադրում էին գողության մեջ: ՈՒրեմն, ի՞նչ, մենք ապրում ենք գողերի երկրո՞ւմ: Ես ուզում էի փախչել այդ իրականությունից ու ստեղծեցի նշածս կոմպոզիցիան: Հիմա մի քիչ հավատս վերադարձել է, և ուզում եմ այնպիսի մարդկանց կերպարներ քանդակել, որոնք ապրել են ազնիվ կյանքով, մշակույթ են ստեղծել: Աշխատում եմ Վահագն Դավթյանի կերպարի վրա, որի հետ անձամբ շփվել եմ: Բուռն ստեղծագործական կյանքով ապրած գրողի կերպարն ուզում եմ կերտել մարմարից: Մեր իրականության մեջ հիմա կան անհատ էնտուզիաստներ, որոնք արվեստ են ստեղծում, բայց ընդհանուր առմամբ մշակութային կյանքում խոր անդունդ է բացվել: Արվեստի զարգացումն ուղղակի կապ ունի երկրի տնտեսության, կենսամակարդակի հետ: Մարդիկ պիտի լավ ապրեն, որ ուզենան իրենց տներում նկար կախել, թատրոն գնալ, երաժշտություն լսել: Դա կյանքի էվոլյուցիոն զարգացման օրենքն է: Այսօր մեզ մոտ այնպիսի բաներ են կատարվում, որ կորչում է մշակույթը, իսկ մենք մշակույթի ժողովուրդ ենք: Բայց մեր մշակութային կյանքն այնքան էլ ակտիվ ու բոցաշունչ չէ: Նկատի ունեմ զուտ կերպարվեստի բնագավառը: Վերջերս ներքին գործերի նախարարության շենքի առաջ կանգնեցվեց իմ գործը` Արամ Մանուկյանի արձանը, որին ես սպասում էի չորս-հինգ տարի: Ինձ համար Արամ Մանուկյանը հայրենիքի նվիրյալ էր: Ինչպիսի՜ գերմարդկային հատկանիշներ է պետք ունենալ՝ ամեն ինչ հայրենիքին, պետությանը, ժողովրդին զոհաբերելու համար: Ես շատ ուրախացա, որ ՆԳՆ-ից նրա հուշարձանը կանգնեցնելու առաջարկ ստացա: Եվ հանկարծ որոշ կուսակցություններ ու կազմակերպություններ սկսեցին դժգոհել, թե Արամ Մանուկյանն ընդամենը ոստիկանապետ չի՞ եղել: Բայց ի՞նչ վատ բան կա դրանում, որ ՆԳՆ-ն նախաձեռնեց այդ արձանի տեղադրումը և մեծ շուքով կազմակերպեց բացումը: Ներկա էին երկրի առաջին դեմքերը: Սա երևույթ է մեր կյանքում, աշխուժություն է մշակութային աշխարհում: Բայց, ցավոք, գտնվեցին մարդիկ, որոնք փորձեցին ցեխ շպրտել այս առիթով, հեգնել, թե Թոքմաջյանի հերթական մոնումենտալ գործն է տեղադրվում Երևանում: Վերջիվերջո, ի՞նչ կապ ունի իմ անձը: Ես գործող արվեստագետ եմ և անընդհատ աշխատում եմ: Մտածում եմ, որ եթե կա քննադատություն, ուրեմն իմ գործն իրենից ինչ-որ արժեք ներկայացնում է: Մանավանդ որ եղան նաև գովեստներ: Ես գոհ եմ մեր իշխանություններից այս իմաստով: Նրանք կարողանում են գոնե նպաստել ինչ-որ արժեքավոր մշակութային գործերի ստեղծմանը: Օրինակ, հիմա ունեմ պատվեր` քանդակելու Մանթաշովին: Նա մեծահարուստ մեկենաս էր, որն իր փողերը չէր պահում թաքստոցներում: Գուցե այս արձանը կանգնեցնելով մենք կնպաստենք, որ նրա օրինակին հետևեն այսօրվա օլիգարխները: Այս բաները վկայում են, որ մեր ազգն իսպառ չի հուսալքվել, չի հեռացել իր ինքնությունից: Մենք` հայերս, չենք կարող հանգիստ նստել մեր տեղում: Բայց այս բաները բավական չեն բավարարված զգալու համար: Ես ուզում եմ, որ հասնենք գլոբալ խնդիրների լուծմանը` պետության, ժողովրդի, հասարակության զարգացմանը:
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2489

Մեկնաբանություններ