Պետք է գիտենալ, որ չորս նշաններով է երևում, թե մարդն օծված է Սուրբ Հոգով:
Առաջին նշան՝ երբ փայտը ձեթով կամ յուղով է պատված, արագ է այրվում կրակի մեջ: Այդպես էլ նա, ով օծված է Սուրբ Հոգով՝ Աստծո պատվիրանները ջերմեռանդ սիրով է կատարում:
Երկրորդ նշան՝ եթե որևէ մեկն իր վրա ձեթ է քսած լինում, ապա հակառակորդի ձեռքը չի կարողանում բռնել նրան, այլ սահում է, ինչպես որ անում են ըմբշամարտիկները: Այդպես էլ՝ եթե մարդը չի
բռնվում սատանայի կողմից և փորձություններից չի պարտվում, նշանակում է, որ օծված է Սուրբ Հոգով:
Երրորդ նշան՝ եթե իրը յուղված է, ապա փայլփլում է: Այդպես էլ, երբ մարդն օծված է Սուրբ Հոգով, միտքը նրա լուսավոր է և ճանաչել է տալիս բարին ու չարը:
Չորրորդ նշան՝ եթե սայլի սռնին յուղված է, ապա թեպետ ծանր էլ բարձված լինի, ձայն չի հանում, այլ հանդարտորեն ընթանում է: Իսկ երբ յուղված չէ, խիստ ճռնչում է: Այդպես էլ, եթե մարդն օծված է
Սուրբ Հոգով, բոլոր ծանր բեռները, այսինքն՝ աղքատությունը և նեղությունները տանում է գոհությամբ և ոչ թե տրտնջալով: Իսկ եթե չի կատարում Աստծո պատվիրանները, ընկնում է սատանայի փորձությունների մեջ: Եվ կույր է նրա միտքը, քանզի բարին չար է տեսնում, իսկ չարը՝ բարի: Իսկ երբ վրա են հասնում նեղությունները, և մարդը դժվարությամբ և տրտնջալով է դրանք կրում, ապա նշան է, որ օծված չէ Սուրբ Հոգով: Այլ Ինքը՝ Սուրբ Հոգի Աստված, թող արժանի դարձնի մեզ օծման ողորմությանը և Իր շնորհներին ու պարգևներին: Եվ Նրան փառք հավիտյանս հավիտենից: Ամեն:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից