Հուլիսի 10-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։ Նա պետական գործիչ էր‚ գաղափարի մարդ‚ սկզբունքային ու պայքարող։ Երբեք չդավաճանեց իր սկզբունքներին‚ և այդ որակների շնորհիվ էր‚ որ նրան հաջողվեց լուրջ առաջընթաց ապահովել մեր երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Կարեն Վարդանյանը երկար տարիներ արժանապատվորեն պայքարում էր ծանր հիվանդության դեմ։ Սովորական մարդկանց դեպքում նման հիվանդություն ունեցողը չէր էլ կարող տանից դուրս գալ‚ բայց Կարեն Վարդանյանը սովորական մարդ չէր‚ նա նվիրյալ էր‚ լեգենդ‚ կենսական հզոր ուժ ունեցող անհատականություն։
Կարեն Վարդանյանի մասին պատմում են նրա ընկերները։
ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ- Կարեն Վարդանյանը ձգտում էր միշտ նորին։ Գյուտարարի ուղեղ ուներ‚ համակարգային մտածողություն։ Կարենը 25 տարեկան էր 1988 թվականին‚ երբ բոլորն էին մասնակցում Արցախյան շարժմանը։ Մենք մի խումբ ստեղծեցինք‚ որ հետո դարձավ «Սահմանադրական իրավունք միության» կորիզը‚ որը Արցախյան շարժման մաքուր ակունքներից էր սնվել սկզբնական շրջանում‚ և հետո ակունքներն այդպիսին պահելով՝ փորձեցինք ավելի խորանալ էության մեջ։ Եվ այնպես եղավ‚ որ խմբի բոլոր անդամները որոշեցին այդ պարզությունը պահել‚ պարզապես ավելի տրամաբանված շարունակել շարժումը‚ և 1989-ի կեսերից ընդհանուր շարժման հետ ունեինք թեթև հակասություններ։ Իսկ երբ շարժումը վերածվեց կենտրոնական կառավարման մի խմբի‚ հետագայում՝ կուսակցության‚ մենք մյուս անկախականների հետ դուրս մղվեցինք շարժման կառուցվածքից‚ բայց կարողացանք մեր սեփական ազդեցությունը պահպանել ևս 20 տարի‚ որից հետո դուրս մղվեցինք նաև քաղաքական դաշտից‚ որովհետև արդեն կոկորդին կանգնած ոսկորի նման էինք դարձել՝ շարժման սկզբնական նպատակները պաշտպանելու իմաստով։ Եվ դա ոչ միայն քաղաքական կյանքի փորձ էր‚ այլև հայ հասարակության‚ նրա տարբեր կառույցների հետ շփվելու հմտություններ‚ մարտավարություն‚ ռազմավարություն։ Եվ այդ կուսակցությունից անջատված առողջ մասը արդեն կայացած անհատականություններ էին‚ որոնք այսօր հասարակական դաշտում տարբեր կարգավիճակներում են հանդես գալիս։ Նրանք իրականացնում են Հայաստանին վերաբերող այն հայեցակարգերի մասերը‚ որոնք 20 տարիների ընթացքում ընդհանուր էին դարձել մեզ մոտ։ Մասնավորապես‚ Կարենը իրականացրեց «Արմատ» ծրագիրը։ «Արմատը» ես համարում եմ զարգացող Հայաստանի մեր տեսլականի փոքր մոդելը‚ որտեղ ներդրված է միջավայրի ցանցային կառուցվածքը‚ ամեն օղակի կարևորությունը ընդհանուր համակարգի աշխատանքում։ Ամենակարևոր‚ ամենատեսանելի տարրերից մեկն այն է‚ որ «Արմատն» ապակենտրոնացված է‚ և առաջին հերթին տեղադրվել է սահմանամերձ շրջանների գյուղերի դպրոցներում։ «Արմատը» նպաստում է սահմանների պաշտպանությանը‚ սահմաններ գծելուն։ «Արմատը» հավասարաչափ գործում է ինչպես Հայաստանի մասը կազմող Արցախում‚ այնպես էլ Հայաստանը շրջապատող հայկական շրջաններում և ցանցի ընդհանուր տրամաբանության մեջ է։ ԱՏՁՄ-ն ընդհանուր ռեսուրսներ ծախսեց‚ ներառյալ՝ կառավարության ռեսուրսները‚ բայց մնաց ինքնուրույն զարգացող ծրագիր։ Կողքից որևէ գաղափար‚ որևէ տրամաբանություն‚ որ հակասում է «Արմատի» հայեցակարգին‚ որը ես նույնացնում եմ Հայաստանի Անկախության հռչակագրով Հայաստանի տեսլականին‚ չի կարողանում ներս թափանցել ու այնտեղ բույն դնել։ Այդ առումով Կարենն իրականացրեց իր աշխարհայացքի համապատասխան Հայաստանի փոքր մոդելը և գուցե հենց դրանով հակադրության արժանացավ։ Մարդիկ կային‚ հիմնականում արտաքին ուժերի կողմից ղեկավարվող‚ որ փորձեցին «Արմատը» իր զարգացման գագաթնակետին (նկատի ունեմ 2019 թվականին կառավարության հետ հաջող համագործակցությունը) առնվազն մեկ տարով սառեցնել։ Ոչ միայն սառեցվեց‚ այլև խոչընդոտներ առաջացան‚ որ կարող են արդեն գործող կառույցի քայքայման պատճառ դառնալ։ Ես վստահ եմ‚ որ «Արմատն» այն թափն է հավաքել‚ որ կհաղթահարի նաև այս դժվարությունը։
-Կարենից հետո նրա ձևավորած ավանդույթները ՏՏ ոլորտում կշարունակվե՞ն‚ ի՞նչ եք կարծում։
-Սա այն դեպքերից է‚ որ անհատի դերը դժվար է թերագնահատել։ Տեղին չէ ասել‚ որ անփոխարինելի մարդիկ չկան‚ սակայն Կարեն Վարդանյանը դժվար փոխարինելի մարդ է‚ և լավագույն‚ իդեալական շարունակության դեպքում տեսնում եմ‚ որ ավելի շատ կոլեկտիվ կառավարում պետք է լինի ԱՏՁՄ-ում‚ քան մեկ անհատի վրա հիմնված կառավարում։
ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ- Երիկամների հետ կապված հիվանդությունը Կարեն Վարդանյանի մոտ ի հայտ է եկել 1990-ականների կեսերին։ 1998 թ. ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ ՍԻՄ կուսակցությունն առաջադրել էր Հրանտ Խաչատրյանի թեկնածությունը, իսկ Կարեն Վարդանյանը նախընտրական շտաբի պետն էր։ Որպես շտաբի պետ՝ նա գրեթե ամեն օր գնում էր Նորքի բարձունք՝ Հանրային հեռուստաընկերություն՝ հերթական տեսահոլովակը կամ ելույթը տեղադրելու եթերում։ Եվ հերթական անգամ անցնելով փոսերով պատված Նորքի ճանապարհով՝ զգաց երիկամի ցավեր, ինչը նրան հասցրեց հիվանդանոց։ Որոշվեց վիրահատել, վիրահատությունից հետո բժիշկը դուրս եկավ և ասաց, որ ստիպված են եղել հեռացնել երիկամը։ Իհարկե անսպասելի էր այդ հայտարարությունը, սակայն որպեսզի կասկած չառաջանա‚ բժիշկը ներկաներին հրավիրեց տեսնել հեռացված երիկամը, որն ահռելի չափեր ուներ, ու նույնիսկ զարմանալի էր, թե այդ չափերի երիկամն ինչպես էր նրա մարմնում տեղավորվում։ Ըստ էության, 1998 թ. արձանագրվեց, որ երիկամային հիվանդությունը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում էինք։ Շատ կարճ ժամանակ անց վնասվեց նաեւ երկրորդ երիկամը։ 2000-ականների սկզբից Կարենը շաբաթական երեք անգամ դիալիզի էր ենթարկվում, և շատերը, որոնք գրեթե ամեն օր նրան տեսնում էին հեռուստատեսությամբ, չէին էլ պատկերացնում, որ նա ծանրագույն հիվանդություն ունի։ Հետագայում նա դարձավ ՏՏ ոլորտի առաջնորդն ու լոկոմոտիվը, որը հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաները մրցունակ դարձրեց միջազգային շուկայում։
-Այդ կենսուժը որտեղի՞ց նրա մոտ։
-Կարեն Վարդանյանը ահավոր սիրում էր կյանքը։ Ես նրան շուրջ 45 տարի ճանաչում եմ, միշտ եղել է կենսասեր, մեծ հումորով, ամեն ինչին նայում էր լավատեսորեն, «դուխից» երբեք չէր ընկնում։ Իհարկե, տարիների ընթացքում կենսափորձի շնորհիվ շատ բաներ նրա մեջ ցեմենտվեցին։ Բոլորը տեսնում էին նրա մարտական ոգին, կռիվ էր տալիս իր սկզբունքների համար։ Չէր նայում՝ ով է իշխանություն, ով ընդդիմությունը։ Նա ուներ խնդիր, և այդ խնդիրը պետք է լուծեր։ Եթե համարում էր, որ այդ պահին պետք է բուլդոզերով առաջ ընթանալ, ապա չէր վարանում։ ՀՀ բոլոր իշխանություններն իրենց մաշկի վրա զգացել են այդ բուլդոզերի թափը։ Նրան հետաքրքրում էին ոչ թե գումարը, պաշտոնը, փառքը, պարգևները, որ մեկումեջ նրան տալիս էին, այլ երկրի համար կարևորագույն խնդիրները, իր ծրագրերը։ Նա ծրագրում էր «Արմատ» ծրագիրը ներդնել բոլոր դպրոցներում։ Եվ ասում էր՝ այդ նպատակին հասնելուց հետո ես կգնամ թոշակի, քանի որ ինձ նոր մոտիվացիաներ են պետք։ ՈՒրիշներն այդ հիվանդությամբ նույնիսկ տանից դուրս չէին գալիս։ Հաշմանդամության առաջին կարգի հիվանդություն ուներ։ Կարեն Վարդանյանը, սակայն, նույնիսկ հաշմանդամության կարգ ստանալու համար չէր դիմել։ Նա իրեն հիվանդ չէր համարում։ Նա իր արժանապատվությունից ցածր էր համարում, որ ինչ-որ մեկն իմանա, որ ինքը հիվանդ է, և դա անդրադառնար իր նկատմամբ վերաբերմունքին։ Դիալիզից հետո մարդիկ մեկ օր ուշքի չեն գալիս։ Կարենը դիալիզից անմիջապես հետո աշխատանքի էր գնում։ ԱՏՁՄ աշխատակիցների մի մասը սովորել էր ներարկել։ Ով նրան այցելել է վերջին տարիներին, գիտեր, որ նա բազմոցին էր պառկած։ Միայն պաշտոնական հանդիպումների ժամանակ էր նստում, շատ թույլ էր։ Մի անգամ լրագրողներից մեկը զանգեց, հարցրեց՝ պարոն Հակոբյան, կարո՞ղ եք հուշել, թե որտեղ է նստում Կարեն Վարդանյանը։ Պատասխանեցի՝ ճիշտն ասած՝ պարոն Վարդանյանը չի նստում, այլ պառկում է ԱՏՁՄ-ում։ Մտավորական ընտանիքից էր՝ Հայաստանի հողի, ջրի հետ կապված։ Համացանցում նկարներ են շրջանառվում, որտեղ Կարենը փաթաթված է որևէ քարի, ծառի։ Նա խոստովանում էր, որ էներգիա է քաղում հողից, քարերից, բնությունից։ Շատերն էին նրան հորդորում, որ գնա տուն, հանգստանա։ Բայց ես կասկածում եմ, որ եթե նա իրեն հիվանդի նման պահեր, այսքան կապրեր։ Կարենը սեպսիսից մահացավ։ Վերջին 15 տարվա ընթացքում 4-րդ սեպսիսն էր նրա մոտ։ Ցանկացած բժիշկ, որ բուժում էր Կարենին, ընկերանում էր նրա հետ, հիանում էր նրա մարդկային տեսակով։ Նրա մշտական բժիշկը` Արմեն Ավոյանը, PicsArt-ի հիմնադրի՝ Հովհաննես Ավոյանի եղբայրը, միշտ ասում էր, որ բուժման ընթացքում հույսը դնում էր Կարենի ներքին ռեսուրսի վրա։ Վերջին անգամ էլ, երբ Կարենին տեղափոխեցին հիվանդանոց, Արմեն Ավոյանը կրկին ասաց՝ նույն ծանրագույն վիճակն է, և միակ հույսը Կարենի ներքին ռեսուրսն է, ու զարմացած արտահայտվեց՝ լավ, ինչքա՞ն կարող է «դուխ» ու ռեզերվ ունենալ։
Կարենին անհնար է չհարգել։ Նույնիսկ հակառակորդները նրան ընդունում էին որպես լեգենդ‚ որպես ժայռ‚ որպես հեղինակություն։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ