Գործատուն պարտավոր է հարգել աշխատողի աշխատանքային իրավունքը` առանց գործադուլավորի պարտադրման
21.02.2020 | 01:07
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ «Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք»:
ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է, որ յուրաքանչյուր աշխատողի աշխատավայրը և շրջապատող միջավայրը պետք է լինեն անվտանգ, հարմար և առողջության համար անվնաս, կահավորված՝ աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան։ Այդ ամենը պարտավոր է ապահովել գործատուն։
Սակայն գործատուները ոչ միշտ են պահպանում ՀՀ Սահմանադրության և «Աշխատանքային օրենսգրքի» այս պահանջները՝ մասնավորապես Հայաստանի տնտեսության մեջ մեծ կշիռ ունեցող և ռիսկային համարվող հանքարդյունաբերության ոլորտում: Արդյունքում հաճախակի են դարձել հանքագործների իրավունքների խախտման պատճառով նրանց կազմակերպած, երբեմն էլ տարերային բնույթ կրող գործադուլները:
Փետրվարի 10-ից Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հինգ հանքային տեղամասերում 50-60 հանքագործներ գործադուլ էին սկսել: Նրանք պահանջում էին աշխատավարձի բարձրացում, հանքափորի համազգեստի տրամադրում, հանքային տեղամաս հասնելու համար նախատեսված տրանսպորտի ապահովում, հանքում աշխատելու ժամանակ սննդով ապահովում, հանքում պայթեցումների համար աշխատավարձի տրամադրում, աշխատանքային գործիքների բարելավում, հանքում օդափոխության խնդրի լուծում: Իսկ պահանջների չկատարման դեպքում որոշել էին այլևս չաշխատել, թեև աշխատանքային վտանգավոր պայմաններում անգամ Ախթալայի բնակիչները սերնդեսերունդ աշխատել են տեղի լեռնահարստացման կոմբինատում:
Եռօրյա գործադուլը դադարեց աշխատավարձի բարձրացման և փակ հանքային տեղամասերում աշխատանքային ծանր պայմանների բարելավման պահանջով գործադուլավոր հանքափորների ներկայացուցիչների և կոմբինատի տնօրեն Սամվել Խաչատրյանի հանդիպումից հետո: Վերջինս խոստացել էր առանց նախապայմանի բարձրացնել հանքագործների աշխատավարձը, ապահովել գործող հանքի նորմալ օդափոխության համար անհրաժեշտ պայմաններով, այդ թվում՝ նորմալ աշխատանքային գործիքներով, արտահագուստով, սննդով, տրանսպորտով, մյուս պահանջները խոստացել էր կատարել ընթացքում: Բանակցությունների ժամանակ հանքագործները զգուշացրել են, որ գործադուլավորներից որևէ մեկին գործադուլին մասնակցելու համար պատժելու, աշխատանքից հեռացնելու դեպքում գործադուլը կվերսկսվի, որին հաջորդել է նրանց պահանջների կատարման մասին կոմբինատի տնօրենի հավաստիացումը:
ԿՈՄԲԻՆԱՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
«Արհմիությունների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանվում է արհեստակցական միության` գործադուլներ և զանգվածային այլ միջոցառումներ անցկացնելու իրավունքը: «Արհեստակցական միությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել հավաքներ, գործադուլներ և հանրային միջոցառումներ, դրանց հետ կապված բանակցություններ վարել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների, այլ կազմակերպությունների, նրանց պաշտոնատար անձանց հետ»:
Քանի որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքագործների գործադուլն ավելի շատ ինքնաբուխ բնույթ էր կրում, «Իրատեսը» մի քանի հարց ուղղեց լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ:
-Թեև կոմբինատում գործող արհմիութենական կազմակերպություն չկա, սակայն «Արհմիությունների մասին» ՀՀ օրենքով (հոդված 16) «Տվյալ գործատուի մոտ արհեստակցական կազմակերպության բացակայության դեպքում, օրենսդրությամբ սահմանված կարգով, աշխատողների շահերի պաշտպանության գործառույթները կարող են փոխանցվել համապատասխան տարածքային կամ ճյուղային արհեստակցական միությանը»: Կոմբինատի աշխատողներն այդպես էլ վարվել են՝ իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով դիմել են ինձ»,- ասաց մեր զրուցակիցը:
Նրա փոխանցմամբ` գործատու-աշխատող հարաբերությունների կարգավորման միակ և լավագույն միջոցը կոլեկտիվ պայմանագրի կնքումն է, որով գործատուն պարտավորվում է ճանաչել աշխատավորական կոլեկտիվի օրինական ներկայացուցիչը հանդիսացող արհմիության լիազորությունները. «Ճյուղային հանրապետական միությունը պատրաստվում է կոմբինատի ղեկավարության հետ կնքել կոլեկտիվ պայմանագիր, ինչը կնպաստի արժանապատիվ աշխատանքի միջազգայնորեն ընդունված նորմերին համապատասխանող պայմանների ապահովմանը: Կոմբինատի տնօրեն Սամվել Խաչատրյանը մեզ հետ հեռախոսազրույցում հավաստիացրել է, որ մինչև մարտ ամսվա սկիզբ աշխատողների ներկայացրած պահանջները լիովին կբավարարվեն: Ես զերծ կմնամ երաշխավորել նրա խոստումները, թեև մասամբ իրականացվել են դրանք, իմ նպատակն է ամրապնդել գործատու-արհմիություն երկկողմանի հարաբերությունները»:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- ՈՍԿԵՊԱՐ. այդ քաղցր բառը՝ խաղաղություն
- «Արվեստագետն ու գիտնականը պիտի համոզվեն, որ թիկունքում պետություն կա»
- «Արհմիություն-գործատու համագործակցությունից կշահեն թե՛ աշխատողը, թե՛ գործատուն ու իր բիզնեսը»
- «Ներկայիս կառավարման համակարգը ոչնչով չի տարբերվում նախկին իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունից»
- Երանի թե հայ գյուղացու բոլոր օրերի լուսաբացն ու մայրամուտն ավարտվեն խինդով և ուրախությամբ
- «Անհրաժեշտ է կանխել գյուղնշանակության հողերի դեգրադացումը»
- Ահագնացող աշխատանքային միգրացիան երկիրը «դատարկեց» որակյալ մասնագետներից
- Ոչ միայն երազանք, այլև իրականություն
- Տուրիզմով զբաղվելու համար նախ պետք է սիրել հայրենիքը
- Գառնառիճ՝ երեք պետությունների խաչմերուկում ապրող գյուղը
- «Վայել չէ թագավորի և իշխանի համար գողեր և ավազակներ ունենալ, այլ միայն լրտեսներ, որ հետախույզներ են»
- «Արհմիությունների հանդեպ վստահության վերականգնումը պետք է սկսել զրոյից»
- Աշխատողը պետք է ստանա այնքան աշխատավարձ, որ այն բավարարի ոչ թե գոյատևելու, այլ ապրելու համար
- «ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը չկարողացավ լուծել ԵՊՀ արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը»
- Գազատար խողովակները կան, բայց բնակիչը գերադասում է փայտը
- Դիլիջանն իր ռեսուրսներով կարող է ապրել
- Մեղրի եկողը, դեռ չմեկնած, մտածում է հաջորդ այցի մասին
- Տաշտունը 160 ծուխ ուներ, այսօր մնացել է 22-ը՝ 60 բնակչով
- Անտառներով շրջապատված բնակավայրն իր ջեռուցման հարցը լուծել չի կարողանում, օրենքը թույլ չի տալիս
- «Սյունիքի մարզը պատերազմող երկիր է, յուրաքանչյուր փակ դուռ հավասարազոր է պոստի լքման»
Մեկնաբանություններ