ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Վրացական փոխատեղում՝ ի՞նչ սպասել Ղարիբաշվիլիի կառավարությունից

Վրացական փոխատեղում՝ ի՞նչ սպասել Ղարիբաշվիլիի կառավարությունից
23.02.2021 | 12:20

Վրաստանի խորհրդարանը վստահության հարցով քվեարկելու է կառավարությանը, որի վարչապետի թեկնածու է առաջադրվել Իրակլի Ղարիբաշվիլին, որ մինչ այդ ՊՆ նախարար էր: Նա արդեն վարչապետ եղել է՝ 2013-2015-ին: Ղարիբաշվիլին հաջորդում է հրաժարական տված Գեորգի Գախարիային: Նա կդառնա վերջին 8 տարիներին 6-րդ վարչապետը:

Ի՞նչ է փոխում Վրաստանի կառավարությունում այդ փոխատեղումը, դեռ դժվար է ասել: Վրացի փորձագետների գնահատականով՝ երկրում քաղաքական շքերթի հրամանատարը մնում է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, իսկ Ղարիբաշվիլին համարվում է նրա մերձավորը: Որո՞նք են Գախարիայի ու Ղարիբաշվիլիի քաղաքական դիրքորոշումների տարբերությունները, նույնպես դժվար է ասել: Թբիլիսիում բոլորն ասում են, որ «Գախարիան Իվանիշվիլիից տարբեր տեսակետ ուներ մի քանի հարցերում, որոնց հետևանքով գերադասեց հրաժարական տալ»: Բայց ոչ ոք կարգին չգիտի՝ ինչ հակասություններ են եղել: Հազիվ թե տարբեր տեսակետներ են եղել «Ազգային միացյալ շարժման» ղեկավար Նիկա Մելիայի վերաբերյալ, ում ձերբակալության որոշում է կայացվել: Դա կարող էր միայն առիթ լինել, ինչպես և Մելիայի իրավիճակը սրելու խաղը: Վրացի փորձագետ Գեորգի Մչեդլիվաշվիլին պնդում է, որ իրադարձությունների ընթացքը հարուցում է «Վրաստանի արևմտյան գործընկերների որոշակի տագնապն ու անհանգստությունը»: Ինչու՞: Ղարիբաշվիլին ասում էր «ճիշտ խոսքեր՝ ուրվագծելով իր կառավարության գլխավոր ուղղությունները՝ ինտեգրում ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին»: Այնուհանդերձ՝ կան կարևոր նյուանսներ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Մյունխենի Անվտանգության հարցերով համաժողովում, Ռուսաստանն ու Չինաստանն անվանեց «ԱՄՆ անվտանգության առանցքային սպառնալիքներ»: Բայդենը խոսեց «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը» հավատարմության մասին, իսկ Վրաստանին նկատի ուներ միայն ՆԱՏՕ-ի հետ ալյանսի ենթատեքստում:

Բայց Ղարիբաշվիլին նախկինում հայտարարել է, որ «Վրաստանը կարող է վերադարձնել իր պատմական առաքելությունը տարածաշրջանում, զարգացնելով սերտ համագործակցություն Չինաստանի հետ»: Նա ողջունել է Չինաստանից Վրաստան առաջին երկաթուղային բեռնափոխադրումը, մտածում էր Եվրոպայի այլ երկրներից, Միջերկրածովյան և Սևծովյան ավազաններից բեռնափոխադրումների մասին: Հազիվ թե նրա հայացքներն այդ ուղղությամբ փոխվել են, հատկապես ղարաբաղյան պատերազմից հետո, երբ սկսեցին խոսել տարածաշրջանում հաղորդակցության միջանցքների ապաշրջափակման մասին, իսկ չինական «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախագիծը սկսեց մոտենալ Անդրկովկասին: Ստացվում է՝ «Վրացական երազանքում» Ղարիբաշվիլիի վարչապետ նշանակման դեպքում հաղթում է նույն «պատերազմի կուսակցությունը»: Ավելին՝ Վրաստանը կարող է ակտիվ դրեյֆ սկսել ԱՄՆ-ից Եվրոպա, որի կողմնակիցն է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Բրիտանական The Spectator-ը ենթադրում է, որ Վրաստանը որոշակի սրբագրումներ է անելու իր տարածաշրջանային քաղաքականության մեջ:

Փոխվել է աշխարհաքաղաքական իրավիճակը, հեռանում են Արևմուտքի՝ Վրաստանին աջակցության դրդապատճառները: Հավելեք Թուրքիան, որ Թբիլիսիում ընկալվում էր Արևմուտքի տազմավարական գործընկեր, հեռանում է Արևմուտքից՝ ալյանս կազմելով Ռուսաստանի հետ: Բացի այդ՝ ձևավորվել է թուրք-ադրբեջանական տանդեմ, իսկ խայծը ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամության տեսքով, որ արդեն «համարյա երկու տասնամյակ գայթակղիչ շողում է Վրաստանի առաջ», խնդիրներ է ստեղծում «Անդրկովկասում Արևմուտքի քաղաքականության առաջին պլանում մնալու» ձգտման հետ: Շատերն են հիշում, որ ՊՆ նախարար Ղարիբաշվիլին 2020-ին կազմակերպել է ռուսական արխիվներում պահպանվող ՆԳԺԿ-ի ժամանակների տոպոգրաֆիկ քարտեզների տեղափոխումը Թբիլիսի: Այն ժամանակ իշխանությունները հայտարարեցին, որ քարտեզները կօգնեն հարևան Ադրբեջանի հետ տարածքային վեճում Դավիդ Գարեջի վանական համալիրի շուրջ: Կվերադառնա՞ այդ թեմայիբ նոր վարչապետը: Բաքուն հայտարարում է, որ տարածքային զիջումներ չի անի և նույնպես խոսում է վանական համալիրի մշակութային արժեքի մասին: Ադրբեջանում համալիրն անվանում են Քեշիկչիդաղ և համարում են Կովկասյան Ալբանիայի կարևոր պատմական հուշարձան:

Այս ուղղությամբ կանխատեսումները տարբեր են՝ Վրաստանի հետ Ադրբեջանի համագործակցությունից մինչև առճակատման, բայց եթե գործարկվեն այն քաղաքական ուժերը, որ ռևիզիայի են ենթարկում ղարաբաղյան վերջին պատերազմի արդյունքները: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Ղարիբաշվիլին չի կարողանա թաքնվել արտաքին քաղաքականության պրոբլեմներից ներքաղաքական ճգնաժամով: Վրաստանին իր պատմական դերի պատճառով ներքաշելու են ՌԴ-ԵՄ-ԱՄՆ-Մերձավոր Արևելք աշխարհաքաղաքական համակարգի կոորդինատների մեջ և նա ստիպված է լինելու առանց պատրանքների որոնել աշխարհաքաղաքական հավասարակշռություն ազդեցության այդ կենտրոնների միջև, այլ ոչ թե միայն կոնսենսուս պահպանել նախկին արտաքին քաղաքական գերակայությունների վերաբերյալ: Այդպիսին է տարածաշրջանում սկսված բարդ գործընթացի տրամաբանությունը: Վրաստանի ընդդիմությունը, ինչպես միշտ, դժգոհ է իշխանական կառույցներում փոխատեղությունից և նոր ելույթներ է նախապատրաստում խորհրդարանի վերընտրության վերաբերյալ իշխանության հետ բանակցությունների ձախողման դեպքում: Վրաստանի առաջին Սահմանադրության 100-ամյակի առիթով ելույթ ունենալով խորհրդարանում Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարեց. «Մենք կորցրել ենք և այսօր էլ կորցնում են շատ ժամանակ անվերջանալի հակասությունների ու բևեռացման վրա, առաջ գնալու համար պետք է միասնություն և համաձայնեցված քայլերով նպատակին հասնելու կամք»: Դժվար է չհամաձայնել:

Ստանիսլավ Տարասով, REGNUM

Հ.Գ. Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի իրագործումը զգալիորեն կկրճատի Ասիայի և Եվրոպայի միջև բեռների փոխադրման համար անհրաժեշտ ժամանակը, ինչը թույլ կտա Վրաստանին հավելյալ ապրանքներ ներգրավել տարանցիկ փոխադրման համար՝ ասվում է Վրաստանի նոր կառավարության 2021-2024 թվականների ծրագրում: Վրաստանը կշարունակի ինտեգրումը միջազգային տրանսպորտային համակարգերում և կխորացնի տարածաշրջանային համագործակցությունը տարանցիկ միջանցքի մրցունակությունը բարձրացնելու նպատակով:

«Ծրագրում ենք աշխատել գործընկեր երկրների հետ տարանցիկ միջանցքի թվային ապահովման ուղղությամբ, որ կբարձրացնի Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների արդյունավետությունն ու կայունությունը»,- ասվում է վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարական ծրագրում, որը երեկ նա ներկայացրեց խորհրդարանին: Նա նշել է կառավարության կարճաժամկետ առաջնահերթությունները և խոստացել վարչապետի պաշտոնում հաստատվելու դեպքում ներկայացնել Վրաստանի զարգացման 10-ամյա ծրագիրը: Գախարիա-Ղարիբաշվիլի փոփոխությունը ներկուսակցական խնդիր է, Վրաստանում քաղաքական կուրսի փոփոխություն չի լինելու: Վրացիները, իհարկե, տեղ ունեն Ջո Բայդենից նեղանալու, որ ինչպես Ուկրաինայի դեպքում, չկարևորեց Վրաստանի տարածքային ամբողջականությունը, բայց նաև պիտի շնորհակալ լինեն, որ դրանով չսրեց Մոսկվա-Թբիլիսի հարաբերությունները: Իվերջո, Ղարիբաշվիլին ծանր ժառանգություն է ընդունում՝ կորոնավիրուսը, կարծես, նոր է հիշել Վրաստանի տեղը, մասնակի լոկդաուններից հետո արժեզրկվել է լարին, զբոսաշրջությունը համարյա չաշխատեց, ընդդիմությունն էլ նոր ընտրություններ է պահանջում… Իսկ Դավիթ Գարեջիի հարցում Վրաստանը նահանջի տեղ չունի՝ Կովկասյան Ալբանիան Բաքվում հնարված պետություն է և Քեշիկչիդաղ երբեք չի եղել, եղել է Դավիթ Գարեջի վանական համալիր՝ ինչպես Դադիվանքը երբեք չի եղել ալբանական… Բայց դա շատ մեծ քաղաքականություն է՝ ՌԴ-ԵՄ-ԱՄՆ-Մերձավոր Արևելք աշխարհաքաղաքական համակարգի կոորդինատների մեջ, հավելեք Թուրքիային: Նույնքան մեծ «աշխարհաքաղաքականություն» կարող է խաղարկվել Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև՝ ոչ առանց Թուրքիայի ստվերային ներկայության: Պատրանքներ արդեն չունեն նաև Կրեմլում, բայց փորձում են Թուրքիայի հետ պահել կեղծ աշխարհաքաղաքական հավասարակշռություն:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ




Դիտվել է՝ 223323

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ