ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ջուրն իր ճամփան դեռ չի գտնում

 Ջուրն իր ճամփան դեռ չի գտնում
01.07.2023 | 16:03

Հողը միայն վարուցանքի և բերքի համար չէ: Հողը նախ սերունդների հայրենիք է՝ ապուպապերի արյունով նվաճած հիշողության դաշտ ու նաև հոգեկերտվածք ձևավորող, որով էլ ճշտվում է ժողովրդի ապրելու և հարատևելու արժեհամակարգը:

Ասում ենք ջրասակավ Հայաստան...

Իսկ գուցե միայն ջրի՞ց չէ այդ սակավությունը: Սովորաբար ամեն ինչի սակավությունը ավելի շուտ առաջանում է հնարավորությունները սխալ օգտագործելուց: Մասնագետների կարծիքով՝ Հայաստանում կա 7 միլիարդ 300 միլիոն խորանարդ մետր հոսող ջուր։

Այդ քանակից տարեկան օգտագործվում է 2 միլիարդ 300 միլիոն խորանարդ մետրը, իսկ 5 միլիարդը հոսում է Հայաստանից դուրս։

Մեր խելքից է, որ մեր ջուրը միայն ուրիշի ծարավն է հագեցնում։

Ափսոսանքով ենք նայում նաև գարնան վարար հեղեղներին (սելավներին), որոնք իզուր կորչում եմ կամ էլ լցվում մեր Մայր Արաքսն ու, որպես անհատույց նվեր, գնում հարևան երկրներին:

Եվ մենք ստիպված Սևանն ենք դատարկում, որ բերքը չչորանա:

Ավելի սարսափելին՝ տեղումերից վարարած մեր գետերի ջրից, երբ մեկը ճարահատ առանց ասելու ջուր է կապում, որ գոնե ծառերը չչորանան, գալիս տուգանում են որպես ջրգողի:

Հողագործը ջրգո՞ղ․․․

Սա արդեն չափից ավելին է: Եվ ծառերն անջուր չորանում են, այգիներն անապատ դառնում, երբ մեր այդ ջրով օտարները բերք են հավաքում:

Իսկ տուգանողները հողի ու ջրի հարկը մի քիչ ուշացնող և վարկերի տոկոսով տագնապող հողագործին հաճախ մաշկահան են անում՝ չսպասելով գոնե բերքի հավաքմանը։։

Միայն տիրոջ զգացումով է հողն ու ջուրը պահում ժողովրդին։

Ժողովուրդն իմաստուն է ասում՝ ջուրը կյանք է: Եվ բնականաբար՝ այն վատնելը չարիք է: Հիշողություն ունեցող ջրին պետք է տնօրինել այնպես, ինչպես ժողովրդին են կառավարում (իհարկե ոչ այսպես):

Հիմա բուն խնդիրը՝ վերջին 30 տարում քանի՞ ջրամբար է կառուցվել Հայաստանում, թեկուզ ամենապրիմիտիվ միջոցներով քանի՞ գետի հոսքն է մասնակի կուտակվել և ոռոգման տարեշրջանին ջուրը համեմատաբար էժան գնով տրվել հողագործին:

Դե հաշվեք, թե 30 տարում քանի՜ հողագործ է չորացած այգուն ու տանը հրաժեշտ տվել: Ապահովեք հողագործին ջրով, և հայրենիքը սիրող ոչ մի գյուղանբակ չի արտագաղթի:

Իսկ քաղաքին կերակրողը գյուղն է: Եվ որքան էլ տարօրինակ թվա ոմանց համար, այսօր մեր ազգային գենոֆոնդը պահպանող առաջնային գործոններից մեկը ջուրն է, որն անտեր հոսում է դեպի դուրս: Եվ անապատանում է տասնյակ հազարավոր հեկտար հող, որը կարող է միլիոնների կերակրել:

Մի՞թե պարզ չէ, որ Հայաստանում գյուղատնտեսությունը չի զարգանում հատկապես ջրի սակավության պատճառով, ավելի ճիշտ՝ ջրի բնական ու մյուս պաշարները ճիշտ չօգտագործելով: Տասնամյակներով ներկրողների աչքը լույս, նաև՝ նախարարների։ Մտքում թաքուն կարգախոս ունեն՝ «Մեղր քաշողը մատը կլիզի»։

Էդքան լիզել կլինի՞:

Ներկրումով մեկը կհարստանա, իսկ ջրամբարով հազարը կփրկվի սովից։ Ինչպես Շեքսպիրի Համլետը կասեր. «Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ»։

Բայց ախր՝ շատ դժվար է դառնալ նախարար ու լինել ազնիվ:

30 տարում ինչո՞վ էին զբաղված գյուտնտեսության նախարարությունը և ջրային պաշարները տնօրինող կոմիտեն․ գուցե ներկրումների մեջ փայ մտնելո՞վ, թե՞ խամաճիկորեն յոլա գնալով:

Հավանաբար երկուսն էլ: Եվ նրանք ջուր էին ծեծում՝ ջուր ամբարելու փոխարեն: Հակառակի պես՝ Հանրապետությունում գյուղատնտեսությունը գերակա ոլորտ հռչակած իշխանությունը փակեց Գյուղատնտեսության նախարարությունը՝ ոլորտը դարձնելով անջուր ջրաղաց:

Գոնե տարիներով կիսակառույց ջրամբարներն ավարտեին։ Մասնավորապես կիսակառույց է մնացել Սովետի ժամանակ սկսած Եղվարդի հսկա ջրամբարը, որի բնական հոսքերից ու վտակներից ամբարվող ջրով տասնյակ հազարավոր հեկտարներ կոռոգվեին, ու բարեշեն գյուղերը չէին մատնվի սովի, կնվազեր Սևանից բաց թողնվող ջրապաշարը:

Եվ այս պայմաններում հարյուրավոր ու հազարավոր հեկտարներով խոշոր հողատերերը զանազան միջոցներով ու մասնակի վճարումներով օգտագործում են եղած հիմնական ջրային պաշարները՝ անպաշտպան հողագործին թողնելով մի մատնոց ջուր: Մասնավորապես՝ Եղվարդի ջրամբարի շինարարությունը սկսվել է 1984 թվականին, սովետական տարիներին կառուցվել է 40 տոկոսը, իսկ հետագա իշխանությունների ժամանակ բոլոր ղեկավարների համար այն դարձավ նախընտրական խոստումների գայթակղությունների փորձաքարը։ Բավարարվենք մի խոստումով։ Նախագահական ընտրությունների քարոզարշավում Սերժ Սարգսյանը խոստացավ՝

«Մենք պատրաստվում ենք կառուցել այնպիսի կարևոր օբյեկտներ, ինչպիսիք են Եղվարդի, Քախսիի և Վեդու ջրամբարները»։

Անջուր տարիներ են հոսել։ Առայժմ կիսակառույց և անհայտ ճակատագրով ջրամբարներում ջրի փոխարեն միայն խոստումներ են լցվում, որոնցով անապատացվում են տասնյակ հազարավոր հեկտար ջրածարավ հողեր։

Վերջին տարիներին վաճառվում են հազարավոր խորանարդ մետր ջրատարողությամբ արհեստական ջրամեկուսիչներով տարբեր չափերի ջրամբարներ, որոնք անհամեմատ մատչելի են և արագ են հավաքվում: Ավելի նպատակահարմար չէ՞ ոլորտին տրվող ֆինանսական միջոցների ու վարկերի մի մասը տրամադրել նման փոքր չափերի ջրամբարների պատրաստմանը, ինչը մասնակիորեն կլուծի խնդիրը:

Այսօր ժողովրդից ավելի դժվար է ջրային պաշարները կառավարելը։

Իհարկե որոշ քայլեր կատարվում են չարաշահումները կանխելու, բայց ջրի ճամփան դեռ մաքուր չէ:

Ասում են՝ «Ջուրն իր ճամփան կգտնի», էնքան էլ ճիշտ չէ, որովհետև ջրի ճամփան կտրողները շատ են:

Նախ պետք է կառավարիչների խղճի ու պատասխանատվության ճամփան մաքրել, հետո ջուրն իր ճամփան կգտնի:

Անշուշտ տնտեսական վերելքի գաղափարը որդեգրող իշխանությունների տնտեսական զարգացման հայեցակարգերում առաջնային դրույթներից մեկը պետք է դառնա ջրային պաշարների ռացիոնալ օգտագործումն ու նոր ջրամբարների հիմնումը՝ անարդյունք հոսող և դրսում կորչող գետերի, բնական տեղումների ու սելավաջրերի կուտակումով կարողանանք փրկել անապատացող հազարավոր հեկտար ծարավ հողերն ու անջուր հողատիրոջը:

Սա ռազմավարական ծրագիր է, որի անտեսումը խիստ ուրախացնելու է մեր թշնամիներին։

Մի մոռացեք՝ այդ ծարավ հողն է մեր Հայրենիքը:

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Հ․Գ․ «Հոգի ունենք տալու» գիրքը կարող եք ձեռք բերել «Բուկինիստ» գրախանութից։

Դիտվել է՝ 32447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ