«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Շատ բան կախված է լինելու իշխանության գործողություններից

Շատ բան կախված է լինելու իշխանության գործողություններից
01.05.2009 | 00:00

ՈՉԻՆՉ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ
Եվ այսպես, կարող ենք արձանագրել` երկար ժամանակ ՀՅԴ-ի վերնախավի կողմից քաղաքական մանիպուլյացիաներում օգտագործվող թեզը, թե մենք իշխանության մեջ ենք, բայց իշխանություն չենք ու պատասխանատու չենք ամեն ինչի համար, այլևս դադարեց ժողովրդական լայն զանգվածների նկատմամբ աշխատելուց։ Հակառակ դեպքում, նաև նկատի ունենալով լուրջ արտաքին քաղաքական զարգացումները, այն կարող էր վերջնականապես դեգրադացնել հայկական հնագույն քաղաքական կուսակցությունը։
Ակնհայտ է, որ վերջին տասը տարիներին պարբերաբար դաշնակցությունը դուրս էր մնում իր կայուն գաղափարախոսական կերպարից, ինչը վաղ թե ուշ պետք է հանգեցներ նրան, որ ՀՅԴ-ն կունենար անդառնալի ընտրազանգվածային կորուստ և կդադարեր լինել ինքնատիպ, ֆունկցիոնալ ու համազգային խնդիրներում նշանակալի քաղաքական ուժ։ Ինչպես էլ լինի, ի պատիվ դաշնակցականների, նրանք կարողացան հաղթահարել իշխանության մեջ գտնվելու իներցիան, կուսակցական վերնախավի անձնական շահախնդրությունները և վերջապես վերադարձան իրենց համար բնական վիճակի` ընդդիմադիր դաշտ։ Եվ այստեղ անհրաժեշտ է արձանագրել մի շատ կարևոր, նույնիսկ ճակատագրական հանգամանք, թեկուզ և այն կարող է ՀՅԴ ֆունկցիոներների դժգոհությունը հարուցել։ Սկզբունքորեն, ելնելով պատմական փորձից, կուսակցության անցած ուղուց, գաղափարախոսությունից ու ծրագրից, դաշնակցության նման խիստ ազգայնական ուժի առկայությունն իշխանության մեջ, ժամանակակից քաղաքական հասարակարգում, ոչ միայն ցանկալի չէ, այլև կարող է հանգեցնել պետության հեղինակության զգալի կորստի։ Համենայն դեպս, խաղաղ պայմաններում։
Հիշատակելի է և այն, որ չնայած ավելի չափավոր կուսակցականների ջանքերին (ՀՅԴ-ում միշտ երկու թև կա` չափավոր և արմատական), դաշնակցությունը ոչ միայն չի հրաժարվել Հայ դատի ծրագրային հիմնադրույթներից, այլև պայքարի արմատական մեթոդներից։ Ըստ այդմ, վերջին տասը տարիներին հանրությունը հարկադրված էր վկան լինել տրագիկոմիկական իրավիճակների, երբ դաշնակցական փոխարտգործնախարարը հայտարարում էր, թե Ջավախքը մեր պատմական հայրենիքն է, իսկ պետությունը «ցնցվում» էր հարևան պետության դիվանագիտական նոտաներից։ Կամ էլ «կարծր» դաշնակցականը եվրոպական կառույցներում հարկադրված է լինում համաձայնել հայկական հոգեկերտվածքին անհարիր նորմերի ամրագրման հետ։ Եղել է և ուրիշ շատ բան, սակայն այսօր, թերևս, կարելի է աղոտ հույս փայփայել, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը կվերադառնա պատմության կողմից իր համար նախատեսված ազգային շահերի պաշտպանության դաշտ։ Իբրև ավանդական կուսակցություն` դաշնակցությունը կոչված է ազգային շահերի պաշտպան լինելու և իր ուսերին տանելու այդ պատվավոր ու ծանր առաքելությունը։ Ի վերջո, այդ կուսակցության գործող ֆունկցիոներներից ոչ մեկը չի ստացել համազգային արժեք հանդիսացող դաշնակցությունը իբրև պապենական ժառանգություն, որպեսզի, ըստ ցանկության, վարվի այդ կուսակցության կարողությունների, յուրահատուկ նշանակության և առաջնահերթությունների հետ։
Եվ այնուհանդերձ, պակաս կարևոր չէ նաև փորձել հասկանալ, թե որոնք են տեղի ունեցածի իրական շարժառիթները։ Առաջին տարբերակը, բնականաբար, գաղափարախոսական բաժանումն է։ Չի կարելի բացառել, որ հայ-թուրքական համաձայնություններով ձևավորված «ճանապարհային քարտեզը» վերջին կաթիլն էր, որը ճեղքեց իշխանության մաս կազմելու 11 տարիների ընթացքում գոյացած լճացման պատնեշը, և անգամ իշխանության մեջ գտնվող կուսակցական ֆունկցիոներներն իրենց ու կուսակցության համար արձանագրեցին, որ այլևս նույն հունով շարունակելու ճանապարհ չկա։ Թեպետ, հանուն արդարության, պետք է նշել, որ դժգոհությունը ինչպես կուսակցության հայաստանյան շարքերում, այնպես էլ սփյուռքում, հետևողականորեն աճում էր, և իշխանության «հակազգային» գործողություններին աջակցելը կարող էր դառնալ կուսակցական կարգապահության սահմանները ջնջող վերջին կաթիլը։ Իսկ այդպիսի սցենարն իր մեջ ունի բավականին վտանգավոր, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հնարավոր դրսևորումներ ոչ միայն կուսակցության վերնախավի, այլև երկրի համար առհասարակ։ Ինքնաբուխ գործողությունները դաշնակցականների կողմից` ընդհանուր խորապատկերի վրա, կարող էին խիստ բացասական հետևանքներ ունենալ, մանավանդ որ իշխանությանը վարկաբեկելու ցանկություն ունեցողները քաղաքապետական ընտրությունների նախաշեմին քիչ չեն ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում։
ՀՅԴ-ի` ընդդիմություն անցնելու վերաբերյալ երկրորդ վարկածն առնչվում է իշխանությունների հետ հնարավոր պայմանավորվածությունների` ընդհանուր արտաքին քաղաքական խաղի շրջանակում։ Բոլորովին չի բացառվում, որ սա լավատեսական սցենար է, բայց որի դեպքում իսկապես ապահովվում է մի կողմից` կուսակցության բնական կենսագործունեությունը, մյուս կողմից` իշխանությունը ստանում է մանևրի լայն հնարավորություն` այսօր գործադրվող ակնհայտ և ուժեղ արտաքին ճնշման պայմաններում։ Հիշեցնենք, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին ազգային անվտանգության համակարգի և ՀՅԴ-ի միջև գոյություն ուներ համագործակցություն, երբ միանգամայն հաջողված կերպով օգտագործվում էր դաշնակցության արմատական ընդդիմություն լինելու հանգամանքն ամենադրամատիկ իրավիճակներում։ Անշուշտ, գործող նախագահն այդ ամենից շատ լավ տեղյակ է, ինչպես նաև պատահական չէր, որ Ղարաբաղի առաջին ղեկավարությունը գրեթե ամբողջությամբ կազմված էր դաշնակցականներից, իսկ ՀՅԴ մարտական ջոկատները ճակատի առաջին գծում էին։ Նույն ժամանակահատվածում Երևանում դաշնակցությունն անհրաժեշտ պահին անցկացնում էր հզոր բողոքի ցույցեր, երբ Հայաստանի նկատմամբ կիրառվող արտաքին ճնշումը դառնում էր խիստ վտանգավոր։
Հետագա տարիներին Ռոբերտ Քոչարյանը փլուզեց այդ համակարգը` հիմնական ազգայնական ուժերին ընդգրկելով իշխանության մեջ։ Սակայն այլ ազգայնական, ընդդիմադիր դաշտ ձևավորել այդպես էլ չհաջողվեց և ՀՅԴ-ն փաստորեն այսօր էլ մնում է դիմադրության կազմակերպման միակ իրական միջոցը, եթե նկատի ունենանք, որ ՀՀԿ-ն «բիզնես-կլանի» իր ներկա կերպարով գործնականում կորցրել է ազգայնական գաղափարախոսական բաղադրիչը։ Մինչդեռ իշխանությունը կարիք ունի հակակշռի, որը, ի դեմս ներկա ընդդիմության, գործնականում բացակայում է։ Իսկ պետական կառույցները ներկա աշխարհաքաղաքական հակադրության պայմաններում կարող են ուղղակի չդիմանալ արտաքին ճնշմանը, ինչը վտանգավոր է ինչպես իշխանության, այնպես էլ համազգային շահերի տեսանկյունից։ Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը, քաղաքական ուղեգծից ու գաղափարախոսական առաջնահերթություններից ելնելով, ընդունակ չէ հավասարակշռող բևեռի դեր կատարելու։ Հետևաբար, դաշնակցականների` ընդդիմություն անցումը «ըստ պայմանավորվածության», սկզբունքորեն միակ արդյունավետ տարբերակն է արտաքին ճնշմանը դիմագրավելու առումով։ Ընդ որում, պետք չէ անտեսել այս կապակցությամբ նաև այլ աշխարհաքաղաքական կենտրոնների հնարավոր մասնակցությունը, մասնավորապես Իրանի երաշխավորությունը, որի ազդեցությունը ՀՅԴ ղեկավար շրջանակներում բավականին մեծ է։ Մանավանդ որ հնարավորություն է ստեղծվում ավելի բարենպաստ իրադրություն ձևավորելու քաղաքական դաշտում, մեծացնելու խորհրդարանի դերակատարությունը, տրամաբանական և լայն մրցակցության պայմաններում անցկացնելու Երևանի ավագանու ընտրությունները։
Եվ վերջապես, ամենաբացասական ու անցանկալի սցենարը, անշուշտ, կարող է լինել այն, եթե ՀՅԴ-ն ընդդիմություն է անցել` գործիք դառնալով որոշակի արտաքին ու ներքին ուժերի ձեռքին, որոնք դժգոհ են ներկա իշխանության վարած քաղաքականությունից։ Այս դեպքում դրական զարգացումների ակնկալիքներ լինել չեն կարող։ Ավելին, եթե դաշնակցության նոր կամ գուցե և հին հովանավորները հրահրեն ՀՅԴ-ին արմատական գործողությունների, ապա սկզբունքորեն չի կարելի բացառել նրանց դաշինքը վաղեմի հակառակորդ ՀՀՇ-ի հետ։ Բոլորը, ի վերջո, հիշում են ՀՅԴ-ի հետ կամուրջներ ստեղծելու Լևոն Տեր-Պետրոսյանի «սենսացիոն» փորձը։ Այդպիսի դաշինքը ոչ միայն սկզբունքորեն ծայրահեղ այլանդակ կլիներ գաղափարախոսական իմաստով, այլև վտանգավոր` երկիրը երկարաժամկետ անկայունության մեջ ներքաշելու առումով։ Մնում է, թերևս, հուսալ, որ երրորդ սցենարն իրատեսական չէ և անիրագործելի է։ Թեպետ, իհարկե, հետագա գործընթացներում շատ բան կախված է լինելու իշխանության գործողություններից, թե որքանով նա կկարողանա հարաբերությունները կարգավորել նոր ընդդիմություն դարձած դաշնակցության և, լայն առումով, ամբողջ քաղաքական դաշտի հետ։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1812

Մեկնաբանություններ