«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Եվրոպացիների, ռուսների ու վրացիների դավադրության արդյունքում Սաակաշվիլին կդրվի զոհասեղանին»

«Եվրոպացիների, ռուսների ու վրացիների դավադրության արդյունքում Սաակաշվիլին կդրվի զոհասեղանին»
06.03.2009 | 00:00

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎՐԱՑԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
Հարցազրույց ճանաչված քաղաքագետ և վերլուծաբան ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ
-Պարոն Մուրադյան, տարածաշրջանային զարգացումներում նախկինի պես շատ է կարևորվում Վրաստանի իրավիճակը։ Ինչո՞վ է այն բնութագրվում այժմ, ի՞նչ սպասելիքներ կան։
-Վրաստանում ամեն ինչ կարծես թե համարժեք է. կառավարելիությունը, տնտեսական ու սոցիալական կայունությունը, իշխանությունը ունի բնակչության տարբեր խավերի, հատկապես երիտասարդության բավարար աջակցությունը։ Երկիրը շարունակում է ստանալ զգալի արտաքին օժանդակություն, վերականգնվում են զինված ուժերը, տնտեսական ու սոցիալական ոլորտներում իրագործվում են նախօրոք հռչակված ծրագրերը։
Կասկած չկա, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը կշարունակեն աջակցել կառավարող ռեժիմին, եթե նա իշխանությունը պահելու ընդունակություն ցուցաբերի։ Թեպետ միաժամանակ ընդդիմությունը պնդում է, թե երկիրը խոր քաղաքական ու տնտեսական ճգնաժամի մեջ է, և, ամենակարևորը, համարժեք կառավարում բացարձակ գոյություն չունի։ Հավանաբար, այս տրամադրությունների պատճառն իշխանության սոցիալական բազան ընդլայնելու և ազգային համախմբման նոր քաղաքական իրավիճակ ստեղծելու Մ. Սաակաշվիլու անկարողությունն է, թեպետ Վրաստանը հսկայական քայլեր է կատարել վարչարարության ոլորտում։ Կոռուպցիա, իհարկե, կա, բայց չի սպառնում պետականությանը, իշխանության բուրգը լիովին համարժեք իրագործում է առաջադրված խնդիրները։ Վարչակազմը լրիվ նորացվել է և արդեն ունի անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմն ու փորձառությունը։
Է. Շևարդնաձեի կառավարման ժամանակաշրջանում տպավորություն էր ստեղծվում, որ վրացական պետականությունը չի կայացել, և շուտով Վրաստանը ձեռք կբերի չկայացած կամ սնանկացած պետության կարգավիճակ։ Սկզբունքորեն դա էլ տեղի ունեցավ, և հարկ է նշել, որ Մ. Սաակաշվիլին, իբրև անձ, հնարավորություն ստեղծեց իրագործելու անհնարինը։ Վրացական ճգնաժամի մասին (ինչը ես չեմ տեսնում) դատողություններ անելիս հարկ է նկատի ունենալ վրաց-ռուսական պատերազմից հետո տիրող խոր հիասթափությունը։ Վրաց հասարակությունը կցանկանար «ազատվել» այդ շատ տհաճ ու ցավալի էպիզոդից, իսկ դա հնարավոր է միայն մի ճանապարհով` ամեն ինչ մեղավորի վրա գցելով։ Եվ դրանով իսկ արդարացնել արտաքին մարտահրավերները չընդունելու, զոհողությունների ու ռիսկի չդիմելու ցանկությունը։ Մ. Սաակաշվիլին համարժեք է և արդյունավետ, որքան կարող է լինել վրաց քաղաքական գործիչը ներկա պատմական ու սոցիալական պայմաններում։ Նույնիսկ հանճարեղ նախագահի դեպքում Վրաստանն ավելի կառավարելի չէր լինի, քան կա։
-Դուք համարում եք, որ Մ. Սաակաշվիլին պատասխանատու չէ՞ 2008-ի օգոստոսյան աղետի համար։
-Շատ հարմար է դատողություններ անել, ընդունված կատեգորիաներից ելնելով նկարագրել ճգնաժամի «սարսափները»։ Վրաստանում ճգնաժամ է լինում միայն այն պատճառով, որ դա Վրաստանն է, և ուրիշ այլ բան ուղղակի պետք չէ։ Ճգնաժամը վրաց հասարակության` արտաքին աշխարհի հետ շփվելու միջոցներից մեկն է։ Ոչինչ դրա հետ անել չես կարող։ Ներքաղաքական սկանդալների հայկական մեթոդը, իբրև իր մասին հիշեցնելու ձև, վրացական սցենարների թույլ ստվերն է միայն, այն էլ այն պատճառով, որ Երևանում շատ են վրացահայերը։ Ինչ վերաբերում է Մ. Սաակաշվիլու պատասխանատվությանը 2008-ի օգոստոսյան իրադարձությունների համար, ապա դա էլ շատ հարաբերական է։
Վրաստանի նախագահն ընդունեց արտաքին մարտահրավերը և ձեռնարկեց կանխարգելիչ գործողություններ` ավելի մեծ աղետը կանխելու համար։ Վրաստանի ընդդիմությունը միանգամայն տրամաբանորեն համարում է, որ եթե նա չձեռնարկեր «արշավանքը» դեպի Հարավային Օսիա, ռուսներն առիթ չէին ունենա Վրաստանը գրոհելու։ Ենթադրենք, թե այդպես է։ Բայց այն թեզը, թե Մ. Սաակաշվիլին ռազմական գործողություններ ձեռնարկեց երկրի ներսում իր դիրքերն ամրապնդելու համար, խիստ կասկածելի է։ Պատերազմի պատճառները ներքաղաքական չեն։ ԱՄՆ-ն ու առաջատար եվրոպական պետությունները ճանաչել էին Կոսովոն, Ռուսաստանը սկսել էր Աբխազիայի ու Հարավային Օսիայի` իր կազմ փաստացի վարչական ինտեգրացման գործընթացը, իսկ Վրաստանին մերժեցին ՆԱՏՕ ընդունել։ Դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ տարածքների կորստի համոզիչ հեռանկար և «մարգինալ» պետության կարգավիճակ։ Ոչ միայն նախագահի, այլև Վրաստանի համար ծնվել էր վերջին շանսը, և այդ իմաստով Հարավային Օսիայում գործողությունները, իհարկե, կանխարգելիչ բնույթ ունեին։ Այդ ժամանակ գտնվելով Վրաստանում և հետևելով բնակչության պահվածքին` վստահեցնում եմ, որ ազգը չէր ողջունում նախագահի մտադրությունը։ Դա ժողովրդի պատերազմը չէր, և նույնիսկ բնակչության արմատականորեն տրամադրված խմբերն էին շփոթված վիճակում։ Վրաստանի գործադիր իշխանությունը խորհրդարանական հանձնաժողովում հետաքննության ժամանակ պետք է ներկայացներ ոչ թե հեքիաթներ Ռուսաստանի հարձակման մասին, այլ նշված տարածքների վերջնական կորստի փաստարկները, և այդ ժամանակ վրացական հասարակության մեջ կձևավորվեին ավելի համարժեք գնահատականներ։
Այդ իմաստով Մ. Սաակաշվիլին լիովին կարող էր ազգային հերոս դառնալ, եթե չլիներ երկու հանգամանք։ Նախ` նա լսեց արտաքին խորհրդատուներին և բանակին առանց դիմադրության նահանջելու հրաման տվեց։ Որովհետև ինչ-որ մեկին շատ անհրաժեշտ էր, որ ռուսական զորքերը հնարավորինս խոր թափանցեն Վրաստանի տարածք։ Քանզի առաջացել էր Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանում նոր ռազմավարություն կիրառելու անհրաժեշտություն, ինչը կարժանանար Եվրամիության հավանությանը։ Վրացական զինված ուժերը հեշտությամբ կարող էին տասն անգամ ավելի ռուսական տանկեր խփել, քան արեցին դա։ Եվ դրա համար պետք չէր աշխարհում լավագույն բանակը լինել, այդպիսի տեղանքային պայմաններում կարելի էր այրել ռուսական տանկերի մեծ մասը։ Դա իսկապես հանցագործություն էր Մ. Սաակաշվիլու կողմից իր ժողովրդի նկատմամբ։ Երկրորդ հանցանքը և՛ իր, և՛ օս ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններ իրականացնելու, օս ժողովրդին ոչնչացնելու փորձն էր։ Այսպիսի կապիտալով դժվար է մնալ նախագահ և շփվել արտաքին աշխարհի հետ, բայց ոչ նման աշխարհաքաղաքական պայմաններում։ Վրաստանի առջև կանաչ լույս է վառված ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Եվրամիության կողմից, ընդ որում, մի քանի տասնամյակի կտրվածքով կամ առնվազն` մինչև ԱՄՆ-ի հռչակած եվրասիական ռազմավարության մեջ տեղի կունենան արմատական փոփոխություններ։
-Ինչպիսի՞ն են ռուս-վրացական պատերազմի արդյունքները Հայաստանի համար։
-Հայաստանի ղեկավարությունն ու հասարակությունը վերջապես հասկացան, որ բացարձակ շրջափակման սպասել պետք չէ, պետք է պատրաստվել դրան։ Բայց դա չէ գլխավորը։ Այդ պատերազմը հանգեցրեց մի իրավիճակի, երբ Հարավային Կովկասը բաժանված է ազդեցության, ավելի ճիշտ` ներկայության գոտիների։ Եվ Ռուսաստանը կորցրեց ղարաբաղյան հարցը հօգուտ Ադրբեջանի նույնքան «կտրիճավարի» լուծելու հնարավորությունը, ինչը փորձում էր իրականացնել չհասունացած քաղաքական գործիչների բանդան Դմիտրի Մեդվեդևի շրջապատից։ Հայաստանը կարողացավ մերժել Ռուսաստանի այդ առաջարկն առանց կորուստների և նույնիսկ շահելով դրանից։ Բայց միայն վրացական իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակի շնորհիվ։ Ծեծկռտուքը Հարավային Կովկասում որոշակի իմաստով ավարտված է, հնարավոր բռնցքակռվի հրապարակը տեղափոխվում է Կենտրոնական Ասիա։
-Ինչպիսի՞ն է ԱՄՆ-ի ու Եվրամիության դիրքորոշումը Վրաստանի քաղաքական հեռանկարի առումով, նրանց վերաբերմունքը Մ. Սաակաշվիլու և Վրաստանի նկատմամբ։
-Անհրաժեշտ է վերհիշել մի մոռացված հանգամանք. ռուսական զորքերի Վրաստան մտնելուց անմիջապես հետո ԱՄՆ-ի պետքարտուղար Ք. Ռայսն իր գործընկեր Ս. Լավրովի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ հետևողականորեն խնդրում էր հարավօսական իրադարձությունների հետ կապված չօգտագործել «ցեղասպանություն» բնորոշումը։ Ես այն ժամանակ ենթադրեցի, որ դա շատ կարևոր է ԱՄՆ-ի համար, որպեսզի իրենց գործընկերն ու դաշնակիցը չմեղադրվի օսերի նկատմամբ նման գործողություն իրականացնելու համար։ Եվ եթե Ռուսաստանը դադարեց այդ մասին խոսելուց, ուրեմն ամերիկացիների հետ հաջող առևտուր է եղել։
Այժմ տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ը կցանկանար հրաժեշտ տալ Մ. Սաակաշվիլուն` որպես շատ անհարմար գործընկերոջ։ Ըստ «ամենախելոք վրացու» բնորոշման, «նա ոչ մեկի հետ խոսել չի կարողանում, բացի Կաչինսկուց»։ Բայց, միաժամանակ, նույնիսկ ԱՄՆ-ի նոր վարչակազմի համար անընդունելի է այն քաղաքական գործչի «հանձնումը», որին ամերիկացիները ներկայացրել են իբրև օրինակելի ժողովրդավարի և իրենց բարեկամի։ Ընդունելի չէ նաև զանգվածային միջոցառումների միջոցով Մ. Սաակաշվիլու հեռացումն իշխանությունից։ Ամերիկացիներին պետք է Մ. Սաակաշվիլու հեռացման քաղաքակիրթ և արդարացված տեխնոլոգիա` տարածաշրջանում Վրաստանի և նույն ԱՄՆ-ի հեղինակության պահպանմամբ։ Վրաց քաղաքագետների գնահատմամբ, այդպիսի տեխնոլոգիա կարող են դառնալ արտահերթ նախագահական ընտրությունները կամ էլ յուրօրինակ «փոխանակումը»։ Այսինքն` ընդդիմությունը չի պահանջում արտահերթ նախագահական ընտրություններ, անցկացվում է արտահերթ խորհրդարանական ընտրություն և փոփոխություն սահմանադրության մեջ։ Արդյունքում ստեղծվում է խորհրդարանական հանրապետություն և այլն։ Այսինքն` որոշ ուժեր շահագրգռված են Վրաստանում իշխանության թուլացմամբ, այնպիսի նախադրյալների ստեղծմամբ, երբ Վրաստանում կվերահաստատվի Է. Շևարդնաձեի ժամանակվա մոդելի ժողովրդավարություն։
Ամերիկացիներն իրենց վերլուծաբանների միջոցով բավական հստակեցրել են իրենց դիրքորոշումը։ Նրանք ակտիվորեն չեն միջամտի գործընթացին, բայց կաշխատեն իշխանության բերել իրենց համար ընդունելի քաղաքական գործչի։ Կասկած չկա, որ ներկայիս առաջատար ընդդիմությունը` «Նոր աջերի» միավորումը, Հանրապետական կուսակցությունը և Նինո Բուրջանաձեի խմբավորումը միանգամայն ընդունելի են ամերիկացիների համար։
-Բայց որքանո՞վ կարդարանան ընդդիմության սպասումները կամ ծրագրերը։
-Վրացական ընդդիմությունը, ինչպես միշտ, տարաբաժանված է։ Զարմանալի է, որ ընդդիմության շատ փոքր մասն իրեն դիտարկում է իբրև համընդհանուր և այլընտրանք չունեցող ուժ։ Առկա է համախմբում Իրակլի Ալասանիայի շուրջ, ով, անկասկած, շատ հեռանկարային քաղաքական գործիչ է, բայց հասկանալի չեն նախագահի պաշտոնին հավակնելու նրա հիմքերն իբրև ընդդիմության լիդեր։ Չնայած ավելի լավ է Ի. Ալասանիան, քան տարբեր քաղաքային խուլիգաններ, ովքեր իրենց համապատասխան են համարում Վրաստանը փրկելու համար։ Ի. Ալասանիան կարող է դառնալ նաև վարչապետ` Մ. Սաակաշվիլու նախագահության պարագայում, և դա կարող է լինել փոխզիջումային տարբերակ։
Ես կարծում եմ, որ Մ. Սաակաշվիլուն բավական է ընդլայնել իշխանության քաղաքական ու սոցիալական բազան, լոյալ պատգամավորների շրջանակը խորհրդարանում, գործադիր իշխանություն բերել նոր մարդկանց` այլ կուսակցությունների նոր սերնդի ներկայացուցիչների, և «ճգնաժամը» կհանգուցալուծվի։ Դրանով չեմ ուզում ասել, թե ընդդիմությունը սկզբունքային չէ, պարզապես Մ. Սաակաշվիլին բոլորովին էլ չի սպառել իր քաղաքական ռեսուրսները։ Թեպետ կա նաև մի էկզոտիկ տեսություն, որ Մ. Սաակաշվիլին կհեռանա իշխանությունից բոլորովին ինքնակամ, առանց տեսանելի պատճառների, ամերիկացիներից ու վրացիներից, այսինքն` իր ժողովրդից նեղացած։ Չգիտեմ որքանով է հնարավոր, բայց այդ կապակցությամբ բավական մեծ հույսեր կան, ու այստեղ ինչպե՞ս չհիշել Էդուարդ Ամբրոսիևիչին, որին խորհրդարանից դուրս բերեցին ոտքերից ու ձեռքերից բռնած։ Մի խոսքով, Ի. Ալասանիան կշարունակի իրագործել հայտնի ծրագիրը, բայց Մ. Սաակաշվիլու հեռացումը նախագահի պաշտոնից ցույց կտա նաև, որ Հարավային Կովկասի երկրների համար սկզբունքորեն անհնարին է բազմավեկտոր արտաքին քաղաքականության իրագործումը` առանց լուրջ արտաքին միջամտության։
-Ի՞նչ են նշանակում փոփոխությունները Վրաստանի կառավարությունում։
-Կադրային փոփոխությունները ոչինչ չէին նշանակի նույնիսկ վարչապետի դեպքում, եթե չլինեին հրաժարական տալու էկոնոմիկայի նախարարի մտադրությունները, որով կդադարեն Կախա Բենդուկիձեի ռեֆորմները։ Նրա հեռանալը Վրաստանում փոփոխությունների լուրջ ազդանշան է։ Ավելի ճիշտ` իշխող ռեժիմի նկատմամբ արևմտյան հանրության կամ նրա մի մասի վերաբերմունքի փոփոխության։
-Ինչպե՞ս կբնութագրեիք Վրաստանի արտաքին քաղաքականությունը հիմա` հայտնի իրադարձություններից հետո։
-Վրաստանի արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ պայմանավորված է ԱՄՆ-ի ու Եվրամիության ռազմավարությանը կապվածությամբ։ Վրաստանը չունի այլ քաղաքական ռեսուրսներ իր արտաքին քաղաքականությունն իրագործելու համար, նա շատ «անհասկանալի» գործընկեր է Եվրասիայում, իսլամական աշխարհի երկրների, ինչպես նաև Արևելքի շատ քաղաքական էլիտաների ու հասարակությունների համար Վրաստանը «երկրորդ Իսրայել» է։ Հնարավորություն եմ ունեցել տեսնելու, թե ինչպես արաբական ու իսլամական երկրների շատ փորձագետներ ու քաղաքագետներ գոհ էին Ռուսաստանի գործողություններից` ընդդեմ Վրաստանի, ինչը գնահատվում էր իբրև հակաամերիկյան գործելակերպ։ Վրաց ժողովրդի նկատմամբ բացասական տրամադրություններ չկան, բայց Մ. Սաակաշվիլուն դիտարկում են ինչպես Իսրայելի քաղաքական գործիչներին։ Եվրոպայում, այդ թվում` Կենտրոնական, Վրաստանին սկսել են վերաբերվել ավելի զգուշավոր։ Եվրոպական քաղաքական գործիչները կարող էին այլընտրանք առաջարկել եթե ոչ Մ. Սաակաշվիլուն, ապա Վրաստանին և առավելագույնս տարանջատել նրան ԱՄՆ-ից։ Սակայն, եվրոպական փորձագետների կարծիքով, ֆրանսիական ու գերմանական քաղաքական էլիտաները զգուշանում են, որ Վրաստանը նորից կսկսի խնդրել իրեն ընդունել Եվրատլանտյան կառույցներ։
Այնուհանդերձ, վրաց քաղաքական էլիտան հուսախաբված և նեղացած է ԱՄՆ-ից ավելի, քան եվրոպացիներից։ Այդ պատճառով էլ Եվրամիության նախաձեռնությունները, ամենից առաջ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, չեն կարող գրավիչ չդառնալ Վրաստանի համար։ Այդ կապակցությամբ եթե նախկինում Վրաստանը մեծամտորեն ինքն իրեն դիտարկում էր իբրև Արևելքում Արևմուտքի ֆավորիտ և արհամարհանքով էր վերաբերվում Հարավային Կովկասի այլ երկրների հետ ինտեգրացիոն նախագծերին, հիմա Թբիլիսիում ավելի շահագրգիռ են դարձել հարևանների, այդ թվում` Հայաստանի հետ հարաբերությունների առումով։ Եթե ներկայիս Վրաստանը դիտարկենք բոլորովին նոր աշխարհաքաղաքական կառուցվածքում, ապա երկիրն իսկապես հայտնվել է բավականին նեղ «միջանցքում», մինչդեռ Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են համախմբվել տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Այս պահին Վրաստանը չի հասցրել կարգավորել հարաբերություններն Իրանի հետ, աճում է նրա տարածաշրջանային մեկուսացումը։ Նախկինում դա չկար, բայց նոր իրավիճակը գոյության նոր պայմաններ է թելադրում, ու Վրաստանն ավելի ակնհայտ է զգում «Պանամական ջրանցքի» իր կարգավիճակը, երբ երկիրը դարձել է արտաքին ուժերի կոմունիկացիոն քաղաքականության օբյեկտ։ Ցավոք, վրացական էլիտան ու հասարակությունը միանգամայն գիտակցաբար, ընդ որում, որպես հաջողության և հեղինակության գրավական, ընտրեցին տրանզիտային-սերվիսային մոդելը` իբրև տնտեսության ու հասարակության հիմք։
-Ինչպե՞ս կզարգանան վրաց-ռուսական հարաբերությունները։
-Ռուսները կարծես ավելի են նեղացած վրացիներից, քան վերջիններս` ռուսներից։ Սակայն այդ երկու ժողովուրդներն էլ արագ են մոռանում վիրավորանքը, շատ մոտ են միմյանց կրոնական-մշակութային առումով։ Արևելասլավոնական ժողովուրդներից հետո վրացիները ռուսներին ամենամոտ ժողովուրդն են։ Ժամանակակից վրացական մշակույթը, ընդունում են դա վրացիները, թե ոչ, ընդհանուր ուղղափառ, ռուսական-կայսերական մշակույթի մի մասն է։ Նույնիսկ Վրաստանի` արևմտյան երկիր դառնալու անզուսպ ձգտումը պայմանավորված է ռուսական պատմության ու մշակույթի ընդհանուր վեկտորով։ Երկու ժողովուրդներն էլ և հատկապես էլիտաները, ուզում են ապրել իբրև եվրոպացիներ, ֆունկցիոնալ լինել ամերիկացիների նման։ Որքան էլ դա ծիծաղելի երեխայություն թվա, կան ընդհանուր արժեքներ ու առաջնահերթություններ։ Այդ պատճառով երկարատև հակադրություն Ռուսաստանի ու Վրաստանի միջև չի լինի, հարաբերությունները կկարգավորվեն շատ ավելի շուտ, քան թվում է։ Կհավաքվեն, թեկուզ ոչ իսկական «Խվանչկարա» կխմեն ու կհաշտվեն։
-Եվ ռուսները կուզենան գործ ունենալ Մ. Սաակաշվիլու հե՞տ։
-Ո՛չ։ Տեղի կունենա դավադրություն եվրոպացիների, ռուսների, վրաց ընդդիմության և գուցե Մ. Սաակաշվիլու ներկայիս համախոհների մասնակցությամբ։ Եվ այդ քաղաքական գործիչը, որ զոհեց շատ վրացիների կյանքեր ու ինքն իրեն` հանուն իր հայրենիքի, այս անգամ կդրվի զոհասեղանին։ Ի դեպ, դա ամերիկացիներին միանգամայն ձեռնտու տարբերակ է, եթե Վրաստանը, մնալով իրենց քաղաքականության ուղեծրում, կարգավորի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ ԱՄՆ-ի համար դա իդեալական տարբերակ է։ Այդպիսին է այն քաղաքական գործիչների ճակատագիրը, ովքեր հաշվարկում են գրեթե ամեն ինչ` իրենց երկրի իրական հավակնություններից բացի։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1975

Մեկնաբանություններ