«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի շահերի հարաբերակցությունը

Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի շահերի հարաբերակցությունը
04.08.2009 | 00:00

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Վրաստանն ու Ադրբեջանն ավանդաբար դիտարկվում են ոչ միայն բարեկամ պետություններ, այլև գործընկերներ ու դաշնակիցներ, որոնց միավորում են քաղաքական ու տնտեսական բավական լուրջ պայմանագրեր։ Ընդհանուր առմամբ Վրաստանն ու Ադրբեջանը կարևոր օղակներ են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմավարության մեջ` նավթի ու գազի արդյունահանման, տեղափոխման, ինչպես նաև ռազմական տրանզիտի առումով։ Երկու երկրներն էլ գտնվում են արևմտյան հանրության, հատկապես ԱՄՆ-ի բավական ուժեղ վերահսկողության ներքո և հանդիսանում են որոշակի գեոտնտեսական փորձադաշտ, ուր փորձարկվում են ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի տարբեր նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն քաղաքականացնել Հարավային Կովկասը, օգտագործել նրա քաղաքական պայմանները` Ռուսաստանի ու Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Թեկուզ և այս ռազմավարությունը լիարժեք չէ և հանգեցնում է հակասության ամերիկա-բրիտանական տանդեմի գլխավոր նպատակի առումով, իսկ այդ նպատակը, այնուհանդերձ, գազն ու նավթն են։
ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան եվրոպական հանրության մասնակցությամբ փորձում են տարածաշրջանը բերել ընդհանուր շահերով շաղկապված որոշակի իրավիճակի։ Այդ քաղաքականության առանցքը Վրաստանն ու Ադրբեջանն են, և տվյալ հանգամանքը դրական է ազդում վրաց-ադրբեջանական հարաբերությունների զարգացման վրա։ Սակայն 2005-2006-ից սկսած` ի հայտ եկան վրաց-ադրբեջանական մի շարք հակասություններ, որոնք գոյություն են ունեցել միշտ, բայց` քողարկված։ Որոշիչ հանգամանք հանդիսացավ երկու կարևորագույն էներգետիկ կոմունիկացիաների` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Շահդենիզ-Էրզրում տրանսկովկասյան գազամուղի կառուցման ավարտը, որոնք վերակառուցված Բաքու-Սուփսա նավթամուղի հետ ձևավորեցին էներգետիկ կոմունիկացիաների հիմնական համակարգը Հարավային Կովկասում, որը միմյանց է շաղկապում Ադրբեջանն ու Վրաստանը։
Թեկուզ և Ադրբեջանը ժամանակին լուրջ զիջումներ կատարեց Վրաստանին` կոմունիկացիաների շահագործման եկամուտների առումով, սակայն դրանց վերջնական ձևավորումից հետո երկու երկրների համար խիստ տարբեր արդյունքներ ամրագրվեցին։ Ադրբեջանի եկամուտները, որոնք, փաստորեն, պայմանավորված են այդ կոմունիկացիաների կենսագործունեությամբ, տասնյակ անգամ գերազանցում են Վրաստանի եկամուտները։ Վրաստանը գործնականում հայտնվեց Պանամայի ջրանցքի կարգավիճակում Կովկասի և Կասպից ծովի ընդհանուր էներգետիկ կոմպլեքսի շրջանակներում, որովհետև նախագծման շրջանում զգալի թվացող տրանզիտային եկամուտներն այսօր կազմում են վրացական պետության բյուջեի փոքր մասը։ Եթե 2002-ին Վրաստանի բյուջեն 370 մլն դոլար էր, ապա 2007-ին այն արդեն կազմում էր 1 մլրդ 600 մլն դոլար, իսկ էներգակիրների տրանզիտից ստացվող եկամուտները, ներառյալ նավթի երկաթուղային փոխադրումները Վրաստանի տարածքով, չէին գերազանցում 100 մլն դոլարը։ Հետագա քսան տարիներին, ըստ ԱՄՀ-ի, Ադրբեջանը կստանա 175 մլրդ դոլար եկամուտ, այսինքն` տարեկան ավելի քան 8,7 մլրդ դոլար` նույնիսկ նավթի գների ոչ բարձր մակարդակի պայմաններում։ Իհարկե, սա անհամեմատելի է վրացական փայաբաժնի հետ, ինչն էլ գրգռիչ գործոն է դարձել Վրաստանի համար, քանի որ վերջինս էներգետիկ կոմունիկացիաների այդ կոմպլեքսի կառուցման պատճառով երկարաժամկետ և կոշտ հակադրության մեջ մտավ Ռուսաստանի հետ, ինչն ահռելի քաղաքական ու տնտեսական վնաս հասցրեց երկրին, և դա համադրելի չէ գազի ու նավթի տրանզիտից ստացված եկամուտների հետ։ Մանավանդ որ հետագա տարիներին Վրաստանը ստիպված կլինի ապահովել նաև այդ կոմունիկացիաների անվտանգությունը, ինչն ինքնին ծախսեր է պահանջում և ավելի է վատթարացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Վրաստանում բազմաթիվ քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ նախընտրում են վերանայել այս իրավիճակի իրենց ընկալումները, նաև Աբխազիայի ու Հարավային Օսիայի կորուստը պայմանավորում են այդ ծրագրերին Վրաստանի մասնակցությամբ։ Մանավանդ որ 2006-ից ի հայտ եկավ ԱՄՆ-ի նոր դոկտրինը` Կենտրոնական Ասիայի էներգետիկ և հումքային պաշարների արտահանումը դեպի Հարավային Ասիա վերակողմնորոշելու։ Դա զգալիորեն տեղայնացրեց, այսպես կոչված, «Եվրասիական միջանցքի» նշանակությունը և զրկեց Վրաստանին տրանզիտի հաշվին իր եկամուտները մեծացնելու հույսերից։ Այս հանգամանքը բազային դարձավ տարբեր պրոբլեմների առաջացման ու խորացման համար, ինչպիսիք են ադրբեջանական բնակչության պայմանները Վրաստանում, մասնավոր առևտուրը երկու երկրների միջև, մշակութա-պատմական հիմնահարցերը։ Ադրբեջանն ու Թուրքիան բավականին էգոիստաբար վերաբերվեցին Վրաստանի պրոբլեմներին գազի և էներգաապահովման առումով այն պայմաններում, երբ ռուսական գազամատակարարումները բարձր գնի պատճառով լուրջ հարցականի տակ էին։ Շահդենիզ-Էրզրում գազամուղի կառուցման ավարտին Վրաստանը հատնվեց տուժածի վիճակում, քանի որ այդքան խոշոր նախագծի առկայությունը, միևնույն է, չի ապահովում նրա գազի պահանջարկը նույնիսկ մոտավոր ծավալներով։ Վրաստանի քաղաքական շրջանակներում արդեն իսկ քննարկվում է այն հարցը, որ անհրաժեշտ է վերանայել գազի ու նավթի տրանզիտի սակագները Վրաստանի տարածքով, քանի որ դրանց հաստատման պահին նավթի գները կրկնակի ցածր էին ներկա գներից, իսկ գազը էժան էր 4-5 անգամ։ Սա, անշուշտ, բավարար փաստարկ չէ այդ հարցը լուծելու համար, սակայն վրացական ինտելեկտուալ հոգեկերտվածքի համար միանգամայն բավարար է, որպեսզի այդ հարցը բարձրացվի։ Դա չի կարող չհանգեցնել հակասությունների խորացման Վրաստանի ու Ադրբեջանի միջև` այդ դաշտ ներքաշելով նաև արևմտյան նավթային ընկերություններին ու կառավարություններին։
Վրաստանը վտանգ է զգում թուրք-ադրբեջանական դաշինքի ուժեղ ազդեցության տակ հայտնվելու առումով, սակայն հարկադրված է գնալ այդ ուղղությամբ, քանի որ տնտեսության և էներգետիկայի հիմնախնդիրները լուծելու այլ ճանապարհ չունի։ Միաժամանակ անհրաժեշտ է ավարտին հասցնել Վրաստանը միջտարածաշրջանային նշանակության տրանզիտային երկիր դարձնելու ծրագրերը։ Ադրբեջանի ու Թուրքիայի ազդեցությունը և միաժամանակ լրացուցիչ եկամուտներ ստանալու անհրաժեշտությունը Վրաստանի համար դարձան տարածաշրջանում այլընտրանքային տնտեսական համագործակցության ուղղությունների որոնման գործոն։ Պարզվեց, որ ատլանտյան տերությունները, չնայած իրենց հզոր տնտեսական ու քաղաքական ներկայությանը, ի վիճակի չեն լուծելու տարածաշրջանի երկրների պրոբլեմները, հատկապես եթե նրանք լարված հարաբերությունների մեջ են առավել խոշոր հարևանների հետ։ Ներկայումս, երբ Վրաստանի ու Ռուսաստանի միջև հակադրությունը հասել է այդպիսի բարձր մակարդակի, միաժամանակ կարևորվում է անվտանգության ապահովումը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Վրաստանի հարաբերությունների առումով, և վրացական իշխանությունների ուշադրությունն այդ ուղղությամբ աճում է։ Այդ հիմնախնդիրն ավելի է լրջանում թուրք-ամերիկյան հարաբերությունների հայտնի վատթարացումը նկատի ունենալով, ինչպես նաև եվրոպական հեռանկարները Թուրքիայի համար փակվելու առումով։ 2006-ի աշնանը Թուրքիան հայտարարեց, որ եվրոպական հեռանկարի բացակայության հստակեցման պարագայում ինքը կվերանայի կամ առհասարակ կհրաժարվի Բալկաններում ու Հարավային Կովկասում զուսպ և չափավոր քաղաքականություն վարելու պարտավորություններից, որոնք առկա են Եվրամիության և ԱՄՆ-ի հետ Անկարայի հարաբերություններում։ Սակայն Վրաստանն առայժմ չունի որոշակի այլընտրանքային նախագծեր և չի կարող հրաժարվել թուրք-ադրբեջանական դաշինքի ազդեցության կամ նրանից կախվածության մեջ հայտնվելու հեռանկարից։ Վրացական քաղաքական գործիչներին ու վերլուծաբաններին մտահոգում է նաև ռուս-թուրքական հարաբերությունների ամրապնդման հեռանկարը, որը պայմանավորված է ոչ միայն գեոտնտեսական ծրագրերով, այլև Սև ծովում, Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ամերիկյան քաղաքականությանը հակադրվելու փոխադարձ շահերով։ Ռուս-թուրքական դաշինքը կարող է դառնալ շատ անցանկալի հանգամանք վրացական քաղաքականության համար` երկարաժամկետ հեռանկարի կտրվածքով։
Հայ-վրացական հարաբերություններն ունեն հակասական բնույթ և, ըստ էության, սկսում են ձևավորվել միայն հիմա, մարված հակասությունների և հիմնախնդիրների երկար տարիներ տևած իրավիճակից հետո։ Վրացական հասարակությունն ու քաղաքական դասակարգը, ընդհանուր առմամբ, միշտ համարել են, որ Վրաստանն արևմտյան հանրության ֆավորիտն է և միշտ դիտարկվել է իբրև ավելի բարձր կարգավիճակ ունեցող երկիր ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացման առումով։ Բացի այդ, Վրաստանն իրեն համարում էր արևմտյան քաղաքականության ու արժեքների հիմնական կրողը և առաջ մղողը տարածաշրջանում, հանդես գալիս իբրև գլխավոր գործակալ ռուսական քաղաքական էքսպանսիոնիզմի հետ պայքարում։ Վրաց հասարակությունը Հայաստանը դասում էր «երկրորդ սորտի» երկրների շարքին, որը ոչ մի կերպ չի համապատասխանում եվրոպական քաղաքական հոգեկերտվածքին։ 1990-ականների առաջին կեսին Վրաստանում Հայաստանը համարում էին Հարավային Կովկասի տնտեսապես ամենահետամնաց երկիրը, որը տնտեսական զարգացման ոչ մի հեռանկար չունի։ Միաժամանակ, երկարաժամկետ կտրվածքով չունենալով մարտունակ զինված ուժեր և կազմակերպական լծակներ, Վրաստանը նախընտրում էր սպասողական կեցվածք որդեգրել և հետևել հայ-ադրբեջանական հակամարտությանը, ուր կարևոր դեր էր խաղում Թուրքիան, որը, Հայաստանը շրջափակելով, սպասում էր Վրաստանից նրա կախվածության մեծացմանը` կոմունիկացիաների և, առհասարակ, կենսագործունեության առումով։
Հայաստանի կախվածությունը վրացական կոմունիկացիաներից պահպանվում է նաև հիմա, բայց դա քաղաքական իմաստով քիչ բան է տվել Վրաստանին։ Հայաստանի տնտեսությունը Հարավային Կովկասում ամենադիֆերենցացվածն է, այն կողմնորոշված է դեպի ավելի զարգացած ու հեղինակավոր շուկաները։ Հայաստանն առաջինն իրականացրեց տնտեսության բարեփոխման հիմնական միջոցառումները, նրա տնտեսական օրենսդրությունն ավելի լիբերալ է։ Հայաստանն ընտրել է արդյունաբերական, բազմաոլորտ զարգացում ունեցող երկիր դառնալու մոդելը, որը զարգանում է ռազմավարական ներդրումների բացակայության պայմաններում։ Բնակչության մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ով, այսինքն` գնողունակությամբ, որը Հայաստանում կազմում է 4500 դոլար, նա զգալիորեն գերազանցում է Վրաստանի ցուցանիշը` 2900 դոլար։ Հայաստանը հեռու է տրանզիտային-սերվիսային մոդելի տնտեսություն կառուցելու մտայնությունից և շարունակում է զարգացնել նյութական արտադրության ոլորտները։ Վրացական շուկան լավ ծանոթ է հայկական արդյունաբերական ապրանքներին, Հայաստանը ներդրումներ է կատարում Վրաստանի ծխախոտի, թեթև արդյունաբերության և տրանսպորտային ոլորտներում ու բանկային համակարգում։ Պաշտպանության ոլորտում Վրաստանը շարունակում է նշանակալիորեն զիջել Հայաստանին և նույնիսկ խնդիր չի դրել հավասարակշռություն ապահովելու առումով։
Միջազգային ասպարեզում ժամանակի ընթացքում պարզվեց, որ արտաքին քաղաքականության հայկական մոդելը մի շարք առավելություններ ունի, քանի որ Վրաստանի առաջնահերթությունների ընդգծումը հանգեցրեց նրա հակադրությանը Ռուսաստանի հետ և դրանով իսկ կտրուկ սահմանափակեց նրա արտաքին քաղաքական ու տնտեսական հնարավորությունները։ Վրաստանի նկատմամբ քննադատության բացակայության որոշակի փուլից հետո արևմտյան հանրության մեջ և ամենից առաջ եվրոպական կառույցներում այդպիսի քննադատությունը ոչ միայն ի հայտ եկավ, այլև դարձավ հետևողական ու բավական ուժգին, ինչն էլ հանգեցրեց Արևմուտքի հարաբերությունների հավասարակշռմանը Վրաստանի ու Հայաստանի միջև։ Դրան զուգահեռ, 2003-2006-ին Վրաստանը կարողացավ տնտեսական զարգացման մեջ հաղթահարել իներցիան և նոր պայմաններ ստեղծել վարչարարության, տարածաշրջանների և կենտրոնի միջև հարաբերությունների կանոնակարգելու առումով։ Այդ հաջողությունները տնտեսության մեջ հնարավոր դարձան ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների զգալի օգնության շնորհիվ, ինչպես նաև սեփականաշնորհման աշխատանքների ճիշտ կազմակերպման, ստվերային տնտեսության կրճատման և էներգակոմունիկացիոն շինարարության հաշվին։ Սակայն այդ տնտեսական ռեսուրսներից շատերը սպառված են, տնտեսության իրական սեկտորի վիճակը բարվոք չէ, քանի որ այնտեղ կատարվող ներդրումներն աննշան են։ Այսպիսով, Վրաստանին չհաջողվեց Հայաստանի նկատմամբ հասնել քաղաքական, տնտեսական և պաշտպանական գերակայության։ Ձևավորվել է քաղաքական հնարավորությունների որոշակի պարիտետ, քանի որ Հայաստանը գործընկերային հարաբերություններ ունենալով Ռուսաստանի և Իրանի հետ և միաժամանակ հակադրության մեջ գտնվելով Թուրքիայի հետ, այնուհանդերձ, հաջողությամբ ինտեգրացվում է արևմտյան հանրությանը։ Իսկ Վրաստանը, լինելով Արևմուտքի մերձավոր ու վստահելի գործընկերը, համարժեք հարաբերություններ չունի Իրանի ու Ռուսաստանի հետ, Թուրքիայի հետ հարաբերությունները դառնում են խնդրահարույց` վերջինիս աճող հավակնությունների պատճառով։
Այս հավասարակշռությունը ստեղծվել է արտաքին ու ներքին պայմանների բերումով և միաժամանակ ամրապնդվում է հայ-վրացական փոխադարձ շահերով։ Վրաստանը ավելի ու ավելի հայտնվելով թուրք-ադրբեջանական դաշինքի ազդեցության ուղեծրում, Ռուսաստանի հետ շարունակական հակադրության պայմաններում կորցնելով Աբխազիան ու Հարավային Օսիան իր վերահսկողության տակ վերադարձնելու հույսերը, միաժամանակ գտնվում է տրանզիտային գործառույթների արդյունքում իր եկամուտները մեծացնելու որոնումների մեջ։ Վրաստանի ներքին քաղաքականության հեռանկարներն ամբողջությամբ պարզ չեն, երկրի ղեկավարությունն արտաքին և ներքին ուժերի լուրջ ճնշման տակ է, օրակարգում շարունակում է մնալ իշխանության ռոտացիայի հարցը։ Այս պայմաններում Վրաստանը բացարձակապես կարիք չունի հայտնվելու Հայաստանի հետ հակադրության ռեժիմում, ինչը, ոչ մի դրական արդյունքների չհանգեցնելով, կարող է բերել հայաբնակ Սամցխե-Ջավախեթիի դուրս գալուն Թբիլիսիի վերահսկողությունից։
Միևնույն ժամանակ Հարավային Կովկասում և հատկապես ռուս-վրացական հարաբերություններում լարվածության աննախադեպ մեծացումը, ինչպես նաև Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքական հավակնությունների աճը որոշ պարզաբանումներ մտցրին հայ-վրացական հարաբերությունների իրական հեռանկարների առումով։ Պարզ դարձավ, որ Հայաստանը Վրաստանի համար կարևոր գործընկեր է` ընդունակ լուծելու բազմաթիվ խնդիրներ Վրաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։ Վրաստանն իր համար պարզեց, որ իր կողմից Հայաստանի էներգետիկ և տրանսպորտային կոմունիկացիաների շրջափակումը կհանգեցնի նաև սեփական տնտեսության բազմաթիվ բաղադրիչների ապակազմակերպմանը, վտանգի տակ կդնի ներքաղաքական կայունությունը, կհանգեցնի դատապարտման Արևմուտքի կողմից և, ի վերջո, ուժերի հավասարակշռության փոփոխության Հարավային Կովկասում, ինչում Վրաստանը բացարձակապես շահագրգռված չէ։ Հայաստանի հետ գործընկերությունը Վրաստանը սկսել է դիտարկել իբրև մանևրի հնարավորություն և տնտեսության մեջ այլընտրանքային ծրագրերի իրագործման միջոց։ Վրաստանը սկսել է հասկանալ, որ միավեկտոր զարգացումը խոցելի է և կարող է հանգեցնել լուրջ արտաքին կախվածության։ Այդ իսկ պատճառով բավական զուսպ է վերաբերվում մի շարք կոնֆլիկտային հանգամանքներին Ջավախքում` զգուշանալով բացարձակապես անկանխատեսելի հետևանքներից։ Հայաստանի հետ հարաբերությունների վատթարացման առումով Թբիլիսին նաև զգուշանում է Ռուսաստանի և Արևմուտքի հնարավոր արձագանքից, միաժամանակ շահագրգիռ է Հայաստանի և Իրանի հետ տնտեսական համագործակցությամբ։ Վրացական հասարակության մեջ ղարաբաղյան պատերազմից հետո տարբեր ֆոբիաներ են ձևավորվել` և համարվում է, որ գործնականում անհնար է հակադրվել Հայաստանի զինված ուժերին։ Վրացական քաղաքական գործիչները շատ լուրջ են գնահատում ԱՄՆ-ում հայկական լոբբիի գործունեությունը, որը կարողացավ հասնել Վրաստանում ԱՄՆ-ի մասնակցությանը հայ բնակչության հետ կապված գործընթացները վերահսկելու առումով։ Վրաստանի համար նաև շատ կարևոր է թույլ չտալ Ռուսաստանի միջամտությունը հայ-վրացական հարաբերություններին, ինչը հատուկ անհանգստություն է հարուցում վրացական քաղաքական ղեկավարության շրջանում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ