«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Առայժմ վաղ է խոսել Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում «հալոցքի» մասին

Առայժմ վաղ է խոսել Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում «հալոցքի» մասին
10.02.2009 | 00:00

«ՓԱՓՈՒԿ ՁԵՌՆՈՑՆԵՐՈՎ» ԱՇԽԱՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Վերջին 45 տարիներին Մյունխենում անցկացվող ամենամյա անվտանգության կոնֆերանսն այն կարևոր ֆորումներից մեկն է, ուր ավանդաբար հանդիպում են համաշխարհային լիդերները, և նախանշվում են համաշխարհային անվտանգության առաջնահերթությունները։ Եվ եթե ժամանակին հենց Մյունխենը դարձավ պուտինյան Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը ներկայացնող հարթակը, ապա վերջին կոնֆերանսում ներկայացվեցին ԱՄՆ-ի նոր նախագահ Բարաք Օբամայի համընդհանուր անվտանգության նոր կոնցեպցիայի հիմնական տարրերը։ Գերմանիա ժամանած միայն ԱՄՆ-ի պատվիրակության կազմում կար 100-ից ավելի մարդ, ներկայացված էին գործնականում բոլորը, ովքեր ձևավորելու են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն առաջիկա չորս տարիներին։
Եվրոպական մամուլը, 45-րդ գագաթաժողովի նախօրեին, վերհիշելով Պուտինի 2007-ի ելույթը, փորձում էր կանխատեսել, թե արդյոք ռուսներն այլևս կատաղած դեմքով չե՞ն հարաբերվելու արտաքին ընդդիմախոսների հետ։ Թեպետ նույն քննադատները միաժամանակ հղում էին անում նույն Պուտինի` վերջերս Դավոսում հնչեցրած արտահայտությանը, թե «բոլորս նույն նավակում ենք», և եթե Արևմուտքը ճգնաժամից դուրս չգա ու ոտքի չկանգնի, նույն Ռուսաստանն էլ կարող է հայտնվել աղետալի վիճակում։ Փորձագետների կարծիքով, ռուսների համար այսօր ավելի կարևոր է արձանագրել, որ առկա է ջերմացում ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում կամ առնվազն ստեղծվել են դրա համար համապատասխան նախադրյալներ, հատկապես ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթաժողովի նախաշեմին, որն անցկացվելու է այս տարվա ապրիլին։
Այդ սպասումները կարծես արդարացան, և Մյունխենում քանիցս հնչեցին հայտարարություններ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում դրական փոփոխությունների միտումների մասին։ Անգամ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը, որն ավանդաբար հոռետես է իր գնահատականներում, այս անգամ հայտարարեց, թե մյունխենյան գագաթաժողովում ամեն ինչ հաջող դասավորվեց ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համար և անհաջող` Վրաստանի, Էստոնիայի և ՈՒկրաինայի շահերի տեսանկյունից։
Իբրև թիվ մեկ «պարտված գործչի» Ռոգոզինը մատնանշեց Վրաստանի նախագահին, որին, իբր, մերժել են խոսքի իրավունք տալ գագաթաժողովի ամբիոնից։ Իսկ հաջողակների ցանկը գլխավորում է, անշուշտ, Ռուսաստանը, քանզի, ըստ նույն Ռոգոզինի. «Մեր երկրի և նրա անվան շուրջ էին բոլոր բանավեճերը»։ Նկատենք, որ ռուսական կողմից մյունխենյան գագաթաժողովին մասնակցելու էր ժամանել փոխվարչապետ Սերգեյ Իվանովը, որ միարժեք տեղավորվում է արևմտյան ոճի մեջ, հանդես եկավ լավ անգլերենով և ակնհայտորեն ձգտում էր իր չափավոր գնահատականներով գրգռվածություն չստեղծել։
Սակայն եթե անդրադառնանք գագաթաժողովի արձանագրային մասին, ապա կան ավելի կարևոր և ուշագրավ փաստեր։ Մասնավորապես ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենն իր ծրագրային խոսքում ընդգծեց, որ Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև փոխհարաբերությունները վերջին տարիներին վտանգավոր միտումներ են արձանագրում, ինչն անհրաժեշտ է կանխել։ «Հասել է ժամը` սեղմելու լիցքաթափման կոճակը, նորից վերադառնալու այն տարբեր ոլորտներն ու հարթությունները, որտեղ մենք կարող ենք և պետք է համագործակցենք։ Միացյալ Նահանգները չի ընդունում այն տեսակետը, թե, ասենք, ՆԱՏՕ-ի հաղթանակը Ռուսաստանի պարտությունն է, կամ Ռուսաստանի ուժը ՆԱՏՕ-ի թուլության մեջ է»,- հայտարարեց ԱՄՆ-ի փոխնախագահը, միաժամանակ արձանագրելով, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը տարաձայնություններ կունենա Ռուսաստանի հետ, մասնավորապես, այն հարցի շուրջ, թե ամեն խոշոր տերություն պետք է ունենա ազդեցության գոտիներ. «Մենք, ինչպես նախկինում, համարում ենք, որ անկախ պետություններն իրավասու են ընդունելու ինքնուրույն որոշումներ և ընտրելու իրենց դաշնակիցներին»։
ԱՄՆ-ի փոխնախագահի հետագա գնահատականները ցույց տվեցին, որ ուշադիր դիտարկելու դեպքում նոր վարչակազմի «նոր դոկտրինը» նախկինի համեմատ մեծ փոփոխություններ չի կրել, բացառությամբ լեզվաբանական և էթիկական նորմերի կամ գնահատականների։ ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, անթույլատրելի է համարում Աբխազիայի ու Հարավային Օսիայի վերածումը ռուսական ազդեցության գոտու, կատեգորիկ դեմ է այդ չճանաչված պետություններում ռուսական ռազմաբազաներ տեղակայելուն։ Ամերիկացիները նախկինի պես հաստատակամորեն են խոսում Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգն ընդլայնելու մասին, չնայած այն դիվանագիտական ձևակերպումներին, թե, անշուշտ, հատուկ ուշադրություն է դարձվելու տնտեսական իմաստով թանկարժեքությանը և, իհարկե, ամեն ինչ արվելու է ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հետ «խորհրդատվությունների» արդյունքում։ Մինչդեռ լավ հիշողություն ունեցողները չեն կարող չմտաբերել, որ վերոնշյալ «խորհրդատվությունները» եղել են և նախկինում ու ավարտվել բացարձակապես անարդյունք։ Միաժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահն արձանագրեց, որ Վրաստանի` ՆԱՏՕ ընդունվելու հարցը կախված է լինելու բացառապես Թբիլիսիի որոշումից, և այդ մասին մի անգամ ևս նշվեց Սաակաշվիլու հետ Բայդենի հանդիպման ժամանակ։ Ավելորդ չէ հիշատակել նաև, որ 2009-ի մարտից Վրաստանում կսկսի գործել ՆԱՏՕ-ի հատուկ առաքելությունը։ Ոչ պակաս հետաքրքիր էր նաև այն, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ճշգրտում էր արել առհասարակ ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված. «ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացն ավարտված չէ։ Մեր խոստումներն օրակարգում են. և՛ Վրաստանը, և՛ ՈՒկրաինան ունեն շանս դառնալու ՆԱՏՕ-ի անդամ։ Իսկ երրորդ երկրներն իրավունք չունեն ազդելու այդ գործընթացի վրա»։
Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերն առանձնապես ծիծաղելի են Ֆրանսիայի արտահայտած դիրքորոշումից հետո։ Եթե Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն Մոսկվային առաջարկում են ամեն ինչ սկսել մաքուր էջից, ապա Ֆրանսիայի նախագահ Սարկոզին կարծիք հայտնեց, թե «Ռուսաստանն այսօր իրենից ռազմական վտանգ չի ներկայացնում»։ Այս թեզը նա փորձեց հիմնավորել այն պնդումով, որ Կրեմլը չափից ավելի լուրջ խնդիրներ ունի երկրի ներսում, որպեսզի ժամանակ ունենա նույնիսկ մտածելու արևմտյան երկրների դեմ ռազմական ագրեսիայի մասին։ Ըստ այդմ էլ, Արևմուտքը պետք է Ռուսաստանի հետ համագործակցի բոլոր ուղղություններով` սկսած կլիմայի փոփոխությունից ու համաշխարհային ֆինանսական ճգնաժամից, վերջացրած Աֆղանստանով և Իրանի միջուկային ծրագրով։ ԱՄՆ-ի նոր նախագահն էլ այդ ամենի հետ մեկտեղ առաջարկում է Մոսկվային` 80 տոկոսով կրճատել ռազմավարական սպառազինությունները, այսինքն` ատոմային մարտագլխիկներով հրթիռների թվակազմը։
Այսպիսով, ՆԱՏՕ-ական դաշնակիցների կողմից արտաքին քաղաքականության նոր հիմնական ուղղություններն ուրվագծված են և առաջարկված։ Մոսկվային չի մնում այլ բան, քան ընդունել այդ առաջարկները կամ էլ ռուբլու և նավթի գների լուրջ անկման պայմաններում շարունակել խորացնել մի քանի տարի առաջ սկսված հակադրությունը։ Թեպետ, առաջին հայացքից, Մոսկվան էլ ձեռքերը ծալած չէր նստել. մյունխենյան գագաթաժողովին ռուսները ներկայացան ՀԱՊԿ-ին ինչ-որ «հակաՆԱՏՕ-ական» ձևաչափ հաղորդելու ճանապարհով։ Զուգահեռ անցկացված ԵվրԱզեսի գագաթաժողովում էլ կարծիքներ հնչեցին «ռուբլու գոտի» ստեղծելու հեռանկարների մասին, աշխատեցին ամերիկացիների նյարդերը գրգռել Ղրղզստանից ռազմաօդային բազայի դուրսբերման հեռանկարով։ Եվ այս իրողությունները գալիս են ապացուցելու, որ առայժմ վաղ է խոսել Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում «հալոցքի» և ինչ-որ շահերի համընկնման մասին։ Թեկուզև որոշ եվրոպացիներ շարունակում են պնդել, թե Ռուսաստանը չի ուզում ավելին, քան հարգանք և կայսրության փլուզման հետևանքով երկրի ապրած ողբերգության ընկալում, առավել հավանական է, որ Մոսկվան շարունակում է գործել իր աշխարհաքաղաքական ու տնտեսական շահերի ուղեծրում։ Այս պայմաններում Արևմուտք-Ռուսաստան «մեծ գործարքն» անհամեմատ ավելի դժվար է իրագործել, քան դա ենթադրում են Ատլանտյան օվկիանոսի երկու ափերին։
«Ես ԱՄՆ-ի նոր վարչակազմի անունից պատրաստ եմ Եվրոպայում հաստատել շփման այլ ձև ոչ միայն եվրոպական գործընկերների, այլև Ռուսաստանի հետ»,- հայտարարեց Մյունխենում ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդենը, որին ի պատասխան, Ռուսաստանի փոխվարչապետ Իվանովն ավելացրեց. «ԱՄՆ-ի վարչակազմն ակնհայտ ազդանշան տվեց այն մասին, որ կա ցանկություն վերականգնելու երկխոսությունը Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերում։ Եվ այդ ազդանշանն ընկալվել է»։ Սակայն, դրան զուգահեռ, Մոսկվայի ներկայացուցիչը չխուսափեց մեկ անգամ էլ արձանագրելուց, թե ով է հանդես գալու տիրոջ դերում հետխորհրդային տարածքում, պնդելով, թե Աբխազիայում ու Հարավային Օսիայում ռազմաբազաներ տեղակայելու որոշումը չի վերանայվի։ Հակահրթիռային պաշտպանության հետ կապված էլ արձանագրեց. «Չի ստեղծվի հակահրթիռային պաշտպանության նոր համակարգը, Կալինինգրադում չեն տեղակայվի «Իսկանդեր» հրթիռները»։
Այլ բան, որ, ռուսական ռազմական բազմաթիվ փորձագետների գնահատմամբ, «Իսկանդեր» հրթիռների ստեղծման ծրագիրը բավական հեռու է լիարժեք իրականությունից, որովհետև ծախսատար է, ու անհրաժեշտ քանակի հրթիռներ արտադրելու համար համապատասխան միջոցներ չկան։ Ռուսական կողմից «ձիով քայլ» չի կարելի համարել նաև Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի «Մանաս» օդանավակայանում տեղակայված ամերիկյան ռազմական բազան փակելու նախաձեռնությունը։ Այն պարզ պատճառով, որ դեռ բոլորովին բացառված չէ, որ «խորամանկ արևելցիները»` ղրղզները, Վաշինգտոնի նոր խոստումների դիմաց հրաժարվեն Մոսկվային տված իրենց խոստումից։ Բացի այդ, Տաջիկստանն արդեն տվել է սկզբունքային համաձայնություն ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության ընդլայնմանը, որը վերաբերում է հատկապես Դուշանբեի օդանավակայանում ամերիկյան օդանավերի տեխնիկական վայրէջքն ապահովելու հարցին, ու չի բացառվում, որ Դուշանբեն էլ առաջիկայում կդառնա Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորակազմը դաշինքի հիմնական ուժերի հետ կապող հիմնական օղակներից մեկը։ Ավելին, նույն Ռուսաստանն իր համաձայնությունն է հայտնել ապահովելու Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերի համար անհրաժեշտ ոչ ռազմական բեռների տրանզիտն իր տարածքով, ուստի հազիվ թե կարող է հակառակ դիրքորոշում պահանջել Բիշքեկից կամ Դուշանբեից։ Մանավանդ որ ԱՄՆ-ի մասնակցությունն Աֆղանստանում կենսական նշանակություն ունի նույն Ռուսաստանի համար։ Ամերիկացիներին այստեղ վատ վիճակի մեջ դնելու ռուսական «ուռա-հայրենասերների» տարաբնույթ կոչերը, որ բխում են «որքան վատ Ամերիկայի համար, այնքան լավ մեզ համար» սկզբունքից, բոլորովին էլ Մոսկվայի իրական շահերին չեն համապատասխանում։ Կրեմլում առնվազն լավ են հասկանում այն պարզ իրողությունը, որ անկայուն Աֆղանստանն ավելի մոտ է Ռուսաստանին, քան ԱՄՆ-ին։
Իհարկե, Արևմուտք-Ռուսաստան անամպ եղբայրության մասին խոսելն ակնհայտորեն դեռ շատ վաղ է։ Մյունխենի վերջին գագաթաժողովը միայն եկավ հաստատելու, որ ամերիկյան դեմոկրատներին բնորոշ է իրենց ձգտումներն ու ծրագրերն իրականացնել աշխատելով «փափուկ ձեռնոցներով»։ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Եվրամիության շահերի բախումն առկա է և շարունակում է մնալ օրակարգային, թեկուզ և ամերիկյան ներկայիս վարչակազմը հրապարակայնորեն ժխտում է «ազդեցության գոտիների» հաստատման գաղափարախոսությունը։ Ի վերջո, խոսքը խոսք է, իսկ նավթը, գազը, կոմունիկացիաները` անհամեմատ շոշափելի ու կոնկրետ արժեքներ։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2000

Մեկնաբանություններ