ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Դռնակը բաց, ներս գամ ես...

Դռնակը բաց, ներս գամ ես...
21.07.2009 | 00:00

ՄԻ ՎԱԽԸ, ԱԽՐ, ՏԱՍԸ ՄԱՀ ԱՐԺԵ
Հայրենի ԱԺ-ն աշնանային նոր նստաշրջանը կբացի իմիջը «մի ուրիշ տեսակ» բարձրացրած. սեպտեմբերին շահագործման կհանձնվի ԱԺ նոր մասնաշենքը: Պատգամավորներին «կտարհանեն» անչափ լուսավոր ու «բարենպաստ» աշխատասենյակներ` նրանց ՕԳԳ-ն բարձրացնելու անհուն բերկրանքով ու սպասելիքներով:
Իսկ բերկրանքներ և «սպասելիքներ» հաստատ պետք է ունենալ նոր նստաշրջանից` ոչ միայն «տնից դուրս եկած և այդպես էլ չվերադարձած» հարկային փաթեթի, այլև ՀՀ դատախազին «բերման ենթարկելու», ինչպես նաև «ընկեր մայորին» անգործ թողնելու (նկատի ունենք ԱԱ «շարմաղ» մարմնին վերաբերողը) օրենքների «հաշվով»:
Կանգ ենք առնում «Դատախազության մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունների պատվանդանի վրա, որովհետև դատախազական ակնթարթն այնտեղից ոչ միայն շատ «գեղեցիկ», այլև «էքսկլյուզիվ»-հետաքրքիր է երևում:
Այսպիսով, գլխավոր դատախազին, հարգարժան Աղվան Գառնիկիչին մենք տեսել ենք ԱԺ-ում Քոչարյանի օրոք. նա եկավ և «ողջն իր հետ տարավ». նկատի ունենք նրա «առաջին ձեռնարկը», որը կուտ գնաց, սակայն իր շարունակության մեջ հաջողեց, Գառնիկիչը «տարավ» ՀՀ անկախության ամենահետաքրքիր անձանցից մեկին` Վանո Սիրադեղյանին. դե` գեղարվեստորեն և նկարչորեն (էս գործում պարելը տեղին չէ) ասած: Չնայած դրանից առաջ նա «տարել» էր նաև Նվեր Չախոյանին:
Հաջորդական «տարվողներն» արդեն ոչ թե ՀՀՇ-ականներն էին, այլ յուրայինները. Ճոյտն էր ՀՀԿ-ից` Հակոբ Հակոբյանը, որ «տարվեց»: Հետո «տարման» դինամիկան ընդհանրապես ահեղացունց էր, և կրում էր խիստ հայրենակցական բնույթ. Գառնիկիչը եկավ և տարավ պարած Արագածի փեշերից քիչ հեռու` իր չքնաղ հայրենիքի և գյուղի կենտրոն` Ապարանա Մյասնիկ Մալխասյանին: Սասունին էլ: Հակոբին էլ տարավ նա:
Դուք սաղ ըլնեք:
Եվ, ուրեմն` սեպտեմբերի 15-ի քառօրյայում ընդգրկված դատախազության մասին օրենքի փոփոխություններն անչափ նուրբ են: Դրանով ազգային անվտանգության «շարմաղներին» բանկրոտի ենթարկած Դալլաքանց ազգի «վարսավիր-բժիշկ» Վիկտորը, պրոֆիլակտիկ նպատակադրումներից մղված` կկատարի հակադարձ քայլ ու «բերման կենթարկի» Գառնիկիչ Աղվան Հովսեփյանին:
Լրջացանք: Փաստորեն, մինչ այժմ դատախազության մասին օրենքում արձանագրված է եղել, որ ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ին ներկայացնում է տարեկան հաղորդում (այսպես ասած` հաշվետվություն), ու սատանան այս դեպքում «թաղված» է հետևյալ հարցադրման մեջ. ի՞նչ ձևաչափով է ներկայացնում դատախազն այդ հաղորդումը` սիրային նամակի տեսքո՞վ, «իմեյլո՞վ», բանաստեղծական տողերո՞վ, թե՞ նատյուրմորտով: Դատախազական օրենքն այդ մասին լռում է` պարտիզանորեն հստակ: Հակառակ այդ լռության, ԱԺ կանոնակարգը, որը, փաստորեն, հակասության մեջ է նույն օրենքի հետ, ֆիքսում է` դատախազի (ընդ որում` պատգամավոր Վ. Դալլաքյանի ներկայացրած փոփոխությունների փաթեթը ներառում է նաև ՎՊ և ԿԲ մասին օրենքներում նույնատիպ փոփոխություններ. այս կառույցները նույնպես խորհրդարանին տարեկան հաշվետվություններ են ներկայացնում) տարեկան հաղորդումը պետք է քննարկվի ԱԺ-ում, ընդունվի որպես ի գիտություն:
Հակասությունը շտկելուն են միտված Դալլաքյանի կատարած փոփոխությունները` հավելմամբ. դատախազը, ՎՊ, ԿԲ նախագահները ԱԺ-ում հանդես են գալիս հաղորդմամբ, պատասխանում են պատգամավորների հարցերին, ուշիուշով ունկնդրում են պատգամավորների «քննադատական» ելույթները:
Բայց «շան գլուխը» փոփոխությունների հաջորդ բույլում է թաքնված. փոփոխություններն ընդունվելու դեպքում նախատեսվում է, որ պատգամավորների 1/3-ը պետք է գնահատական տա ներկայացված, կոնկրետ դեպքում, ասենք` Գառնիկիչի տարեկան հաշվետվությանը և «ասի»` «Кто этот поoтерпевший, откуда он пришел». իմա` գնահատական տա. լա՞վ է աշխատել Գառնիկիչն անցնող հարվածային (ոչ ուղղակի իմաստով) տարում, թե՞ ոչ:
Իսկ հիմա բռնվեք. պատգամավորների 1-3-ը կարող է նաև առաջարկել ՀՀ նախագահին` ուղերձի կամ հայտարարության տեսքով առ այն, որ հաղորդում ներկայացրած սույն պաշտոնյային պետք է ազատել գործից` վատ աշխատանքի պատճառով:
Դե լավ, շատ մի խառնվեք` էս «սհաթին» գործից չհանեցին Գառնիկիչին, դեռ պիտի օրինագիծն ընդունվի, մեկ երրորդն առաջարկի, նախագահը համաձայնի: Էլ չենք ասում, որ սույն օրենսդրական փոփոխությունը հայրենի կառավարության (արդարադատության նախարարության) կողմից բացասական եզրակացության է արժանացել:
Ամա՜... ԱԺ պետաիրավական հանձնաժողովն այդ նախագծին ասել է` հա՜ (դե, մի խորացեք, մի խորացեք, թե Դավիթ Հարությունյանը Գառնիկիչի նկատմամբ «լիչնի նեպրիյազն» ունի):
Խնդիրն ահավոր ու առավել նրբիկ է, քան կարելի է կարծել: Եթե օրինագիծը (հիշենք` այն արդեն իսկ քառօրյայում է) սեպտեմբերին դրվի քննարկման, ուրեմն պետք է հասկանալ` Գառնիկիչի գործերն այնքան էլ լավ չեն (ի դեպ, չար լեզուներն ասում են` վերջերս Հրանտ Մարգարյանի տղայի հարսանիքի ժամանակ հայոց բազմաչարչար իսթեբլիշմենտը, որը շոշափուկներով է զգում ամեն ինչ և սկսել է «մտորել»` ինչպե՞ս է վերաբերվում Սերժ Ազատիչը Գառնիկիչին, շառից, փորձանքից հեռու տարբերակով, շատ մոտ-մոտ չի արել Ա. Հովսեփյանին):
Իսկ ընդհանուր առմամբ, վերը նշված փոփոխությունները և նրանց ընդունումը (եթե) կարելի է դամոկլյան սուր համարել ՀՀ դատախազի գլխին, ա) որովհետև վերջինս անչափ շատ բան գիտի բոլորի, ամենքի և ամեն ինչի մասին, մասամբ էլ համարվում է Քոչարյանի «պակետը» մեզանում, ուստի նրան ինչ-որ բան է հասկացվում: բ) Հասկացվում է` «խմել այծի կաթ, չուտել մարդու միս», իմա` խաղեր չտալ, ինքնուրույն «ֆակտոր» չդառնալ, երբեք չխառնվել քաղաքականությանը, ամեն րոպե վերահսկողության տակ լինել, ամեն րոպե «զգույշ» մնալ:
Բա ո՜նց. մի վախը, ախր, տասը մահ արժե, մենք չէ՛, ժողովուրդն է ասում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2397

Մեկնաբանություններ