«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

...Ո՞վ պիտի հարձակվի Ստեփանակերտի վրա, որ ճանաչվի ԼՂՀ-ի անկախությունը

...Ո՞վ պիտի հարձակվի Ստեփանակերտի վրա, որ ճանաչվի ԼՂՀ-ի անկախությունը
11.08.2009 | 00:00

ՀԵՌԱՆՈՒՄ Է «ԲՈՒՇԻ» ՎԱՐՍԱՎԻՐԸ
Աստծո անցած յոթ օրում ամառն աշնանն ավելի զիջեց իր դիրքերը թե՛ եղանակային, թե՛ օրացուցային, գուցե նաև` քաղաքական պլանով:
Շաբաթվա լրատվական բոլոր նորություններում անընդհատ արձանագրվում էր մի անուն` Մեթյու Բրայզա: Հեռանում է, հեռանում է «Բուշի վարսավիրը», ինչպես նրան Վաշինգտոնում հայ ընդդիմադիրների հետ հանդիպումից հետո «մեծարում էին» Հայաստանում իշխանական լրատվամիջոցները: Հետո, իհարկե, այդ նույն լրատվամիջոցները «վարսավիրի» հետ հարցազրույցների հետևից էին վազվզում, ինչը, նա, ի դեպ, համարյա երբեք չի մերժել: Մեթյու Բրայզան` ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, մարդ, ում անվան հետ կապված այս տարիներին ավելի շատ քննարկումներ են եղել, քան Մինսկի խմբի ու նույնիսկ Լեռնային Ղարաբաղի խնդրի: Այդպիսին է նրա ձգողականությունը, այդպիսին է նրա խարիզման: Մեթյու Բրայզան շուտով կփակի իր կյանքի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության էջը, բայց կմնա «Կովկասի գերին»` դառնալով ԱՄՆ դեսպան Ադրբեջանում` ամենայն հավանականությամբ: Իսկ հրաժեշտից առաջ Բրայզան ուղղակի չէր կարող չլինել Երևանում ու չասել այն ամենը, ինչ այս ամբողջ շաբաթ հաղորդում էին լրատվական գործակալությունները ՀՀ նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի, ընդդիմության հետ նրա հանդիպումների մասին: Եվ, իհարկե, Ծաղկաձորում նրա «բացահայտումների», որ իրականում ոչ մի սենսացիա չեն պարունակում` ընդամենն արձանագրումն են եղածի: ՈՒրեմն` ի՞նչ իմացանք մենք, որ «չգիտեինք»: Ամենահիմնականը` Հայաստանի դիրքը 10 տարի առաջ ավելի ուժեղ էր: Որից հետո` հիմա Հայաստանը չի կարող որևէ հարց պարտադրել Ադրբեջանին, բայց Հայաստանի հիմնարար շահերը հաշվի կառնվեն Ղարաբաղի խնդրի լուծման ժամանակ: Հայաստանում կա տնտեսական և ժողովրդավարական մակարդակի անկում: Կատարված դրական քայլեր են համարվել հանրահավաքների թույլատրումն ու համաներումը, կատարվելիք` մարտի 1-ի գործով ձերբակալվածների ազատ արձակումը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ` ԱՄՆ-ը բանակցող կողմ չէ, ԱՄՆ-ը ցանկանում է հայ-թուրքական սահմանը բաց տեսնել և Լեռնային Ղարաբաղի հարցն առանձին է դիտում հայ-թուրքական հարաբերությունների հարցից: ՈՒղղակի` մեկի լուծումը կարող է նպաստել մյուսի դրական լուծմանը: Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը պատմական հնարավորություն ունեն իրավիճակ փոխելու, որը կնպաստի տնտեսության զարգացմանն ու անվտանգության ապահովմանը: Լեռնային Ղարաբաղի հարցում` կարգավորումը հնարավոր է ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա: 2007 թ. ընդունված մադրիդյան սկզբունքները թույլ են տալիս համադրել առաջին հայացքից անհամադրելին. տարածքների հանձնումից հետո ադրբեջանցի փախստականների վերադարձ, որից հետո հանրաքվե ԽՍՀՄ վերջին մարդահամարի համաձայն, ըստ որի` բնակչության 65 տոկոսը հայ է, 22 տոկոսը` ադրբեջանցի, հանրաքվեի արդյունքն իրավական ուժ կունենա, անցկացման ժամկետը կճշտեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Խաղաղապահ ուժերի տեղակայում, որոնց պատկանելությունը որոշելու են երկու երկրները` վետո դնելով տարածաշրջանում անցանկալի երկրի վրա, միջանցք Հայաստանի ու Ադրբեջանի միջև, տրանզիտային ճանապարհներ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հավելած` որ եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, խաղաղ կարգավորման հնարավորությանը վերջ կդնի: Ինչո՞ւ ԱՄՆ-ը չի ճանաչում ԼՂՀ-ի անկախությունը, եթե ճանաչել է Կոսովոյի անկախությունը: Որովհետև դրանք որակապես տարբեր խնդիրներ են` Սերբիան հարձակվել է Կոսովոյի վրա, այդ պատճառով էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ստիպված է եղել ճանաչել Կոսովոն, որ պայքարով է նվաճել իր անկախությունը:
Իհարկե, մադրիդյան սկզբունքների առումով անհամադրելին համադրելիս Մեթյու Բրայզան «մոռացել է», որ սատանան մանրամասների մեջ է, իսկ այդ մանր մասն ընդամենը ժամանակն է, ժամանակը, որ կարող է շատ շահեկան վիճակի մեջ դնել Ադրբեջանին և շատ աննախանձելի` Հայաստանին: Պարզ պատճառով` ազատագրված 5, ապա 2 շրջանների հանձնում` Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունք, որից հետո` փախստականների վերադարձ, որից հետո` հանրաքվե` ազգերի ինքնորոշման սկզբունքի պահպանում, և այդ ամբողջ ընթացքում գործում է ուժի չկիրառման սկզբունքը: Իհարկե` հանրաքվեն ԽՍՀՄ-ի վերջին մարդահամարի համաձայն, բայց ո՞վ և ինչպե՞ս է խանգարելու Ադրբեջանին, եթե ապահովի տուն, աշխատատեղ, վարկ ազատագրված տարածքներում ու այնտեղ ուղարկի 22 տոկոս փախստականների փոխարեն, որոնք, Աստված գիտի, իրականում որտեղ են ու ինչ են անում, երիտասարդ զույգերի` հայտնի հետևանքներով: 22/65-ից ի՞նչ կմնա: Եվ մի հարց էլ` 22+65=87, իսկ մնացած 13 տոկոսն ի՞նչ եղավ: ՈՒ` ի՞նչ է նշանակում երկակի ստանդարտ: Երբ Ադրբեջանը հարձակվում է Լեռնային Ղարաբաղի վրա, ՄԱԿ-ը դա համարում է քաղաքացիական պատերա՞զմ, իսկ երբ Հայաստանի սահմաններն էին կրակի տակ, դա՞ էլ էր որակապես տարբեր իրավիճակ: Սերբիան հարձակվել է Կոսովոյի վրա, Կոսովոն կարող է անկախանալ, ո՞վ պիտի հարձակվի Ստեփանակերտի վրա, որ ճանաչվի ԼՂՀ-ի անկախությունը: Եվ եթե Կոսովոն պայքարով է նվաճել իր անկախությունը, ղարաբաղցիներն այսքան տարի ինչո՞ւ չեն պայքարում, ինչո՞վ են զբաղված: Մեթյու Բրայզան այս հարցերի պատասխանները, իհարկե, գիտի, բայց չի ասի ոչ մի պաշտոնում ու նույնիսկ քաղաքականությունից հեռանալու պարագայում: Որովհետև դա մեր ներքին գործն է: Այլ պատճառներ էլ կան, բայց էական չեն: Էականը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփոփոխությունից հետո կանցնի բավականին ժամանակ` մինչև նոր ներկայացուցիչները խորանան քննարկվող հարցերի մանրամասների մեջ, բայց չի փոխվի որևէ երկրի քաղաքականություն... Եվ մի հարց էլ` 2007-ի ամռանը Ժնևում սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները, որոնց արդյունքը եղավ 2009-ի եռակողմ փաստաթուղթը, 2007-ին ՀՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, ո՞վ է, ուրեմն, ի վերջո, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման նախաձեռնողը` նա՞, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը և ներկա արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, Պուտի՞նը, թե՞ Բուշը, Մեդվեդև՞ը, թե՞ Օբաման:
Թուրքիան պայքարում է ներքին «թշնամիների» դեմ. շարունակվում է «Էրգենեկոն» գաղտնի կազմակերպության, որին անդամակցել են զինվորականներ, գիտնականներ, լրագրողներ, դատավարությունը: Արդեն հայտնի է, որ կազմակերպությունը ծրագրել է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններ, նրանց թվում` վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի, Օրհան Փամուքի և հայոց պատրիարքի: Նրանց են վերագրվում նաև նախորդ 15 տարիների չբացահայտված բազմաթիվ սպանություններ: Ընդդիմադիրները կարծում են, որ «Էրգենեկոնի» դատավարությունն իշխանությանը հնարավորություն է տալիս հետապնդել աշխարհիկ պետության կողմնակիցներին:
Շատ ճիշտ ժամանակին խոսեց Վազգեն Մանուկյանը: Թե չէ արդեն կարող էր տպավորություն ստեղծվել, որ Հանրային խորհուրդն իսկապես ստեղծվել է լուրջ նպատակով, մասնագիտական հանձնաժողովներում համախմբել է ոլորտի մասնագետներին` կուտակված հարցերին գոնե մասամբ լուծումներ գտնելու: Ո՛չ: Ժամանակին կար նման մի խորհուրդ` քաղաքական էր կոչվում, նախագահին կից ու շատ հստակ նպատակներով: Անդամներն աջ ու ահյակ հարցազրույցներ էին տալիս, բացահայտում ու բացատրում, իրենց լավագույն մտադրություններն էին հանրությանը հայտնում, հետո՞... Վազգեն Մանուկյանը ոչ այս, ոչ այն, պարզել է իր կյանքի գործը` պաշտպանել հասարակությանը դիտավորյալ խուճապային տրամադրություններ տարածողներից, որոնք անհավասարակշիռ վիճակ են ստեղծում` դրսի ուժերի օգնությամբ կամ առանց դրանց: Հասկանանք նախկին վարչապետին, համաշխարհային հայ ազգի նախագահին, որ 1996-ից հետո միայն մի երազ է տեսնում` ինքը Բաղրամյան 26-ում: Ստացվեց, բայց մի քիչ այլ ձևով: Զարմանալի ճակատագիր ունի նա. իրենից բացի, ոչ ոք չի տեսնում, որ ինքն ընդդիմություն է, որ անխոնջ պայքարում է անարդարության դեմ, հանուն երկրի ու պետության յուրաքանչյուր քաղաքացու անկախության, անվտանգության ու պաշտպանվածության: Չեն տեսնում, բայց գնահատում են` միշտ էլ մեծ ու փոքր ինչ-որ պաշտոններ վարել է` ինչ-որ հանձնաժողովների, ինչ-որ խորհուրդների նախագահ, հացի խնդիր երբեք չի ունեցել, ունկնդիրների լսարան իշխանությունը նրա համար միշտ ապահովել է, որովհետև ասելիքը համաձայնեցված է եղել, ի՞նչ է նրան ուրիշ պետք: Ապրիր, էլի, քեզ համար, բայց չէ` ինչպե՞ս լռի Վազգեն Մանուկյանը, երբ ով ասես, ինչ ասես դուրս է տալիս: Հետո նրա կյանքի գործը կիսատ հո չի՞ մնալու` «Պայքար, պայքար մինչև վերջ» այս կարգախոսին Վազգեն Մանուկյանը լիովին համաձայն է, մի թեթև հավելումով` «...ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի», կամ այն ամենի, ինչ հիշեցնում է առաջին նախագահին: Մի՞թե բոլոր ծերացող քաղաքական գործիչներն են դառնում մտասևեռված ու ձանձրալի:
Օգոստոսի 6-ին Անկարայում ստորագրվեց ռուս-թուրքական նավթագազային համագործակցության պայմանագիր` ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի քննարկումների արդյունքում: Փաստը կարող էր մնալ միջպետական հարաբերությունների շրջանակում կամ տեղավորվել էներգետիկ անվտանգության հայեցակարգում, եթե... Եթե նույն Թուրքիան, նույն Անկարայում ստորագրած չլիներ «Նաբուկո» գազատարի շինարարության համաձայնագիրը: «Financial times». «Անցած ամիս «Նաբուկոյի» տակ իր ստորագրությունը դնելով` Թուրքիան հրճվանք պատճառեց Եվրոպային, իսկ այժմ էլ Ռուսաստանի հետ պայմանագիր կնքելով` հաստատեց, որ նավթագազային քաղաքականության մեջ բարեկամներ չկան, կան գործընկերներ»: «The New York Times». «Ռուսաստանը և Թուրքիան ստորագրեցին մի պայմանագիր, որով Թուրքիան վերածվելու է էներգակիրների փոխադրման տարածաշրջանային կենտրոնի, իսկ Մոսկվան էլ պահպանելու է Ասիայից Եվրոպա գազ մատակարարելու մենաշնորհը»: «Le Figaro». «Եվրոպայի «Նաբուկո» նախագծի վերաբերյալ պայմանագիր ստորագրելուց մեկ ամիս չանցած` Թուրքիան պարտավորված եղավ աջակցել ռուսական մրցակից նախագծին` «Հարավային հոսքին»: «BBC». «Հինգշաբթի օրը կնքված պայմանագիրը մեծ կարևորություն հաղորդեց Թուրքիայի ռազմավարական դիրքին` էներգառեսուրսները Եվրոպա հասցնելու տարանցիկության առումով»: «The Daily Telegraph». «Ռուսաստանն իր համար ապահովեց Թուրքիայի աջակցությունը մի այնպիսի գազատարի կառուցման հարցում, որով մարտահրավեր է նետվում Եվրոպայի` Մոսկվայից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու ջանքերին»: «El Pais». «Բեռլուսկոնիին և Պուտինին փաստորեն հաջողվեց համոզել Էրդողանին, որ փոխի իր դիրքորոշումը և հավանություն տա Անկարայի համար գազատարի անբարենպաստ մի նախագծի»: «Deutsche Welle». «Վերջին տարիներին Ռուսաստանի հետ իր հարաբերություններն արագորեն զարգացնող Թուրքիան զորակցություն հայտնեց գազատարի մի այնպիսի նախագծի, որով Մոսկվային մեծ նշանակություն է տրվում»: «Der Spiegel». «Ռուսական կառավարության հետ կնքված պայմանագիրն առաջ է անցնում մրցակից «Նաբուկոյից» և այդպիսով միտվում գազամատակարարման հարցում ՈՒկրաինայից կախվածությունը վերացնելուն»: «Trend Capital». ԱՄՆ-ի էներգետիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթար. «Մենք հավատում ենք, որ առավել կարևոր է ոչ թե մրցակցությունը, այլ համագործակցությունը: «Նաբուկո» և «Հարավային հոսք» նախագծերը մրցակցային չեն: Ամերիկյան քաղաքականությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը տարատեսակ ռեսուրսներով ապահովելն է: Մենք կարծում ենք, որ Թուրքիան էներգետիկ ոլորտում պետք է դառնա տարածաշրջանային համագործակցության առաջատարը»:
2009-ի հուլիսի 13-ին Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան, Ավստրիան ստորագրել էին միջկառավարական համաձայնագիր «Նաբուկո» գազատարի շինարարության վերաբերյալ, որի նախագծային հզորությունը տարեկան 26-32 խորանարդ մետր է` 7,9 միլիարդ եվրո գնով: «Հարավային հոսքը» գնահատվում է 10 միլիարդ եվրո, թողունակությունն է տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր: Թուրքիայի էներգետիկայի նախարար Թեներ Յըլդըզը հայտարարել է. «Կարևոր չէ` ինչ նախագծի տակ ենք ստորագրել, ներառյալ «Հարավային հոսքը», «Նաբուկոյին» ոչինչ չի սպառնում, որովհետև մենք մեր խոստումների տերն ենք»:
ՀԱԿ-ն ընդհատել է «արձակուրդը». Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կոնգրեսականներն այցելում են մարզեր, բայց ո՛չ հանրահավաքների ու հանդիպումների նպատակով, այլ քաղբանտարկյալների ընտանիքներին զորակցելու: Եթե այցերը վերածվում են հանդիպումների, ՀԱԿ-ը չի առարկում: Կոտայքի մարզում կոնգրեսականները եղան ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի և ՀՀՇ Հրազդանի կառույցի ղեկավար Արամ Բարեղամյանի տանը:
Հրազդանում առաջին նախագահը նաև իրավիճակի փոփոխություն է կանխատեսել արդեն աշնանը: Շիրակի մարզում` Մարալիկում, Հարություն ՈՒռուտյանի տանը, առաջին նախագահն ասել է, որ իրենց այցելությունները քաղաքական նպատակ չունեն, ուղղակի իրենց ընկերական պարտքն են կատարում: «Կոնգրեսը ոչ մի պահ չի դադարեցնելու պայքարը, քանի դեռ մեկ քաղբանտարկյալ անգամ մնում է բանտում: Մենք շարունակելու ենք մինչև վերջ», ասել է նա: Մարալիկից կոնգրեսականները մեկնել են Ձորակապ` Մուշեղ Սաղաթելյանի ընտանիքին այցելելու: Երեք օրում նրանք հասցրել են լինել և Լոռու մարզում` Աշոտ Մանուկյանի տանը: Բոլոր այցերի ժամանակ կոնգրեսականները հարցազրույցներ են տվել ու հուսադրել, որ «էսպես չի մնա»:
Ընդունելության քննություններով Հայաստանի պետական բուհեր 2009 թ. ընդունվել է 12000 դիմորդ` 13,5 հազարից:
Օգոստոսի 10-ը Շինարարի օրն էր: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ուղերձով կարևորեց տոնը: Բացի ավանդական շնորհավորանքից, վարչապետի ուղերձը չափազանց հիշեցնում է հակաճգնաժամային ծրագիր. վարչապետը նշում է, որ շինարարական ոլորտը, նաև պետական հատվածի, Հայաստանի ՀՆԱ-ում ապահովում է զգալի տեսակարար կշիռ և բյուջեի հարկային մուտքերի զգալի ծավալ. «Նախորդ տարին հանրապետության շինարարության ոլորտը փակեց բավական շոշափելի արդյունքներով: Հսկայական ծավալի աշխատանք է արված դպրոցաշինության ուղղությամբ, հատկապես մարզերում, կառուցվել կամ նորոգվել են բազմաթիվ առողջապահական, մշակութային, մարզական օբյեկտներ: Այս տարի ևս մեծ ծրագրեր ունեինք, սակայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ստիպեց մի փոքր վերանայել մեր ծրագրերը, որոշ աշխատանքներ տեղափոխել տարվա վերջ: Ես համոզված եմ, որ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականացման շնորհիվ մենք նվազագույն կորուստներով դուրս կգանք ստեղծված վիճակից: Կարծում եմ, որ հենց ճգնաժամի պայմաններում են անհրաժեշտ ճկուն մտածողություն և համարձակ ու հավակնոտ ծրագրեր: Վերջերս կառավարության հավանությանն արժանացավ Տաթևի վանական համալիրը զբոսաշրջային կենտրոնի վերածելու ծրագիրը: Ընթացքի մեջ է Գողթ գյուղական համայնքի տարածքում ագրոտուրիստական-հյուրատնային կենտրոնի ստեղծման նախագծի մշակումը: Ջերմուկի, Դիլիջանի, Ծաղկաձորի զարգացման ծրագրերը ձեզ քաջ հայտնի են և հաջողությամբ իրականացվում են: Դրանց ֆինանսավորման աղբյուրները գտնված են, ժամանակացույցերը` հաստատված, և դրանց իրականացման ճանապարհին խոչընդոտ չեմ տեսնում: ... Համոզված եմ, որ այսուհետ ևս կշարունակեք աշխատել նույն եռանդով, հաշվի առնելով ժամանակի մարտահրավերները: Իսկ դրանք վերաբերում են թե՛ երկրի տարաբնակեցման համակարգի հավասարակշռմանը, թե՛ անկառավարելի ուրբանիզացիայի հնարավոր սպառնալիքների չեզոքացմանը, թե՛ քաղաքների ճարտարապետական ժառանգության ու պատմամշակութային միջավայրերի վերականգնմանը: Դուք մեծ աշխատանք ունեք աղետի գոտու վերականգնման, անօթևան ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման, կյանքի որակի ավելի բարձր մակարդակի ապահովման ուղղությամբ»: Ահա այսպիսի ուղերձ: Աննախադեպ է, չէ՞, երբ վարչապետն է հաշվետու լինում` հաշվետվություն ընդունելու փոխարեն:
Օգոստոսի 8-ին Ջերմուկ եկավ մեծ շախմատը` ՖԻԴԵ-ի մակարդակով ու Կիրսան Իլյումժինովի հետ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Պետրոսյանի անվան հուշամրցաշարի բոլոր մասնակիցներին հաջողություններ մաղթեց, բայց հաստատ մերոնց կողմից էր: Տեսնենք` արդյունքներն ինչ կլինեն:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ