«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Թուրքիային պետք է կարճ միջանցք դեպի Ադրբեջան

Թուրքիային պետք է կարճ միջանցք դեպի Ադրբեջան
02.10.2009 | 00:00

Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների շուրջ քննարկումների ու բանավեճերի ընթացքում գրեթե վերլուծությունից դուրս է մնում այն թեման, թե արդյոք հայ-թուրքական սահմանի բացումն իսկապե՞ս ձեռնտու է և բխում է Անկարայի շահերից։ Արձանագրությունների բովանդակության վերլուծության վրա կենտրոնացած բոլոր բանավիճող կողմերը գրեթե չեն անդրադառնում այն խնդրին, թե ինչո՞ւ պետք է Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, և արդյոք քաղաքական, ռազմաքաղաքական ու տնտեսական առումով դա ձեռնտո՞ւ է Անկարային։ Մինչդեռ այդ իմաստով վիճակը բոլորովին էլ միանշանակ չէ։
Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանում հայտնի են, և, ըստ այդմ էլ, անհիմն չեն այն մտահոգությունները, թե հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններում Անկարայի հայտնի նախապայմանները, վերաձևակերպված պարբերություններով, այնուհանդերձ, որոշ չափով դրսևորված են։ Իհարկե,Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սառեցնելը կամ կասեցնելը Թուրքիայի կարևոր նպատակներից մեկն է, ինչպես նաև հասնելը նրան, որ երկու երկրների փաստացի սահմաններն ամրագրած 1921-ի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը պաշտոնապես ընդունվի Հայաստանի ներկայիս Հանրապետության կողմից։ Սակայն սրանք, այնուհանդերձ, զուտ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող լոկալ խնդիրներ են, որոնց լուծումը բնավ էլ բավարար չէ Անկարայի հարավկովկասյան գլոբալ ռազմավարությունն իրագործելու համար։ Եթե Թուրքիան ցանկանում է տարածաշրջանային տերության վերածվել, նա պետք է հնարավորություն ունենա համաչափ ազդեցություն ձեռք բերելու Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի նկատմամբ, իսկ դրա համար պետք է բաց կոմունիկացիոն համակարգ։
Ահա այստեղ է, որ ի հայտ է գալիս ղարաբաղյան հիմնախնդրի ուղղակի կապակցվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ` Անկարայի շահերի տեսանկյունից։ Եվ պատահական չէ, որ Թուրքիայի վարչապետը որտեղ նստում-վեր է կենում, քնում կամ արթնանում է, անմիջապես հայտարարում է, որ սահմանը կբացվի միայն այն դեպքում, երբ կլուծվի ղարաբաղյան հարցը։ Ընդ որում, թուրքական կողմի լեքսիկոնում վերջին ժամանակներս նկատելի փոփոխություններ են արձանագրվել, և առանձին թուրք գործիչներ, այդ թվում` նույն Էրդողանը, խոսում են «Ադրբեջանի գրավյալ տարածքները վերադարձնելու մասին»։ Թուրքական առանձին ԶԼՄ-ների ու վերլուծաբանների պնդմամբ, խոսքը վերաբերում է ԼՂՀ անվտանգության գոտին կազմող տարածքներին, բայց այլևս ոչ ԼՂՀ-ին։ Ավելին` կան ակնարկներ, թե Անկարան նույնիսկ փորձում է համոզել Բաքվին` հայերին թողնել նաև Լաչինը, միայն թե կարգավորման պայմանագիրն արագ ստորագրվի, ու սահմանները բացվեն։
Անշուշտ, հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Թուրքիային դա այդքան անհրաժեշտ։ Այն պարզ պատճառով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, բնականաբար, պետք է բերի կոմունիկացիաների, այդ թվում` երկաթուղիների վերաբացման։ Իսկ Թուրքիայից դեպի Ադրբեջան երկաթուղային ամենակարճ ճանապարհն անցնում է Կարսից Գյումրի, այնտեղից Նախիջևան-Մեղրի-Ադրբեջան ուղղությամբ։ Երկաթգծի այս ուղղության բացումը Թուրքիայի համար ունի կրկնակի կենսական նշանակություն, որովհետև միակ հնարավորությունն է նաև Նախիջևանի հետ երկաթուղային հաղորդակցություն հաստատելու և այդ տարածաշրջանի «իրանացումը» զսպելու համար։ Անցած քսան տարիների ընթացքում, ըստ տարբեր հավաստի տվյալների, Նախիջևանի 308 հազար բնակիչներից այսօր այդ «Ինքնավար Հանրապետությունում» է մնացել 85-90 հազար մարդ։ Ընդ որում, նրանք, ովքեր իրանական ծագում ունեն, շիա մահմեդականներ են և ավելի հակված են տարածաշրջանը տեսնելու Թեհրանի և ոչ թե Անկարայի ազդեցության դաշտում։ Սա` չնայած այն իրողության, որ նույն Կարսի պայմանագրով Թուրքիան որոշակի իրավունքներ ունի Նախիջևանի նկատմամբ, սակայն, ԽՍՀՄ փլուզումից հետո այդ տարածաշրջանում իրականացված Իրանի խելացի և հաշվարկված քաղաքականության պատճառով գործնականում չի կարողանում օգտագործել իր այդ առավելությունը։ Այսպիսով, Գյումրի-Նախիջևան-Մեղրի երկաթուղային ուղղության վերագործարկումը Թուրքիայի համար Նախիջևանի և Ադրբեջանի հետ հուսալի կապ ստեղծելու հիմնական միջոցն է, այդ պատճառով էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն Անկարան փորձում է կապակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ։ Հաշվարկը, թերևս, կառուցված է այն բանի վրա, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների զուգահեռ վերսկսումը Բաքվին ու Անկարային հնարավորություն կտա համատեղ ուժերով տնտեսապես ճզմել Հայաստանը, ինչը յուրաքանչյուրն առանձին-առանձին ի վիճակի չէ անելու։
Այդ թվում, եթե Կարս-Գյումրի երկաթուղին բացվի, բայց ղարաբաղյան հակամարտությունը մնա չկարգավորված։ Հարկ է հաշվի առնել, որ Կարս-Գյումրի-Լոռի-Վրաստան երկաթուղին կառուցվել է դեռևս ռուսական կայսրության ժամանակներում, 19-րդ դարի վերջին։ Այդ երկաթուղին, հատկապես Լոռու հատվածում, անցնում է բարդ լեռնային ռելիեֆով և նախատեսված չէ լայնածավալ բեռնափոխադրումների համար։
Մասնագետների պնդմամբ, ԽՍՀՄ-ի տարիներին Հայաստանի բոլոր բեռնափոխադրումների 70 տոկոսն իրականացվում էր Ադրբեջանի տարածքով` կա՛մ Մեղրու, կա՛մ Իջևանի հանգույցով, որովհետև այդ երկու երկաթուղային ուղղությունները կառուցված են անհամեմատ ուշ ժամանակներում, բեռնափոխադրումների նրանց թողունակությունը 2-3 անգամ բարձր է, քան հայ-վրացական երկաթուղունը։ Այսինքն` Կարս-Գյումրի գծի վերաբացումը տնտեսական մեծ առավելություններ չի տալու Թուրքիային Ադրբեջանի հետ կապ հաստատելու առումով, իսկ Վրաստանի ու Հայաստանի հետ նրա առևտրի ծավալները սկզբունքորեն հասել են այն մակարդակին, որից այն կողմ արագ աճ ակնկալելն այնքան էլ հիմնավորված չէ։
Այսինքն, եթե Թուրքիան բացում է Կարս-Գյումրի գիծը, սակայն Նախիջևան-Մեղրի երկաթուղային հանգույցը ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածության պատճառով մնում է փակ, Թուրքիայից Հարավային Կովկասի երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների ծավալներն այնպիսին չեն լինելու, որ բավարարեն Անկարայի հավակնությունները։ Սահմանային առևտուրը Հայաստանի հետ նույնպես Թուրքիային որևէ լավ բան չի խոստանում։ Խնդիրն այն է, որ ողջ Արևմտյան Հայաստանում և հատկապես Հայաստանի ներկա Հանրապետությանը սահմանակից Սուրմալուի, Կարսի և Արդահանի շրջաններում թուրքական բնակչությունը բոլորովին էլ մեծամասնություն չէ։ Պաշտոնական տվյալներով համարվում է, որ տարածաշրջանի բնակիչների կեսը թուրք է, մյուս կեսը` քուրդ, սակայն, շատ մասնագետների գնահատմամբ, թուրք կոչվածների մեծ մասն էլ քրդական ծագում ունի, իրենց քուրդ է համարում։ Այդ շրջանները միաժամանակ Թուրքիայի կազմում ամենահետամնաց հատվածն են, որովհետև հայ-թուրքական սահմանը փակ է, Վրաստանի հետ առևտուրն իրականացվում է հիմնականում ծովով և Բաթումի ու Ախալցխայի անցակետերով, ինչը որևէ կերպ չի անդրադառնում Արդահանում, Կարսում և Սուրմալուի շրջանում տնտեսական ակտիվության մեծացման վրա։ Հայ-թուրքական սահմանի բացումը կակտիվացնի սահմանամերձ շրջանների միջև առևտուրը, հատկապես թուրքական ապրանքների շրջանառությունը դեպի Հայաստան, Վրաստանի ճանապարհներից շեղելով դեպի հայ-թուրքական սահման։ Բայց պարզից էլ պարզ է, որ այդ առևտրում ամենաակտիվ դերն ունենալու են քրդերն ու հայերը, որպես սահմանի երկու կողմերում ապրող հիմնական բնակչություն։ Թուրք տարրը դրանից այդքան չի օգտվելու, իսկ այսօր տնտեսաբար քայքայված տարածաշրջանից դեպի Թուրքիայի ավելի զարգացած հատվածները գաղթող քրդերը նոր աշխատատեղեր ու զբաղմունք են ունենալու, հետևապես մնալու և հաստատվելու են այդտեղ։ Հանգամանք, որ Իրաքյան Քրդստանի փաստացի անկախության պայմաններում հազիվ թե բխում է Անկարայի շահերից, թեպետ խորքային առումով Հայաստանի շահերից էլ չի բխում։
Այսպիսով, միանգամայն կանխատեսելի է, որ Թուրքիան առաջիկայում էլ կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը պայմանավորել ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծմամբ։ Առանց դրա, եթե անգամ նախաստորագրված արձանագրությունները ստորագրվեն, շատ քիչ հավանական է, որ դրանք կարժանանան Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1465

Մեկնաբանություններ