«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Ֆուտբոլայինի» անվան տակ Սարգսյանը վերսկսեց Տեր-Պետրոսյանի «հուղարկավորային» դիվանագիտությունը

«Ֆուտբոլայինի» անվան տակ Սարգսյանը վերսկսեց Տեր-Պետրոսյանի «հուղարկավորային» դիվանագիտությունը
08.05.2009 | 00:00

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂԵԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՌԴ նախագահի աշխատակազմի հիմնադրած «Ռեգնում» լրատվական գործակալությունը մայիսի 1-ից իր ինտերնետային կայքում տեղադրել է «Ֆուտբոլայինի» անվան տակ Սարգսյանը վերսկսեց Տեր-Պետրոսյանի «հուղարկավորային» դիվանագիտությունը» վերտառությամբ հարցազրույցը Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ, որը թարգմանաբար ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը։
«Հայոց ցեղասպանության հարցի քննարկման համար հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը մի մեծ քար է այն երկրների գլխին, որոնք, «հիմնվելով անժխտելի պատմական փաստերի վրա»
(այդպես է սկսվում 1995-ի ապրիլի 14-ին Ռուսաստանի խորհրդարանի ընդունած բանաձևը, որի տեքստն ու հիմնավորումը նախապատրաստել էր այն ժամանակ ՌԴ Պետդումայի Անդրկովկասի հարցերով գլխավոր փորձագետ Հմայակ Հովհաննիսյանը), ճանաչել ու դատապարտել են հայերի ցեղասպանությունը»։ Այդ մասին է հայտարարում հենց ինքը` Հմայակ Հովհաննիսյանը։ Նա ներկայացրեց հայ-թուրքական հաշտեցման գործընթացի հիմքում ընկած աշխարհաքաղաքական տեղաշարժերի սեփական դիտարկումը։
Քաղաքագետի կարծիքով, «ֆուտբոլային դիվանագիտությունը» և հայ-թուրքական բանակցությունները պետք է դիտարկել նախ և առաջ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական կարգավիճակի փոփոխության համատեքստում, որը պայմանավորված է աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի պահպանման օգտին հանդես եկող պահպանողական ուժերի և այդ ստատուս-քվոյի արմատական վերանայմանը ձգտող ուժային կենտրոնների միջև ծավալվող սուր մրցակցությամբ։ Պահպանողականները, քաղաքագետի խոսքերով, առաջնորդվելով «լավագույնը լավի ախոյանն է» ռուսական հայտնի ասացվածքով, ձգտում են ոչ թե վերջնականապես հանգուցալուծել, այլ սառեցնել պայթյունավտանգ ազգամիջյան հակամարտությունները և այդ ճանապարհով ապահովել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հեռանկարները, իսկ նրանց ընդդիմախոսները հանդես են գալիս հիմնահարցերի արագ և արմատական լուծման պահանջով։
«Միխեիլ Սաակաշվիլու առաջնորդությամբ Վրաստանը հարավկովկասյան այնպիսի պետության օրինակ է, որը ձգտում է ակտիվ գործողությունների միջոցով արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում։ 2008-ի օգոստոսին հենց Սաակաշվիլին,- շարունակեց իր միտքը Հմայակ Հովհաննիսյանը,- դիմեց արմատական միջոցների` ձգտելով լուծել աբխազական և հարավօսական հիմնահարցերը, իսկ Ռուսաստանը հանդես եկավ մեր տարածաշրջանում պատասխանատու պահպանողական` արմատական լուծումները բացառող ուժի դերում»։
«Տարածաշրջանային խաղացողների և աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հետ փոխհարաբերություններում Հայաստանը մինչև վերջերս նույնպես վարում էր զգուշավոր, կշռադատված, չափավոր պահպանողական քաղաքականություն»,
սակայն, ինչպես նշեց Հմայակ Հովհաննիսյանը, վերջին մեկ տարվա ընթացքում հայոց պետության արտաքին քաղաքական ուղեգիծը փոխվեց։ Այդ մասին են, նրա խոսքերով, վկայում մի քանի հանգամանքներ: «Առաջին, Ռոբերտ Քոչարյանի ակնթարթային արձագանքն էր, երբ հայ-թուրքական սիրախաղի սկզբից ևեթ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանի տեղում ինքը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երևան չէր հրավիրի և չէր ապավինի «ֆուտբոլային դիվանագիտության» պատրանքներին։ Երկրորդ, արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը հռչակվեց Սերժ Սարգսյանի հայտնի ելույթում, որը Հայաստանի երրորդ նախագահը ներկայացրեց Մյունխենում կայացած միջազգային անվտանգության և համագործակցության 45-րդ կոնֆերանսի մասնակից պետությունների ուշադրությանը։ Այդ ելույթում Ս. Սարգսյանը հայտարարեց, որ ամենևին էլ նպատակահարմար չէ կառչել տարածաշրջանային ստատուս-քվոյից, այն պետք է փոխվի, ինչպես նաև պետք է մերժվի այն քաղաքականությունը, որը հրաժարվում է կուտակված հիմնահարցերը լուծելուց` բարդելով դրանք ապագա սերունդների ուսերին։ Այդպիսով գործող նախագահը շեշտադրեց ստատուս-քվոյի քաղաքականությունից հրաժարվելու և տարածաշրջանային հիմնահարցերի վերջնական կարգավորման առաջնայնությունը գիտակցող քաղաքականության որդեգրման անհրաժեշտությունը։ Քաղաքագետի կարծիքով, ՀՀ արտաքին քաղաքական ուղեգծի շրջադարձային փոփոխության երրորդ վկայությունն իշխող կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալն է, որը դաշնակցությունը հիմնավորեց արտաքին քաղաքական ուղեգծի վերանայումը կանխելու անհրաժեշտությամբ»։
Այսպիսով, ինչպես արձանագրեց Հ. Հովհաննիսյանը, Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի շրջադարձային փոփոխությունն ակնհայտ է, իսկ հակառակն ապացուցելու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի բոլոր փորձերը` մերկապարանոց։ Միաժամանակ քաղաքագետը նշեց, որ մեթոդաբանական առումով այդ փոփոխությունները կրկնօրինակում են Վրաստանում տարիների ընթացքում հետզհետե ճանապարհ հարթող մոտեցումները և, ըստ էության, նշանակում են Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի վերադարձ 1990-ական թվականներ, ավելի կոնկրետ ասած, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքական ուղեգծի վերակենդանացում։ Հմայակ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականությունը հիմնվում էր հետևյալ կանխադրույթների վրա. մերձեցում Թուրքիայի հետ, տարածաշրջանում երրորդ ուժի (այսինքն` Ռուսաստանի) բացառում և, վերջապես, Հայաստանի դուրսբերում Մոսկվայի քաղաքական խնամակալության ճիրաններից։
Քաղաքագետը հատուկ ընդգծեց Թուրքիայի հետ մերձեցմանն ուղղված Տեր-Պետրոսյանի և Սարգսյանի արտաքին քաղաքական մոտեցումների նմանությունը, նշելով, որ եթե գործող նախագահի դիվանագիտությունն անվանում են «ֆուտբոլային», ապա, հաշվի առնելով Տեր-Պետրոսյանի մասնակցությունը Թուրքիայի նախագահ Թուրգուտ Օզալի թաղման արարողությանը, առաջին նախագահի դիվանագիտությունը կարելի է կոչել «հուղարկավորային»։ «Այդ ամենը մենք արդեն տեսել ենք, սա անհետաքրքիր և տխուր դեժավյու է։ Թվում է, 90-ական թվականները վերադառնում են, բայց մեկ էական տարբերությամբ. հետխորհրդային տարածքում այսօր ձևավորվել է բացարձակապես այլ քաղաքական մթնոլորտ։ Որքանո՞վ է հարիր Սերժ Սարգսյանի ուղեգիծն այն նոր քաղաքական իրողություններին, որոնք ձևավորվել են հետխորհրդային տարածքում վերջին տասնամյակում, և այդ ուղեգծին հետևելն արդյոք չի՞ բերի լրջագույն հարցերի արծարծմանը Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում։ Այդ հարցերով են այսօր մտահոգ Հայաստանի վերլուծաբաններից շատերը, չնայած ձեռնպահ են մնում դրանք բարձրաձայնելուց։ Ես գերադասում եմ այս մտահոգությունները հրապարակայնորեն քննարկել»,- հայտարարեց Հմայակ Հովհաննիսյանը։
Այսպիսով, վերլուծաբանի կարծիքով, հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական կարգավիճակի փոփոխությունն առաջին հերթին լուրջ մարտահրավեր է հենց Ռուսաստանի համար։ «Եթե դիտարկենք վերջին տասնամյակի հետխորհրդային պրակտիկան, ապա ստիպված ենք համաձայնել, որ այնտեղ, որտեղ ընթանում էին արագ փոփոխություններ, Ռուսաստանը կորցնում էր սեփական դիրքերն ու պարտադրված նահանջում էր։ Որտեղ քաղաքական առաջնորդները գոյություն ունեցող ստատուս-քվոյի արմատական վերանայման հարց էին բարձրացնում, այնտեղ Ռուսաստանի դիրքերն անխուսափելիորեն թուլանում էին: Սաակաշվիլին դրա վառ օրինակն է»։
Ողջ ասվածի համատեքստում Հ. Հովհաննիսյանը նշեց, որ պատահական չի համարում «Հայաստանի մասնակցությունը Վրաստանում անցկացվելիք Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժություններին, այն դեպքում, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, ի հակակշիռ այդ միջոցառմանը, կազմակերպելու է սեփական զինուժի զորավարժություններ Աբխազիայում և Հարավային Օսիայում» (հարցազրույցը տեղադրվել է «Ռեգնումի» կայքում մայիսի 1-ին` զորավարժություններին Հայաստանի մասնակցությունից հրաժարվելուց օրեր առաջ- «Իրավունքը de facto»)։ Քաղաքագետը նաև նշեց, որ վաղ թե ուշ այս քաղաքականության տրամաբանական արդյունքն է լինելու Հայաստանի օրակարգում ռուսաստանյան սահմանապահների հեռացման հարցի ընդգրկումը։ Վերլուծելով Ռուսաստանի ամուր դիրքերը Հայաստանի տնտեսության մեջ, Հմայակ Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ «նույնիսկ ամենամեծ լծակները հայկական էկոնոմիկայի ռազմավարական ոլորտներում Ռուսաստանին հնարավորություն չեն տալու պահպանել սեփական դիրքերը. կարելի է հիշել, թե ինչպես Տնտեսական փոխգործակցության խորհրդի և Վարշավայի պայմանագրի շրջանակներում Խորհրդային Միության հետ լիարժեք տնտեսական ինտեգրացումը քաղաքական կամքի բացակայության պայմաններում որևէ նշանակություն չունեցավ»։
Վերլուծելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից հետո հնարավոր տնտեսական ու քաղաքական գործընթացների զարգացումը, Հմայակ Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև սերտ տնտեսական կապերի հաստատումն անխուսափելիորեն կփոխի հայ հասարակության ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական կողմնորոշումը և, ինչը պակաս կարևոր չէ, հասարակական հոգեբանությունը։ Արդյունքում Թուրքիան ձեռք կբերի ահագնացող ազդեցություն քաղաքական գործընթացների վրա ոչ միայն Կովկասյան ողջ տարածաշրջանում, այլ նաև Հայաստանի ներքին կյանքում` ներքաղաքական խաղահարթակում։ Այդպիսով Թուրքիան կստանա հայկական քաղաքականության վրա ներազդելու լրջագույն լծակներ, որոնք արդյունավետ կօգտագործի իրեն հուզող բոլոր հարցերը, այդ թվում նաև` ղարաբաղյան հիմնահարցը, իր և եղբայրական Ադրբեջանի օգտին լուծելու նպատակով։ Այդ կապակցությամբ քաղաքագետը նշեց, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև «գաղտնի» բանակցությունների ողջ ընթացքում Ադրբեջանը քաջատեղյակ էր այդ բանակցությունների բոլոր մանրամասներին։ Ադրբեջանի վերջին օրերի խորիմաստ լռությունն ամենևին էլ պատահական չէ, քանզի Ադրբեջանն ու Թուրքիան միշտ էլ շատ լավ համադրել և այսօր էլ համադրում են իրենց քայլերն արտաքին քաղաքականության անդաստանում։ Հմայակ Հովհաննիսյանը տեսակետ հայտնեց, որ այսօր Հայաստանին ու Ռուսաստանին էլ է անհրաժեշտ համադրել սեփական քայլերը։ Դրա հետ մեկտեղ քաղաքագետն ընդգծեց, որ հենց Ղարաբաղն է հայ-ռուսական համագործակցության առանցքը. «Ղարաբաղն է այն լրջագույն գործոնը, որն այսօր կենդանի է պահում հայ-ռուսական համագործակցության պատմական ժառանգությունը»։
Տպագրության պատրաստեց
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1752

Մեկնաբանություններ