«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Ժառանգության» առաջնորդը փորձում է կրկին «խաղարկել» հին «Տեր եմ» սկզբունքը

«Ժառանգության» առաջնորդը փորձում է կրկին «խաղարկել» հին «Տեր եմ» սկզբունքը
02.10.2009 | 00:00

«Պատմության նկատմամբ պատասխանատվությունը երբեմն ազատում է մարդկանց նկատմամբ պատասխանատվությունից։ Որոշ մարդկանց կարծիքով, հենց դրանում է կայանում նրա հարմարավետությունը»։
Ալբեր Քամյու
Ինչպես հայտնի է, մարդու բնավորությունը որոշիչ է և նրա ճակատագրի առումով։ Իսկ եթե տվյալ անձը քաղաքական գործիչ և առաջնորդ լինելու հավակնություններ ունի, նրա բնավորությունը կարող է որոշիչ լինել նրան աջակցող և վստահող մարդկանց համար։ Թերևս, հենց այս հայեցակետով պետք է դիտարկել բոլոր այն իրադարձությունները, որոնք վերջին ժամանակներս տեղի են ունենում «Ժառանգություն» կուսակցությունում և վերածվել են լուրջ քաղաքական ինտրիգի Հայաստանի քաղաքական դաշտում։
Եթե դիտարկելու լինենք փաստերի շղթան, որ վերջին ամսվա ընթացքում «խաղարկվեց» կուսակցության ու նրա առաջնորդի կողմից, ապա, իսկապես, նոր քաղաքական սեզոնի սենսացիան կամ մեխը դարձավ պատգամավորական մանդատից հրաժարվելու Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը։ Շատերն այն գնահատեցին իբրև կայուն համոզմունքներ ունեցող քաղաքական գործչի սկզբունքային քայլ, ուրիշները` իբրև հաջողված քարոզչական ակցիա` ապագային միտված, լրագրողներն առիթ գտան զանազան վարկածներ առաջ քաշելու, իսկ ընդդիմությունն էլ «հանցավոր վարչախմբի» դեմ հայտարարությունների նոր առիթ ստացավ։ Ընդ որում, ամենահետաքրքիրն այն էր, որ այդ ողջ գործընթացում ոչ մի լուրջ քաղաքական հայտարարություն և համոզիչ բացատրություն իրադարձությունների հիմնական հերոսի կողմից չտրվեց։
Այնուհետև, «Ժառանգության» վարչության որոշումներով, կուսակցության շարքերից «լրտեսության» մեղադրանքով վտարվեցին մի քանի առաջատար ֆունկցիոներներ։ Չնայած այդ գործընթացի շուրջ ծավալված բավականին մեծ աղմուկին` կուսակցության առաջնորդը շարունակում էր հպարտ լռություն պահպանել, որոշ տվյալների համաձայն` նույնիսկ շտապեց ներկուսակցական քաշքշուկին մասնակից չլինելու համար ժամանակավորապես լքել երկիրը։ Բայց նույնիսկ այդ հանգամանքն էլ խիստ մշուշապատ էր. ոմանք պնդում էին, թե նա մեկնել է ԱՄՆ, ուրիշները, որ Երևանում գտնվելով, մի կողմ է քաշվել` ներկուսակցական երկպառակությանը որևէ ձևով մասնակից չլինելու համար։ Կուսակցությունից վտարվածները, ինչպես նաև գործող անդամները, այդ ընթացքում շարունակում էին փոխադարձ մեղադրանքների ու բացահայտումների տարափը, չխորշելով պարկեշտության սահմաններից այն կողմ անցնելուց։ Ի հայտ եկան «հանդիպումներ ընտրողների հետ», ստորագրահավաք` նոր, արտահերթ համագումար հրավիրելու նպատակով, «գաղտնի նամակներ» կուսակցության առաջնորդից։ Բայց ո՛չ ԶԼՄ-ները, ո՛չ էլ, առավելապես, բնակչությունն այդպես էլ չկարողացան պարզել, թե ովքեր են արդարների կամ մեղավորների ճամբարներում։
Մանավանդ որ առկախ էր մնում հիմնական հարցը, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակո՞ւմ է մնալ «Ժառանգության» առաջնորդ, առհասարակ, շարունակելո՞ւ է քաղաքական գործունեությունը, եթե նկատի ունենանք իր ճակատագրական արտահայտություններից մեկը, թե տեղի ունեցածը քաղաքականությունից իր վերջին հրաժարականն է։ Անշուշտ, այս կապակցությամբ ինչ-որ բացատրություններ փորձում էին տալ «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության պատգամավորները, սակայն առաջնորդի ձգձգվող լռության խորապատկերի վրա բոլոր այդ պարզաբանումները բավականին անհամոզիչ էին։ Ավելին, սպասվող արտաքին քաղաքական իրադարձությունների և խորհրդարանում դրանց վերաբերյալ սպասվող քննարկումների խորապատկերի վրա «Ժառանգության» առաջնորդի հրաժարականը կամ խաղից դուրս գալու ձգտումը շատերին թվում էր պարզապես ինքնամեկուսացում, ընդ որում, չմտածված ու անպատասխանատու ձևով։ Այստեղ, անշուշտ, պետք է նկատի ունենալ, որ «Ժառանգությունը» խորհրդարանում հայտնվելու առաջին իսկ օրերից վարել է աղմկահարույց, երբեմն էլ սկանդալային գործունեություն։ Մինչև վերջին ժամանակներս այն հիմնական խմբակցությունն էր, որը կարողանում էր առանց սահմանափակումների սուր հարցեր բարձրացնել և ոչ խորհրդարանական ընդդիմություն համարվող Հայ ազգային կոնգրեսի կողմից գնահատվել իբրև միակ ընդդիմադիր խորհրդարանական միավոր։ «Ժառանգության» առաջնորդը, իր հերթին, փորձագետների մեծամասնության կողմից դիտարկվում էր իբրև երկրում ընդդիմադիր գործունեություն ծավալող հիմնական օղակներից կամ առաջատարներից մեկը։
Սակայն օբյեկտիվ դատելու դեպքում հարկ է ընդունել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի` քաղաքական գործընթացներից դուրս մնալու պրոցեսը սկսվել է բավական վաղուց։ Նա բավականին արագ պաշտոնապես հրաժարվեց կուսակցության ղեկավարի դիրքից, հետո դադարեց «Ժառանգություն» խմբակցության նախագահ լինելուց, քիչ ժամանակ անց հոգնեց հայաստանյան իրողություններն ընկալել չկարողացող եվրոպացիներից ու դադարեց ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության աշխատանքներին մասնակցելուց։ Նրա խոսքը գնալով ավելի ու ավելի քիչ էր հնչում խորհրդարանի ամբիոնից և ԶԼՄ-ներով։
Իսկ այդ հանգամանքն ընտրազանգվածի ընկալումների մեջ ոչ մի կերպ չէր տեղավորվում, եթե նկատի ունենանք մյուս ժառանգականների բավականին ակտիվ ու անդադրում գործունեությունը։ «Ժառանգությունը», ինչպես, երևի, ոչ մի այլ կուսակցություն Հայաստանի քաղաքական դաշտում, միանշանակ և աներկբա կապված է եղել իր հիմնադիր ղեկավարի անվան հետ։ Նրա հաջողությունն էլ 2007-ի խորհրդարանական ընտրություններում բացառապես պայմանավորված էր Րաֆֆի Հովհաննիսյանի անձով, այդ պահին գոյություն ունեցող նրա հասարակական բարձր հեղինակությամբ։
Եվ ահա այդ ամենից հետո հայաստանյան շարքային ընտրողն այսօր կրկին ականատես է դառնում հերթական տատանմանն այդ քաղաքական գործչի գործունեության մեջ։ Գործնականում նախօրեին նա հրաժարվեց պատգամավորական մանդատը հանձնելու իր դիմումից` այդ որոշումը բացատրելով «համաքաղաքացիների և սփյուռքում ապրող հայրենակիցների բազմաթիվ խնդրանքներով», ովքեր կոչ են արել «Ժառանգության» առաջնորդին ընդունել մարտահրավերները և, խորհրդարանական ամբիոնի տրամադրած սահմանափակ հնարավորությունների շրջանակում, շարունակել պայքարը հանուն ճշմարտության և արդարության։ Անշուշտ, այս որոշումը, իր ողջ անհետևողական դրսևորումներով հանդերձ, գուցե և գովելի է։ Բայց այստեղ առաջանում է հարց, թե արդյոք դրա շնորհիվ հնարավոր կլինի՞ վերականգնել «Ժառանգության» և նրա առաջնորդի խախտված հեղինակությունը։ Եվ որքանո՞վ է հնարավոր վերականգնել նորմալ աշխատանքային կենսագործունեությունը «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության, որն անցած շաբաթների ընթացքում հիմնականում զբաղված էր ներկուսակցական «ռազբորկաների» շուրջ պարզաբանումներով։ Եվ, վերջապես, արդյոք այս գործողությունները նպաստելո՞ւ են Րաֆֆի Հովհաննիսյանի` սկզբունքորեն ոչ մեկի համար գաղտնիք չհանդիսացող երազի իրականացմանը, այն է` նեղ կուսակցական շրջանակի գործչից վերածվելու համազգային նշանակության քաղաքական գործչի և իր շուրջը ձևավորելու նոր համազգային շարժում (հիշեցնենք, որ դեռ գարնանը «Ժառանգության» առաջնորդը հայտարարեց, թե կուսակցական շրջանակներն իր համար նեղ են)։
Բոլոր այս հարցերի պատասխանները, անշուշտ, կտա ժամանակը, բայց խիստ կասկածելի է, որ այս ցնցումները կարող են նպաստավոր լինել երկար նախապատրաստված, լավ կառուցված և բնակչության որոշակի զանգվածի կողմից դրական արձագանքի արժանացած Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական կերպարի ու գործունեության համար։ Արտաքին քաղաքական իրադարձությունների հետ կապված երկրում ծավալվող զարգացումները, բնակչության մի մասի շփոթվածությունն ու իրադարձություններում մինչև վերջ չկողմնորոշվելու հանգամանքը, սկզբունքորեն, շատ լավ առիթ էին ինչպես քաղաքական, այնպես էլ անձնական հավակնությունները բավարարելու համար, եթե «Ժառանգության» առաջնորդն իրեն պահեր համապատասխան ձևով։ Մանավանդ որ ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի բողոքի գործողությունները կամ քայլերը, մի շարք հանգամանքներից ելնելով, այնքան էլ համոզիչ չէին բնակչության լայն շերտերի համար, և ազգային կողմնորոշում ունեցող ընդդիմադիր գործչի պահանջարկը Հայաստանում հասունացել էր վաղուց։ Եթե «Ժառանգության» առաջնորդը, դիմումը հետ վերցնելով, որոշել է փորձել բավարարել այդ պահանջարկը, ապա, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք։ Բայց այստեղ էլ հարց է առաջանում, թե արդյոք ամենաանպատեհ պահին զգացմունքները կրկին չե՞ն ստիպի «Ժառանգության» առաջնորդին` մանկական նեղացածությամբ մի կողմ քաշվել քաղաքական գործընթացներից։
Եթե անդրադառնալու լինենք Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական կենսագրությանը, ապա նրա կերպարը Հայաստանում բոլորից ավելի է առասպելականացված։ Իշխանություններից և շատ քաղաքական գործիչներից հուսախաբված հանրության մի զգալի հատվածը կարիք ուներ տեսնելու «ժողովրդական պաշտպանի», այնպիսի քաղաքական գործչի, որն ընդունակ լիներ ինքնազոհության և գործունեության` բացառապես երկրի և ազգի շահերից ելնելով։ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ծագմամբ, կենսագրությամբ, անկախության առաջին տարիներին Հայաստանում մշտական բնակություն հաստատելով կտրուկ տարբերվեց բոլոր նրանցից, ովքեր փախչում էին երկրից, ինչպես նաև, Լևոն Տեր-Պետրոսյանի բնորոշմամբ, սփյուռքի «նարինջ ուտողներից»։ Նա վերահաստատվեց հայրենիքում, և միայն այդ հանգամանքը չէր կարող նրա շուրջ դրական զգացումներ չձևավորել բնակչության մեջ։ Շատ կարևոր և հեղինակությունը բարձրացնելու առումով վճռորոշ եղավ նրա հայտարարությունը Հայոց ցեղասպանության առնչությամբ, որը իբրև Հայաստանի առաջին արտգործնախարար, նա հնչեցրեց Թուրքիայում, և այդ ինքնագործունեության համար հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։ Այնուհետև նա ստեղծեց ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնը, նրա կինը սկսեց զբաղվել լայն բարեգործությամբ, և այս ամենը նույնպես միայն դրական ընկալում էր ստեղծում հասարակության մեջ։
Իշխանափոխությունից հետո «Ժառանգության» ներկա առաջնորդը կարճ ժամանակով նշանակվեց «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն։ Թե ինչպես էին գործում հիմնադրամի կառույցները, և ինչպիսին էր դրանցում Րաֆֆի Հովհաննիսյանի դերը, այդպես էլ հասարակությանն անհայտ մնաց։ Մամուլում հայտնվեցին միայն լուրեր ֆինանսական և այլ բնույթի ներհիմնադրամային սկանդալների մասին, հիմնադրամի աշխատակիցները բողոքում էին նրա կառավարման ծայրահեղ փակ և բյուրոկրատական մեթոդներից, բայց դա ստվեր չնետեց նրա քաղաքական հեղինակության վրա։ Առասպելաբանությունը շարունակեց զարգանալ հատկապես այն խորապատկերի վրա, երբ նախկին իշխանությունները պարբերաբար մերժում էին նրան Հայաստանի քաղաքացիության տրամադրումը, չէին գրանցում և դրանով իսկ զրկում ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ 2007-ի խորհրդարանական ընտրությունների ընտրարշավն էլ շատ հաջող դասավորվեց, նրա «Տեր եմ» կարգախոսը ոգևորեց շատերին, և Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռք բերեց լուրջ դիվիդենդներ` ապագայում հանրապետության նախագահի ամենաիրական հավակնորդներից մեկը դառնալու համար։ Դրան չխանգարեցին նույնիսկ իշխանությունների դեմ ակտիվ պայքարից նրա պարբերական հրաժարումները. բոլորն էլ ենթադրում էին, որ դա հաշվարկված քաղաքականություն է, կգա X ժամը, և նրա քաղաքական իմաստությունն ու գործողությունների վճռականությունը կերևան ողջ ծավալով։
Եվ ահա այժմ կրկին վերադառնալով քաղաքական թատերաբեմ, «Ժառանգության» առաջնորդը, կարծես, փորձում է կրկին «խաղարկել» հին «Տեր եմ» սկզբունքը։ Դժվար է պնդել, թե որքանով հանրությունը կհավատա ու կվստահի նրան այժմ։ Քանզի բացարձակապես անհասկանալի է, թե ինչպես կարող է երկիր ու ազգ կառավարել այն մարդը, ով չի ցանկանում կամ չի կարողանում կարգ ու կանոն հաստատել սեփական տանը, այսինքն` սեփական կուսակցությունում։ Որովհետև պատասխանատվություն նշանակում է պատասխանատու լինել ոչ միայն սեփական անձի, այլև բոլոր այն մարդկանց համար, ովքեր եկել են քո հետևից ու վստահել քեզ։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1541

Մեկնաբանություններ