ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԵԹԵ... ՈՒՐԵՄՆ «ՄԵՌԱՎ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ, ՄԵՌԱՎ ՀԱԿ-Ը»

ԵԹԵ... ՈՒՐԵՄՆ «ՄԵՌԱՎ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ, ՄԵՌԱՎ ՀԱԿ-Ը»
23.07.2010 | 00:00

Ներքաղաքական վերջին «թոփը», իհարկե, Կարո Ռուբինյանն է` յուր «ֆեյսբուքային» դեմարշով: Այն մի պահ մոռացրեց ԼՂ և «շուրջը» տեղի ունեցող անչափ կարևոր զարգացումները, ՀԱՊԿ-մերձռուսաստանյան անհանգստությունները` Հայաստանում սպասվելիք ՆԱՏՕ-ական զորավարժությունների, Թուրքիայի «կողմից» հայ-թուրքական սահմանի բացման-չբացման առիթով, և ամառվա այս տապին բոլորիս ուշադրությունը սևեռեց իր` Կարապետի վրա, իսկ առավել ստույգ` նրա խոր անկեղծության և անչափ ուշացած «հուզումների» վրա:
Եթե Կարո Ռուբինյանի քայլը վիրավորվածության հետևանք չլիներ (պատկերացնո՞ւմ եք` ինչպիսի «կորուստ» կարող էր ունենալ հայ ներքաղաքական այսօրվա կյանքը, խստորեն թեժացող կրքերը, եթե այնպես ստացվեր, որ Կարոն դառնար ՀՀՇ վարչության անդամ, և ոչ մեկին «Ֆեյսբուքում» «չողջուներ» ու փոխադարձ ողջույններ ու ափսոսանքներ չստանար այնտեղից` հույժ կարևոր այդ առիթով), գուցե և կարելի էր ընդունել նրա «աշխարհաթողությունն» առանձին վերցրած ՀՀՇ տեսքով, որպես քաղաքական իրողության արտահայտություն:
Սակայն այդպես չէ, և որոշ հարցեր այս «անցուդարձի» առնչությամբ կան, որոնք «ներքոստորոտում» կշարադրենք, իսկ մինչ այդ արձանագրենք, որ Կարապետ Ռուբինյանն իր այդ վիրավորանքը (ըստ սուբլիմացիայի օրենքի` նաև մնացած ու բոլոր վիրավորանքներն էլ միասին վերցրած) շատ լավ, գրեթե փայլուն էր փաթեթավորել, ինչպես Լավրովը կասեր (ռուս «շպիոններին» ՑՌՈՒ-ի կողմից հայտնաբերելու առիթով), համ էլ խիստ «իզյաշչնի» պահ էր ընտրել:
Սեփական երանքից ծնված այդպիսի հարվածը ամենահզոր քաղտեխնոլոգիական ու գորշկարդինալական «ուդար» էր, որ թերևս հասավ ընդդիմության ուղիղ ողնաշարին և նրա լիդերին, ու դրա համեմատ` ՀՀՇ պառակտմանը «լծված ու խցկված» իշխանական և արևմտյան ուժերը «ղալաթ» էին արել: Նույնիսկ 300-ի կառավարության ու մասոնականության հզոր ինստիտուտների էզոթերիան չէր կարող նման նենգության և հարվածի էներգետիկա արտածել. մեղադրել որևէ «մեկին» և մի ամբողջ կուսակցության ընտրակեղծիքների մեջ, և դա այն ժամանակ, երբ այդ «մեկն» ու «ուժը» 2008-ին սկսած և դրան հաջորդող իր պայքարի ողջ (եթե չասենք միակ) տրամաբանությունը կառուցել էր հենց ընտրությունների կեղծման անթույլատրելիության, լեգիտիմության դեֆիցիտի, ազատ կամարտահայտության և մարդու իրավունքների «վրա», և այդ կարգախոսներով իր հետևից տարել էր գրեթե հայ ժողովրդի մեծամասնությանը` 2007-ից այս կողմ, հաստատ հարված էր գոտկատեղից ներքև և խիստ մտածված, ու խիստ` քոչարյանական (Քոչարյանն էր կարողանում մեկ էլ այդպես անվրեպ զրոյացնել, փոշիացնել ամեն բան` կանգ չառնելով ոչ մի բանի առաջ):
Սա ամենաուղիղ և խիստ պրագմատիկ ազդանշանումն էր նաև այն բանի, որ եթե ընդդիմության ներսից այդպիսի էներգետիկա է այլևս հորդում, ուրեմն` «մեռավ գրասենյակը, մեռավ ՀԱԿ-ը», ինչը կոնկրետ և քաղաքական խաղի տեսանկյունից ուղղակի անթույլատրելի էր, որովհետև էս երկրին ընդդիմություն է պետք, ու ոնց որ վատ էլ ընդդիմություն չէր ՀԱԿ-ը:
Մյուս կողմից էլ, եթե հիվանդը շատ հիվանդ է, կլինիկական մահը երբեք չի կարելի ձգել, որովհետև այն կարող է դիվայնության տանել, իսկ անհարկի հոգեդարձը կրկնակի և քառակի վտանգավոր է:
Անցանք առաջ. Կարապետի (սիմվոլի՜կ է` «նախակարապետ» լինելու առումով) բարձրացրած «աղմուկի» առավել քան մեծ հմայքը սակայն այն էր, որ սոցիալական ցանցում տեղակայված նրա բաց «տրտունջքին» արձագանքել ու արձագանքում են հատկապես մերձՀՀՇ-ականները, թիմակիցները, հարազատ շրջանակները: Պատճառն էլ պարզ է: Նույն սուբլիմացիայի օրենքն է գործում. «թիմակիցները» չեն ներում «պապին» (այդպես են Լևոնին անվանում թիմում), իսկ իրականում` իրենք իրենց: Իրենց դրսևորած կռապաշտության համար:
Այսօր այս և ՀՀՇ-ի շուրջը տեղի ունեցող ողջ գործընթացը մինի մակետն է այս երկրում տիրող` իշխանություն ունեցողի նկատմամբ կռապաշտության (լինի ընդդիմությունում, լինի իշխանությունում), միևնույն ժամանակ վկայությունն այն ծայրահեղ անհանդուրժողականության, որը մշտապես եղել է թե՛ ՀՀՇ-ում ու իրենց իշխանության օրոք (սակայն որը` նույն Լևոնի խարիզմայի, մոգական հմայքի շնորհիվ հնարավոր է եղել, որպես ջին, պահել շշում և կազմաքանդման չտանել կուսակցությունը), թե՛ մնացած երկու նախագահների օրոք` «կռանամ ոտներդ պագեմ, բարձրանամ գլուխդ կտրեմ» կարգախոսի հանգույն և կամ` որոշակի տրանսֆորմացիայով:
ՈՒ քանի կար, Լևոնն իր զինակիցների համար հոգեխանգարմունքի, քաղաքական Օլիմպոսի, նեյրոլինգվիստիկայի հզոր մետր էր, իսկ հիմա... տեսնում եք: Ինչի մեղավորն ամենևին էլ Լևոնը չէ:
Դառնալով կրկին ՀՀՇ-ին ու նրա «նախակարապետին», պետք է ասել, որ այսօր Կարապետ Ռուբինյանի հատուկ ջանքերով ու ծիսակարգերով` ծուխ ու դումանով, ջինը շշից դուրս թռավ, ու անապատի ծանոթ պարն առաջացավ` ոսկե հորթի շուրջը: Խառնելով հոգևոր ու քաղաքական շերտերը, թացն ու չորը, Ռուբինյանների ներկայացուցիչը անձնաքննություն անելու, իրեն զատելու փոխարեն, «ծանեաց» մնացածներին, կոնկրետ դեպքում` ՀՀՇ-ին, այնտեղ տիրող բարքերը և «տիրոջը»:
ՈՒ հիմա մենք ունենք մի քանի հույժ կարևոր հարցեր պարոն Ռուբինյանին:
ա) Ինչո՞ւ հենց հիմա «բռնեց» նրա պարը կամրջի վրա: Ներտեսության, ներՀՀՇ-ականության, ներտերպետրոսյանական նոպան ինչո՞ւ հենց այս պահին դարձրեց Ռուբինյանին սանիտարական այն միջանցքը (նման միջանցքներ ստեղծվում են պատերազմի ժամանակ` ծերերին, հիվանդներին, անուժներին, վիրավորներին պատերազմի գոտուց հանելու համար), որը պետք է հաներ ընդդիմության` ՀՀՇ-ի, այդ թվում և` ՀԱԿ-ի ընդերքում վերջին շրջանում կուտակված ողջ էներգիան: Չէ՞ որ այդ բոլոր խոսակցությունները, դժգոհություններն արդեն քանի տարի, հենց առաջին միտինգից հետո էլ, կային` այս կամ այն չափով: Ընդ որում, այդ ոգին ՀՀՇ-ում (այդ թվում և ողջ իշխանական համակարգում` մինչ այսօր) իշխել է միշտ, եկել դեռ 90-ականներից, որպես ներքին հակասություն Բագրատյանի-Արարքցյանի-Վանոյի-Դավիթի... միջև:
բ) Ինչո՞ւ Ռուբինյանի մոտ արդարության կանչն արթնացավ հենց այս պահին (ընդ որում, ինչպիսի՜ դաժան ձևակերպումով` «ստորություն», նման արտահայտություն ու մոտեցում իրենց թույլ չեն տվել անգամ ամենաիշխանամետ ու «դեղին» հակալևոնական լրատվամիջոցները):
Այո, հիմա հարց պարոն Ռուբինյանին. պարոն Ռուբինյան, 1996-ի հոկտեմբերին, նախագահական ընտրություններին հաջորդող օրերին, երբ Վազգեն Մանուկյանենք «20 րոպեից» հետո ջարդել էին դարպասը, ու հաջորդ օրը ԱԺ նիստ էր հրավիրվել, երբ Դուք ոչ միայն ընտրյալն էիք ՀՀՇ վարչության, այլև հարգարժանորեն բազմած էիք ԱԺ ամբիոնին, որպես փոխխոսնակ, և Ձեր բաց աչքի առջև Դավիթ Զադոյանը դահլիճից, նստած տեղից վեր կացավ, հասավ ամբիոնի մոտ ու հարվածեց այնտեղից ելույթ ունեցող Շավարշ Քոչարյանին` հենց ամբիոնի «վրա»` Ձեր քթի տակ, վերջինիս գլուխն ահավոր հետ գնաց, ակնոցը թռավ ու ջարդուխուրդ եղավ, ինչո՞ւ օրենսդիր մարմնի այդքան բարձր ամբիոնից նման բռնությունն ու բռիությունը, Ձեր իսկ բնութագրմամբ` «ստորությունը», Դուք չկանխեցիք: Այն ժամանակ էլ կարծես խոսվում էր ինչ-ինչ ընտրակեղծիքների մասին:
Ապա, երբ 2008-ի մերձակայքում ոմանք կասկածում էին, որ կարծես թե ընդդիմությունը խաղում է Քոչարյանի հետ, ընդ որում` Գրիգորի Սարկիսյանի հետաքրքիր «միջնորդությամբ» և «կապով», երբ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ կանգնել էր ռուս գեներալ Երյոմինը, իսկ միտինգավորներից ամեն մեկի ձեռքին ուղիղ երկու մետաղաձող կար, ու նրանց դիմաց կանգնած էին 18-20 տարեկան զինվորներ-երեխեքը` վախեցած աչքերով ու չգիտեին` ինչ է լինելու քիչ հետո, եթե հանկարծ այդ ողջ խաղը խելագարության կանխավարկածին ենթարկվի ու իրենց ասեն` հարձակվեք ձողավոր երիտասարդների վրա... արդյոք դա թույլատրելի՞ էր` իմ, Ձեր, Քոչարյանի, Սերժի, ու նաև` Լևոն Տեր-Պետրոսյանի հայրենիքում ու նաև` կողմից, և ինչո՞ւ այն, ինչ ասվեց արդեն մարտի 1-ի գիշերը` ժամը 2-ին, երբ 10 երիտասարդ արդեն զոհվել էր, չասվեց երեկոյան կողմերը, ասենք` ժամը 6-ին, այն է` ցրվեք (քավ լիցի, այդ ամենի առաջին պատասխանատուն Քոչարյանն է, սակայն այդ պահին առաջին նախագահը նաև որոշակի անելիք ուներ), ինչո՞ւ այն ժամանակ այս ամենը Ձեզ չանհանգստացրեց, Դուք որևէ ձայն չհանեցիք այս առնչությամբ ու ոչինչ չխոսեցիք:
Ինչո՞ւ չառաջարկեցիք նույն` «թիկնապահներով շրջող Տեր-Պետրոսյանին»` անձնազոհորեն գալ ու խոսք ասել ժողովրդին, ինչո՞ւ համակերպվեցիք նրա` տնային կալանավոր լինելու ստատուսի հետ: Ինչո՞ւ Դուք` հավատացյալ Կարապետ Ռուբինյանդ (չէ՞ որ այդ մասին մենք քանիցս ենք սիրուն-դուխովնի հարցազրույցներ արել, պարոն Ռուբինյան), չբարձրացրիք Ձեր ձայնն այն ժամանակ, երբ այդ օրերին կաթողիկոսը գնում էր Տեր-Պետրոսյանի մոտ, ու նրա առջև դուռը չբացվեց: Անկախ Վեհափառի անձից, առաջին նախագահի դուռն էր գնացել երկրի Վեհափառը` Աստծո օծումն ունեցողը, և մեր երեք նախագահներից ամենաշատը հոգևորից հասկացող, Աստվածաշնչի Դավթի սաղմոսները թարգմանած սիրելի Լևոնն այդ պահին ոչ թե Վեհափառին, այլ Աստծուն էր տալու իր հարգանքը: Պարոն Ռուբինյան, ինչո՞ւ այդ և հետագա օրերին համարում էիք, որ Տեր-Պետրոսյանն անսխալական է:
Պարոն Ռուբինյան, բա հիմա, երբ այդ ամենի միջով կարողացել եք անցնել, ինչո՞ւ հիմա, երբ Տեր-Պետրոսյանի համար իսկապես դժվար է (իսկ անձնական կյանքում նրա համար իսկապես այսօր դժվար է, ու մենք աղոթում ենք նաև դրա համար), երբ նրա համար քաղաքական կյանքում էլ արդեն դժվար է (չնայած որևէ մեկը, նրանից զատ, չէր կարողանալու ընդդիմության շարժումն այդպես և այսքան պահել), այսօր, երբ Լևոնի համար դժվար է նաև ՀՀՇ-ում` անկախ ամեն ինչից, դանակ վերցնելու և համարձակ լինելու ցանկություն առաջացավ Ձեր մեջ:
Չէ՞ որ Դուք էլ նրա հետ հավասար ու համապատասխանաբար պատասխանատու եք այն ամենի համար, ինչի դեմ բողոքի ձայն եք բարձրացրել:
Ինչո՞ւ, պարոն Ռուբինյան:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1334

Մեկնաբանություններ