«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Բոլորն սպասում են կապույտ եզրաշերտով ափսեին

Բոլորն սպասում են կապույտ եզրաշերտով ափսեին
06.10.2009 | 00:00

Աստծո անցած յոթ օրը Հայաստանում խաղաղ էր ու անվրդով, ինչպես լինում է մեծ փոթորկից առաջ՝ մեծ ծովում: Փոթորիկ, որ կարող է լինել, կարող է չլինել` ծով է... Թեկուզ` փոքր: Թեկուզ` ցամաքային:
Հիմնական իրադարձություններն ու հիմնական գործող անձինք` հայ-թուրքական հարաբերությունների կայացում և հարակից խնդիրներ, նախագահ-կուսակցություններ, քաղաքական գործիչներ: Եվ այս ամենը՝ մեկ առանցքի շուրջ պտտվող շահերով, նպատակներով, խնդիրներով ու որոնումներով` ոմանց համար ճշմարտության, ոմանց համար` ելքի, ոմանց համար` ուղղակի: Ամենատարօրինակը` բոլորն ամեն ինչ գիտեն, բայց ոչ ոք չի փոխելու իրադարձությունների ընթացքը: Գաբրիել Գարսիա Մարկեսի «Մի հայտարարված սպանության ժամանակագրություն» վիպակի «հայկականացված տարբերակ»` համարյա Հ1-ի «Երեք ընկերը», որ Էրիխ Մարիա Ռեմարկի հետ նույնքան կապ ունի, ինչքան Մարկեսը` Հայաստանի:
Հոկտեմբերի 2-ին ԱԺ կոալիցիոն` ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունները հրապարակեցին համատեղ հայտարարություն հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Որ կոալիցիոն ուժերը հայտարարություն պիտի անեին, կամավոր-պարտադիր իրողություն էր, բայց կամավոր-պարտադիր լինելը բնավ չի ենթադրում ոչինչ չասող ու ոչինչ չնշանակող լինել: Հայտարարությունը դպրոցական փոխադրություն է հիշեցնում, ուր կամընտիր վերաշարադրված են «այս օրերի» մի քանի իրադարձություններ:
Օրինակ, «Ամենևին չանտեսելով պատմական անցյալի ողբերգական էջերը, ՀՀ-ն այսօր ցուցաբերում է հայրենիքի ապագայի հանդեպ մեծ պատասխանատվության զգացումով թելադրված խիզախություն` երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Նախաստորագրված արձանագրություններն արտացոլում են Հայաստանի առաջ քաշած՝ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու դիրքորոշումը, իսկ դրանց իրագործումը ոչ միայն չի փակում մեր համազգային նպատակների և իղձերի իրականացման որևէ դուռ, այլև, ընդհակառակը, ձևավորում է աշխատանքի նոր հարթակներ ու մեխանիզմներ, ստեղծում նոր հնարավորություններ»: Հայտարարության ժանրը չի ենթադրում մեկնություններ, բայց որևէ կերպ պիտի՞ զգացվեր, որ այդ հայտարարության հեղինակը խորհրդարանական քաղաքական ուժերն են: Ի՞նչ տարբերություն հայ-թուրքական հարաբերությունների ջատագով արտախորհրդարանական ուժերի և խորհրդարանական ուժերի միջև: Ըստ հայտարարության` ոչ մի: Պատգամավորների ու Ազգային ժողովի պատասխանատվության, վերաբերմունքի, իրավունք-պարտականության ոչ մի դրսևորում: Նրանք ողջունում են այս քաղաքականությունը` «կոչ անելով Հայաստանի բոլոր քաղաքացիներին, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև աշխարհասփյուռ հայությանը՝ ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ այդ գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար»: Այսինքն` ամբողջ իմաստը, կոչը, խնդրանք-թելադրանքը` «մի խանգարե՞ք»-ն է: Բայց անհեթեթ է նման կոչով դիմել ինչ-որ մեկին, եթե կոչ անողը ոչինչ հանձն չի առնում:
Րաֆֆի Հովհաննիսյանը մնում է պատգամավոր` սա ժողովրդավարության հերթական հաղթանակն է անկախ Հայաստանի պատմության մեջ, որ նշանակում է` առաջվա պես երբ ցանկանա, կգնա Ազգային ժողով, ներկա կլինի լիագումար նիստերին, գուցե նաև մի քանի անգամ կքվեարկի, հազվադեպ, բայց տպավորիչ ելույթ կունենա, պարտադիր հարցազրույցներ կտա իրեն տեսնելուց շատ զարմացած լրագրողներին ու հպարտորեն կհեռանա` կատարած պարտքի գիտակցությամբ: Մի՞թե ավելին են անում մյուս պատգամավորները: Շարունակելով իր համար շատ հարազատ «հրաժարականի» թեման` հոկտեմբերի 2-ին մամուլի ասուլիսում նա հայտարարեց, թե այն մարդը, որ կստորագրի կամ ստորագրել կտա հայ-թուրքական արձանագրությունները, հրաժարական կտա ոչ միայն իր պաշտոնից, այլև հայրենիքից, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը չի պահանջում նախագահի հրաժարական, համարելով ձևական պահանջ, քանի չկա քաղաքական ուժերի միասնություն, որն այդ պահանջի իրացմանը կհանգեցնի: Սա նշանակում է՝ պահանջելով չպահանջել: Եզակի ճկունություն քաղաքականության մեջ: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ սպասում է կապույտ եզրաշերտով հայտնի ափսեին, որ սկուտեղի վրա երազանքների կատարում է հրամցնում, բայց ոմանց միայն:
«Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն որոշել են միավորել ուժերը` հայ-թուրքական արձանագրությունների դեմ իրենց անջատ-անջատ պայքարում: Գուցե սա սկիզբն է քաղաքական «բարեկամության» ու արդյունավետ համագործակցության: Համենայն դեպս, խորհրդարանում եղանակ չի փոխվի իրենց 16+6 թվաբանությամբ` ինչի «դեմ» կամ «կողմ» էլ քվեարկեն, բայց բարոյական հաղթանակներ, իհարկե, հաջողությամբ ու հաճույքով կգրանցեն:
Թուրքիայի վարչապետը վերստին շտապեց ստանձնել մունետիկի դեր ու հայտարարեց, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանն ու Թուրքիան կստորագրեն հարաբերությունների կարգավորման երկու արձանագրությունները: Այդ պատմական ակտը կհավերժացնեն արտաքին գործերի նախարարները՝ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Միշլին Քալմին-Ռեյի ներկայությամբ: Այնուհետև փաստաթղթերը կներկայացվեն խորհրդարանների վավերացմանը:
ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը կարծում է, որ Սերժ Սարգսյանի ներկայությունը Թուրքիայի ու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան խաղին ճիշտ քայլ կլինի` որպես պատասխան Թուրքիայի նախագահի ներկայությանը Հայաստանում կայացած խաղին: Նա նաև արձանագրել է, որ երկու երկրներում էլ հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերը բախվում են «որոշակի քաղաքական հակազդեցության»:
Հոկտեմբերի 1-ից սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հանրային քննարկումների նպատակով կատարվող համահայկական ուղևորությունը: Փարիզից ու Լոս Անջելեսից հետո նախագահը կմեկնի Բեյրութ ու Դոնի Ռոստով:
Փարիզում, Եվրոպայի հայաշատ գաղթօջախների հայկական կազմակերպությունների ու կառույցների 100 ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն ասաց. «Այս դահլիճը հավաքական ուժ է ներկայացնում, հարյուր հազարավոր եվրոպահայերի զորության խորհուրդն ունի, և դա ես արձանագրում եմ անթաքույց հպարտությամբ: Այդ ուժը համահայկական բազում խնդիրներ է լուծել տասնամյակների ընթացքում, մշտապես եղել և մնում է Հայաստանի կողքին: Եվ կմնա, քանզի դարեր շարունակ Հայաստանը եղել է հայության երազանքների հանգրվանը: Այսօր էլ մենք միասին ենք՝ այս անգամ որոշումների կայացման հարցում խորհրդակցելու, կարևոր ճանապարհից առաջ աշխատանքի բաժանում կատարելու համար»: Գեղեցիկ ու հուսադրող այս նախաբանին հաջորդեց բոլորիս ցավի չափ ծանոթ սցենարը` բացառվեց Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հարցում նախապայմանների առկայությունը, շեշտվեց, որ արձանագրությունները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման սկզբնաքայլեր են, բանակցությունների նվազագույն միջավայր ձևավորելուց բացի, այլ խնդիր չունեն, խնդիրները քննարկելու և հանգուցալուծելու մեխանիզմներ: Ի պատասխան «Թուրքիան հարաբերությունների կարգավորումը կարո՞ղ է օգտագործել Արցախի հարցում ճնշում գործադրելու» մտահոգությանը՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Ղարաբաղի հարցում գոյություն ունի բանակցությունների հստակ ձևաչափ: Նախաստորագրված արձանագրությունները ոչ մի կապ չունեն Արցախի խնդրի հետ: Ակնհայտ է, որ այնտեղ ակնարկ անգամ չկա Ղարաբաղի մասին: Մեր դիրքորոշումը հստակ է. արցախյան կարգավորման հարցը չի գտնվում և չի կարող գտնվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տիրույթում: Սա Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է: Ասեմ ավելին, արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացը դեռևս բավականին աշխատանք է պահանջում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ մոտակա ժամանակաշրջանում այդ խնդրի կարգավորման համաձայնագրի ստորագրումը իրատեսական չէ»:
«Հայրենիքը չի կատարի որևէ քայլ, որը չբխի համահայկական շահերից: Մեր ռազմավարական, հեռանկարային նպատակները նույնն են, և հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն այդ ճանապարհին ոչ միայն դուռ չի փակում, այլև նոր հնարավորություններ է բացում». սա է հիմնական հավաստիացումը, որ տրվել է Փարիզում և ներկայացվելու է այլուր: Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում որոշ քաղաքական ուժերի հայտարարություններին ու քայլերին, Սերժ Սարգսյանն ասաց. «Ես խոր հարգանքով եմ վերաբերվում գործընթացի շուրջ առկա բոլոր տեսակետներին ու հնչող բոլոր կարծիքներին: Բայց եթե որևէ մեկն իր գործողություններով փորձում է ինձ սպառնալ, ապա նա, հավանաբար, շատ միամիտ է»:
Իսկ համահայկական «հյուրախաղերից» առաջ գլխավոր փորձը ՀՀ նախագահն անցկացրեց Հանրային խորհրդի ընդայնված կազմի հետ հանդիպելով և հույս հայտնելով, որ ապագայում հնարավորություն կունենա հանդիպելու բոլոր անդամներին` 1700 հոգու: Երկուսուկես ժամ Հանրային խորհուրդը բարձրաձայնում էր հայ-թուրքական հարաբերությունների և նախաստորագրված արձանագրությունների շուրջ իր նկատառումները, ռիսկերն ու մտահոգությունները: Ի պատասխան հնչեց. «Իսկ ե՞րբ մենք դրանք չենք ունեցել. երբ քվեարկում էինք Հայաստանի Հանրապետության անկախության համար, բոլորս հարյուր տոկոսով վստա՞հ էինք, որ ամեն ինչ հարթ է ընթանալու: Ես անձամբ շատ մեծ ապրումներ ու մտահոգություններ եմ ունեցել, երբ Լեռնային Ղարաբաղում ստիպված, պարտադրված էինք զինված պայքարի: ...Ես ուղղակի ասում եմ, որ այսպես ապրելն ու շարունակելը ճիշտ չէ: Մենք պետք է ունենանք բնականոն հարաբերություններ, իսկ դրանք ունենալու համար պետք է սկսենք խոսել: Իմ ասածը սա է»:
Իր քաղաքական հոկտեմբերը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սկսեց սեպտեմբերի 30-ից` Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցով: Անխոնջ խոսնակին հաջողվեց հանդիպել ոչ միայն Իրանի, այլև Իրաքի խորհրդարանի նախագահների հետ: ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ քննարկեցին, որքան էլ տարօրինակ է, «ս.թ. ապրիլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԻԻՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների նախագահների միջև ձեռքբերված պայմանավորվածությունները»: Առաջներում ԱԺ նախագահն իրեն թույլ չէր տալիս որևէ այլ երկրի նախագահի հետ ՀՀ նախագահի ձեռք բերած պայմանավորվածությունները քննարկել` նույնիսկ «նրանց նախանշած ծրագրերի իրականացման հարցերը» լուծելու ազնիվ նպատակով: Հովիկ Աբրահամյանը քար է գցել նաև Արթուր Բաղդասարյանի «բոստանը»` «Նրանք նաև հանգամանալից քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը»: Իրաքի Ազգային ժողովի նախագահ Այադ ալ Սամառայի հետ հանդիպմանը վկայակոչվել են ավանդական ջերմ հարաբերությունները Հայաստանի և Իրաքի ժողովուրդների միջև, առաջարկվել է վերահաստատել շփումները: Թեհրանի Հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում հանդիպելով իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ` Հովիկ Աբրահամյանն ասել է. «Հայաստանի իշխանությունները երբեք թույլ չեն տա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի առկախումը հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգումից»: Իրանահայերը մինչև հիմա մտածում են` ի՞նչ է դա նշանակում` ա՞յն, ինչ իրենք են կարծում, թե՞ այն, ինչ թվում է Հովիկ Աբրահամյանին: Բայց նույնիսկ դա չէ կարևորը: Կարևորը և վտանգավորը` արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի հասցնում կատարել իր անուղղակի պարտականությունները: Ինչ-որ մեկը կարող էր, չէ՞, նրան այդ հարցում փոխարինել: Եթե խորհրդարանի ու նախագահի աշխատակազմերի միջև հարաբերությունների պատասխանատու կա, ինչո՞ւ չկա նման պաշտոնյա խորհրդարանի ու արտաքին գործերի նախարարության փոխհարաբերությունների հարցով: Հուսանք, որ եթե նման պաշտոնյա լիներ, խելամտորեն կհորդորեր Հովիկ Աբրահամյանին` հետաձգել այցը ԻԻՀ, որովհետև այդքան կարևոր հարցեր լուծելու համար, մեղմ ասած, այնքան էլ հարմար պահ չի ընտրված` նկատի առնելով այն ամենը, ինչ հայտնի դարձավ Պիտսբուրգում, բայց պարզ չդարձավ աշխարհում, նկատի առնելով հայ-ռուս-ամերիկյան ու իրանա-ռուս-ամերիկյան և տարածաշրջանային այլևայլ փոխհարաբերություններն ու դրանց այս պահի առանձնահատկությունները: Ի՞նչ հրատապ ու անհետաձգելի հարց էր լուծում Հովիկ Աբրահամյանը Թեհրանում, ինչո՞ւ նրա միջազգային հանդիպումների ժամանակացույցը չի համադրվում ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների և նպատակահարմարությունների հետ` ճիշտ պահի ու անհրաժեշտ խնդրի համատեղ ընտրությամբ: Մի պայմանով, իհարկե, եթե դրանք ոչ միայն հայտարարվում են, այլև կան իրականում:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում ելույթ ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Շեշտվեց, որ Ադրբեջանը միջազգային ասպարեզում աղավաղում է ղարաբաղյան խնդրի էությունը: Ի թիվս այլ փաստարկների` նախարարը սրամիտ թվաբանությանը ևս ապավինեց, արձանագրելով, որ եթե ինքնորոշման իրավունքը ստորադասվեր տարածքային ամբողջականությանը, ՄԱԿ-ում 192-ի փոխարեն կլիներ 52 պետություն:
Խորհրդարանում հայ-թուրքական հարաբերությունների հարցով լսումներ էին հրավիրվել: Ասվեց, ինչ պիտի ասվեր, տեղ-տեղ էլ սպրդեց, ինչ պիտի չասվեր: Լսումները ոմանք համարեցին արդյունավետ, ոմանք՝ ֆարս, երկու կողմն էլ ճիշտ էին` նայած ով ինչ խնդիր էր լուծում: Արտաքին գործերի նախարարը փորձեց համընդգրկուն լինել ու ամփոփել հայ-թուրքական հարաբերությունների ոդիսականը. «Անկախացումից ի վեր Հայաստանը պատրաստ է եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների: Այժմ մենք իրականացնում ենք տարիներ շարունակ արտահայտված այդ ձգտումը»: «Արդյոք առկա՞ են նախապայմաններ նախաստորագրված արձանագրություններում: Ո՛չ և մեկ անգամ ևս` ո՛չ: Կասկածի տա՞կ ենք առնում Հայոց ցեղասպանության փաստը, խոչընդոտո՞ւմ ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Ո՛չ և մեկ անգամ ևս՝ ո՛չ: Գոյություն ունի՞ կապ նախաստորագրված փաստաթղթերի և Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի միջև: Ո՛չ և մեկ անգամ ևս՝ ո՛չ»։ Անհրաժեշտության դեպքում ահա այսպես պերճախոս կարող են դառնալ քչախոս դիվանագետներն անգամ: Իսկ նրանց պերճախոս անկեղծության գնահատականը ժամանակը կտա, մարդիկ հաճախ են անկեղծորեն մոլորվում:
Հայաստանի պարտավորությունների կատարման հարցը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի օրակարգ չմտավ, մոնիտորինգի հանձնաժողովում առաջարկներ եղան պարտավորությունների կատարման վերաբերյալ։ ԵԽԽՎ-ն էլ է սպասում հոկտեմբերին:
Անցած շաբաթ հասցրին Երևանում ու Ստեփանակերտում լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը կարծում է, որ Քիշնևից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն առիթ կունենան նորից հանդիպելու: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների հիմնական կետերը, ըստ նրա, համաձայնեցվել են: Համանախագահները ևս հաստատեցին, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն առնչվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նրանք նաև փաստում են, որ իրենք չեն կարող Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ: Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հիշեցրեց, որ նրանք հայկական կողմի կամքով են դադարել մասնակցելուց բանակցություններին, իսկ վերադառնալու համար պետք է ադրբեջանական կողմի համաձայնությունը:
Հոկտեմբերի առաջին կիրակի օրը նշվում է Ուսուցչի օրը: Ինչպես հարկն է, կազմակերպվեցին ավանդական միջոցառումներ, հայտնի դարձան ու պարգևատրվեցին տարվա լավագույն ուսուցիչը, տնօրենը, դաստիարակը: Վարչապետն ասաց` որքան է բարձրացել ու բարձրանում ուսուցիչների աշխատավարձը, ինչ կարևոր է գիտելիքը 21-րդ դարում՝ և՛ նմանապես, և՛ մասնավորապես, և՛ հավուր պատշաճի: ՈՒ վերջ: Այս տոնն էլ նշվեց պետական բարձր մակարդակով: Հետաձգվեց մի աննշան խնդրի լուծում, չպարզաբանվեց` ի՞նչ է նշանակում ՈՒՍՈՒՑԻՉ: Ի՞նչ է նշանակում ՏՈՆ:
Կատարվեց Օստապ Իբրահիմովիչ Մարիա Բենդեր բեյի չնախատեսված երազանքը` Ռիո դե Ժանեյրոն ընտրվեց 2016-ի օլիմպիական խաղերի մայրաքաղաք: Մրցակիցներն էին Տոկիոն, Չիկագոն, Մադրիդը: Տոկիոյի ներկայացուցիչները խոստանում էին պատմության մեջ ամենաէկոլոգիական խաղերը կազմակերպել: Մադրիդի համար մաքառում էր ՄՕԿ-ի պատվավոր նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը: Չիկագոյի շահերը պաշտպանում էին նախ Միշել` ապա Բարաք Օբամաները: «25 տարի առաջ ես ընտրեցի այդ քաղաքը և այդ ժամանակից Չիկագոն հարազատ եմ համարում: Հույս ունեմ, որ դուք կհետևեք իմ օրինակին»,- լակոնիկ ասաց Օբաման, բայց նրան չհասկացան: Հաղթեց Բրազիլիայի նախագահ Լուիս Իգնասիո Լուլու դա Սիլվան, որը խոստացավ պետական աջակցություն միջոցառումների կազմակերպմանը, և ՄՕԿ-ը որոշեց առաջին անգամ օլիմպիական խաղերն անցկացնել Հարավային Ամերիկայում: ՄՕԿ-ի նիստից հետո Պելեն ասաց, որ իրեն նորից չեմպիոն զգաց: Իհարկե` կզգա, մանավանդ, 2014 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ևս կայանալու է Բրազիլիայում:
Աստծո անցած յոթ օրը Հայաստանում խաղաղ էր ու անվրդով` ինչպես լինում է փոթորկից առաջ՝ ծովում: Փոթորիկ, որ կարող է լինել, կարող է չլինել` ծով է... Թեկուզ` փոքր: Թեկուզ` ցամաքում:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1757

Մեկնաբանություններ