«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Կառուցենք հարմարավետ, հյուրընկալ քաղաք ձեզ հետ, ձեզ համար»

«Կառուցենք հարմարավետ, հյուրընկալ քաղաք ձեզ հետ, ձեզ համար»
08.05.2009 | 00:00

«ՔԵԶ ՀԱՄԱՐ, ԵՐԵՎԱՆ»
Չնայած Երևանի ավագանու ընտրությունները դեռ լայն թափ չեն հավաքել, այնուհանդերձ, բավականին հետաքրքիր դրսևորումներ արդեն իսկ կան:
Նախ` ՀՅԴ-ն ընտրություններին «ձեռնամուխ» եղավ մի կարգավիճակով, ստարտն սկսեց բոլորովին այլ կարգավիճակով, ինչ կարգավիճակով կավարտի, առայժմ պարզ չէ:
Հետո «սոցիոլոգիան» կռվի մեջ մտավ «կուսակցական իմիջի» հետ (այստեղ «զարգացումների» դեռ պետք է սպասել, չնայած կողմերի խելամտությունը գուցեև բավարարի կանգնել Նվեր Մնացականյանի «վերքերի» վրա):
Էնտեղ էլ ՀԱԿ-ն է փորձում մի կերպ գլուխ հանել, իրար համակցել Երևանի հոգսերը հայտարարված քաղաքական սկզբունքների ու նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հետ:
Բայց ամենահետաքրքիրը, հաստատ, ՀՀԿ-ի մոտեցումն է: Վերջինս գոնե այս պահին նախընտրել է բացառապես բակային հանդիպումների ձևաչափը: Իսկ թվում էր` իշխող կուսակցությունը փորձելու էր ընտրություններում ցույց տալ իր բազկի զորությունը, «տիրապետությունների» ամպլիտուդը:
Բոլորովին հակառակ պատկերի ականատես եղանք նախորդ օրը, երբ, ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ շրջելով բակերում, փորձում էինք հասկանալ` ինչու հատկապես այդ ձևաչափով:
Երևան քաղաքի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակը ղեկավարող Գագիկ Բեգլարյանն ու երկրորդ հորիզոնականն զբաղեցնող Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն համայնքի Սարկավագի 131-րդ շենքի բակում էին: Եթե հետաքրքիր է, ասենք. ժողովուրդ շատ կար, բայց դա հաստատ քաղտեխնոլոգիայի դրսևորում չէր: Լրագրողներն էլ շատ չէին: Անմիջական, շատ «մոտիկից», սիրտը սրտին զրույցի էին քանաքեռցիները և Գ. Բեգլարյանը։ «Բեգլարյան ջան, տեսնում ես, մի բեսետկա չկա, էս բիձեքով նստենք տակին, զրուց անենք»: «Զրույցի ժամանակ չի,- առաջ եկավ մինչ այդ իր ակտիվությամբ բոլորին հոգեհան արած մի կին,- Բեգլարյան ջան, էսքան ժամանակ սպասում ենք. քսան տարի հողը մշակել ենք` ա՜յ էս ձեռներով, ժայռերը տկահան արել, ծառ տնկել, հիմա ուզում են մեր ձեռից հողն առնեն, տան ուրիշի, գոնե ընենց արեք, որ առաջնային աճուրդով մենք առնենք էդ հողերը...»: Խնդիրը հուզում էր ներկաներից բավականին թվով մարդկանց:
-Ժողովուրդ, գիտե՞ք ինչու եմ եկել. եկել եմ ձեզ լսեմ, հետն էլ ասեմ, որ այդ կարգի գործընթացները հետայսու դադարեցվելու են, և հողը, որ երկար տարիներ դուք մշակել եք, ու հիմա դրվել է աճուրդի, որպեսզի ուրիշները գնեն, այո, այդ պրոցեսները կանգնեցվելու են, և ընդհանրապես այն բոլոր գործընթացները, որ ժողովրդի դեմ են, իսկապես: Ես ևս ուզում եմ, որ դուք հավատաք իմ խոսքին: Այս և բոլոր մնացած այդ կարգի հարցերը լսելու, արձանագրելու, լուծումներ տալու համար են, որ մենք էսպես հատ-հատ փորձում ենք հանդիպել ձեզնից յուրաքանչյուրի հետ: Սիրելի՜ մեծահասակներ, ուղիղ հինգ օրից էլ դուք բակում կունենաք ձեր պահանջած զրուցարանը,- ասաց Գ. Բեգլարյանը` անցնելով ընտրությունների, այսպես ասած, քաղաքական բլոկին` ներկայացնելով այն խնդիրները, որոնք պատրաստվում են իրականացնել ՀՀԿ-ն և նրա համասնական ցուցակը կազմող ավագանիների թիմը:
Ամենաէականը, անշուշտ, մայրաքաղաքի` մեկ միավոր դառնալն ու համաչափ զարգացում, կենսագործում ապահովելն էր: Թե՛ Գ. Բեգլարյանին, թե՛ Տարոն Մարգարյանին քանաքեռցիները նույն հարցն էին ուղղում. ինչո՞ւ իրենց ղեկավարած (երբեմնի) համայնքները` Կենտրոնն ու Ավանը, այդքան ծաղկուն ու «ուրիշ» են, իսկ Զեյթունն ու Քանաքեռն այդպիսին չեն։ «Եկել ենք նաև ձեզ տեղեկացնելու, որ Երևանի մասին նոր օրենքով և մայիսի 31-ին սպասվելիք ընտրություններով Երևանն այլևս վերածվում է մեկ միասնական օրգանիզմի` մեկ միասնական միջավայրով, ուր պետք է հավասարաչափ բաշխված լինեն ռեսուրսներն ու ուշադրությունը, սիրելի ժողովուրդ, որպեսզի վերականգնվի ամենակարևորը` հույսը դեպ սեփական համայնքը, քաղաքը, համայնքային իշխանությունը: Երևանն սկսվում է յուրաքանչյուրիս տնից, շենքից, բակից: Տարբերակելով քաղաքին վերաբերող խնդիրները երևանցու խնդիրներից, ուր առաջնահերթությունը ձերը` երևանցունն է, պետք է կարողանանք ստեղծել ձեզ համար ապրելու, կենսագործվելու բավարար պայմաններ: Պետք է կարգավորենք շենքը` վերելակից մինչև տանիք, բակը, փողոցը: Երևանի բակերի 60 տոկոսը վերականգնված է, լուսավոր»:
Ի դեպ, մինչ Գ. Բեգլարյանը զրուցում էր մեծերի հետ, փոքրերը` նստած բակի կարուսելները, աղմուկ-աղաղակով ֆռֆռում էին, քիչ հեռվում էլ խնամված կանաչ գազոնի վրա դպրոցահասակ երեխաները ֆուտբոլ էին խաղում:
Եվ ընդհանրապես, հանդիպումը տևեց անչափ երկար, պատասխանվեցին-արձանագրվեցին մինչև վերջին մարդու պահանջ-առաջարկ-խնդրանք-բողոքները, և այդպես երեք բակում` մինչև ուշ ժամ ՀՀԿ-ն լուռ, առանց «հայդաբուդուրի» «Քեզ համար, Երևան» կարգախոսն էր առաջ տանում:
Ի դեպ, հաջորդ հանդիպումը Քանաքեռի Կազակների հուշարձանի մոտ էր։ Այստեղ մի քիչ պաշտոնական ու հայրենասիրական ստացվեց հանդիպումը. նախ, որ անձրև էր գալիս, հեռվից էլ Դոնի կազակների հուշարձանն էր հսկում, ու քանաքեռցիներն այդ տեղատարափին կանգած` ոչ մի կերպ չէին հեռանում: Ընդ որում, քիչ այն կողմում էլ սբ. Աստվածածին եկեղեցին էր, որի բակում թաղված է Խաչատուր Աբովյանի «Վերքի» հայտնի հերոսը` Աղասին:
Անձրևի տակ կանգնած քանաքեռցիներին հարցնում էի` ինչո՞ւ չեք գնում: «Բա չտեսնե՞նք` ինչ են ասում թեկնածուները, չիմանա՞նք` ինչ է անելու Բեգլարյանը մեր թաղի համար, հո մենակ Կենտրոնը ծաղկեցնելով չի՞», պատասխանում էին:
-Քանաքեռն ինքնին Երևանն է, քաղաքն սկսել է այստեղից, ձեր համայնքից: Երևանը, որպես կոլորիտ ու մշակութաբանություն, Քանաքեռին է պարտական, սիրելի քանաքեռցիներ, մենք տեղյակ ենք ձեր խնդիրներին: Այդ համալիր խնդիրների մեջ առանձնանում են, իհարկե, բազմաբնակարան, բազմահարկ շենքերի պրոբլեմները, ասֆալտապատման հարցը: Քանաքեռը պոլիկլինիկա չունի, արդեն իսկ մտածում ենք այդ ուղղությամբ, փորձելու ենք գտնել միջոցներ` այդ հարցերը լուծելու համար: Մեր գերագույն նպատակն է` նպատակասլաց, հետևողական աշխատանքով, սրտացավ ու հոգատար վերաբերմունքով Քանաքեռը, ողջ Երևանը դարձնել հարմարավետ, բարեկեցիկ, գրավիչ ու հյուրընկալ քաղաք` ձեզ հետ, ձեզ համար,- արձանագրեց Գ. Բեգլարյանը:
Հետո` էլի բնակիչների հետ ժամեր տևած քննարկում, համաձայնություն-անհամաձայնություն, երկուստեք հասկացվելու ձգտում-սպասում:
Իսկ մենք ամփոփենք. ա) ակնհայտ էր. ժողովուրդն այդ երկխոսության կարիքն ուներ: Եվ` շատ: Որքան էլ այդ երկխոսություններն սկսվում և ավարտվում են հատկապես ընտրություններին: Այս անգամ, պարզապես, մի քիչ «մոտիկից» էր ստացվում երկխոսությունը: Եվ դա ՀՀԿ-ն շատ լավ հասկացել ու որսացել էր նաև այն պատճառով, որ որպես անմիջական պատասխանատու` «իրերի վիճակին» լավ է տիրապետում, և այդ ձևաչափում փորձում է առաջ գնալ, պարզ, անպաճույճ, բնական` առանց ավելորդ աղմուկի, գործնական, պրակտիկ, հարց լուծող կեցվածքով, որովհետև շատ լավ գիտի` ինչ ասել է քաղաքային տնտեսություն, քաղաքային գործ:
Ի դեպ, ըստ մեր լուրերի, բակային հանդիպումների ձևաչափը ՀՀԿ-ն (հատկապես Սերժ Սարգսյանը) փորձել է կիրառել նաև 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ, որպես ամենաարդյունավետ մեթոդ, բայց քանի որ քաղաքական իրավիճակն այն ժամանակ փոքր-ինչ այլ էր, գլուխ չի դրել:
բ) Բակային այդ հանդիպումների ձևաչափը «ցուցանեց», որ քաղաքականությունն ամենաքիչ հետաքրքրող հարցն է երևանցու համար. որքան էլ բնակիչների հետ փորձեցինք արծարծել այդ կարգի հարցեր, նրանք իրենց կենսական խնդիրների «մեջ» էին` բակ, տանիք, կանաչ միջավայր, «բեսեդկա», երեխաների խաղալու, իրենց զբոսնելու տեղեր, «լիֆտով» բարձրանալ...
գ) Բակային այդ հանդիպումների ընթացքում արված «մոնիտորինգն» ու դրանց համադրումը միտինգային-դահլիճային, նաև` երթային քաղտեխնոլոգիաների հետ, գրանցեցին արդյունավետություն նախ և առաջ այն պատճառով, որ այդ դեպքում իրական խնդիրները «դիտվում», լուծվում են հենց օրորոցում: Եվ` ներսից:
դ) Նույնը կարելի է ասել ՀՀԿ ծրագրի «հաշվով». ծրագիրը ներսից խնդիրներն իմացող, պատկերացնող «ձեռքի» արդյունք է:
Եվ որ ամենակարևորն է` շարունակականության հենքի վրա կառուցված:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1798

Մեկնաբանություններ