«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ինքնամաքրումը որպես ուղիղ ճանապարհ

Ինքնամաքրումը որպես ուղիղ ճանապարհ
29.05.2009 | 00:00

ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՆԵՐՍ
Վերնագիրն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ` ի՞նչ ինքնամաքրման մասին է խոսքը, մեր հոգսաշատ գլխին մի հո՞գս էլ ավելացնենք: ՈՒստի կուզենայի նախ և առաջ հիմնավորել հարցադրումը:
Հիշենք մի քանի տող Խորենացու «Հայոց պատմության» վերջին գրքի վերջին գլխից, որը նա «Ողբ» է անվանել: «ՈՒսուցիչները` տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, ոսկեսեր, նախանձոտ, գայլ դարձած հոշոտում են իրենց հոտերը. կրոնավորները` կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր. իշխանները` ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր. դատավորները` տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող… և առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած»:
Քերթողահոր այս խոսքերին անտեղյակ մեր օրերի հայն անպայմանորեն կասի, որ դրանք նաև մեր այսօրվա ճշմարիտ նկարագիրն են: Եվ նա բոլորովին էլ սխալված չի լինի: Հետևաբար, ստացվում է, որ մեր ազգային իրականությունը 1500 տարի շարունակ կանգնած է եղել և այժմ էլ կանգնած է ԱՌԱՋԸՆԹԱՑԻ քննության սեղանի առջև` միևնույն հասարակական արմատական ախտերով:
Ներմուծենք որպես չափանիշ այսպիսի հասկացություն` հասարակական հարաբերությունների կուլտուրա, որի տակ հասկանանք այն, թե որքանով են «Սերն ու Ամոթը» և օրենքը կարողանում կառավարել այդ հարաբերությունները: Այսօր աներկբա է, որ ըստ այդ չափանիշի հայ ազգային իրականությունը շատ է հետ շատ ու շատ այլ ազգային իրականություններից: Աներկբա է նաև այն, որ այդ տարբերությունը Խորենացու ժամանակներում չէր կարող այդքան աղաղակող լինել կամ գուցե թե չի էլ եղել: Ժամանակի հարահոսում մենք մնացել ենք տեղում, իսկ շատ ուրիշներ եկել ու անցել են մեզ: Սա պատմական իրողություն է, և սրա առաջ մենք աչք փակելու իրավունք չունենք: ՈՒրեմն, տեղին է հարցնել` ինչո՞ւ այդպես եղավ, և ինչպե՞ս եղավ, որ այդպես եղավ: Մեր շատ մտավորականներ, այդ թվում և` պատմաբաններ, այն կարծիքին են, որ պատճառը մեր աշխարհագրական դիրքն է, և համոզված ասում են. «Նայեք քարտեզին, տեսեք այն խաչմերուկը, ուր ապրել է հնուց ի վեր հայ ժողովուրդը, և պարզ կդառնա, թե ինչն է բանը»: Բայց սա ինքնախաբեություն է: Կարելի է մեկ նախադասությամբ հիմնավորապես հերքել այդ թյուր և վնասակար մտայնությունը: Եթե այդ խաչմերուկն իր աշխարհագրական դիրքի առումով ուներ միայն թերություններ և ոչ մի առավելություն, կամ էլ թերություններն ավելի գերակշռող էին, քան առավելությունները, ապա ինչպե՞ս եղավ, որ քոչվոր ցեղերը, որոնք իրենց մշակութային մակարդակով շատ էին ցածր հայերի համեմատ, այդ խաչմերուկը գրավելուց հետո կարողացան այնտեղ պետություն կառուցել և գոյատևել այնպես, որ այսօր աշխարհի ամենահզոր տերությունը երբեմն ստիպված է ռևերանս անել նրա առաջ: Եվ պարզից էլ պարզ է, որ այդ պետության գլխավոր հաղթաթուղթը հենց իր աշխարհագրական դիրքն է, այսինքն` այն խաչմերուկը, որը մերն էր, բայց որը մենք անտեղի փնովում ենք: ՈՒրեմն, հարցի պատասխանը պետք է փնտրել այլ հարթությունում:
Բերենք այսպիսի մի օրինակ:
Հուլիսի 14-ը ֆրանսիական ժողովրդի նշանավոր ազգային տոնի օրն է: 1789-ի այդ օրը ապստամբ ժողովուրդը գրավեց Բաստիլի բանտը և, որպես դժոխքի ու միապետության դեմ տարած հաղթանակի ապացույց, նրա պատերին խոշոր տառերով գրեց` «ICI ON DANSE» (այստեղ պարում են): Ֆրանսիական ժողովրդի ազգային տոնը մեծ հարգանք է վայելում աշխարհի բոլոր ծագերում, քանի որ այն խորհրդանշում է լույսի և խավարի հավերժական պայքարում առաջինի հաղթանակը երկրորդի դեմ և դրանով իսկ իր նշանակությամբ դուրս է գալիս ազգային շրջանակներից ու դառնում համամարդկային արժեք:
Ո՞Ւմ դեմ էին տարել ֆրանսիացիներն այդ հաղթանակը` անգլիացիների՞, գերմանացիների՞, ռուսների՞ կամ որևէ այլ արտաքին ուժի՞: Իհարկե` ոչ: Նրանք արյան գնով վաստակել էին հաղթանակներից ամենապատվավորը և ամենակարևորը, նրանք հաղթել էին իրենք իրենց: Սա հաղթանակ է ներքին ճակատում: Սա ԻՆՔՆԱՄԱՔՐՈՒՄ Է: Եվ մենք` հայերս, ուշիմորեն պետք է նկատենք, որ բոլոր քաղաքակիրթ ժողովուրդներն ունեցել են և շարունակում են ունենալ «հուլիսի տասնչորս», ինչի շնորհիվ էլ քայլում են առաջընթացի գլխամասում: (Հարկ եմ համարում նկատել, որ յուրաքանչյուր «հուլիսի տասնչորս» իր դրսևորմամբ պայմանավորված է ոչ միայն ազգային պատկանելությամբ, այլև ժամանակով): ՈՒստի բոլորովին էլ չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ ինքնամաքրումը ժողովրդի, նրա ազգային իրականության դիմագիծը բնութագրող չափանիշ է: Այդ չափանիշով է որևէ ժողովուրդ առաջին հերթին ներկայանում աշխարհին, և այդ չափանիշով է աշխարհը կարծիք կազմում տվյալ ժողովրդի մասին: Այսինքն, ինքնամաքրման անբավարար մակարդակը (առավել ևս բացակայությունը) անպատվաբեր է և վնասակար հենց իր` ժողովրդի համար:
Խորենացու «Ողբի» և այսօրվա մեր իրականության ցավալի նմանությունն ապացուցում է, որ վերջին 1500 տարվա ընթացքում հայ ազգային իրականությունն այս առումով, մեղմ ասած, հպարտանալ չի կարող: (Մի՞թե վերջին նախագահական ընտրությունները դրա վառ ապացույցը չեն): Եվ, բնականաբար, հարց է առաջանում. հայ ազգային իրականությունում ինքնամաքրման անբավարարությունը բխում է մեր ազգային էությունի՞ց, թե՞ գաղափարաբանական ազդեցության արդյունք է: Եթե առաջինն է (ինչը շատ քիչ է հավանական, իսկ ես համոզված եմ, որ այդպես չէ), ապա պետք չէ իրեն պատեպատ խփել, այլ պետք է համակերպվել այն մտքի հետ, որ մոտեցել է հայոց դամբանականը լսելու ժամանակը: Իսկ եթե երկրորդն է (ինչին ես չեմ կասկածում), նշանակում է` մենք ինչ-որ պատճառով և ինչ-որ ժամանակից սկսած սկսել ենք կորցնել մեր ինքնամաքրվելու կարողությունը, սկսել ենք հեռանալ ինքներս մեզանից, սկսել ենք ինքնօտարվել: Կարծում եմ` այս եզրակացությունն էլ պետք է դառնա ելակետ` մեր այսօրվա անելիքը ճշտելու համար:
Այսպիսով, որոշիչ խոսքը պետք է պատկանի մեր պատմությանը, իսկ ավելի ճիշտ` նրա անաչառ վերլուծությանը: Ցավոք, մեր ժողովրդի պատմության շարադրանքը, որով դաստիարակվել ու դաստիարակվում են բազմաթիվ սերունդներ, եթե սկզբունքորեն չի հերքում, ապա չի էլ մատնացույց անում հայկական «հուլիսի տասնչորսերի» գոյությունը: Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ հայ իրականությունում ամեն ինչ եղել է հարթ ու համերաշխ, չեն եղել ո՛չ հարստահարողներ, ո՛չ էլ հարստահարվողներ, ճորտատերեր ու ճորտեր, չի եղել պայքար, եթե եղել է, ապա միայն արտաքին թշնամու դեմ: Մեր պատմության շարադրանքը ներքին ճակատում պայքարի առումով համարյա հովվերգական է ներկայացնում մեր ազգային իրականությունը: Այնինչ մենք ունեցել ենք մեր «հուլիսի 14-ը», մի փառավոր էջ ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային պատմության մատյանում: Այդ էջը ընդգրկում է վեց հարյուր տարվա տևողություն և պատմության մեջ հայտնի է որպես պավլիկյան և թոնդրակյան շարժումներ, որոնք ծավալվեցին 5-11-րդ դարերում: Ահա մի գնահատական, որը տվել է 18-րդ դարի անգլիացի հայտնի պատմաբան Էդուարդ Գիբոնը. «Պավլիկյան շարժումը ցնցեց արևելքը և լուսավորեց արևմուտքը»: Եվ այսպիսի էջը մենք ոչ միայն թաքցրել ու թաքցնում ենք մեր ժողովրդից, պատճառաբանելով, որ այն աղանդ է, այլև առիթը բաց չենք թողնում ցեխ շպրտելու դրա վրա: Ես ցավով եմ հիշում մի քանի տարի առաջ «ՀՀ» համարներից մեկում մեր բարձրադիր հոգևորականներից մեկի խոսքը, որտեղ նա հավասարության նշան էր դնում պավլիկյանների և մերօրյա «Եհովայի վկաների» միջև, որպես ազգը քայքայող աղանդների: Դա մեծ վիրավորանք է մեր ժողովրդի ու նրա պատմության հասցեին: Նա կամ լավ ծանոթ չէ իր ժողովրդի պատմությանը, կամ էլ Մայր Աթոռի հոգևոր ճեմարանի ուսումնամեթոդական ձեռնարկներից միջնադարյան գաղջության հոտ է փչում:
Որո՞նք էին պավլիկյան (հետագայում նաև` թոնդրակյան) շարժման դրդապատճառները: Ինչո՞ւ այդ շարժումը, որը ողջ քրիստոնեական աշխարհում իր բնույթով, ուղղվածությամբ և մասշտաբայնությամբ աննախադեպ էր, հենց Հայկական լեռնաշխարհում ծնվեց: Ինչո՞ւ էր այն դատապարտված: Շարժման պարտությամբ պարտվե՞ց, արդյոք, նրա գաղափարախոսությունը: Այս և նման այլ հարցերի անաչառ ու սպառիչ պատասխանները դեռևս սպասում են իրենց հետազոտողներին: Իսկ այդ պատասխաններն ամենից շատ պետք են մեզ` հայերիս: Որովհետև այդ պատասխաններում է բացատրությունը հայ ժողովրդի այն դարավոր առեղծվածի, թե ինչո՞ւ է նրա ճակատագիրն այսքան անհաջող դասավորվել, թե ի՞նչ պետք է աներ նա, որ չի արել ու չի կարողանում անել, թե ի՞նչ պետք է ունենար, որ չի ունեցել ու ցայժմ էլ չունի:
ՈՒղղենք մեր հայացքը դեպի թվարկության սկիզբը:
Հայաստանը քրիստոնեությունն ընդունելու դժվար, բայց և անխուսափելի գործընթացի մեջ է (ի դեպ, քրիստոնեությունը Հայաստանում պետականորեն ընդունվել է ոչ թե 301-ին, այլ 279-ին): Հաստատվում են սոցիալ-տնտեսական ու քաղաքական նոր հարաբերություններ: Իրենց դիրքերը պահելու և ամրապնդելու համար ունևորներին և իշխողներին նոր գաղափարական դաշտ է պետք: Հին աստվածները սպառել են իրենց և դատապարտված են:
Քրիստոսի ժամանակներում հազարավոր մարգարեներ են քարոզչություն արել: Սակայն, ի վերջո, հաղթել է քրիստոնեությունը: Ինչո՞ւ: Վերջինս, ի տարբերություն այլ քարոզչությունների, ոչ միայն չէր հերքում աշխարհի մեղսավորությունը, այլև պնդում էր, որ այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ մարդն ինքն է մեղավոր այդ ամենի մեջ իր անձնական մեղսավորությամբ: Քրիստոնեության ծանր հրետանին եղավ և մնում է հոգու փրկության գաղափարը, որին արժանանալու համար կա միայն մեկ ճանապարհ, մեկ նախադրյալ` սեփական մեղքերի խոստովանությունը: Նման հարցադրման դեպքում միամիտ ու պարզամիտ, հրաշքների հավատացող ու սպասող զանգվածների մեջ հազիվ թե գտնվեր մեկը, որ հանձնառու չլիներ համընդհանուր մեղսավորության մեջ իր բաժին մեղքին: Այնուհետև ոչ միայն ուսմունքի հաղթանակի, այլև նրա երկարակեցության (գուցե և անմահության) ապահովման համար կատարվեց աննախադեպ և ցայժմ չգերազանցված հայտնագործություն` անհրաժեշտ էր դրա գաղափարական ակունքն առարկայնորեն դարձնել անհասանելի և ճանաչողաբար` անիմանալի (անքննելի) մարդկային հնարավորությունների համար: Իսկ սա նշանակում էր, որ այդ ակունքը պետք է երկրից տեղափոխվեր երկինք: Համբարձումն առ աստված` որպես գաղափար, պատրաստ էր, բայց համբարձման համար զոհ էր պետք և այն էլ` անմեղ: Ամեն ինչ պատրաստ էր, մնում էր դնել միայն վերջին քարը, որպեսզի քրիստոնեության շենքը ստանար ավարտուն տեսք: Մնում էր ընտրել բացարձակ անմեղության լուսապսակով այն միջնորդին, որը կամավոր կզոհաբերեր իրեն` մարդկության բոլոր մեղքերն առմիշտ քավելու համար: Դա եղավ Քրիստոսը, որի բացարձակ անմեղությունն ամեն տեսակ կասկածից դուրս էր, քանի որ նրա հայրը հենց ինքը` Աստվածն էր: Մարդկության ստեղծագործ երևակայության գանձարանում Քրիստոսի հարության և համբարձման գաղափարը մնում է, թերևս, ամենահանճարեղը:
Քրիստոնեությունը բարոյախոսական ուսմունք է, որը չունի գիտական հիմնավորում, ինչն այլ կերպ չէր էլ կարող լինել: Այն շարադրված է փոխաբերությունների և հրաշապատումի լեզվով: Նրա նպատակը մարդկային բախտավորությունն է: Այս առումով այն կարելի է անվանել պրիմիտիվ մարքսիզմ: Տարբերությունն այն է, որ եթե առաջինն այդ բախտավորությունը տեսնում է երկնքում և երկրային կյանքը համարում է փորձություն` երկնային արքայությանն արժանանալու համար, ապա երկրորդը մտածողության դիալեկտիկական եղանակի կիրառումով գիտականորեն հիմնավորում է մարդկային բախտավորության հնարավորությունը և անխուսափելիությունը երկրի վրա, ինչը, ի դեպ, փորձում էին իրականացնել հենց պավլիկյան հայերը (որքա՜ն էին նրանք առաջ անցել իրենց ժամանակից): Քրիստոնեության գաղափարական ակունքը լուսարձակում է երկնքից, ինչի համար էլ այն չարաշահելը չի սպառնում նրա հեղինակությանը, իսկ մարքսիզմինը երկրային է, և նրա հեղինակությունն այս առումով ապահովված չէ: Ահա ինչու մարքսիզմի բանջարանոցը քար գցողները պետք է իմանան, որ իրենք ո՛չ Մարքսին են հասկացել, ո՛չ էլ Քրիստոսին: Իսկ չարաշահումն իրեն երկար սպասել չտվեց: Քրիստոնեության գաղափարակիրները, որոնք իրենց կոչեցին «հոգևոր դաս» վեհաշուք անունով, իրենց պրակտիկ գործունեության մեջ ակնհայտորեն և գիտակցաբար հեռացան ուսմունքի լուսավոր ակունքներից: Այս երևույթը հասկանալ դժվար չէ:
(շարունակելի)
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1853

Մեկնաբանություններ