Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՈՐՈՇԱԿԻ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՈՐՈՇԱԿԻ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.11.2009 | 00:00

Արդեն բավական վաղուց գլոբալ խաղաղությունը մոլորակի վրա ապահովվում է բարոյական տեսանկյունից թեկուզ խիստ կասկածելի, բայց կյանքում գործունակ և գուցե միակ հնարավոր` «սարսափի հավասարակշռություն» քաղաքական բանաձևի միջոցով։ Եվ թեկուզ այսօր արագ են փոխվում տնտեսական ու քաղաքական ազդեցության ձևերն ու մեթոդները, զուտ ռազմական իմաստով հիշյալ բանաձևը կենսունակ է, ինչպես նախկինում։ Այն ավելի է ադապտացվում նոր աշխարհաքաղաքական պայմաններին ու մարտահրավերներին։ Սակայն շարունակում է պահպանվել «միջուկային երկբևեռության ձևով»։
Այն պարզ պատճառով, որ վերջին տասնամյակներին հենց ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են տիրապետում համաշխարհային միջուկային զինանոցի 90 տոկոսին, ինչը շատ կողմերով (առնվազն Մոսկվայի դեպքում) ապահովում է հզոր տերության կարգավիճակ։ Նկատենք, սակայն, որ իշխանության գալուց անմիջապես հետո Բարաք Օբաման անմիջապես հայտարարեց, թե առաջնահերթ խնդիր է համարվում միջուկային զենքից առհասարակ հրաժարումը, և դա պետք է առաջնահերթ դառնա ԱՄՆ-ի համար։ Գալիք տարի կայանալիք հատուկ կոնֆերանսը` միջուկային զենքի չտարածման մասին հայտնի պայմանագրի վերանայման նպատակով, պետք է դառնա օրինակ բոլոր երկրների համար։ Չնայած դրան, գլոբալ խաղաղարարի կոչում ձեռք բերած ԱՄՆ-ի նոր նախագահն արդեն «ավանսով» դարձել է Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Եվ գրեթե նույն ժամանակահատվածում նրա ռուսաստանյան գործընկեր Դմիտրի Մեդվեդևը հատուկ ընդգծեց. «Կրեմլի և Սպիտակ տան ջանքերին պետք է աջակցեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս երեք մշտական անդամները, ինչպես նաև Հնդկաստանը, Պակիստանը և Իսրայելը»։ Առայժմ Վաշինգտոնն ու Մոսկվան իրենց առաջնորդների գլխավորությամբ «միասնաբար» զբաղված են ռազմական հավասարակշռության հիմնական բաղադրիչի` ստրատեգիական հարձակողական սպառազինությունների կրճատման առաջին պայմանագրի «վերանորոգմամբ»։ Այն 1991-ին ստորագրեցին ԱՄՆ-ի նախագահ Բուշ Ավագը և ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովը։ Առայսօր դա կողմերի միջև ռազմավարական սպառազինությունների ոլորտը կարգավորող հիմնական փաստաթուղթն է։ Համաձայն այդ պայմանագրի, կողմերն իրենց միջուկային մարտագլխիկները պետք է նվազեցնեին մինչև 6 հազարի, իսկ հրթիռները` մինչև 1600-ի։ Արդեն 2002-ին Ջորջ Բուշ Կրտսերն ու Վլադիմիր Պուտինը ռուս-ամերիկյան հարաբերությունների ջերմացման կարճատև ալիքի վրա Մոսկվայում ստորագրեցին հռչակագիր նոր ռազմավարական հարաբերությունների մասին։ Այստեղ նշված է, որ կողմերից յուրաքանչյուրը կարող է ունենալ 1700-2200 մարտական պատրաստության բերված հրթիռներ, միաժամանակ Մոսկվան ու Վաշինգտոնը պարտավորվում են այս համատեքստում քննարկել նաև հակահրթիռային պաշտպանության տեղակայման հարցերը։
Մինչդեռ այս տարվա դեկտեմբերի 5-ին ստրատեգիական հարձակողական սպառազինությունների կրճատման առաջին պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է։ Նոր համաձայնագիրը, որ այս կապակցությամբ կողմերը ցանկանում են ստորագրել, կարևոր քայլ է ինչպես սպառազինությունների միջազգային վերահսկման առումով, այնպես էլ Օբամայի ու Մեդվեդևի քաղաքական գործունեության տեսանկյունից։ Եվ պատահական չէ, որ Լոնդոնում առաջին իսկ հանդիպման ժամանակ, իսկ այնուհետև Մոսկվայում և Պիտսբուրգում կողմերը նախանշեցին նոր պայմանագրի առաջին ուրվագծերը։ Այն ժամանակ նախագահները ստորագրեցին հուշագիր, ուր նշված են ռազմավարական սպառազինությունների սահմանափակման ցուցանիշները, և այդ փաստաթուղթը պետք է հիմք ծառայի ստրատեգիական հարձակողական սպառազինությունների կրճատման երկրորդ պայմանագրի ձևավորման և ռուս-ամերիկյան «նոր հարաբերությունների» համար։ Սակայն որքան էլ կողմերը պնդում են, թե մտադիր են գործընթացին դինամիզմ հաղորդել, այնուհանդերձ, լավատեսական շողարձակումների հետևում ուրվագծվում են նաև որոշակի տարաձայնություններ։
Այսպես, երկու նախագահները Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության հերթական գագաթաժողովի շրջանակներում վերջերս հանդիպեցին Սինգապուրում։ Այդ ժամանակ արդեն ԱՄՆ-ի նախագահին շրջապատող պաշտոնյաներն աստիճանաբար սկսեցին խոստովանել, որ հազիվ թե հաջողվի այնքան կարևորվող նոր պայմանագիրը ստորագրել մինչև դեկտեմբերի 5-ը։ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի` Ռուսաստանի և եվրասիական տարածաշրջանի հարցերով տնօրեն Մայքլ Մաքֆոլը մասնավորապես հայտարարեց. «Ես հաստատ համոզված եմ` մինչև դեկտեմբերի 5-ը մենք չենք ունենա ստրատեգիական հարձակողական սպառազինությունների կրճատման երկրորդ պայմանագրի վավերացված տեքստը։ Անգամ ստորագրվելու դեպքում այն դեռ պետք է անցնի նրանց Պետդումայով ու հավանության արժանանա մեր Սենատում»։ Դրանից ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էլեն Թոշերը հայտարարել էր, որ Վաշինգտոնը «շատ հիասթափված է» նոր պայմանագրի կապակցությամբ իր ներկայացրած առաջարկներին Մոսկվայի արձագանքից։ Չնայած ամերիկյան սկեպտիցիզմին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համարում է, որ եթե անգամ չհաջողվի ապահովել պայմանագրի վավերացումը, ապա սարսափելի ոչինչ չկա։ «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն, ստորագրող կողմերը ստորագրումից հետո ձեռնպահ են մնում այնպիսի գործողություններից, որոնք հակասում են ստորագրված փաստաթղթի պահանջներին»,- նշել է Լավրովը։
Չնայած մամուլին տեղեկություն տրամադրելու խիստ արգելքին, բանակցությունների ընթացքից, այնուհանդերձ, որոշակի տեղեկատվական արտահոսք լինում է։ Եվ, ըստ տարբեր հրապարակումների, հիմնական խոչընդոտը պաշտպանական ու հարձակողական զինատեսակների հետ կապված խնդիրների փոխկապակցված լինելն է։ Մոսկվան նոր պայմանագրի ստորագրումը պայմանավորում է հակահրթիռային պաշտպանության ամերիկյան նախաձեռնությամբ և պահանջում, որ այդ կապակցությամբ պայմանագրի տեքստում նույնպես սահմանվեն սահմանափակումներ։ Մինչդեռ ամերիկացիների համար այդ ծրագիրը ռազմավարական առաջնահերթություն է։ Վիճելի են նաև խնդիրները, թե ինչպիսին պետք է լինի միջուկային զենքի արձակման կայանքների թվաքանակը, որքանով պիտի կրճատվի այդպիսի զենք կրելու ունակ ռմբակոծիչ ինքնաթիռների թվակազմը, ինչպես նաև ցամաքային ու ծովային բազավորման (սուզանավերի վրա գտնվող) հրթիռների թվաքանակը։ Հակասություններից մեկն էլ այն է, որ Վաշինգտոնը ցանկանում է կոշտ հսկողություն սահմանել ռուսական «Տոպոլ» և «Տոպոլ-Մ» միջմայրցամաքային բալիստիկ մոբիլ հրթիռների նկատմամբ, ինչին Մոսկվան համաձայն չէ։ Մինչդեռ ԱՄՆ-ը չունի այդպիսի հրթիռներ և, հսկողություն սահմանելով, ցանկանում է վերականգնել 1991-ին խախտված հավասարակշռությունը, երբ Վաշինգտոնում դադարեցվեց այդպիսի համակարգերի նախագծումն ու կառուցումը։
Ռուսներն իրենց հերթին կարծում են, որ եթե միջուկային ներուժը պետք է կրճատվի, ապա այդ կրճատումը պիտի լինի զգալի, և առաջարկում են երկու կողմերի համար մարտական վիճակի բերված հրթիռների քանակը 1600-ից իջեցնել 500-ի, մինչդեռ ամերիկացիներն առաջարկում են սահմանափակվել 1100 միավորով։ Կան կանխատեսումներ, որ այս հարցում Վաշինգտոնը պատրաստ է փոխզիջման և կարող է առաջարկել յուրաքանչյուր կողմի համար 700 միավոր հրթիռներ ունենալու տարբերակը, ինչը Մոսկվայի կողմից, հավանաբար, կընդունվի։ Սակայն, այդքանով հանդերձ, ամերիկյան ու ռուսական դիվանագետները դեռ պետք է շատ ջանք թափեն, որ կարողանան համոզել իրենց զինվորականներին, որ այդ կարգի փոխզիջումներն անխուսափելի են և անհրաժեշտ։ Մի շարք քաղաքագետներ ու փորձագետներ այսօր առավել հավանական են համարում, որ կողմերի միջև կստորագրվի միջանկյալ փաստաթուղթ` մինչև բոլոր վիճելի կետերի շուրջ համաձայնությունների ձևավորումը։ Բնութագրական է և այն, որ, փորձագետների պնդմամբ, զուտ ռազմական առումով ԱՄՆ-ը շահագրգռված չէ կրճատելու ռազմավարական ուժերը, քանի որ ռուսական պոտենցիալը, տնտեսական պատճառներից ելնելով, ինքնաբերաբար է կրճատվում։ Հնացած հրթիռները հանվում են մարտական ռեզերվից ու ոչնչացվում, իսկ նորերով համալրումը խիստ դանդաղ է ընթանում։
Ռուսաստանը, ընդհակառակը, շահագրգռված է ամերիկյան ռազմավարական պոտենցիալի կրճատմամբ, և այդ իմաստով նոր պայմանագիրն այս ոլորտում Ռուսաստանին կենսականորեն անհրաժեշտ է, որպեսզի շարունակի պահպանել հավասարակշռությունը ԱՄՆ-ի հետ։ Դա և՛ հեղինակության հարց է, և՛ հզոր տերության կարգավիճակը պահպանելու խնդիր։ Միաժամանակ ռազմական փորձագետներից շատերը կարծում են, որ եթե պայմանավորվածություններ ձևավորվեն և տեղի ունենա միջուկային հրթիռների նույնիսկ առավելագույն կրճատում, ապա ԱՄՆ-ը, սովորական սպառազինությունների ոլորտում, միևնույն է, ճնշող գերակշռություն կունենա Ռուսաստանի նկատմամբ։ Այս պրոբլեմը Կրեմլի համար սկզբունքային բնույթ ունի և հեշտ լուծելի չէ։ Թեպետ Ռուսաստանը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա տասը տարիների ընթացքում 80 տոկոսով նորացնել բանակի զինվածությունը։ Հաջորդ տարի Ռուսաստանի զինված ուժերում մարտական հերթապահության կկանգնեն «Իսկանդեր», «Բուլավա» և «Տոպոլ-Մ» 30 բալիստիկ հրթիռները, բանակը կստանա 300 միավոր զրահատեխնիկա, հիմնականում Տ-90 տանկեր և հետևակի նոր մարտական մեքենաներ, 30 մարտական ուղղաթիռներ, այդ թվում` հարվածային։ Խոստացված է ռազմաօդային ուժերի համալրում 28 մարտական ինքնաթիռների տրամադրման ճանապարհով, հիմնականում ՍՈՒ-30 և ՄԻԳ-29, ռազմածովային ուժերում մարտական հերթապահության կմտնեն երեք ատոմային սուզանավեր և մեկ վերջրյա խոշոր ռազմանավ։ Ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ֆինանսավորումը ԽՍՀՄ ժամանակներից հետո առաջին անգամ այս տարի հասավ ռեկորդային սահմանագծի` 970 մլրդ ռուբլու։ Եվ չնայած այս ամենին, սառը պատերազմի ժամանակներից մնացած բարոյապես ու ֆիզիկապես մաշված ռազմական տեխնիկայի փոփոխությունը կապված է լուրջ դժվարությունների հետ։
Այսպիսով, ամերիկյան և ռուսական մոտեցումներում հակասությունները բավականաչափ շատ են, ինչը դժվարացնում է ստրատեգիական հարձակողական սպառազինությունների կրճատման երկրորդ պայմանագրի ստորագրումը։ Թեպետ, մյուս կողմից, կա հույս, որ Օբաման ու Մեդվեդևը, այնուհանդերձ, կպայմանավորվեն, որովհետև քաղաքական առումով երկուսի համար էլ այս գործարքը շատ կարևոր է` երկրի ներսում իրենց դիրքերի ամրապնդման տեսանկյունից։ Կան խոսակցություններ, որ ռուսական ու ամերիկյան դիվանագետները, համենայն դեպս, արդեն աշխատում են նոր պայմանագրի ստորագրման համար համապատասխան վայրի որոնման ուղղությամբ։ Հավանական է համարվում, որ դա կլինի որևէ երրորդ երկրի տարածքում. իրական տարբերակներից մեկն է դիտարկվում Ժնևը։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1346

Մեկնաբանություններ