ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԱՇՈՒՆԸ, ՔԱՄԻՆ ԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՇՈՒՆԸ, ՔԱՄԻՆ ԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
07.09.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում ամռան օրացուցային տիրակալությունն ավարտվեց և աշունն իր օրացուցային իրավունքները հաստատեց, թեպետ օրացույցն ու օդերևութաբանները համաձայնության չեն գալիս եղանակային համարժեք փոփոխությունների հարցում:
Իհարկե, սեպտեմբերի 1-ը տոն է, իհարկե, Գիտելիքի օրը բոլորի տոնն է, իհարկե, նշում են ոչ բոլորը: 37040 առաջին դասարանցիներ 2010-ի սեպտեմբերի 1-ին գնացին դպրոց: Նրանց ուսուցիչներն էլ 2010-ին առաջին անգամ տոնը նշեցին երդման արարողությամբ` բարձր ու վեհ կոչումը պատվով կրելու, արդարամիտ ու բարի լինելու իրենց 392946 աշակերտների նկատմամբ, որոնցից ոչ մեկը 2011-ին դպրոցը չի ավարտի, որովհետև ավագ դպրոցի 12-րդ դասարան չի լինի: ՈՒ չի հնչի վերջին զանգ: Այդպիսին են բարեփոխումները հանրակրթության ոլորտում, որոնք, ինչպես խոստացավ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, երբեք չեն ավարտվելու:
Ադրբեջանի իշխանությունը 20 միլիոն դոլար է նվիրել քամուն: Գինեսի գրքում գրանցում գտնելու ցանկությամբ Բաքվում որոշվել է պետական դրոշը 162 մետր բարձրության հասցնել: Վայրկյանում 32 մետր ուժգնությամբ քամին արագորեն ծվեն-ծվեն է արել Ադրբեջանի դրոշը: Պատճառը համարվում է նախագծային սխալը` դրոշի ամրությունը և բարձրությունը հաշվարկված է եղել վայրկյանում 20 մետր ուժգնությամբ քամու համար, իսկ քամին գերազանցել է ինքն իրեն:
Սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի նախաձեռնությամբ կներկայացվի «Ադրբեջանի գրավյալ տարածքների վերաբերյալ» բանաձև։ Ադրբեջանը հույս ունի, որ այն կընդունվի, ինչպես ընդունվեց 2008-ին ներկայացված բանաձևը:
Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի քննարկում է ակնկալում նաև ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարել է Իրաքում ԱՄՆ-ի զորքերի ռազմական օպերացիայի ավարտի մասին: Դիմելով ամերիկացիներին` նախագահն ասել է, որ ԱՄՆ-ը մեծ գին է վճարել, որպեսզի Իրաքի ժողովուրդը կարողանա իր երկրի ապագան իր ձեռքը վերցնել: Օբաման համոզված է, որ պատերազմի ավարտը բխում է ոչ միայն իրաքցիների, այլև ամերիկացիների շահերից: Իրաքում մինչև 2011 թ. վերջը կմնա 50000 ամերիկացի զինծառայող` առանց ռազմական օպերացիաներ իրականացնելու իրավունքի, եթե Իրաքի կառավարությունն այդ չառաջարկի: Նրանք պաշտպանելու են ռազմավարական օբյեկտները, աջակցելու են Իրաքի տնտեսության վերականգնմանը, նպաստելու են կրթական ծրագրերի զարգացմանը:
Հացահատիկի շուկայում նոր թանկացումներ են սպասվում, թեպետ օգոստոսին հացը թանկացել է 40 տոկոսով, ալյուրը` 70: Հակամենաշնորհային հանձնաժողովն ուսումնասիրում է շուկան։
Եվրոպական լիբերալ դեմոկրատական և բարեփոխումների կուսակցությունը Հայաստանի իշխանություններին է դիմել` քաղբանտարկյալներին ազատ արձակելու հորդորով. «Հայաստանը Եվրախորհրդի անդամ երկիր լինելով` պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, քանի որ խոսքի ազատությունը և համոզմունքների ազատությունը ԵԽ հիմնարար արժեքներից են: Քաղաքական դրդապատճառներով մարդկանց բանտում պահելը և նրանց արդար դատաքննության իրավունքից զրկելը հակասում են ԵԽ անդամ երկրների հիմնարար պարտականություններին և կարող են խոչընդոտել Հայաստանի ու Եվրամիության մերձեցման գործընթացին», նշված է կուսակցության նախագահ Էնեմի Նեյթս-Յութերբրոքի հայտարարության մեջ:
«Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումն անհրաժեշտ է, որպեսզի Կովկասը դառնա խաղաղ, կայուն ու բարգավաճ տարածաշրջան», հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն: Կարսի օդանավակայանում նա լրագրողներին ասել է. «Կովկասյան տարածաշրջանի նկատմամբ մեր ռազմավարությունը խարսխված է որոշակի հիմքերի վրա: Թուրքական կառավարությունը ջանքեր է գործադրում, որ այդ ռազմավարությունը պսակվի հաջողությամբ: Միակողմանի կարգավորումը տևական չի լինի: Տարածաշրջանում պետք է բաց լինեն բոլոր սահմանները, որպեսզի տարածաշրջանը զարգանա: Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացումը խաղաղություն ու բարգավաճում կբերի տարածաշրջանին»: Դավութօղլուն նաև արձանագրել է. «Մենք ցանկանում ենք մեր տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորում: Անցյալ տարի Հայաստանի հետ ստորագրեցինք արձանագրությունները` առաջնորդվելով այս հեռանկարով, թեև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անցյալ տարի չհասավ ցանկալի մակարդակին, բայց Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններում առաջընթաց գրանցվեց»: Նա ասել է նաև, որ Ադրբեջանի, Թուրքիայի ու Իրանի սահմանների հատման կետում նախատեսված է երեք երկրների արտգործնախարարների հանդիպում, որի նպատակը եռակողմ համագործակցության խորացումն է:
Օգոստոսին երևանյան այցից հետո ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը սեպտեմբերը սկսեց Բաքվում: Ադրբեջանի նախագահն ու Ռուսաստանի նախագահը ստորագրեցին պետական սահմանի մասին համաձայնագիր, երկու երկրների արտգործնախարարները` պետական սահմանագծի ճշտման մասին համաձայնագիր, ստորագրվեցին համաձայնագրեր սահմանային Սամուր գետի ջրային պաշարների պաշտպանության և արդյունավետ օգտագործման և գազի գնման ու վաճառքի մասին: «Գազպրոմը» ադրբեջանական գազը գնում է 1000 խորանարդ մետրի դիմաց վճարելով 240-245 դոլար` ամենաբարձր գինը ԱՊՀ-ում. 1000 խորանարդ մետր թուրքմենական գազի դիմաց վճարվում է 190 դոլար, ղազախականի` 230:
2011 թ. Ռուսաստանը կկրկնապատկի ներմուծման ծավալը մինչև 2 միլիարդ խորանարդ մետր, իսկ 2012-ից հետո` ավելի: Այնուհանդերձ, Ռուսաստանը «չի փակում» ադրբեջանական գազի խողովակը «Նաբուկոյի» առաջ. «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարում է, որ Ռուսաստանը ոչ այնքան ձգտում է «Նաբուկոն» առանց գազային պաշարների թողնել, որքան պահպանում է «Նաբուկոյին» ինտեգրվելու հնարավորությունը: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Բաքվում համաձայնագրերի ստորագրմանը հետևած մամլո ասուլիսում ասել է. «Ռուսական դիրքորոշումը միշտ եղել է նույնը` մենք չենք կարող և չպետք է խոչընդոտենք որևէ ծրագրի»: Իլհամ Ալիևն էլ գոհունակություն է հայտնել, որ էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը երկարատև է, ռազմավարական և ոչ միայն գազային ոլորտն ընդգրկող:
Գյումրիի ռուսական ռազմաբազային վերաբերող հարցին ՌԴ նախագահը պատասխանել է. «Անկասկած, Ռուսաստանի համար շատ կարևոր է կայունությունը Կովկասում: Ռուսաստանը կովկասյան երկիր է, կասպիական երկիր: Դրանից ելնելով ենք մենք կառուցում մեր հարաբերությունները մեր մերձավոր հարևանի ու բարեկամի` Ադրբեջանի հետ: Մենք շահագրգռված ենք, որ այստեղ խաղաղություն ու կարգուկանոն լինի: Հենց այս տեսակետից պետք է դիտարկել այն որոշումը, որ ընդունվեց իմ` Հայաստան կատարած այցի ժամանակ` ռուսական ռազմաբազայի Հայաստանում գտնվելու ժամկետի երկարացումը: Որևէ ստորջրյա կամ այլ նկատառումներ չկան: Բազայի նպատակը խաղաղության և կարգուկանոնի ապահովումն է, որպեսզի պահպանվի կայունությունը, որպեսզի այսօր գոյություն ունեցող բարդությունները նվազեն, դրանից ելնելով ենք մենք իրականացնելու մեր հնարավորություններն ու լիազորությունները ստորագրված համաձայնագրի շրջանակներում: Սկզբունքորեն նոր ոչինչ չկա, համաձայնագիրը նշանակում է միայն, որ այդ բազայի գործունեության ժամկետը երկարացվում է որոշակի թվով տարիներ: Ես վստահ եմ, որ այդպիսով մենք հնարավորն անում ենք Կովկասում ու Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի բարելավման համար»:
Բնականաբար` անդրադարձ է եղել և Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը. Իլհամ Ալիևը կարծում է, որ արդեն չափազանց երկար է ձգվում բանակցային գործընթացը և պետք է շուտափույթ լուծում: Տարածքային ամբողջականության և ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին սկզբունքների համադրումն անլուծելի խնդիր չի համարում Ադրբեջանի նախագահը, քանի որ «Ժողովրդի ինքնորոշման իրավունքը չպետք է ենթադրի երկրի տարածքային ամբողջականության խախտում և կարող է հաջողությամբ իրականացվել երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում: Մենք համոզված ենք, որ լուծումը պետք է գտնել հենց միջազգային իրավունքի և միջազգային կազմակերպությունների բանաձևերի հիման վրա»: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականաչափ նշանակալից բարդություններ է տեսնում գործընթացում: Այնուհանդերձ` բանակցությունները շարունակվում են, և շփումների ինտենսիվությունը չպիտի նվազի: Ռուսաստանը պատրաստ է Մինսկի խմբի շրջանակներում իր պարտականությունները կատարելու: Ռուսաստանը հնարավորինս նպաստելու է անհրաժեշտ արդյունքի ձեռքբերմանը, իսկ արդյունքը շատ պետք է: Այդ արդյունքը պետք է վերջնական խաղաղություն ու անվտանգություն բերի տարածաշրջան, որում շահագրգիռ է Ռուսաստանի Դաշնությունը:
ԼՂՀ անկախության օրվա առիթով շնորհավորական ուղերձում ՀՀ նախագահը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը կարող է միայն մեկ լուծում ունենալ, և այդ լուծումը Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումն է: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը ներքին օգտագործման համար հաշվարկված է համարել ՀՀ նախագահի ուղերձը: Նա կարծում է, որ Հայաստանի ղեկավարության ապակառուցողական դիրքորոշումը և քաղաքականությունը, որ ոչ մի տեղ չեն տանում, առավել են սրում առանց այդ էլ լարված վիճակը, և չգիտես ինչու կարծում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնման անդառնալիությունը և նախապատրաստեն հայ հասարակությանն անխուսափելի խաղաղությանը և Լեռնային Ղարաբաղի հայ ու ադրբեջանցի համայնքների համատեղ կեցությանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, բայց նրանք անիրականանալի խոստումներ են տալիս ու մոլորության մեջ գցում հասարակությանը:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1325

Մեկնաբանություններ