Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Ո՞Վ Է ԿԱՆԳՆԱԾ «ԽՈՒՃՈՒՃ ԷԴՈՅԻ» ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ

Ո՞Վ Է ԿԱՆԳՆԱԾ «ԽՈՒՃՈՒՃ ԷԴՈՅԻ» ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ
30.10.2009 | 00:00

Թիվ 10 ընտրատարածքի շուրջ (որտեղ պատգամավորական մանդատից հրաժարվեց խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը) կրքերը սկսեցին բորբոքվել ճիշտ այն պահից, երբ հիշյալ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրվելու իր մտադրությունը հայտնեց վերջին տարիներին քրեական հետախուզումից արտասահման փախած Էդուարդ Մադաթյանը, նույն ինքը՝ «Խուճուճ Էդոն»։
Հայտնի «թաղային հեղինակությունը», շնորհիվ ապացույցների «բացակայության» և Աղվան Գառնիկիչի «անշահախնդիր հումանիզմի», հասնելով պետության ղեկավարների դեմ մահափորձի կազմակերպման մեղադրանքով իր դեմ հարուցված քրեական գործի կարճմանը, ճիշտ հոկտեմբերի 27-ին՝ Նաիրի Հունանյանի ոճրագործության տասնամյա տարելիցի օրը, Երևանի թիվ 10 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովին ներկայացրեց իր առաջադրման փաստաթղթերը։
Իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 17-ին, ի թիվս մյուս պատվավոր հյուրերի, «Խուճուճ Էդոն» մասնակցեց «դարի հարսանիքին», որին նա, «Իրավունքը de facto»-ի իրազեկ աղբյուրի փոխանցմամբ, ներկա էր փեսայի հոր՝ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հատուկ հրավերով (այս հարցում Գագիկ Ծառուկյանը հայտնվեց երկրորդ պլանում)։ Հենց տեղում էլ Աղվան Գառնիկիչի, նաև Հովիկ Արգամիչի և Գագիկ Կոլյաևիչի ու նրանց հյուրերի հետ շուրջպարի բռնվելով՝ Էդուարդ Մադաթյանը վերջապես կարողացավ իր օգտին լուծել թիվ 10 ընտրատարածքում իշխանության «դաբրոյի» հարցը։ Եթե հավատանք թափառող շշուկներին, ապա պիտի փաստենք, որ հենց այնտեղ էլ Հովիկ Աբրահամյանը նրան հայտնեց «ընտրությունների նշանակման գործընթացը ձգձգելու» իր որոշման մասին։ Ասել է՝ եթե ընտրությունները նշանակվեն ոչ թե դեկտեմբերի 13-ին կամ 20-ին, այլ հենց ամանորյա տոներին, ավելի ստույգ՝ նոր և հին տոմարներով Ամանորի արանքում՝ հունվարի 10-ին, ապա Հմայակ Հովհաննիսյանին նույնպես չի հաջողվի իրենց մեղադրել «ընտրակաշառք բաժանելու մեջ»։ Հմայակն ինչպե՞ս կարող է հաստատել, որ «բաժանվածը» ո՛չ թե «Ձմեռ պապի բերած նվերներ են, այլ «Խուճուճ Էդոյի» բաժանածը» և նրա ձայներն ապահոված ընտրակաշառքներ։
Ինչո՞ւ թիվ 10 ընտրատարածքում առաջադրվածներից հենց Հմայակ Հովհաննիսյանին հիշատակեցինք։ Որովհետև մինչ այդ՝ հոկտեմբերի 13-ին, «Արցախ» ակումբում տված մամուլի ասուլիսում նա արդեն մեղադրել էր ԱԺ նախագահին՝ «ՀՀ ընտրական օրենսգրքի խախտմամբ ընտրական գործընթացն արհեստականորեն ձգձգելու և ընտրությունների օրն Ամանորին մոտեցնելու» մեջ։ Ո՛վ, ո՛վ, բայց քաղաքագետների միության նախագահը չէր կարող չհասկանալ, որ նախընտրական քարոզարշավը «ձմեռպապիկացնելը» ընտրություններն ապաքաղաքականացնելու և ապաքաղաքական թեկնածուի հաղթանակն ապահովելու ամենահարմար միջոցն է։ Սակայն Հմայակի ձայնը «պամեխաներով» խլացնելու տեխնոլոգիաներ էլ կան։ Այդ շարքից (իմա՝ տեխնոլոգիաներից) ամենալուրջը մարքսիստական կուսակցության ծանր հրետանին է, որն անհրաժեշտ եղավ թիվ 8 ընտրատարածքից, որտեղ Հակոբ Հակոբյանին խանգարելու անհրաժեշտությունը վերացավ (նա հրետանային խարդավանքներից ու զարմանազան մեղադրանքներից խուսափելով՝ հանեց իր թեկնածությունը), շտապ կարգով տեղափոխել թիվ 10 ընտրատարածք։ Մինչ Հմայակ Հովհաննիսյանը կզբաղվի մարքսիզմի առաջնորդի արտառոց դատողություններին քաղաքագիտական գնահատական տալով, ախպերությունն իր գործը կանի, և առաջիկայում «Ծաղիկ Ռուբոյի», ինչպես նաև հայոց խորհրդարանում առկա հայրենական ֆլորայի ու ֆաունայի մյուս ներկայացուցիչների կազմը բարեհաջող կհամալրի ևս մեկ քաջածանոթ առանձնյակ։
Դե, թող դրանից հետո Հմայակ Հովհաննիսյանը կոկորդը պատռի, թե՝ «ախոռը մաքրելու ժամանակն է»...
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1812

Մեկնաբանություններ