ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

««ՓՈԽԶԻՋՈՒՄ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆ Է»

««ՓՈԽԶԻՋՈՒՄ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆ Է»
30.03.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում շաբաթը ոչ թե 168, այլ 167 ժամ էր Հայաստանում: Բայց դա առանձնապես ոչինչ չէր նշանակում` բացի նրանից, որ երկիրն անցավ ամառային ժամանակի:
Հայ-թուրքական հարաբերությունների նոր պատմությունը սկսելը դժվար էր, կար անհրաժեշտության գիտակցումը, բայց` ոչ ավելին, ու նույնքան դժվար է այդ պատմությունն ավարտելը` առանց արդյունքների: Համարյա նույն կետում: Թեև ապրիլի 24-ի հետ կապված ինչ-որ հույսեր են դեռ առկայծում, բայց փաստ է, որ մեր խաղը չէ ֆուտբոլը: Արդեն վերջնազարկեր են հնչում չբացված սահմանի այս ու այն կողմից: ՈՒ նույնիսկ նախագծում են Ցյուրիխ 2-ը: Շաբաթն անցավ այդ տրամաբանությամբ: «Sabah»-ը համոզված է, որ եթե ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասի «ցեղասպանություն» բառը, իրենք «կազատվեն այդ հոգսից». «Լավ, ենթադրենք ապրիլի 24-ին Օբաման ասաց «ցեղասպանություն» բառը: Ի՞նչ տեղի կունենա: Ահա թե ինչ. Կալիֆոռնիայում բնակվող մի հայ, օրինակ, կարող է փոխհատուցման պահանջով դատ բացել թուրքական պետության դեմ: Դատարանն այդ հայցադիմումը կմերժի` պատճառաբանելով, որ հակասում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը: Եթե Օբաման հնչեցնի «ցեղասպանություն» բառը, դա իսկույն կդառնա ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության բաղադրիչը և ճանապարհ կհարթի փոխհատուցման պահանջով դատական հայցեր ներկայացնելու համար»: Իհարկե, «Sabah»-ը չի գրում, թե ինչ է նշանակում փոխհատուցումը:
«Radikal»-ը տեղեկացնում է արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի մտադրությունների մասին` «Թուրքիան իրական խաղաղություն է ցանկանում Հայաստանի հետ և ծրագրեր ունի այդ նպատակով բանակցություններ սկսելու հայկական սփյուռքի հետ»: Իսկապես տիտանական ջանքեր են Թուրքիայի կողմից։ Մնում է հասկանալ, թե ի՛նչ է հասկանում Թուրքիան հայկական սփյուռք ասելով, ո՛րն է լինելու բանակցությունների թեման, ի՛նչ խնդիր է ուզում լուծել Թուրքիան, նաև` ովքե՛ր են լինելու բանակցողները: Ի՞նչ կարգավիճակով:
Նախագահ-վարչապետ տանդեմը Թուրքիայում գործում է փոխապահովման սկզբունքով: Իռլանդական «Irish Times»-ի հետ հարցազրույցում Աբդուլլահ Գյուլը Էրդողանի` հայերին վտարելու հայտարարության մասին ասել է, որ լրատվամիջոցները նրան ճիշտ չեն հասկացել. «Նա չի ցանկացել ասել, թե այդ մարդկանց կվտարենք: Միայն ցանկացել է ընդգծել, որ չնայած Թուրքիայում մեծաթիվ ապօրինի ներգաղթյալներ կան, ոչ մեկի հանդեպ մաղձ ու թշնամանք չունենք: Իսկ եթե նրանց արտաքսելու քաղաքականություն ունենայինք, տարիներ առաջ իրականացրած կլինեինք»: Մարտի 18-ին Անկարայի MetroPoll հետազոտական կենտրոնի հարցումներով` թուրքերի 48 տոկոսը կողմ է հայաստանցի անօրինական ներգաղթյալների արտաքսմանը, 34 տոկոսը կտրականապես դեմ է: «Zaman»-ը գրում է, որ վարչապետ Էրդողանը Թուրքիայում անօրինական բնակություն հաստատած հայերի թիվը հասցնում է 70-100 հազարի, բայց ուսումնասիրությունները վկայում են, որ հազիվ 20 հազար հայ կա:
1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը Ցեղասպանություն որակելու օրինագիծ է մշակել Սերբիայի ընդդիմադիր արմատական կուսակցությունը, օրինագիծը կքննարկվի առաջիկայում: Իսրայելի Կնեսետի «Մերեց» խմբակցության ղեկավար Խայիմ Օրոնը խորհրդարանի քննարկմանն է պատրաստվում ներկայացնել հայերի ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ: Դեռ անցյալ դարի 90-ական թվականներից Կնեսետը պարբերաբար անդրադառնում է այս հարցին: Այս տարվա քննարկումը ոչ միայն երկու պետությունների ու ժողովուրդների հարաբերությունների շրջագծում է, այլև մի շարք գործոններ են ավելացել` իսրայելա-թուրքական լարված հարաբերությունները, Անկարայի արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը` Արևմուտքի հետ սերտ հարաբերություններից դեպի մուսուլմանական աշխարհի հետ մերձեցում, Հայաստանի ու Իրանի ռազմավարական համագործակցության խորացումը, Ադրբեջանի ու Իսրայելի կապերի ամրապնդումը, իսրայելա-պաղեստինյան բանակցությունները շարունակելու Վաշինգտոնի ձգտումը: Սակավ հավանական է, որ 2010-ին Կնեսետը կընդունի ցեղասպանությունը` «Մերեցը» ազդեցիկ ուժ չէ խորհրդարանում, նաև դա կնշանակի Իսրայելի հարաբերությունների վատացում Թուրքիայի հետ և հարվածի տակ կդնի Իսրայել-Ադրբեջան ռազմավարական համագործակցությունը:
Eurasianet-ը հրապարակել է Ստոկհոլմի խաղաղության հիմնահարցերի ուսումնասիրման միջազգային ինստիտուտի` SIPRI-ի զեկույցը, որի համաձայն` Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը վերջին տարիներին հետևողաբար ավելացրել են իրենց ռազմական ծախսերը` գրեթե հնգապատկելով: Հայաստանը պաշտպանական տարեկան ծախսերը 1999 թ. 93 միլիոն դոլարից 2008-ին հասցրել է 217 միլիոն դոլարի, Ադրբեջանը` 133 միլիոն դոլարից` 697 միլիոն դոլարի, Վրաստանը` 39,8-ից` 651 միլիոն դոլարի: Զեկույցի հեղինակ Պոլ Հոլտի կարծիքով` պատճառը տարածաշրջանում պահպանվող լարվածությունն է. «Իբրև պաշտպանական ծախսերի մեծացման հիմնավորում` Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Ռուսաստանը նշում են ռազմական բարեփոխումները և զինված ուժերի մոդեռնացումը, սակայն այդ պետությունների ազգային անվտանգության հիմնական սպառնալիքն առաջվա նման մնում է չկարգավորված սահմանային կոնֆլիկտները, տարածքային հավակնությունները և անջատողականների գործունեությունը»: 2009 թ. Ադրբեջանը Ռուսաստանից գնել է 70 զրահամեքենա, համաձայնագիր է ստորագրել Paramount Groups ընկերության հետ ՀԱՀ-ում մշակված Matador և Marauder զրահամեքենաներն Ադրբեջանում հավաքելու մասին, որով նախատեսվում է հայրենական պաշտպանական արդյունաբերության ստեղծման առաջին քայլերն անել: Այդ զրահամեքենաները, որոնք պատրաստվում է արտադրել Ադրբեջանը, մեծ պահանջարկ ունեն արտաքին շուկայում: Վերջերս Ադրբեջանն Իսրայելից գնել է նոր մոդելի զինատեսակներ, այդ թվում` անօդաչու ինքնաթիռներ: Հրապարակելով այս տվյալները` Հոլտը եզրակացնում է, որ Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի. «Հաշվի առնելով վերջին ամիսների հռետորական հայտարարությունները, պարզ է դառնում` ինչու է Ադրբեջանն ընդլայնում իր ռազմական հզորությունը. Լեռնային Ղարաբաղի պատճառով»:
Շաբաթվա սկզբին պաշտոնական այցով Սիրիայի Արաբական Հանրապետությունում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այցի ընթացքում նախագահը եղավ Հալեպում, Դեր Զորում և հարցազրույց տվեց «Al Watan» թերթին: Մի քանի մեջբերումներ հարցազրույցից` «No comment» սկզբունքով. «Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը չդարձրինք նախապայման Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու հարցում, քանի որ մեր սկզբունքային դիրքորոշումն է` բարելավել հայ-թուրքական հարաբերություններն առանց որևէ նախապայմանի: Ճիշտ չեմ համարում փորձերը` կապելու այդ գործընթացն այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ: Ակնհայտ է` որքան երկար տևի մեր բանակցությունները կանոնավորելու գործընթացը, այնքան կարող է աճել այդպիսի բանաձևեր ընդունող պետությունների թիվը»:
«Սահմանի փակ լինելու գինը շատ ավելի մեծ է քաղաքական հարթության մեջ: Շրջափակումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ուժի կիրառման միջոցներից մեկը: Դա ոչ միայն վայել չէ 21-րդ դարում ապրող երկու հարևան պետություններին, այլև հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի: Թուրքիան ավելի ու ավելի շատ է փորձում դերակատարում ստանձնել տարածաշրջանում և միջազգային հարթակում: Նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և 20-ի խմբի անդամ է, ձգտում է անդամակցել ԵՄ-ին: Այդ ամենն անհամատեղելի է զարգացող տնտեսություն ունեցող հարևան երկրի նկատմամբ միակողմանի տնտեսական պատժամիջոցներ գործադրելու հետ: Ես միշտ նշել եմ, որ ցանկացած հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է լուծում փնտրել դրանց դրդապատճառների և ոչ թե հետևանքների տիրույթում: Այլապես դա նույնն է, ինչ հիվանդությունը բուժելու փոխարեն փորձել վերացնել դրսևորումները»:
«Հակառակ Ադրբեջանի պնդումների այդ գոտին մեր կողմից ոչ բնակեցվում և ոչ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջը գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին: Բայց «փոխզիջում» հասկացության մեջ առանցքային գաղափարը փոխադարձությունն է, և պետք է գիտակցենք, որ նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկա վտանգներն ու սպառնալիքները»:
Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն էր, տոն, որ հավասարապես և՛ թատերական, և՛ քաղաքական աշխարհինն է, եթե հաշվի առնենք երկու մասնագիտությունների հրապարակային ուղղվածությունը և էությունը:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1428

Մեկնաբանություններ