38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Լուծարում են 22 միլիոնանոց շտեմարանը

Լուծարում են 22 միլիոնանոց շտեմարանը
07.06.2024 | 11:01

ՀՀ Կառավարությունը լուծարում և փակում է մի եզակի շտեմարան, որտեղ պահվում է 22 միլիոն գիտատեխնիկական գրականություն։

Այս կառույցը տնտեսության համար մեծ նշանակություն ունի, քանի որ տնտեսության բոլոր ոլորտներում օգտվում են այստեղի գրականությունից, երբ պետք է լինում իրենց արտադրանքը համապատասխանացնել տեխնիկական ստանդարտներին, այսինքն ԳՕՍՏ-ին։

Փակելով նման գրադարանը, կարելի է ասել քար է գցվում Հայաստանի Հանրապետությունում սեփական արտադրանք, տնտեսություն ունենալու հույսի վրա։

Այժմ գրադարանի և ֆոնդի գրապահոց հանդիսացող շենքերը որպես առ ու ծախի առարկա օտարման նպատակով դրված են աճուրդի ՀՀ Կառավարության 2023 թ. դեկտեմբերի 28-ի N 2304–Ա «Պետական գույք օտարելու մասին» որոշման համաձայն:

Պետական գույքի կառավարման կոմիտեն 2024 թ. հունիսի 4-ին հրավիրում էր Կոմիտասի պողոտա 49/3 հասցեում գտնվող 15102.5 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.618758 հեկտար մակերեսով հողամասի օտարման մրցույթին: Մինչ լուծարման որոշման ընդունումը Գիտատեխնիկական գրադարանի աշխատակիցների կողմից բազմաթիվ անգամներ ի պաշտպանություն գրադարանի ահազանգող նամակներ են գրվել ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին, ՀՀ ԱԺ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և նախարարությանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, սակայն որևէ անաչառ ու սրտացավ արձագանքի չարժանացավ և բոլորի կողմից նամակներն ուղղորդվեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ով հանդիսանում է գրադարանի փակման նախագծի հեղինակը և ում նախաձեռնության դեմ պայքարում ենք: Արդյունքում ստացվում է, որ մենք հայտնվել ենք խաբվածի կարգավիճակում: Մի դեպքում պաշտոնապես գրավոր հավաստիացնում էին, որԿազմակերպությանը գրադարանի գրապահոցի համար շենք է փնտրվում, ըստ ՀՀ ԿԳՄՍ գրավոր պատասխանների գրապահոցի փաստաթղթերի տեղափոխումը կիրականցվի հավուր պատշաճի և անվնաս:

Նույնիսկ, 2024 թ. ապրիլի վերջին Պետական գույքի կառավարման կոմիտեի գրության մեջ գրված էր, որ շենքերը և հողամասը ներկայացված են օտարման, իսկ գույքի օտարման դեպքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ կքննարկվի «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին այլ տարածք հատկացնելու հարցը: Իսկ 2024 թ. մայիսի 2-ին գրադարանի աշխատակիցներն անակնկալի եկան, որ ընդունվել է ՀՀ կառավարության 2024 թ. մայիսի 2-ի N 640-Ա որոշում «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին»: Գրադարանի փակումն ու ոչնչացումը փորձում են ներկայացնել որպես համակարգային բարեփոխումներ և բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործում:

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2616

Մեկնաբանություններ