Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Մունք նահանջի տեղ չունենք

Մունք նահանջի տեղ չունենք
04.09.2023 | 15:24

Դուրս էր կյամ առավոտ կանուխ հեծանվին բազմած ամբողջ քաղաքով յեշում ինչ կարելի է յօր օնել: Մի տեղ մի կգ վարունգ, մի տեղ մի քանի հատիկ եգիպտացորեն: Միս գտնելը դժվարացել է, ոսկոռոտ պատառներ մերթ ընդ մերթ պատահում են, բայց մսոտ կտորները շատ արագ սպառվում են: Եթե բախտդ ժպտում է ու ձմերուկ ես հանդիպում, հեծանվով այն տեղափոխելն արկածախնդիր պատմություն է, չէ որ համովները տասը կգ-ից ավել են կշռում: Արդեն ձմերուկ գրեթե չկա, արկածները խրեգացել են:

Հեծանվի թամբին շոր էր կապել, երևի որ չմաշվի, իսկ այ թշնամուն մաշացնելու ենք, ուշ թե շուտ:

Ստեփանակերտի մայր տաճարի կողքով է անցնում, խոխեքը գնդակ են խաղում, վազվզում են, տարատեսակ բաներ են քշում, խինդն ու ծիծաղն անպակաս է, տխրություն չի նկատվում: Խոխոց հույզերը պարզ են, ուրախությունը կուճիր բաներից է կյամ, իրենցից շատ սովորելու բան կա: Կարծեմ Պիկասոն էր ասել, որ օխտը տարեկանում Ռաֆայելի պես էր նկարում (ինքնագնահատականի պակաս Պաբլոն չուներ), բայց խոխոց պես նկարել սովորելու համար մի կյանքը բավական չէ:

Մտքով կրկին անցավ, թե ինչ կլիներ եթե մնար մեծ քաղաքում, չէր տեսնի այս ամենը, զրկանքները, ամեն տեսակ բանի պակասը, ինչու չէ չէր զգա ժամանակ առ ժամանակ հյուր եկող տագնապի զգացումը:

Մեր հերոսը լավ չէր յուրացրել մեծ քաղաքի բուն էությունը, այնտեղ տագնապը մշտական է և երբեք չի լքում...

Որ կուճիր էի հայրս պատմում էր, հիմա էլ որ հարցնեք կպատմի, թե ինչպես էին տղերքով 40-ականների վերջում, 50-ականների սկզբում Տերյան փողոցի վրա ֆուտբոլ խաղում, հազվագյուտ պատահած ավտոյի դեպքում, խաղը մի պահ դադար էր առնում: Պատկերացնում եմ հինգ-վեց տարեկան հորս Տերյան փողոցի վրա ոտքը դրած գնդակին սպասում է պոբեդան քշի անցնի: Տերյան 44-ն էր, հանրակացարանի շենքը, այժմ կենտրոն թաղապետարանը: Նկարագրածս իրավիճակն պաշարված Արցախում ամենուր է, երբեմնի բանուկ փողոցները լօխ խոխոց խաղադաշտի են վերածվել: Ջիջիով խփեցի` Ստեփանակերտից մինչև Տերյան 44, Քարվաճառով 324 կմ, 5 ժամ, 17 րոպե, իսկ Գորիսով 328 կմ, 5 ժամ, 56 րոպե: Հանրակացարանի շենքում էր ապրում երիտասարդ մաթեմատիկոս Դերենիկի և Քնարի ընտանիքը, իրենց չորս տղաներով: Հայրս նաև սիրում է պատմել, որ մի անգամ Մոսկվայից ժամանած քեռուն (քեռին թափով մարդ էր, գեներալ պտի տային, դա առանձին պատմություն է, Իսակովի դաչան իրեն էին տվել, Կռասկովո, մեր Արցախյան ջիջիտունը Իսակովի փողոցի վրա է, հաճելի զուգադիպություն) որոշել էին Արցախում պատիվ տան:

Մեծ ընտանիքով լցվել պապուս ընկերոջ պոբեդան (չկրկնվելու համար կարող է ԶԻՍ ասել, բայց ԶԻՍ քաղաքում մի քանի հատ կար, կարծեմ ամեն դեպքում պոբեդա էր) ու քշել հասել մինչև Գանձակ...

Պաշարման հետևանքներից է բարձրակրունկ կոշիկներ կրողների հազվագյուտ պատահելը, սա հիշեցի ասեցի թղթին հանձնեմ, չմոռանամ:

Հազվագյուտ էր նաև հացը:

Ինչն էր շատ՝ սերը:

Սերը դեպի հայրենիքը, ընտանիքը, ընկերները, սարերը, ձորերը, քարերը:

Կռիվը խոր անձնական պատմություն է:

Մեր ճիշտը մի քանի հազար տարեկան է:

Մունք նահանջի տեղ չունենք:

Լավ է ինան:

Խաչատուր Գրիգորյան

Դիտվել է՝ 1587

Մեկնաբանություններ