ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ես ծնվեցի մի երկրում, ուր պարտվում, բայց խոսում են հաղթանակների մասին

Ես ծնվեցի մի երկրում, ուր պարտվում, բայց խոսում են հաղթանակների մասին
27.07.2023 | 09:52

Ծնվեցի մի երկրում, ուր դարեր շարունակ խոսել են հաղթանակների մասին և դարեր շարունակ պարտվել: Այն ժողովուրդը, որ ինձ շունչ ու հոգի տվեց, զորավարներ ծնող ժողովուրդ էր: Ծնում էր զորավարներ ու նվիրում այլ ժողովուրդների: Այդ ժողովուրդներն էլ բանակներ ծնող ժովովուրդներ էին: Պարտվող ժողովրդի ծնած Զորավարները մեծ հաղթանակներ պարգևեցին բանակներ ծնող ժողովուրդներին: Գեորգի Խան անունով մի հայորդի Հնդկաստանն ազատագրեց անգլիացի գաղութատերերից և ասաց` վայելիր քո անկախությունը, իմ հնդիկ բարեկամ:

Մյուրատ անունով մի հայորդի մեծն Բոնապարտի աջ ձեռքը դարձավ և հանդգնեց թագավորել այլ երկրում: Ծով չունեցող երկիրը ծովակալներ պարգևեց Ռուսաստանին:

Թագավոր չունեցող երկիրը թագավորներ պարգևեց Բյուզանդիային:

Բռնադատված երկրի ծնած զորավարները պատմություն էին կերտում աշխարհի համար, իսկ Անդանիկ անունով զորավարը, որ խենթություն ունեցավ զորավարել իր երկրում, մնաց մենակ:

Մնաց` անբանակ:

Անբանակ Անդրանիկ Օզանյանի հաղթանակներն ընդամենը հայ ժողովրդի արժանապատվությունը փրկելու հուսահատ փորձեր էին:

Եվ ողբերգությունը, որ այդ հանճարեղ, անբանակ և ուրեմն` չկայացած, Զորավարի ամբողջ կյանքի ուղեկիցն էր, տարավ նրան անզորք Զորավարների երկրից:

Տխուր է, բայց փաստ, որ ծնվեցի Անդրանիկ Զորավարի ողբերգությունից:

Ես Երկրապահ եմ: Իմ անունը ես չեմ գնել պատմությունից, այն ես վաստակել եմ կյանքով:

Ես դափնեպսակ չեմ ուզում իմ ժողովրդից: Ամենագեղեցիկ դափնեպսակը` հաղթանակը, ինքս եմ պարգևել նրան: Ես ուզում եմ, որպեսզի իմ ժողովուրդն ինձ գնահատի ու հասկանա: Դա հենց ժողովրդին է պետք: Ես ուզում եմ քերել «անբանակ Զորավարների երկիր» անեծք-հայոյանքն իմ ժողովրդի ճակատագրից: ՈՒզում եմ, որ բոլորս` առևտրական, պոետ, քարագործ, թե քաղաքագետ, ուսանենք Անդրանիկ Զորավարի ողբերգությունը:

Ինձ խեթ աչքով մի նայիր, իմ ընդդիմություն-բարեկամ, ես պաշտպանում եմ այն պետությունը, որն այդքան հանդուրժող է քո հանդեպ:

Վաղը, եթե խոհեմություն և քաջություն ունենան, արժանանալու այս երկիրը ղեկավարելու պատվին, ես եմ քեզ պարզճակատ անելու:

ՈՒզո՞ւմ ես, պարզ կասեմ` այս պետությունը քեզ ավելի է գնահատում, քան ինձ: Ինձ տվել է արյուն թափելու և լռելու, իսկ քեզ` իրեն հայհոյելու և իշխանության տիրանալու իրավունք: Իմ երազները պատերազմական մղձավանջերն են, քոնը` թագավորական ճոճաթոռը:

Իմ մեջ ոստիկան մի փնտրիր, իմ

իշխանություն-բարեկամ, պետության հանդեպ իմ սերն իշխանությանը նվիրվածություն մի կարծիր:

Ես իմ ուժը գիտեմ, իմ սերը գիտեմ և գիտեմ այն դաշտը, ուր իմ ուժն ու սերը օգտագործելու են:

Ես Երկրապահ եմ, չգնահատված լինելու փաստն իմ մեջ չարության չի վերածվում: Իշխանավորների և ընդդիմադիրների ունեցվածքին աչք չունեմ: Ես իմ ապրելու ձևն ունեմ, դուք` ձերը:

Ես ծնվեցի մի երկրում, ուր պարտվում, բայց խոսում են հաղթանակների մասին: Իմ որդին կծնվի մի երկրում, ուր հաղթում և պահպանում են այդ հաղթանակները:

Վրեժ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5924

Մեկնաբանություններ