Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Հայաստանը մատանին է, Արցախը՝ մատանու թանկարժեք քարը

Հայաստանը մատանին է, Արցախը՝ մատանու թանկարժեք քարը
25.07.2023 | 14:41

Ինչ էլ, որ հիմա ներկայացնեմ, բոլորդ էլ գիտեք: Ավելիով գիտեք:

Ստորև ներկայացնում եմ Արցախի հարցի հետ կապված՝ 3 պնդում, 3 ցավալի փաստ և լուծման 3 տարբերակ:

Ա. 3 ՊՆԴՈՒՄ

1. Չկա արցախցի-հայաստանցի բաժանում: Հայաստանը մատանին է, իսկ Արցախը մատանու անբաժանելի թանկարժեք քարը, որոնք իրենց միասնության մեջ են մեծ արժեք ներկայացնում:

Հակառակ որևէ մեկնաբանություն և ներշնչանք թշնամուց է գալիս:

2. Բաբելոնյան աշտարակի շինարար Բելի բանակին փոքրաթիվ ռազմիկներով հաղթած Հայկ Նահապետի սերունդը՝ Հայ ազգը, վախկոտ ու թույլ ազգ չէ: Հակառակ որևէ մեկնաբանություն և ներշնչանք թշնամուց է գալիս:

3. Ադրբեջանա-թուրքական ուժերը այնքան ժամանակ չեն կանգնելու և չեն հրաժարվելու իրենց պահանջներից, քանի դեռ մի լավ ծեծ չեն կերել: Հակառակ որևէ մեկնաբանություն և ներշնչանք թշնամուց է գալիս:

Բ. 3 ՑԱՎԱԼԻ ՓԱՍՏ

1. Հայաստանի իշխանությունները փաստացի հրաժարվել են Արցախից (Հայաստանի ժողովուրդը չի հրաժարվել Արցախից ու երբեք չի հրաժարվելու):

Այս հրաժարումը հակաիրավական (հակասահմանադրական) է:

Հայաստանի իշխանությունները բացահայտ հակաարցախյան քարոզչություն են իրականացնում:

2. Հայաստանի իշխանություններն օգտվելով այն հանգամանքից, որ ժողովուրդը չի տիրապետում ռազմական գաղտնիքներին, հայ ժողովրդին ներշնչել են, որ թույլ են ու վախկոտ, պատերազմին անպատրաստ ու պատերազմի դեպքում հերթական պարտությունը կունենան: Հայաստանի իշխանությունները զինված ուժերի ստորին և միջին օղակների հետ կապված բազմաթիվ քրեական գործերով փորձում են ցույց տալ, որ մեր զինվորները վախկոտ ու դավաճան են եղել, ինչն էլ հանգեցրել է պատերազմի այդ ելքին: Ժողովրդին չեն պատրաստում պատերազմի, չեն կայացնում աշխարհազորը:

3. Ադրբեջանական իշխանությունները դաժան ու մարդասպան են: Բերձորի ճանապարհը փակելով ցեղասպանություն են փորձում կատարել և ցույց են տալիս իրենց իսկական դեմքը:

Գ. ԼՈՒԾՄԱՆ 3 ՏԱՐԲԵՐԱԿ

1. Արցախի ժողովուրդը (Արցախի իշխանությունները չեն համարձակվում Հայաստանի իշխանություններին դեմ գնալ) կարող է այսպես ինքնակազմակերպվել՝ մոտ 10 000 խաղաղ ու չզինված արցախցի հայտարարում են, որ ոտքով գալիս են դեպի Հայաստանի սահման, որպեսզի հաց տանեն իրենց հարազատներին: Բոլոր խոչընդոտները հաշվի չեն առնում, ուղիղ եթերներով, գալիս են առաջ: Հիմնական խոչընդոտը կլինի ադրբեջանական մաքսակետում:

Հայաստանի կողմից հայ ժողովուրդը (Հայաստանի իշխանությունները կխոչընդոտեն) սնունդով գալիս է ընդառաջ ու բոլոր խոչընդոտները հաշվի չի առնում մինչև ադրբեջանական մաքսակետ: Այս քայլը ռիսկային է, բայց միջազգային հանրության մոտ իրավիճակ կփոխի: Այլընտրանքը կրկին ռիսկային է՝ սովից մեռնել կամ հանձնվել Ադրբեջանին ու ցեղասպանվել ժամանակի ընթացքում:

2. Պետք է պատրաստվել պատերազմի: Պատերազմն անխուսափելի է: Ինչպես Չերչիլն է ասել՝ «Եթե պատերազմի և նվաստացման միջև դուք ընտրում եք նվաստացումը, կստանաք թե՛ նվաստացում, թե՛ պատերազմ»:

Հայ ազգի միասնական մոբիլիզացումը միայն հաղթանակի կտանի: Ի վերջո, չունենք այլընտրանք: Հայաստանի իշխանությունների առաջ քաշած խաղաղության օրակարգը ակնհայտ կեղծ է և դանդաղ կործանման ծրագիր է:

3. Պետք է ճնշել Հայաստանի իշխանություներին, որպեսզի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան հայց ներկայացնեն Ադրբեջանի դեմ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի շրջանակում (2023 թ. հունվարի 9-ին պաշտոնապես դիմել ենք կառավարությանն այդ հարցով, սակայն վերջինս անգործություն է դրսևորել):

Արա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Հ.Գ. Աստվածաշնչից հայտնի Նինվե քաղաքի հետ կարծես նմանություն ունի Արցախը: Եվ Նինվեում և Արցախում բնակչության թիվն ավելի քան 120 000 է:

Նինվեի կործանումը Աստված չեղարկեց, քանի որ այդ քաղաքի թագավորը, մեծամեծները և նրանց հրահանգով ժողովուրդը զղջաց ու ապաշխարեց:

«Եւ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտէ աղօթեցին Աստծուն, բոլորը յետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից եւ անօրէնութիւններից, որ իրենց ձեռքով էր կատարւում, եւ ասացին. 9 «Ով գիտէ, թերեւս Աստուած միտքը փոխի եւ յետ կանգնի իր խիստ բարկութիւնից, եւ կորստի չմատնուենք»:

Հետագայում, երբ Հովնան մարգարեն վրդովվել էր, որ իր մարգարեությունը չկատարվեց, Աստված նրան ասաց.

«Դու ափսոսացիր դդմենուն, որի համար ոչ մի ջանք չթափեցիր, չսնեցիր այն. նա գիշերը բուսնեց եւ միւս գիշեր կորաւ: 11 Իսկ ես չխնայե՞մ Նինուէ մեծ քաղաքին, որտեղ ապրում են աւելի քան հարիւր քսան հազար մարդ, որոնք իրենց լաւն ու վատը չիմացան, ինչպէս նաեւ շատ կենդանիներ»:

Ես վստահ եմ, որ մատանու քարը միանալու է մատանուն և դառնա մեկ ամբողջություն:

Դիտվել է՝ 3868

Մեկնաբանություններ