ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը շարունակում է բացահայտել այն տխրագույն իրողությունը, որ Հայաստանն այսօր կառավարում է մի մարդ, որը չի հասկանում միջազգային քաղաքականության գործընթացները և դրանց տրամաբանությունը արտահայտող դիվանագիտական փաստաթղթերի բովանդակությունը, ինչը ծանրագույն բացասական հետևանքներ ունի Հայաստանի ևԱրցախի ազգային անվտանգության համար։
Հունիսի 27-ի նիստին (թ)ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Փաշինյանին է ներկայացրել իմ հարցազրույցներում արտահայտած մի քանի փաստարկներ։ Իմ այն պնդմանը, որ, հակառակ Փաշինյանի ասածին, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1993 թվականի բանաձևերը, առաջարկելով կարգավորման այսպես կոչված Մոդիֆիկացված (կամ՝ Նորացված) Գրաֆիկը, չեն բացառում ղարաբաղյան հակամարտության այնպիսի կարգավորում, որով Լեռնային Ղարաբաղը չի ամրագրվում Ադրբեջանի կազմում, Փաշինյանը պատասխանում է (մեջբերումը բառացի է).
«ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերի տեքստը ինքնին բացառում է ձեր մեջբերած տարբերակը։ Ինչու՞: Որովհետև ասում ա հետևյալը.
1) տարածքները օկուպացվել են։
2) Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ռեգիոն ա անվանում։
3) Անթուլատրելի ա ուժի կիրառումը տարածքներ ձեռք բերելու առումով։ Այսինքն, ուժի կիրառման էֆեկտը չի կարող քաղաքական կարգավորման հիմքում դրվել։
Կարծում եմ՝ շատ պարզ, դիվանագիտական, բայց պարզ, բառապաշար և մտքերի ընթացք է։ էլ չեմ ասում, որ Լիսաբոնում դա հետո հաստատվել ա»։
Պարզվում է, որ Հայաստանի Հանրապետության արդեն հինգ տարվա վարչապետը մինչ օրս չգիտի, որ.
1) ՄԱԿ-ի անվտանգության բանաձևերը, որպես տարածքները օկուպացնող ուժ, ճանաչում են Լեռնային Ղարաբաղի հայերի «տեղական ուժերը», ինչից հետևում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդն օկուպացված է համարում միայն ԼՂԻՄ-ի տարածքից դուրս գտնվող տարածքները, որովհետև պարզագույն տրամադրությամբ Լեռնային Ղարաբաղը չի կարող ինքն իրեն օկուպացնել։
2) Ավելի կոնկրետ՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը իր բանաևերում որպես օկուպացված տարածքներ նշում է բացառապես Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի և Զանգելանի շրջանները։ ՈՒշադրություն եմ դարձնում այն կարևորագույն հանգամանքի վրա, որ օկուպացված տարածքների մեջ ՄԱԿ-ի ԱԽ-ի որևէ բանաձևում նշված չէ Լաչինի շրջանը, ինչով Անվտանգության Խորհուրդը լռելյայն համաձայնությամբ ընդունում է Հայաստանի հետ կապող այդ շրջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի ուժերի կողմից վերահսկողության լեգիտիմությունը։
Ի դեպ, հենց դրա հետևանքով է, որ կարգավորման 1997 թվականի Փուլային պլանը նախատեսում է հենց վերոհիշյալ շրջանների վերադարձը, բայց նաև ամբողջ Լաչինի շրջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի ուժերի լիակատար վերահսկումը։
3) ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի մեջ իսկապես խոսվում է «ուժի կիրառմամբ տարածքներ ձեռք բերելու անթուլատրելիության մասին» (տե՜ս տարբերությունը Փաշինյանի անգրագետ ձևակերպման հետ), բայց, ինչպես վերոհիշյալ կետերից հասկացանք, խոսքը բացառապես վեց շրջանների մասին է և որևէ կերպ չի կարող վերաբերվել ո՛չ Լեռնային Ղարաբաղին, և ո՛չ էլ Լաչինի շրջանին։
4) Չնայած ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը հղում են կատարում ղարաբաղյան հակամարտությանը՝ որպես «հակամարտություն Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ռեգիոնում», նրանք առաջարկում են հակամարտության կարգավորման և Անվտանգության Խորհրդի բանաձևերի կատարման այնպիսի մեխանիզմ, որը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետությանը բացառել որևէ լուծում, որով Լեռնային Ղարաբաղն իր վերջնական կարգավիճակով կճանաչվի որպես Ադրբեջանի մաս։
5) Այդպիսի մեխանիզմ է հռչակվում ԵԱՀԿ-ի այսպես կոչված Մինսկի խումբը և նրա կողմից կազմակերպված Մինսկի գործընթացը, մասնավորապես՝ բանաձևերի կատարման այսպես կոչված «Նորացված Գրաֆիկը», որը նախատեսում է հայկական ուժերի դուրսբերում բացառապես վերոհիշյալ վեց շրջանից ևԼեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը ԵԱՀԿ-ի Մինսկի կոնֆերանսում։
6) ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից ղարաբաղյան կարգավորման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման լիազորության պատվիրակումը ԵԱՀԿ-ին` հայ դիվանագիտության ամենանշակալից նվաճումներից մեկն էր, քանի որ և՛ Նորացված Գրաֆիկի մշակման գործում, և՛ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման` Մինսկի Կոնֆերանսի հարթակում Հայաստանի Հանրապետությունը ուներ վետո կիրառելու իրավունք՝ ցանկացած անցանկալի որոշման նկատմամբ, ինչից էլ և օգտվեց, բացառելով ԵԱՀԿ-ի որևէ փաստաթղթի մեջ Լեռնային Ղարաբաղի հիշատակումը որպես Ադրբեջանի մաս և բացառելով ղարաբաղյան հակամարտության որևէ կարգավորում, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղը կճանաչվեր Ադրբեջանի մաս։
7) 1996 թվականին Հայաստանն օգտվեց հենց այդ իրավունքից՝ վետո դնելով Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի կազմում ինքնավարություն հռչակելու առաջարկի վրա։ Այսինքն, եթե Լիսաբոնը ինչ-որ բան հաստատեց, նա հաստատեց հենց ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերով հաստատած մեխանիզմների նպաստելիությունը հայկական կողմի համար։
8) 1997 թվականին Հայաստանը նաև մերժեց ԵԱՀԿ Մինսկի Խմբի այսպես կոչված Փաթեթային կարգավորման պլանը, որով, թեև Լեռնային Ղարաբաղը օժտվում էր դե ֆակտո անկախ պետության լիազորություններով, բայց դե յուրե ճանաչվում էր որպես Ադրբեջանի մաս։
9) Լիսաբոնյան վետոյից և 1997 թվականի Փաթեթային պլանի մերժումից հետո Մինսկի խումբը վերջապես հանդես եկավ «Նորացված Գրաֆիկի» հիման վրա մշակված Փուլային պլանով, որում այլևս որևէ խոսք չկար Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման մասին, իսկ խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվեր Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև` որպես իրավահավասար կողմերի։ Սրանով ի կատարումն
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերի՝ կկարգավորվեր ղարաբաղյան զինված հակամարտությունը, իսկ Լեռնային Ղարաբաղը կստանար միջազգայնորեն ճանաչված իրավասուբյեկտայնություն որպես միջանկյալ կարգավիճակ՝ անխախության միջազգային ճանաչման ապագա ճանապարհին։ Ադրբեջանը նույնպես համաձայնություն էր հայտնել այս պլանի իրագործմանը, սակայն, ցավոք, պլանը մերժվեց Լեռնային Ղարաբաղի կողմից, որը դրել էր անկախության անմիջական ճանաչման առավելապաշտական և անիրատեսական պահանջը։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերը բացառել են ղարաբաղյան հակամարտության որևէ կարգավորում, որը չէր ամրագրում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, էժանագին կեղծիք են։ Արդյոք դա պայմանավորված է Փաշինյանի տգիտությամբ և ինտելեկտուալ սահմանափակությա՞մբ, թե՞ սեփական վարկը փրկելուն ուղղված չարամիտ կեղծարարությամբ, այդքան էլ կարևոր չէ: Երկու դեպքում էլ գործ ունենք մի ղեկավարի հետ, որ պիտանի չէ երկրի ղեկավարման համար և սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը։
Ես կարող էի պատկերացնել, որ նման վեճ հնարավոր էր Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, բայց որ ստիպված եմ լինելու այս հարցով վիճել Հայաստանի ղեկավարի հետ և տեսնել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ղարաբաղյան բանաձևերի մեկնաբանության մեջ նրա ամբողջական համերաշխությունը Ադրբեջանի կեղծարար քարոզչության հետ, չէի կարող պատկերացնել անգամ ամենասարսափելի մղձավանջում։
Իմ փաստարկներին Նիկոլ Փաշինյանի մյուս պատասխաններին կանդրադառնամ հաջորդիվ։
Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ