Էրդողանը, Ալիևն ու Նիկոլը դժոխք են ընկնում: Սատանայապետն ասում է, որ ամեն մեկը 1 զանգի իրավունք ունի, բայց չափազանց բարձր սակագնով:
Առաջինն էրդողանն է մոտենում հեռախոսին, զանգում է փեսային, ինչ-ինչ կարգադրություններ անում ՝ ՈՒկրաինային «Բայրաքթար»-ներ տալու վերաբերյալ:
Սատանայապետը, թե.
-Խոսեցիր 2 րոպե, րոպեն՝ 10 միլիոն դոլար:
էրդողանը մուծվում է, քաշվում մի կողմ:
Հաջորդն Ալիևն է զանգում Մեհրիբանին, մի 5 րոպե խոսում, կարգադրություններ անում:
Սատանայապետը, թե.
-100 միլիոն դոլար:
Սա էլ է մուծվում, քաշվում մի կողմ:
Գալիս է Նիկոլի հերթը:
Զանգում է Ավինյանին ու ժամից ավելի խոսում:
Հետո Նիկոլը շրջվում է դեպի Սատանայապետը.
-Քեռի ջան, բա ե՞ս ինչքան եմ տալու:
Սատանայապետն ասում է.
-Ոչ մի բան:
Էս էրդողանն ու Ալիևը զարմացած նայում են Սատանայապետին, թե.
-Էդ ո՜նց, մենք էսքան ու էսքան մուծվեցինք, սա ոչ մի բա՞ն:
Սատանայապետն էլ թե.
-Ներքին ցանցում՝ դժոխքից-դժոխք, զանգերն անվճար են:
***
Հա՛, ինչո՞ւ էս անեկդոտը միտս ընկավ:
Էն Ստեփանակերտի «նիկոլը»՝ Արայիկ Հարությունյանը, էն օրն ասել է, թե.
-Ով ուզում է քինա, ջիհանդամը քինա, թող ծենը կտրած քինա...
«Ջհանդամը» (փոխառություն արաբերենից), ինչպես հայտնի է՝ դժոխքն է, գեհենը:
ՈՒ իմ արցախցի ընկերներից մեկը դառը հեգնանքով արձագանքել է, թե.
-Էն է՝ ջհաննամում ենք, էլ ու՞ր գնանք:
Հետաքրքիր է, Արայիկ Հարությունյանը, գոնե որ մենակ է մնում, հասկանու՞մ է, որ դրախտային Արցախը «ջհաննամի» վիճակում է դրել, հասկանու՞մ է, որ ինքը էդ մեղքի տակ է:
Երևի հասկանում է, թե չէ՝ ինչի՞ է էդպես մանրակոծոծի նման կպել էդ պաշտոնից:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)