Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները սպասարկում են տարածաշրջանն ապակայունացնելու Արևմուտքի քաղաքականությունը

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները սպասարկում են տարածաշրջանն ապակայունացնելու Արևմուտքի քաղաքականությունը
26.04.2023 | 22:17

Սույն թվականի մարտի 28-ին բանակի, ոստիկանության և ԱԱԾ պահեստազորի սպաների երեք կազմակերպություններ հայտարարություն տարածեցին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանից ստորագրել ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դիմել ՀԱՊԿ-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու խնդրանքով։ Հայտարարությունը լայն տարածում գտավ զանգվածային լրատվության միջոցներով։

Վերոնշյալ հայտարարությունից մեկ օր անց ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն իր հարցազրույցում վերահաստատեց հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համապատասխան որոշման նախագծով ամրագրված օժանդակությունը տրամադրելու պատրաստակամությունը։

ՌԴ ԱԳ փոխնախարարի հարցազրույցի հաջորդ օրը՝ մարտի 30-ին, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը սկսեցին նոր դիրքերի գրավման և ինժեներական աշխատանքների իրականացման գործողությունները։

Եվ մինչ Ադրբեջանը, մարտի 30-ից սկսած, ինժեներական աշխատանքներ էր իրականացնում Տեղ գյուղի մոտակայքում, ՀԱՊԿ-ի և ՌԴ պաշտոնյաների կողմից շարունակական հայտարարություններ էին հնչում ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին անհապաղ օժանդակություն տրամադրելու պատրաստակամության մասին։ Այսպես․

• ս․թ․ մարտի 31-ին ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը, Մոսկվայում կայացած ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի ղեկավարության՝ ընդլայնված կազմով հանդիպումից հետո, հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը մշտապես պատրաստակամ է կազմակերպության առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկելու համար։

• ս․թ․ մարտի 31-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը կազմակերպության շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցության ժամանակ, հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորեն ապակայունանալ։

• ս․թ․ ապրիլի 5-ին հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ասելով, որ ՀԱՊԿ առաքելության մուտքը Հայաստան կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Զախարովան ընդգծել էր, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից և գնդակը Երևանի դաշտում է։

• ս․թ․ ապրիլի 10-ին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարեց, որ հայկական կողմի պատրաստակամության դեպքում ՀԱՊԿ առաքելությանը պատրաստ է գալ Հայաստան։

Նշված հայտարարություններից հետո, ս․թ․ ապրիլի 11-ին, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցավ փոխհրաձգություն Հայաստանի և Ադրբեջանի զինվորականների միջև, ինչի արդյունքում ունեցանք զոհեր և վիրավորներ։

44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը բազմիցս զգուշացրել էր հայ-ադրբեջանական և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Արևմուտքի ապակայունացնող միջամտության փորձերի մասին։

Ս․թ․ ապրիլի 20-ին հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, նշելով, որ իրավիճակը Հարավային Կովկասում բարդ ու պայթյունավտանգ է, իսկ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերն արդիական են։

Ս․թ․ ապրիլի 23-ին Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքում գտնվող Հակարիի կամուրջը: Ի պատասխան՝ Ռուսաստանին ԱԳՆ-ն հայտարարեց, որ ցանկացած միակողմանի քայլ, որը խախտում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիմնարար դրույթները, անթույլատրելի է, իսկ ծագած խնդիրներից շատերը բազմամսյա դադարի և բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության արդյունք են։ Միաժամանակ ՌԴ արտաքին գերատեսչությունը նախազգուշացրեց նաև արտաքին արևմտյան խաղացողներին և նրանց կոնյունկտուրային օրակարգով աշխատող լոկալ ռուսատյաց տարրերին՝ զերծ մնալ իրավիճակը ցնցելու փորձերից, այդ թվում՝ Ռուսաստանի հասցեին սևացնող արշավի միջոցով:

Վերոնշյալ փաստերի և իրադարձությունների գնահատումը մեզ բերել է այն համոզման, որ Հավաքական Արևմուտքի նպատակը Հայաստանին առաջարկվող ՀԱՊԿ օժանդակության փաթեթի մերժումն է, ինչպես նաև տարածաշրջանում իրավիճակի ապակայունացումը, ինչին, Արևմուտքի հրահանգով, համատեղ լծվել են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իշխանությունները։

«301-ի ԽՈՐՀՈՒՐԴ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՒՄԲ

Երևան, 24.04.2023

Դիտվել է՝ 5756

Մեկնաբանություններ