«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ադրբեջանական «շախմատ» Սյունիքում (վտանգավոր սցենարի և այն չեղարկելու հետքերով)

Ադրբեջանական «շախմատ» Սյունիքում  (վտանգավոր սցենարի և այն չեղարկելու հետքերով)
25.04.2023 | 21:34

Բազմիցս եմ ասել, որ Արցախը «մարսելուց» հետո, հերթը Սյունիքինն է:

Այսօր հակառակորդն արդեն իսկ Սյունիքում է:

Թշնամին այս պահին նստած է ՀՀ սուվերեն տարածքի Սյունիքի մարզի՝ Իշխանասար-Սև լիճ, Խնածախ-Խոզնավար, Արավուս-Տեղ-Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ-Ճակատեն-Ներքին Հանդ բնակավայրերի հարակից արոտավայրերում:

Իսկ Սյունիքի մարզի արևելյան ողջ երկայնքով՝ Ծղուկ լեռից մինչև Նռնաձոր նկատվում են օրեցօր ավելացող սպառազինութան ու զինռեսուրսի կուտակումներ, տեղակայված են ադրբեջանական ստորաբաժանումներ, որոնց թիկունքում կառուցվել են զորամասեր, պաշտպանական գոտիներ, ծանր տեխնիկայի համար նախատեսված ուղիներ:

Քանի որ թշնամին անկեղծ է և անկաշկանդ բարձրաձայնում է իր ծավալապաշտական նպատակները՝ հատկապես Սյունիքի հարցում, ապա ըստ իս, նրա ծրագիրը հետևյալն է.

Սյունիքի մարզի և Քարվաճառի արդեն իսկ սահման հանդիսացող Ծղուկ լեռան ստորոտից բլիցգրիկով կտրել Սյունիքն իր ամենանեղ հատվածում և հասնել Նախիջևան:

Խոսքն ուղիղ գծով ընդամենը 29 կմ տարածքի մասին է, որի կտրել անցնելը ռազմական տեսանկյունից թշնամու համար բնավ խնդիր չէ:

Մանավանդ, որ բարձրլեռնային հատվածը, որպես մեկնարկային ելակետ, որպես գերազանց դիտակետ ու մարտավարական վայր, շատ հարմար կլինի վերոնշյալ գործողությունն իրականացնելու համար:

Այդ հատվածից տեսանելի է ողջ Գորայքի և Սիսիանի տարածաշրջանը, գլխավոր մայրուղու 40 կմ և ավելի հատվածն ու մի շարք միջհամայնքային ճանապարհներ:

Հետևաբար, ողջ տեղաշարժը վերահսկելի է և ըստ այդմ՝ խոցելի:

Իսկ այն, որ հայկական ուժերի կողմից հակահարվածի ու առաջխաղացումը կանխելու, կամ պաշտպանությունն ապահովելու դեպքում՝ ադրբեջանական ստորաբաժանումները Նախիջևանի կողմից նրանց ընդառաջ գալով, կարող են վերջիններիս ճնշել ու չեզոքացնել՝ շատ հավանական է:

28 կիլոմետրանոց հատվածը ժամերի ընթացքում հնարավոր է գրավել, մանավանդ, եթե թշնամին որոշի օպերացիան իրականացնել համատեղ՝ Ծղուկից և Նախիջևանի Բիչենեկի սահմանամերձ հատվածներից:

Այդ կերպ թշնամին կտրում է ողջ Սյունիքը հյուսիսից, Վայոց Ձորի մարզի հետ սահմանից՝ կաթվածահար անելով Մ2 միջպետական մայրուղին:

Դրանով Սյունիքն ամբողջությամբ պարալիզացվում է, իսկ հարավը դառնում կղզի-անկլավ Ադրբեջանի մեջ:

Միայն հարավում ընդամենը 20 կմ-ով այն սահմանակից կլինի Իրանին:

Այդժամ՝ Երևանից և Վայոց Ձորից այլևս հնարավոր չի լինի ցամաքային կապ հաստատել, առավել ևս՝ ռազմական օգնություն ցուցաբերել Սյունիքին։

Թշնամին հետագա առաջխաղացումն ապահովելու ու ամրանալու, ինչպես նաև հայկական ուժերի կողմից Սյունիքի հարավից հյուսիսին օգնության տրամադրումը բացառելու համար հաջորդիվ հարձակում կիրականացնի Տեղ-Արավուս հատվածից:

Գորիսի հյուսիսային մատույցներում, գլխավոր Մ2 մայրուղին ևս գրավելով և այն պարալիզացնելով՝ թշնամին կշարժվի դեպի Նախիջևանի հետ սահման, որտեղից ևս (Արաֆսա-Բոյահմեդ հատվածից) չի բացառվում երկու ուղղությամբ՝ դեպի Ծղուկ և դեպի Գորիս ընդառաջ եկող նախիջևանյան ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը:

Այսկերպ Սյունիքում կբացվի երկու ռազմական ճակատ:

Եվ այս երկու օպերացիաների արդյունքում Սյունիքը կաթվածահար կլինի:

Արդյունքում, թշնամին կօկուպացնի ուղիղ տրամագծով մոտ 40-ից 60 կմ տարածք, որը կծառայեցնի իրեն որպես միջանցք, անունը դնելով՝ «Զանգեզուրի միջանցք»:

Դրանով նա ցամաքային կապ կստեղծի Նախիջևանի հետ:

Այդ հատվածի կենտրոնական մասով կանցնի Քարվաճառից Բիչենեկ անցնող ճանապարհը, որը կլինի վերջինիս հիմնական արտերիա-ճանապարհը:

Եվ քանի որ ճանապարհի հարակից հատվածները (ամեն կողմից մոտ 15-20 կմ-ով) ևս գրավված կլինեն, և վերջիններիս վերահսկողության ներքո կգտնվեն, ապա դրանք կծառայեն որպես անվտանգության բուֆերային գոտիներ:

Հետևաբար, այդ ճանապարհը հայկական դիտակետի տակ այլևս չի լինի:

Մանավանդ, որ հարակից բարձունքները ևս կլինեն նրանց տիրապետության ու անմիջական վերահսկողության տակ:

Նման սցենարի իրագործման պարագայում՝ Գորիսը, Կապանը, Քաջարանը, Ագարակ և Մեղրի քաղաքները՝ իրենց հարակից գյուղերով, իզոլացվում են մայր Հայաստանից:

Այդկերպ ստացվում է, որ վերոնշյալ հատվածը նախիջևանացվում է և արժանանում է նույն Նախիջևանի ճակատագրին:

Հայաստանը կորցնում է հարավի հետ կապը:

Այն, ինչպես Նախիջևանն է 40-ից 50 կմ ուղիղ գծով բաժանվում ցամաքային Ադրբեջանից, այնպես էլ հարավային Սյունիքն է գրեթե նույն կիլոմետրաժով բաժանվելու ցամաքային Հայաստանից:

Դե իսկ, թե ինչ տեղի կունենա վերոնշյալ հատվածի ու այնտեղ ապրող հայերի հետ՝ դժվար չէ կռահել:

Այն կստանա նույն կարգավիճակը, ինչ Արցախն է հենց հիմա:

Չորս կողմից շրջապատված կլինի թշնամու զորքով, իսկ ժամանակի ընթացքում, բլոկադայի պատճառով, «լավագույն դեպքում», կհայաթափվի:

Միայն այն, որ քո իսկ սուվերեն տարածքը, քո միջպետական մայրուղով հանդերձ (Մ2) քեզ համար կարող է դառնալ հյուսիսը հարավին կապող «միջանցք» թշնամու ձեռքում և տեղաշարժի թույլտվությունը համարվի մեզ ողորմություն, կամ առհասարակ, արգելվի ելումուտը՝ խենթանալու տեղիք է տալիս:

Էլ չեմ ասում, որ առանց Սյունիք Հայաստան չի լինի:

Մինչ այս սցենարը՝ նման արկածախնդրության գնալու ադրբեջանական ծրագիրը կարծես Ջերմուկով էր:

Ենթադրում եմ, դա այլևս ակտուալ չէ, բայց և չի բացառվում:

Թշնամու ցանկացած սցենար իրատեսական է:

Իրատեսական է, ընդհուպ, Սոթք- Վարդենիս հատվածով ներխուժումն ու այդ հատվածից միջանցքի բացումը:

Այստեղ Ադրբեջանն ունի այդ արկածախնդրությունը «մարսելու» խնդիր:

Բնականաբար, նա չի կարող հաշվի չառնել Սյունիքի հարցում Իրանի գործոնը:

Նրանք քաջատեղյակ են, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ իր ցամաքային կապի և առհասարակ՝ տարածաշրջանի քաղաքական քարտեզի ցանկացած վերաձևավորում, սահմանների փոփոխություն:

Դա նրանց կարմիր գիծն է:

Այսպիսով, ըստ իս սա է թշնամու իրագործելիք ծրագիրն ու դրան հասնելու պլանը:

Սա այն է, ինչ երազում է թշնամին, և այդ երազանքը քայլ առ քայլ իրականացնում է:

Ադրբեջանի նպատակներից մեկն էլ բացի այն, որ «Արևմտյան Զանգեզուր» «հայրենադարձությունն» է, այլ հայերիս յուրովի «պատժելը»:

Որ հիմա էլ մենք իբր զգանք, թե ինչ բան է կորուստը, ապրենք այդ ցավով, մղկտանք, այսկերպ «հասկանանք», թե ինչ է նշանակում մեկուսացված ապրելը, երբ երկրիդ մի մասը առանձնացված է մյուսից:

Եվ հետո, ստացվում է՝ մենք ինքներս Ադրբեջանին չտրամադրեցինք Լաչինին համարժեք միջանցք Սյունիքում, իսկ հիմա, հերիք չէ, որ զրկվեցինք Լաչինի միջանցքից, թշնամին ռազմական ճանապարհով ՀՀ սուվերեն տարածքի մի մասը զավթելով՝ այն վերածում է նախ իր համար միջանցքի, եվ հետո՝ մեր իսկ տարածքը մեզ համար ծառայեցնում որպես միջանցք:

Այդպիսի օկուպացիայով թշնամին երկու հարց լուծում է միանգամից:

Այսպիսով, եթե մինչ մայիսի 14-ը թշնամուն հաջողվեց իրենց ենթակայության տակ առնել մնացյալ Արցախը (մինչ այդ օրն է նախատեսված Արցախի հայաթափումը), հաջորդը լինելու է Սյունիքը:

Այդ օրվանից սկսած՝ «Վերադարձ Արևելյան Զանգեզուր» խորագրի տակ զբաղվելու են Սյունիքի ադրբեջանացումով:

Այս հարցերում նրանք ունեն անմիջական դաշնակիցներ:

Ավելին, Սյունիքով միջանցքը դա միայն Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկությունը չէ:

Մեր կողմից Լաչինի միջանցքին համարժեք միջանցք չտալը չի նշանակում, թե թշնամին այլևս չի պահանջելու «Զանգեզուրի միջանցք», կամ որ այն ռազմական ճանապարհով չի վերցնի:

Անկասկած վիճակը ծանր է ու պահանջում է հստակ լուծում:

Ի՞նչ պետք է անել, որպեսզի թշնամու նման ծրագրերը խաթարվեն ու բացառվի այս կամ այսպիսի սցենարի իրագործումը. հենց այսօրվանից սկսած անխնա զինվել, բնագծերը հավուր պատշաճի կահավորել, կատարել ինժեներական ու ամրաշինական աշխատանքներ, հատուկ ուշադրության արժանացնել վերոնշյալ և հարակից հատվածների ռազմական ենթակառուցվածքների հագեցվածությանը, կուտակել այնտեղ սպառազինություն:

Սիսիանի շրջանի՝ Շաղատ, Սալվարդ, Բռնակոթ, Մուցք, Թանահատ, Արևիս գյուղերում ռազմական դրության պատրաստի վիճակի բերել:

Բնակիչներին զինել, բայց և էվակուացիայի նախապատրաստել:

Գորիսի, Կապանի և Մեղրու զորամասերն ապահովել հավելյալ սպառազինությամբ ու զինտեխնիկայով:

Եվ այս ամենը պետք է արվի մինչև մայիսի կեսը:

Անկախ նրանից, թե թշնամին կգնա այս քայլերին, թե՞ ոչ:

Տեղ գյուղի հարցում էլ հապաղեցինք, ոչինչ չձեռնարկեցինք, որ այսօր պատկերն այսպիսինն է:

Իսկ որ ամենակարևորն է ու այսօրվա հրամայականը՝ Իրանի հետ հաստատել ռազամաստրատեգիական, դաշնակցային հարաբերություններ:

Իրանը բազմիցս հանդես է եկել նման առաջարկով ու Հայաստանի հետ համատեղ արտաքին թշնամուն դիմագրավելու պատրաստակամությամբ:

Առանց դաշնակցի հնարավոր չէ միայնակ դիմագրավել թուրք-ադրբեջանա-ռուս-իսրայելա-պակիստանյան տանդեմին և պլանավորված թուրք-ադրբեջանական հարձակմանը:

Հետևաբար, օր առաջ սկսե՛ք բանակցել Իրանի համապատասխան կառույցների ղեկավարների հետ:

Եվ ոչ միայն Իրանի:

Հնդկաստանի, Չինաստանի հետ ևս:

Մենք կաշկանդված չպետք է լինեք սեփական անվտանգության ու պաշտպանվածության կազմակերպման, արտաքին թշնամուն դիմագրավելու, վերջինիս ռազմաքաղաքական քմահաճույքներն ու ծավալապաշտական նկրտումները զսպելու կամ դրանք իսպառ չեզոքացնելու հարցերում:

Հարգելի՛ հայրենակից,

սա այն է, ինչ պետք է գիտենա ու գիտակցի ցանկացած հայ, առավել ևս պետական գործիչ:

Իսկ իշխանությունների համար սա ղողանջ է սթափության:

Չնայած՝ խիստ կասկածում եմ:

Այն, ինչ մանրակրկիտ ներկայացրի՝ պատկերված է կից նկարում:

Սա է նրանց ծրագիրը, որի կյանքի կոչումը մենք պետք է բացառենք:

Գործո՛ղ իշխանություն,

խելքի եկե՛ք, արեք ամեն ինչ՝ այս ամենը կանխելու համար:

Սյունիքի կորուստը մեր պետականության դագաղի վերջին գամն է լինելու:

Մենք այլևս չենք կարող հայրենիք կորցնել:

Մանավանդ, որ սա մեր վերջին հայրենիքն է:

Չունե՞ք կամք ու ցանկություն, կաշկանդվա՞ծ եք ու վախեցած, քաղաքակիրթ կերպով զիջեք ձեր տեղը կարող ու կոմպետենտ մարդկանց, ովքեր ի զորու են անելու այն, ինչ դուք չեք կարող անել:

Կյանքն ու դեպքերի դառը շարանը ցույց է տալիս, որ կառավարելը, օրհասական ու ճգնաժամային պահերին ճիշտ գործելը, իրավիճակին սթափ գնահատականներ տալն ու քայլեր ձեռնարկելը ձերը չեն:

Դու՛ք ավելի շուտ արհավիրքների հասցնող, խնդիրներ ստեղծող և դրանք ավելացնող-խորացնողներ եք:

Դու՛ք երկրի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները լուծելու ունակություններ ու հմտություններ չունեք:

Դուք դիլետանտ եք ու ապիկար:

Կամ որ ինքս կուզենամ բացառել՝ դուք դրածո եք ու կամակատար:

Կա՛մ զբաղվե՛ք պետականամետ ու ազգանվեր գործով, առաջնորդվե՛ք բացառապես պետական ու ազգային շահերով, ձեզ արժանավայել պահեք կա՛մ գնացե՛ք հանգստի:

Առանց այն էլ՝ իշխանափոխությունը սարերի հետևում չէ:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 6360

Մեկնաբանություններ