«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«2018 թ. մերժումը» որպես կողմնորոշիչ (որոշ լրացումներով)

«2018 թ. մերժումը» որպես կողմնորոշիչ  (որոշ լրացումներով)
24.04.2023 | 10:07

ՀՀԿ 2008-18 թթ. վերնախավն իր սատելիտներով՝ Ս. Սարգսյանի գլխավորությամբ (հարկավ՝ որոշ բացառություններով), եթե իսկապես ունի ազնիվ մղումներ Պետության և Հայրենիքի հանդեպ, ապա վաղու՜ց պետք է դադարեցրած լիներ համառորեն կառչել փողոց դուրս եկած ժողովրդի մեջ լինելու և այդ ժողովրդից ինդուլգենցիա ստանալու գայթակղիչ մտքից... և լքեր ասպարեզը, էլ ավելի չխորացնելով առանց այդ էլ մեծ դժվարությամբ զսպվող կասկածներն առ այն, որ գործում է ՔՊ-ի և անձամբ Ն. Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում՝ վերածելով կասկածներն այդ համոզմունքի:

Որ այսօրվա աղետի հիմնաքարը դրվեց 2014 թ. սահմանադրական փոփոխությունների նախաձեռնմամբ և ամբողջական տեսքի բերվեց հենց ՀՀԿ-ի և անձամբ Ս. Սարգսյանի կողմից՝ աքսիոմատիկ ճշմարտություն է : Ամենատարակուսելին այն է, որ լինելով այդքան ահռելի քաղաքական փորձի կրող՝ նա գնաց մինչև վերջ, այն դեպքում, երբ այդ ընթացքը հնարավոր էր կասեցնել նույնիսկ ամենավերջում՝ ընդամենը չառաջադրվելով: Իսկ թե ինչու նա չցանկացավ իշխանությունը փոխանցել իր կուսակիցներից որևէ մեկին կամ թեկուզ հենց Միքայել Մինասյանին, կիմանա միայն ինքն ու իր մերձավորագույն շրջապատը: Դժվարըմբռնելի է, որ նրա նման հմուտ և հեռատես պետական-քաղաքական գործիչը չգիտակցեց մի պարզագույն ճշմարտություն, որ հայ ժողովուրդը երբեք չի համակերպվի իր իշխանավարման 3-րդ ժամկետի հետ և դա այն կարմիր գիծն էր, որն անցնել չէր կարելի :

Իսկ այլընտրանքը մեկն էր՝ Ն.Փաշինյանը, որի «համակիրների» ճնշող մեծամասնությունը Ս. Սարգսյանի 3-րդ ժամկետով իշխանավարելու «չհամակիրներն էին»…բայց դա այլևս էական չէր՝ թափանիվն արդեն գործի էր դրվել:

Համոզվելու համար, որ 18 թվականի գարնանը Հանրապետության հրապարակում հավաքված մարդկային հոծ բազմությունը Ս. Սարգսյանի 3-րդ ժամկետով իշխանավարելու «չհամակիրներն էին», բավական է հիշել, թե ինչքան մարդ էր մասնակցում նույն թվականի ձմռանը «Ելք» դաշինքի կազմակերպած հանրահավաքին և ամեն ինչ պարզ կլինի : Անտարակույս, «2018թ. ՄԵՐԺՈՒՄԸ» խորքային առումով անձնավորված չէր՝ այլ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ՝ այն համաժողովրդական ընդվզում էր 1991-2018թթ. ամբողջ ժամանակաշրջանում պետական կառավարման համակարգում արմատավորված և ծաղկում ապրող այլասերված բարքերի և անարդարությունների դեմ՝ այդ թվում նաև քոչարյանական կառավարման շրջանի: Ինչևէ, ունեցանք այն՝ ինչ ունենք :

Նույն ճանապարհով հիմա գնում է Նիկոլ Փաշինյանը, երբ «կռուտիտ, կռուտիտ, մինչև վերջ» կամ «կառչել, կառչել, մինչև վերջ» տարբերակներով փորձում է պահել այս ամոթալի իշխանությունը, որից իրատեսության և արժանապատվության գեթ նշույլ ունեցող գործիչը հրաժարված կլիներ դեռևս 2020թ. նոյեմբերի 10-ին՝ գիտակցելով նույն պարզ ճշմարտությունը, որ հայ ժողովուրդը երբեք չի համակերպվի իր գործած «սխրանքների» հետ և, ի վերջո, օրերից մի օր հաշիվ է պահանջելու իր կողմից հատված այլևս ոչ թե մեկ, այլ մի քանի կարմիր գծերի համար: Գիտակցելով, որ հատված գծերի համար նույն այդ հայ ժողովրդի պատասխանը լինելու է չափազանց դաժան՝ եթե չասեմ ողբերգական:

Ն.Փաշինյանն ու իշխող ուժը երբեք էլ լավ չեն ընկալել իրավիճակի առանձնահատկությունը՝ համարելով այն քաղաքական կոնֆրոնտացիա իրենց և «ռևանշիստ-ընդդիմադիր ուժերի» միջև, այն դեպքում, երբ սա նախադեպը չունեցող իրավիճակ է և ՀՐԱՊԱՐԱԿ ելնող մարդկանց թվաքանակը չի արտացոլում երկրում առկա անվստահության իրական չափը: Սա այն դեպքն է, երբ արժանապատիվ ժողովուրդը զատվում է իշխանությունից լռելայն, առանց այդ զատումն հանրայնացնելու : Իրատես, հեռանկատ գործիչն ու քաղաքական ուժը վաղուց տեսած կլինեին այդ զատումը, իսկ թե ինչու Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական հենարանը համառորեն չեն ուզում համակերպվել այդ ԶԱՏՄԱՆ հետ, կպատասխանեմ իմ սիրած ասույթներից մեկով. «Ոչինչ այնպես չի միավորում մարդկանց, ինչպես համատեղ կատարած հանցագործությունը» :

Հայ ժողովուրդը վաղու՜ց արդեն իսկ մերժել է նաև Ն.Փաշինյանին, պարզապես որպես «կրիտիկական զանգված», դուրս չի գալիս փողոց արձանագրելու փաստն այդ…և դուրս չի գա այնքան ժամանակ, քանի դեռ Ն. Փաշինյանին և ՔՊ-ին փոխարինելու հայտատու քաղաքական ուժն(երն) ու առաջնորդը(ները) հստակ չեն ներկայացրել համոզիչ և վստահելի երաշխիքներ, որ հետնիկոլյան իշխանավարման առանցքային կողմնորոշիչը «ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ» հետ համատեղ լինելու է նաև «2018 թ. ՄԵՐԺՈՒՄԸ»:

Թող երբեք որևէ մեկը սին հույսեր չփայփայի, որ ՀՀԿ 2008-18 թթ. վերնախավի և Ս. Սարգսյանի առկայության պայմաններում կձևավորվի «կրիտիկական զանգված»: ՈՉ ՈՔ ԹՈՂ ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ՉՈՒՆԵՆԱ, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՀՐԱԺԱՐՎԻ ԻՐ ԻՍԿ «2018Թ. ՄԵՐԺՈՒՄԻՑ»՝ ԴԱ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԵՐԲԵ՛Ք:

Ասպարեզում նման երաշխիքներ տրամադրելու պոտենցիալ ունեցող քաղաքական ուժ և առաջնորդ վստահաբար կար և դեռևս կա՝ դա «Հայաստան» դաշինքն է ու Ռ.Քոչարյանը, որը ևս, եթե ունի ազնիվ մղումներ Պետության և Հայրենիքի հանդեպ, ապա պետք է կամք ցուցաբերի և Հայաստանն ու Արցախը արհավրալից այս վիճակից նվազագույն կորուստներով դուրս բերելու հայտին զուգահեռ անի մեկ կարևոր և անհրաժեշտ քայլ՝ տեր կանգնի «2018 թ. ՄԵՐԺՄԱՆԸ»՝ մեկընդմիշտ ձերբազատվելով Տեր-Պետրոսյանի թեթև ձեռքով շրջանառության մեջ մտած և համախմբման խոչընդոտ դարձած «քոչարյանասերժական» եզրույթ-պիտակավորումից՝ դիրքավորվելով հստակ ընդգծված «քոչարյանական» տիրույթում…ինչքան էլ այն ցավոտ լինի անձնական ընդհանուր անցյալի առումով :

Արդ, «Հայաստան» դաշինքի և Ռ.Քոչարյանի կողմից իշխանավարման հայտ ներկայացնելիս այդ իրողությունն հաշվի չառնելն ու դրա վրա չհենվելը դաշինքին և առաջնորդին հասցրել է կամովին քաղաքական լուսանցքում հայտնվելու եզրին՝ դառնալով քաղաքական չհիմնավորված համառության դասական օրինակ: «Հայաստան» դաշինքին և Ռ.Քոչարյանին հայ ժողովրի կողմից տրված քարտ-բլանշի ժամանակն արդեն իսկ սպառված է: Հետևաբար, կամ հստակ հայտարարում են ոչ միայն ՀՀԿ-ից և Ս.Սարգսյանից, այլև բոլոր մեծ ու փոքր «պղտոր ջրում ձուկ որսալ» ցանկացող, «արջի ծառայություններ» մատուցելու պատրաստ պսևդոընդդիմադիրներից սահմանազատվելու մասին և իրենց ձեռքն են վերցնում «պատուհասի» ազգակործան գործունեությունը կասեցնելու շարժման լիդերությունն ու ուղղորդումը, կամ լքում են ասպարեզը՝ տեղ բացելով Հայ ժողովրդից ելնող ազդակները կապիտալիզացնելու ունակ և պատրաստ քաղաքական միավորի և լիդերի համար…իսկ, որ այդ միավորն ու լիդերը ի հայտ են գալու՝ կասկածից վեր է, ինչպես ասված է՝ «սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում»:

Եվ թող ոչ-ոք չփորձի տողերիս հեղինակին մեղադրել «ընդդիմադիր շարքերում» պառակտում սերմանելու մեջ և ապացուցել, որ ՀՀԿ 2008-18 թթ. վերնախավից (հարկավ՝որոշ բացառություններով), Ս. Սարգսյանից և «արջի ծառայություններ մատուցելու պատրաստ» տարատեսակ պսևդոընդդիմադիրներից սահմանազատվելը կհանգեցնի հավաքների մարդաքանակի նվազեցմանը…ես պնդում եմ, որ ընդհակառակը՝ կտրուկ կավելացնի և արդեն 2 տարի սպասվող «կրիտիկական զանգվածը» վերջապես կհավաքվի: Սա միայն իմ անձնական կարծիքը չէ, այլ Հայրենիքի և Պետության ճակատագրով իրապես մտահոգ բազմաթիվ հայերի՝ Հայաստանում և արտերկրում բնակվող:

Ничего личного, это просто REALPOLITIK !

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3410

Մեկնաբանություններ