Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Ձևավորվում է Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռանկյունին, որի շրջանակներում և տեղի է ունենալու տարածաշրջանային շահերի սինխրոնիզացիան

Ձևավորվում է Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռանկյունին, որի շրջանակներում և տեղի է ունենալու տարածաշրջանային շահերի սինխրոնիզացիան
22.03.2023 | 10:13

Ի հեճուկս բոլոր այն խոսակցությունների, թե Իրանը պատրաստ է կոնֆրոնտացիայի մեջ մտնել Բաքվի և Անկարայի հետ, կարծում եմ, որ ձևավորվող կոնֆիգուրացիայում նրանք ավելի շատ համագործակցելու եզրեր ունեն, քան լայնածավալ բախման նախադրյալներ:
Ամենակարևոր հեռանկարն այստեղ Թեհրանի համար Թուրքիայում ձևավորվող գազատրանսպորտային hաբի ստեղծումն է, որի միջոցով Իրանը կարող է գազի արտահանում իրականացնել դեպի Եվրոպա՝ ընդ որում, 50-55 մլրդ խմ տարեկան: Դա, իհարկե, լուրջ մրցակցություն է ստեղծում Ադրբեջանի համար, որը 2022 թ.-ին 11 մլրդ խմ արտահանեց Եվրոպա, իսկ 2027 թ. պլանավորում է այդ ծավալը հասցնել 20 մլրդ-ի:
Սակայն, եթե մի պահ փորձենք հարցին խորքային նայել, այլ ոչ իրավիճակային, ապա Թուրքիայի շահերից չի բխում Բաքվի դիրքերի ամրապնդումն արտաքին շուկայում ու առհասարակ Ադրբեջանի զարգացումը, քանի որ զարգացումը Ադրբեջանի ներսում հանգեցնելու է սոցիալ-քաղաքական մոդեռնիզացման պահանջի հասունացմանը, ինչը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել գործող համակարգի համար:
Այնպես որ, առկա իրավիճակում Անկարան կձգտի օգտագործել Ադրբեջանին՝ «միջին միջանցք» գեոռազմավարությունը կյանքի կոչելու համար, նպաստելով ադրբեջանական տնտեսության, իսկ ավելի ճիշտ՝ գործող կլանի ֆինանսատնտեսական կայունությանը, բայց որևէ պարագայում թույլ չի տա Ադրբեջանում իրական որակական աճ ապահովել՝ պահպանելով այն՝ որպես սեփական գաղութ:
Իր հերթին, պատժամիջոցների տակ գտնվող և սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների առջև կանգնած Իրանը ձգտում է դիվերսիֆիկացնել գազի արտահանումը դեպի Եվրոպա: Չեմ բացառում, որ այս հարցում իր դերակատարումը կունենա նաև Չինաստանը, որի ներդրումներն անհրաժեշտ կլինեն իրանական արդյունահանման օբյեկտներն ու էներգետիկ ենթակառուցվածքներն արդիականացնելու համար: ԵՄ-ն, որը գրեթե հրաժարվելով ռուսական գազից, կախված վիճակում է հայտնվել ԱՄՆ-ից մատակարարվող ու չափազանց թանկ հեղուկացված գազից, ևս նոր ներկրողների է փնտրում: Լոգիստիկ առումով Իրանը հարմար տարբերակ է, առավել ևս՝ թուրքական հաբի միջոցով, ինչը նշանակում է, որ Իրանից գազը կարող է հասնել Եվրոպա՝ ի հեճուկս պատժամիջոցների:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն ևս շահագրգռված է թուրքական hաբի օգտագործման մեջ, ինչը պետք չէ դիտարկել Իրանի հետ հնարավոր մրցակցության համատեքստում: Հակառակը, երկուսի շահերն այս փուլում առավել քան համընկնում են, այդ թվում՝ գազի հնարավոր արտահանման ծավալների բաշխման մասով:

Վահե ԴԱՎԹՅԱՆ
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ

Մանրամասները` https://168.am/2023/03/17/1847798.html?fbclid=IwAR1gm6KACjV7I0PNXWNsjG4Z2WBYDJmDjS954yHl9RCnXWdKeOZVXYmdscU

Դիտվել է՝ 2667

Մեկնաբանություններ